Մոսկվայում անցնում է «ПРОДЭКСПО-2016» մասնագիտացված մեծամաշտաբ ցուցահանդեսը, որին մասնակցում են ավելի քան 20 հայկական ընկերություններ: Տվյալ միջոցառումը հրաշալի հնարավորություն է տալիս մեր գործարարներին` ծանոթացնել ռուսաստանյան սպառողին իր արտադրանքի հետ, ինչպես նաև` մուտք գործել ռուսական շուկա և ամրապնդել դիրքերը:
Ռուսաստանում Հայաստանի առևտրային ներկայացուցիչ Կարեն Ասոյանը Dalma News-ին տված էկսկլյուզիվ հարցազրույցում խոսեց Ռուսաստան ներմուծվող հայկական արտադրության մթերքների ցուցանիշների, առկա խնդիրների, ինչպես նաև տեղի արտադրողներին Հայաստանի կառավարության ցուցաբերած աջակցության մասին:
Ի՞նչ ազդեցություն են ունեցել հայկական մթերքների արտահանման քանակի վրա Ռուսաստանում առկա տնտեսական խնդիրները և դրա հետևանքով ՌԴ բնակչության վճարունակության անկումը:
Ես չէի ասի, թե մեր գյուղատնտեսական արտադրության որևէ բնագավառում կտրուկ անկում է գրանցվել: Եթե խոսենք ռուս ժողովրդի վճարունակության անկման մասին, ապա մոտավոր 30-35% նվազեցումը վերաբերվում է հենց սննդամթերքին: Դեպի Ռուսաստան մեր սննդամթերքի արտահանումը նվազել է 30%-ով: Դա խոսում է այն մասին, որ հայկական արտադրանքը շարունակում է մեծ պահանջարկ ունենալ: Հնարավոր է փոքր ինչ քիչ են գնում քան առաջ, բայց ընդհանուր առմամբ շուկան կորսված չէ: Ավելին` որոշ բնագավառներում ակնհայտ աճ է նկատվում: Դա, օրինակ, թարմ մրգերի և բանջարեղենի արտադրանքն է: Եթե 2014թ.-ին մեկ սեզոնի ընթցքում (մայիսից մինչև հոկտեմբերի վերջ) Հայաստանը արտահանում էր 23 հզ. տոննա թարմ միրգ և բանջարեղեն, ապա 2015թ.-ին միևնույն ժամանակահատվածում, ըստ պաշտոնական տվյալների, այդ թիվը հասել է 60 հզ. տոննայի: Միևնույն ժամանակ պետք է հասկանալ, որ հաշվարկների ժամանակ հաշվի չի առնվում այն գործոնը, որ բավական մեծ քանակությամբ թարմ միրգ և բանջարեղեն է տեղափոխվում օդային տրանսպորտով, իսկ այդ տեղափոխությունները չեն ֆիկսվում, որովհետև մենք աշխատում ենք միասնական մաքսային տարածքում: Այսինքն` իրական ծավալները գերազանցում են նշված 60 հզ. տոննան:
Հայաստանի կառավարության ղեկավար Հովիկ Աբրահամյանը բազմիցս նշել է, որ հայաստանյան արտադրողը պետք է կարողանա օգտվել մի շարք երկրների վրա Ռուսաստանի կողմից սահմանված սննդային էմբարգոյից: Ձեր խոսքերից կարելի՞ է ենթադրել, որ գյուղամթերքի մեր արտադրողները օգտվում են այդ հնարավորությունից:
Այո, թարմ մրգերի և բանջարեղենի շուկան շատ լավ օրինակ է: Այն պարզ ցույց տվեց, որ ռուսաստանյան սպառողը պատրաստ է գնել հայկական արտադրանքը: Մենք իրացրել ենք այնքան թարմ միրգ և բանջարեղեն, որքան կարողացել ենք բերել: Կան որոշ խնդիրներ լոգիստիկայի բնագավառում, քանի որ միակ ճանապարհը, որով մենք կարողանում ենք ներկրել մթերքը, Վերին Լարսի մաքսային անցակետն է, իսկ այն երբեմն չի գործում: Սակայն այդ ուղղությամբ նույնպես ակտիվ բանակցություններ են ընթանում երկու երկրների միջև: Հայաստանի կառավորության և վարչապետի նախաձեռնությամբ` ռուսական կողմն արդեն մշակում է անցումների որոշակի հատվածների լայնացման ծրագիրը, որպեսզի Եվրասիական միության երկրներից Ռուսաստան ներկրվող ապրանքների համար հատուկ առանձին գիծ ստեղծվի: Մենք հույս ունենք, որ մեր կառավարության ջանքերի շնորհիվ Ռուսաստանի հետ բանակցությունները հաջողությամբ կպսակվեն:
Ե՞րբ կիրականացվի այդ ծրագիրը:
Այն արդեն գտնվում է իրականացման փուլում:
Անցած տարի շատերը բողոքում էին Վերին Լարսի մասքային անցակետում մեծ հերթերից: Ինչի՞ հետ էր դա կապված:
Բանն այն է, որ անցումն ինքնին գործում է հայկական կողմի նախաձեռնությամբ: Մենք երկարատև բանակցություններ ենք վարել բոլոր հետաքրքված երկրների հետ և հասանք նրան, որ անցումը բացվեց: Բայց հետո անցումից սկսեցին օգտվել նաև հարևան պետությունները: Այսօրվա դրությամբ, սակայն, որոշ երկրներ սկսել են հազվադեպ օգտվել այդ ճանապարհից, ինչը հավելյալ հնարավորություններ է ստեղծում մեզ համար:
Բացի դա, ինչպես արդեն ասացի, Ռուսաստանը պաշտոնական որոշում է կայացրել և պատրաստվում է լայնացնել Վերին Լարսի որոշակի հատվածները և Եվրասիական երկրների ապրանքների համար առանձին գիծ կստեղծվի:
Շատ արտադրողներ դժգոհ են Եվրասիական միության պետությունների հետ վաճառքից գանձվող ԱԱՀ-ից: Հնարավո՞ր է որևէ կերպ լուծել այս խնդիրը:
Հարցն այն է, որ Մաքսային միություն մուտք գործելուց առաջ Հայաստանը օգտվում էր միջազգային համընդհանուր պրակտիկայից, որի կանոնների համաձայն` պայմանագրային ապրանքը Հայաստանը լքելուց անմիջապես հետո արտահանողը մաքսային հայտարարագիր է ներկայացնում հարկային մարմիններին, որով հաստատում է արտահանման փաստը, ինչից հետո նա իրավունք ունի հարկի փոխահտուցում ստանալ կամ առանց ԱԱՀ վաճառքի իրավունք: Բայց, քանի որ Մաքսայի միությունը հիմա կոչվում է Եվրասիական տնտեսական միություն, չկան մաքսային սահմաններ, ապա ԱԱՀ-ն պետք է որևէ տեղ ֆիկսվի: Այն ֆիկսվում է հարկային մարմիններում: Դեռևս ԵԱՏՄ շրջանակներում չեն հորինել ԱԱՀ-ի փոխհատուցման կատարյալ մեխանիզմ: Այսօրվա դրությամբ գործում է հետևյալ սխեման` գնորդի հարկային ծառայությունը պարտավոր է հաստատում ուղարկել վաճառողի հարկային ծառայությանը, այն մասին, որ գնորդը իր երկրում վճարել է ԱԱՀ-ն: Իսկ այդ թուղթը կարող է հասնել, կարող է` ոչ, կարող է պարզապես «թափառել» երկար ժամանակ: Ներկայումս կոլեգիայի անդամներրը, Հայաստանի ԵՏՀ նախարարները լրջորեն զբաղվում են այս հարցով, որպեսզի ինչ-որ կերպ հեշտացնեն մեխանիզմը: Քանի որ գործընթացքը գնում է, եթե բոլորը համաձայն են խնդրի արդիականության մեջ, ապա, կարծում եմ, այն մոտ ապագայում լուծում կստանա: Դա զգալի կմեծացնի Մաքսային միության երկրների հետ մեր առևտրի ծավալները:
Հայկական կոնյակը, մրգերը, դրանք արդեն, այսպես ասած, բրենդ են Ռուսաստանում: Բայց կա արտադրանք, որին ռուսաստանյան գնորդը այնքան էլ ծանոթ չէ: Օրինակ` գինին, հանքային ջուրը: Ի՞նչ է պետք անել ռուսական շուկայում նոր ապրանքատեսակների առաջընթացի համար և ոչ միայն ռուսական:
Ապրանքները հնարավոր է առաջ տանել միայն մեկ ճանապարհով` մարկետինգի, ճիշտ գովազդի, մարկետնիգային քաղաքականության: Ինչը արեցին մեր ընկերները` վրացիները, երբ վերականգնեցին վրացական գինու ներմուծումը Ռուսաստան: Նրանք ակտիվ գործի մեջ դրեցին ռուսական ԶԼՄ-ները: Ռուսական ալիքներով պարբերաբար հաղորդումներ էին ցուցադրվում գործարանների, գնված սարքավորումների, խաղողի լավ այգիների մասին և այլ: Դա իր դերն ունեցավ: Բնականաբար` այսօր այլ ժամանկներ են, շուկաները ծանրաբեռնված են: Իսկ ինչ վերաբերվում է գինեգործությանը` դա առհասարակ շատ սպեցիֆիկ բնագավառ է: Եթե որևէ մարդ սովորել է օգտագործել կոնկրետ տեսակի գինի, ապա շեղել նրա ուշադրությունը մեկ ուրիշի վրա` շատ բարդ է:
Նշեմ, սակայն, որ այդ առումով էլ մենք առաջընթաց ունենք: Երկու տարի առաջ մենք Երևանի քաղաքապետարանի և Հայաստանի զարգացման ֆոնդի հետ միասին կազմակերպեցինք հայկական գինիների շնորհանդես-դեգուստացիա «Մետրոպոլ» հյուրանոցում: Միջոցառումն անցնում էր Ռուսական գինեգործության ինստիտուտի (Յ.Ի.Պոտապենկոյի անվան խաղողագործության և գինեգործության գիտական-հետազոտական ռուսական ինստիտուտ) հովանու ներքո: Մենք հրավիրել էինք գինու խոշոր ներմուծողների, հասարակության ներկայացուցիչների: Կարծում եմ, որ հենց այդ ակցիան առիթ դարձավ, որ հայտնի ռուսական ընկերություններից մեկն արդեն ձեռք է բերել հայկական յոթ արտադրողների գինիները Ռուսաստան ներմուծելու հատուկ իրավունք: Այսինքն գործընթացն արդեն սկսել է և այն հետագայում կզարգանա:
Երբ Ռուսաստանում էմբարգո մտցրեցին վրացական գինիների նկատմամաբ, Վրաստանի դիվանագիտական ներկայացուցչությունները Եվրոպայում ակտիվորեն օգնեցին ազգային գինու առաջընթացի հարցում: Դուք կամ Հայաստանի դեսպանատունը ծրագրու՞մ եք ինչ-որ քայլեր այդ ուղղությամբ: Մեկ միջոցառման մասին դուք արդեն նշեցիք:
Այո, վերը նշված միջոցառումից հետո մենք հայկական գինիների մեծ դիգուստացիա կազմակերպեցինք ВДНХ-ի առևտրի կենտրոնում: Հերթական անգամ հրավիրեցինք մասնագետների և հասարակությանը: Ինչ վերաբերվում է Եվրոպային, ապա անցած տարի Լոնդոնում անցավ հայկական գինիների մեծ շնորհանդես, որը կազմակերպել էր Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը, նախանցած տարի` Բրյուսելի Եվրոպական կենտրոնում (Եվրամիությունում առևտրի մեր ներկայացուցչի և Հայաստանի էկոնոմիկայի նախարարության հետ միասին): Գործն ընթացքի մեջ է և գնալով ավելի ինտենսիվ է առաջ գնում: Ներկայումս Հայաստանի էկոնոմիկայի նախարարության և Հայաստանի զարգացման գործակալության հետ միասին մշակում ենք հատուկ ծրագիր` Ռուսաստանում հայկական գինիները մասսայականացնելու համար: Կանցկացվեն դեգուստացիաներ, շնորհանդեսներ: Հնարավոր է կոնկրետ վայրերում ցուցադրենք պրոմո-հոլովակներ:
Բայց, կրկնում եմ, ցանկացած ապրանքի առաջընթացի համար գումար է պետք: Թեև մենք ունենք որոշակի առավելություններ: Նախ Ռուսաստանի հետ մենք ազատ առևտրային պայմաններ ունենք, հետո` մենք, որպես ԵԱՏՄ անդամ, արտադրանքը բերում ենք առանց մաքսային ձևակերպումների: Դա շատ է հեշտացնում ինչպես արտահանողի, այնպես էլ ներմուծողի աշխատանքը: Մենք գտնում ենք, որ ժամանակի ընթացքում հայկական գինու պահանջարկը ռուսաստանում հետզհետե կաճի: Դրա հրաշալի նախապայման են հանդիսանում այլ ապրանքները, որոնք ռուսական շուկայում բավական մեծ հեղինակություն են վայելում:
«ПРОДЭКСПО-2016» ցուցահանդեսին մասնակցում էին նաև Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներ: Խնդիրներ չե՞ն առաջանում այն ցուցափեղկերի հետ, որտեղ դրված է նրանց արտադրանքը:
Իրականում ներկայացված են հայկական արտադրողները, որոնք օգտագործում են Լեռնային Ղարաբաղի գյուղմթերքը որպես հումք, բայց արտադրությունն իրականացվում է Հայաստանի տարածքում: Հումքը կարելի է գնել ցանկացած վայրում:
Հայկ Խալաթյան