Հայաստանի բնապահպանները անցնող տարին ճանապարհեցին մինորային տրամադրությամբ: «Կանաչների միության» նախագահ Հակոբ Մանասարյանը հայտնեց, որ երկրում դեռևս պահպանվում են էկոլոգիական լուրջ խնդիրներ, որոնք կապված են Սևանա լճի և այն անտառների պահպանման հետ, որոնք վտանգի տակ են հանքարդյունաբերության մասշտաբների ընդլայնման պատճառով:

f567555b36b5aa_567555b36b5e4.thumb
Հակոբ Մանասարյան

Փորձագետի խոսքերով` հայ բնապահպանները փորձել են Անտառային կանոնադրություն մտցնել, ըստ որի պետք է արգելվի անտառածածկ տարածքներում բոլոր տեսակի հանքերի աշխատանքները: Սակայն այդ նախաձեռնությունը հնարավոր չեղավ իրականացնել, և հիմա Հայաստանի անտառները «գտնվում են լեռնահանքային արդյունաբերության տակ, ինչի ցավալի օրինակն է Թեղուտի հանքավայրը»:

Նշենք, որ Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը` Հայաստանում պղնձի և մոլիբդենի պաշարների պարունակությամբ երկրորդ տեղն է զբաղեցնում: Այն գտնվում է երկրի հյուսիսում` Լոռու մարզում` Վրաստանի սահմանից ոչ հեռու: Այստեղ մոլիբդենի հաստատված պաշարը հասնում է 100 հզ. տոննայի, իսկ պղինձը 1,5 մլն տոննա է: Թեև հանքավայրը վերջերս է շահագործվում` այստեղ արդեն հատվել է 60 հա անտառ: Դա շատ զգալի է այն պետության համար, որի անտառները ընդհանուր տարածքի միայն 11%-ն են զբաղեցնում: Այն դեպքում, երբ անտառների երկու երրորդը գտնվում են հենց հյուսիսում` Լոռու մարզում: Եվ հիմա Լոռվա անտառները դանդաղ ոչնչացման եզրին են:

Միևնույն ժամանակ էկո-արդյունավետության համաշխարհային ռեյտինգում Հայաստանը զբաղեցնում է 93-րդ տեղը` 132 պետությունների մեջ: Մասնագետները անհանգստացած են անտառների ճակատագրի համար, քանի որ չոր կլիմայական գոտում գտնվող Հայաստանում վառ արտահայտված են անապատացումները, ինչը առկա է երկրի տարածքի 80%-ում: Իրավիճակը բարդացել է գլոբալ տաքացումների պատճառով (վերջին 100 տարիների ընթացքում տեղումների քանակը կրճատվել է 6%-ով) և իհարկե մեծ է մարդկային գործոնը: Պատահական չէ տաք քամիների աճը, վարելահողային տարածքների կրճատումը, իսկ որոշ շրջաններ, այդ թվում և մայրաքաղաք Երևանը, որոշ մասնագետների կարծիքով` իսկական էկոլոգիական աղետ են ապրում: Բնության բացասական գործընթացների հետևանքները մեղմել և տագնապային իրավիճակը փոխել հնարավոր է միայն ջրօգտգործման համակարգը փոխելու և անտառային տարածքների ընդլայնման շնորհիվ: Սակայն այս ամենը չի արվում, հակառակը` բնության վրա ավելի շատ է ճնշում գործադրվում: Այս ամենը կապված է նաև պոչամբարների խնդրի հետ: Շատ է խոսվում դրանց լիկվիդացման մասին, սակայն, «Կանաչների միության» նախագահի խոսքերով` ինքը «շփվել է այս հարցով զբաղվող մարդկանց հետ և հասկացել է, որ նրանք այնքան էլ ծանոթ չեն այս խնդրին»:

Չի կարելի ասել, որ երկրի ղեկավարությունը բոլորովին անտարբեր է այս տագնապներին և չի նկատում դրանք: Բայց հարցը նրանում է, որ այսօր Հայաստանի բնապահպանության խնդիրները և երկրի տնտեսական զարգացումը հակադրության մեջ են: Ինչպես հայտնեց բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը` «բնապահպանների անհանգստությունը շատ կարևոր է, բայց այսօր Հայաստանը չի կարող չշահագործել հանքավայրերը, քանի որ դրանից է կախված երկրի հետագա զարգացումը»: Սակայն, մետաղի համաշխարհային շուկայում տիրող ճգնաժամը հերքում է այս տեսակետը: Եթե բնության պահպանման բնագավառում լավատեսական միտումներ կան, ապա հանքարդյունաբերության մեջ իրավիճակը ծայրահեղ բարդ է: Հայաստանից արտահանվող գլխավոր ապրանքները մոլիբդենը և պղինձն են: Այն դեպքում, երբ միջազգային շուկաներում պղնձի գինը նվազել է մեկ տոննայի համար 7 հզ դոլարից միչև 4,6 հզ դոլար: Ավելի շատ է էժանացել մոլիբդենը` 33.500-9500 (այսինքն` ավելի քան երեք անգամ): Ներկայիս դրությամբ երկրի հանքարդյունաբերող ընկերությունները աշխատում են, եթե ոչ վնասով, ապա հազիվ ինքնարժեքի փոխհատուցմամբ: Նման դեպքում բնապահպանական խնդիրները, որոնք զգալի ծախսեր են պահանջում, մղվում են երկրորդ պլան: Իրավիճակը բարդանում է նաև նրանով, որ Սյունիքի և Լոռու մարզերը, որտեղ աշխատում են գլխավոր հանքարդյունաբերական հիմնարկները և իրականացվում են նոր գունավոր ու թանկարժեք մետաղների որոնողական աշխատանքեր, նաև զբոսաշրջության առումով ամենագրավիչն են: Զբոսաշրջիկների համար այդ տարածաշրջանները գրավիչ են ոչ միայն պատմական հուշարձանների, այլ նաև հարուստ բնության, յուրահատուկ հանքային աղբյուրների, անկրկնելի ֆլորայի և ֆաունայի համար: Այս ամենը ներկայումս ռիսկային գոտում է: Մասնավորապես` Սյունիքի մարզում գտնվող Ամուլսարի ոսկու հանքավայրը դեռևս գործողների թվում չէ, սակայն կասկած չկա, որ շուտով այն կսկսի շահագործվել, քանի որ ապացուցված է այնտեղ մոտ 75 տոննա ոսկու և ավելի քան 350 տոննա արծաթի առկայությունը: Բայց բնապահպանները պնդում են, որ հանքարդյունաբերական աշխատանքները շրջակա ջրամբարների աղտոտման պատճառ կդառնան և ծայրահեղ բացասական ազդեցություն կունենան տեղի գլխավոր առողջարանի` Ջերմուկի վրա:

cbbd8cb29322eeaf2a246f60c1150764-472x265
Ինգա Զարաֆյան

«Էկոլուր» ՀԿ-ի ղեկավար Ինգա Զարաֆյանի խոսքերով` բացահայտ կերպով հանքավայրի աշխատանքները սկսելը ոչ մի դեպքում չի կարող էկոլոգիայի տեսակետից անվտանգ լինել քանի որ «անկասկած կլինեն վտանգավոր արտանետումներ` ցինկ, վանադիում, կապար, ռադիոակտիվ նյութեր»: Բացի դա` Ամուլսարը գտնվում է Արփա և Որոտան գետերի հունի մոտ: «Սրանք միակ գետերն են, որոնք դեռևս մաքուր են մնացել: Սակայն այս հանքավայրի աշխատանքները լուրջ վնաս կհասցնեն այդ գետերի էկոհամակարգին»,- համոզված է «Էկոլուր» ՀԿ-ի ներկայացուցիչը:

Ի դեպ, Կովկասի ամենախոշոր Սևան Լիճը արդեն վաղուց գտնվում է ռիսկային գոտում: Սա խմելու ջրի կարևոր պաշար է, որի հետ է կապված Հայաստանի և հարակից շրջանների ողջ ջրային համակարգը: Դեռ խորհրդային տարիներին Սևանի ջուրը օգտագործվում էր հիդրոէներգետիկայի և գյուղատնտեսության մեջ, ինչը հանգեցրեց ջրամբարի մակարդակի նվազմանը` 18 մետրով: Գործադրված ջանքերի շնորհիվ Արփա գետից 48 կիլոմետրանոց ստորգետնյա ջրմուղ կառուցվեց, ինչը հնարավորություն տվեց շտկել իրավիճակը: Սակայն, ամեն դեպքում, լճի էկոհամակարգը խախտված էր: Ներկայումս այստեղ էլ չկա հայտնի «իշխան» ձուկը, անհետացել կամ գտնվում են անհետացման շեմին լճում բնակվող այլ հազվագյուտ ջրային բնակիչներ, և ինչպես հայտնեց «Կանաչների միության» նախագահ Հակոբ Մանասարյանը` ֆաունայի առումով «լիճն ամայացած է»:

«Այստեղ արհեստական ճանապարհով են ձուկ բազմացնում, բայց որտեղ ձկնբուծություն, այնտեղ` խնդիրներ էկոլոգիայի հետ»,- պնդում է փորձագետը: Ավելացնենք, որ երկար տարիներ անլուծելի է մնում նաև որսագողության խնդիրը, ինչը բացսաբար է ազդում լճի կենդանի միջավայրի և էկոբալանսի վրա:

Այսքանի հետո անխուսափելի է հետևյալ հարցը` Հայաստանին պե՞տք է արդյոք շարունակել լեռնահանքային արդյունաբերության բնագավառի զարգացման և ընդլայնման աշխտանքները (ինչը, արդեն չի բերում նախկին շահույթները և մասնագետները վստահ չեն, որ օգտակար հանածոների պահանջարկը մոտ ապագայում կվերականգնի նախկին չափը)` լրջորեն վտանգելով ողջ ազգի բնակության միջավայրը, թե՞ ընտրել զարգացման այլ ուղի: Չէ որ այլ արժեքավոր ռեսուրսներ ունենք: Հայաստանը գեղեցիկ երկիր է` լի մշակույթային և պատմական հուշարձաններով, գրավիչ բնապատկերներով, տեսարժան վայրերով, նեոնատոլոգիական առողջարաններով և այլն: Պատահական չէ, որ դեռ խորհրդային տարիների, հանրապետությունը բնութագրելիս համամիութենական մամուլում օգտագործում էին «խորհրդային Շվեյցարիա» համեմատությունը: Այստեղ զբոսաշրջության տարբեր ոլորտների զարգացման մեծ պոտենցիալ կա: Սակայն դա տեղի է ունենում ոչ թե «շնորհիվ», այլ «ի հեճուկս», և ոչ այն մասշտաբով, որը զգալի ազդեցություն կունենար երկրի տնտեսության վրա: Դրան խանգարող բազմաթիվ գործոններ կան, որոնցից ամենակարևորը ներդրումների պակասն է: Արտասահմանյան ընկերությունները նախընտրում են ներդրում անել մասնավորապես լեռնարդյունաբերության մեջ, ակնկալելով շուտափույտ փոխհատուցում, ինչը զբոսաշրջության բնագավառում չի գործում: Այդպես էլ Ամուլսարի հանքավայրի մշակումը կատարվում է բրիտանական Lydia International ընկերության կողմից: Սակայն այդպես գիշատչաբար հանվող օգտակար հանածոների պաշարները վաղ թե ուշ կսպառվեն` իրենցից հետո թողնելով անապատ: Նման օրինակներ շատ կան և դա հատուկ է հատկապես այսպես կոչված` «զարգացող երկրներին»: Եթե այսպես շարունակվի, ապա գունավոր մետաղի պաշարները Հայաստանում ամբողջովին կսպառվեն և այդտեղ կպարզվի նաև որ երկիրն այլևս հնարավորություն չունի հույս դնել զբոսաշրջության զարգացման և անգամ գյուղատնտեսության վրա, քանի որ շրջակա միջավայրը մեծապես վնասված կլինի: Կլիմայի փոփոխությունների և հատկապես մարդկային գործունեության հետևանքով կա վտանգ, որ հանրապետության մեծ մասը կվերածվի անկյանք անապատի:

Իհարկե, արտասահմանցի ներդրողները, ինչպես բոլոր նման իրավիճակներում, անտարբեր են նման հեռանկարի նկատմամբ: Այդ պատճառով այսօրվա օգուտի և հետագա երկարատև կայունության միջև ընտրությունը, առանց չափազանցնելու, ռազմավարական նշանակություն ունի: Հնարավոր է, որ Հայաստանի համար ավելի լուրջ խնդիր հիմա չկա: Սակայն, ամենօրյա գոյատևման առաջ կանգնած հայ հասարակությունը մեծամասամբ այս հարցի հանդեպ անտարբեր է (ինչպես երկրի կյանքին վերաբերվող շատ այլ կարևոր հարցերին), և չկա վստահություն, որ նման հեռանկարը որևէ մեկին անհանգստացնում է, բացի փոքրաթիվ բնապահպաններից:

Արմեն Խանբաբյան, Երևան, հատուկ Dalma News-ի համար