Բոլորովին վերջերս՝ հոկտեմբերի 9-ին, հայ լեռնագնացները նշեցին իրենց մասնագիտական տոնը՝ Հայկական լեռների ու լեռնագնացների օրը: Օրվա ընտրությունը հաստատելու որոշումն ընդունեցին Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիան՝ ԱՄՆ-ի, Լիբանանի, Ֆրանսիայի և Ռուսաստանի հայ լեռնագնացների հետ մեկտեղ:

Օրվա ընտրությունը պայմանավորված է նրանով, որ 1829 թ. հոկտեմբերի 9-ին (հին տոմարով՝ սեպտեմբերի 27-ին) հայ լուսավորիչ ու ժամանակակից հայ գրականության հիմնադիր Խաչատուր Աբովյանը Դորպատի համալսարանի պրոֆեսոր Փարրոթի ղեկավարած արշավախմբի հետ միասին առաջին անգամ բարձրացավ Արարատ լեռը:

Ընթացիկ տարին նշանավորվեց հայ լեռնագնացների ձեռք բերած մեծ հաջողություններով: Նվաճվեցին Լենինի, Էլբուրսի գագաթները (ձմեռային, գարնանային ու ամառային սեզոններին, դրանց թվում եղան նաև միայնակ նվաճումներ), Դեմավեդի, Կազբեկի, Մոնբլանի, Մաթթերհորնի ու այլ բարձրություններ: Տարվա ամենակարևոր իրադարձություններից մեկը հայկական ծագում ունեցող ֆրանսիացի լեռնագնաց Արա Խաչադուրյանի և Ռուսաստանի լեռնագնացուհի Իրենա Խարազովայի արշավանքն էր՝ դեպի Էվերեստի բարձունք: Մայիսի 20-ին իր սխրագործությունն իրականացրեց Իրենա Խարազովան, իսկ նույն ամսի 22-ին՝ Արա Խաչադուրյանը: Աղջիկը բարձրացել էր ստանդարտ երթուղով՝ հյուսիսային կողմից (Տիբեթի), իսկ Արան՝ Չինաստանի: Մինչ Էվերեստը Արան նվաճել էր Մոնբլանի (Ֆրանսիա), Արարատի (Թուրքիա, Արևմտյան Հայաստան), Կիլիմանջարոյի (Տանզանիա) և այլ բարձունքներ…

Մեզ հաջողվեց հանդիպել ու զրուցել Արայի հետ՝ Երևան կատարած իր վերջին այցի ժամանակ, որի ընթացքում նա պարգևատրվեց Սփյուռքի նախարարության «Ոսկե մեդալով»՝ ծավալած մասնագիտական գործունեության, և Հայաստան անունն աշխարհում հայտնի դարձնելուն ցուցաբերած օժանդակության համար:

7c9f989d80dfe1c7616274d85a5548e8

Արա, սկզբի համար հարցնեմ հետևյալը՝ վաղո՞ւց է, ինչ զբաղվում եք լեռնագնացությամբ:

Այդքան էլ չէ, լեռնագնացությամբ սկսել եմ զբաղվել 12 տարի առաջ: Ես ծնվել եմ Լիբանանում, այդտեղ էլ դպրոց եմ հաճախել, խաղացել եմ բասկետբոլ, պատանի սկաուտ եմ եղել, ուսանել եմ ոսկերչական գործ, և երբեք մտքովս չի անցել, որ կդառնամ լեռնագնաց: Սակայն երբ ես 9 տարեկան էի, Լիբանանում սկսվեց քաղաքացիական պատերազմը: Մի երկու տարի անց ես ստիպված եղա թողնել դպրոցն ու կատարելագործել ոսկերչական հմտություններս:

19 տարեկան հասակում մորեղբորս հրավերով մեկնեցի Ֆրանսիա: Այդ փուլն իր տեսակետից իմ ողջ անցած ճանապարհի զրոյականացումն էր: Չունենալով գումար, չիմանալով լեզուն, ես բոլորովին նոր երկրում ստիպված էի ամեն ինչ սկսել զրոյից: Մորեղբայրս օգնեց տեղավորվել մի ոսկերիչի մոտ՝ որպես աշակերտ, ես աշխատում էի օրական 16 ժամ՝ շաբաթվա 7 օրը, և զուգահեռաբար էլ սովորում էի լեզուն: Հեշտ չէր…

24 տարեկանում ես ստեղծեցի սեփական բիզնեսս՝ բաց արեցի ոսկերչական խանութ: Այն, ի դեպ, մինչև այժմ գործում է: Իսկ երբ արդեն 40 տարեկան էի, լիբանանյան ընկերներիցս մեկն ինձ հրավիրեց արձակուրդս անցկացնելու Լիբանանում, և հետն էլ ուժերս փորձել այդտեղ անցկացվող մարաթոնյան վազքում: Ես համաձայնեցի:  Դա իմ կյանքի առաջին մարաթոնն էր, ու հիմա ես հաստատ կարող եմ ասել, որ վազել սկսելու համար երբեք ուշ չէ:

Վերադառնալով Ֆրանսիա՝ որոշեցի շարունակել վազքի պարապմունքները, և սկսեցի մասնակցել աշխարհի տարբեր անկյուններում անցկացվող վազքի մրցաշարերին: Եվ միշտ, որտեղ էլ որ այն լիներ, իմ շապիկը զարդարում էին երեք գրություններ՝ «Ցեղասպանության զոհերի հիշատակին»,  «Հանուն աշխարհի խաղաղության» և «Վազել՝ հանուն հիշելու»:

img_5035

Մի օր տեղեկացա, որ Ֆրանսիայի անդրծովյան շրջաններից  մեկում՝ Ռեյունյոն կղզում կարելի է անցնել բարդ մարզումներ ու մասնակցել մարաթոնի: Բարդությունը նրանում էր, որ այդ կղզում 170 կմ բարձրությամբ լեռ կար: Հաղթահարելու համար հարկավոր էր 10 000 մ վազել դեպի վերև, իսկ հետո՝ նույնքան էլ ներքև: Այդ վազքին մասնակցելու համար ես շատ բարդ մարզումներ իրականացրի Շոմանի գյուղում, որտեղ Եվրոպայի ամենաբարձր գագաթն է՝ Մոնբլանը (4810 մ): Մոնբլանն իմ նվաճած առաջին բարձունքն էր: 4810 մ բարձրության վրա արևածագը դիմավորելիս ես նոր միայն հասկացա ու զգացի, թե ինչ խելահեղություն էր դա: Հասկացա, որ ամեն տարի մի բարձունք նվաճելու ցանկություն ունեմ: Իմ գրառումների ցուցակում երկրորդ լեռը դարձավ Արարատը: Դա չափազանց հուզիչ էր: Հետո ես նվաճեցի Աֆրիկայի Կիլիմանջարոն և արդեն սկսվեց…

Իսկ ինչպե՞ս ծնվեց Էվերեստը նվաճելու գաղափարը:

2013 թ. ապրիլի 24-ին ես մասնակցեցի Մարսելում թուրքական դեսպանատան դիմաց կազմակերպած բողոքի ցույցին: Ինձ մոտեցավ Մարսելում JA (Jaunésse Arménien de Francе) հայկական ամենահայտնի մշակութային կենտրոնի տնօրենն ու առաջարկեց հանդիպել ակումբի անդամների հետ ու պատմել Արարատի բարձունքը նվաճելու մասին: Հանդիպմանը ներկա էր շուրջ 100 մարդ: Հենց այդ ժամանակ էլ ծնվեց 2 տարի հետո  Օսմանյան կայսրությունում Հայերի Ցեղասպանության 100-ամյա տարելիցի առթիվ աշխարհի ամենաբարձր գագաթը նվաճելու ու այդտեղ հայկական դրոշ բարձրացնելու գաղափարը: Այդ մտահաղացման համար ես դիմեցի կենտրոնի տնօրենին, որովհետև ինձ ֆինանսական օգնություն էր անհրաժեշտ՝ գրեթե 50 հազար եվրո: Նա համաձայնեց օգնել: Գումարը մաս-մաս հավաքվեց, ոչ միանգամից, բայց արդյունքում անհրաժեշտ քանակը հավաքվեց:

Մեր ծրագրերին խանգարեց Նեպալում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժը: Լեռներում 20 լեռնագնացներ զոհվեցին, 60-ը ստացան տարբեր վնասվածքներ: Հենց Նեպալում զոհվածների թիվը հասավ 9000 –ի, վիրավորներինը՝ 10 000 -ի: Արշավը դադարեցնելու ու Ֆրանսիա վերադառնալու որոշում կայացվեց:  Օդանավակայանում արդեն ինձ լրագրողները հարցրեցին, թե արդյո՞ք մտադիր եմ վերադառնալ ու հաջորդ տարի վերստին փորձել նվաճել լեռը: Իմ պատասխանը միանշանակ էր՝ այո:

Ստացվում է, որ Դուք վերսկսեցի՞ք մարզումները:

Իհարկե, ես օրական մարզվում էի 6 ժամ, երբեմն նույնիսկ ավել: Արթնանում էի առավոտյան ժամը 5-ին, մեկ ժամ վազում, այնուհետև մեկ ժամ անցկացնում լողավազանում, որից հետո ևս մեկ ժամ զբաղվում էի ֆիզիկական մարզումներով: Հետո գնում էի աշխատանքի, ընդմիջման ժամին ես կամ լողում էի, կամ վազում, իսկ երեկոյան ուսապարկս լցնում էի ջրով լի շշերով, ոտքերիս լրացուցիչ բեռ էի կապում և այդպես երեք ժամ քայլում էի՝ աստիճաններ բարձրանալով: Այդ ամենը շարունակվեց 6 ամիս:

Ֆիզիկական նախապատրաստվածությունն իհարկե շատ կարևոր է, բայց մոտիվացիան ու կամքի ուժն էլ պակաս կարևոր չեն: Ես, օրինակ, ծովային զբոսանքները վատ եմ տանում: Երբեմն լինում է այնպես, որ մի լեռ բարձրանալը հեշտ է լինում, իսկ մյուսի ժամանակ ինձ վատ եմ զգում: Այնպես որ նախապատրաստվածության համընդհանուր սկզբունք գոյություն չունի:

Երկրորդ անգամ դուք ավելի բարդ երթուղի ընտրեցիք: Ինչո՞վ էր պայմանավորված նման որոշումը:

Իրականում ամեն բան հարաբերական է: Ոմանք գտնում են, որ չինական կողմը բարդ է, ոմանք, որ շատ երկար է, և մի բարդ երթուղի էլ կա՝ Նեպալի կողմից: Պարզապես երբ ես ծրագրեցի բարձունքը նվաճել, ինձ առաջարկվեց փորձել անցնել ուղին չինական կողմից: Երթուղու մանրամասներին մանրակրկիտ ծանոթանալուց հետո ինձ մոտ այլևս կասկած չմնաց:

Էվերեստը ցանկացած լեռնագնացի երազանքն է: Այն 60 տարիների ընթացքում, երբ մարդիկ նվաճել են Էվերեստը, իրականացվել է 16 000 փորձ, և միայն 4000 երջանիկներ են կարողացել հաղթահարել ուղին մինչև վերջ: Որքան ինձ հայտնի է, այդ ճանապարհին մահացել են 400 հոգի: Մեր խմբում ևս երկու հոգի մահացան, որից մեկը՝ հենց գագաթին:

Ե՞րբ է հնարավոր լեռը բարձրանալ:

Ապրիլին ու մայիսին: Դա օդափոխության հետ է կապված, և հենց այդ ժամանակ է օդն ամենափափուկը:

Էվերեստը բարձրանալու համար ձեզ քանի՞ օր հարկավոր եղավ:

50 օր:

 

Բարձրանալիս ո՞րն էր ամենաբարդը:

Վերջին պահը: Երբ դու 8300 մ բարձրության վրա ես, երբ չես քնել երկու գիշեր, ու ջերմաստիճանն էլ զրոյից ցածր է, քամի է, ձյուն է տեղում, դու առանց ջրի ես, թթվածին գրեթե չկա, իսկ առջևում դեռ վայրէջքն է: Եվ այդ 548 մետրը մենք անցանք 12 ժամում: Անում էինք մեկ քայլ, 5 անգամ շնչում-արտաշնչում, մեկ քայլ՝ հինգ անգամ շնչում-արտաշնչում: Եվ այդպես՝ մինչև ամենագագաթը:

Ես սիրում եմ դժվարություններ, սիրում եմ դրանք հաղթահարել: Որովհետև դիմացկունության հենց այդպիսի փորձերն են տալիս կենդանի լինելու զգացողություն: Հիշում եմ, թե ինչպես մենք 3 ամբողջ օր սպասում էին եղանակի փոփոխությանը: Բայց այդ ժամանակ էլ հարկավոր է շարժվել՝ մի փոքր իջնել, մի փոքր բարձրանալ: Դա օգնում է թթվածնին ընտելանալուն:

Ինձ միշտ օգնել են այն մարդկանց մասին մտքերը, ովքեր հավատում էին ինձ, չէ՞ որ ինձ սոցիալական կայքերով հետևում էին գրեթե 20 000 մարդ:

1464299819_f650fbeef8a5682b5b001a8a638044f2

Որքան որ ես տեղյակ եմ, աշխարհում գոյություն ունի 14 բարձր գագաթ, որը պետք է հաղթահարի իրեն հարգող ցանկացած լեռնագնաց՝ նախքան ամենացանկալի գագաթին հասնելը: Դուք արդեն դրանցից շատերը նվաճել եք: Ո՞րն է լինելու հաջորդ լեռը, կա՞ն արդյոք ծրագրեր:

Ոչ, այդպիսի ծրագրեր դեռ չկան, ես դեռ վերականգնման փուլում եմ գտնվում, որովհետև Էվերեստի բարձունքը նվաճելիս ոտքերիս մատները մի փոքր ցրտահարվել են: Սակայն մի երկու շաբաթ առաջ արթնացա և որոշեցի, որ լավ ու հետաքրքիր կլիներ ուժերս մրցավազքում փորձել: Ուզում եմ վազելով Ֆրանսիայից հասնել Հայաստան: Դա բավական բարդ է, որովհետև օրական ես պետք է վազեմ 5-6 ժամ՝ մոտ 50կմ: Բայց, ինչպես արդեն ասացի՝ ես մի փոքր խենթ եմ:

Խոսակցության վերջում Արան նշեց, որ չի կարելի մարդուն ստիպել լեռներ մագլցել: Այդ ցանկությունը պետք է ներսից լինի: Եվ բացի նախապատրաստվածությունից, չի կարելի անտեսել նաև հաջողության գործոնը:

Արայից առաջ Էվերեստ հասել են ևս 3 հայ՝ Լև Սարկիսովը, Կարո Հովասափյանը և Իգոր Խալաթյանը:

Զրուցեց՝ Արմինե Ահարոնյանը: