Հայաստանում սովորական գնորդները, մտնելով խանութներ և սուպերմարկետներ, արդեն նախ զգուշավորությամբ նայում են գնապիտակներին, իսկ հետո նոր միայն ապրանքներին: Սողացող գնաճը շարունակվում է ամիսներ շարունակ, և այս հերթական փորձության վերջը դեռևս չի երևում:     

Հայաստանում առաջին անհրաժեշտության ապրանքների գները անընդհատ թանկանում են: Վերցրեք, օրինակ, հացը, որի գինը բարձրացել է 10 դրամով (5-10%՝ կախված սորտից և քաշից), մեկ ամիս անց` ևս նույնքանով, իսկ առջևում ամանորյա ավանդական թանկացումներն են: Այնուհետև էլեկտրաէներգիայի սակագները կթանկանան, ինքներդ եք հասկանում: Եվ ոչ միայն հացը, գրեթե բոլոր մթերքները, խմիչքները, հիգիենայի միջոցները և այլն:

Իսկ ինչու՞ է այդպես: Հակիրճ և հասկանալի բացատրելու դեպքում, քանի որ սրանք ոչ թե տնտեսագետի, այլ պարզապես ուշադիր սպառողի դիտարկումներ են, պատճառները համաճարակը, պատերազմը, ազգային արժույթի քաոսային տատանումները, իշխանության կաթվածահար վիճակը, աժիոտաժային սպասելիքներն են (խուճապը) և այլն: Վերոնշյալներից նույնիսկ մեկը ընդունակ է խառնաշփոթ ստեղծել շուկայում, իսկ մենք այժմ մի վիճակում ենք, երբ առկա են թվարկված բոլորը պատճառները միասին:

Տասը օր առաջ ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը մամուլի ասուլիսում հայտարարեց, որ ազգային արժույթի փոխարժեքի անվերահսկելի անկում չկա և չի սպասվում, իսկ դրամի անկումը պայմանավորված է դոլարի մեծ պահանջարկով, սակայն այդ պահանջարկը շուկայական հիմքեր չունի: Գալստյանը վստահեցրեց, որ տնտեսական կայունության աճի հետ մեկտեղ կվերականգնվի դրամի նկատմամբ վստահությունը:

Ըստ Գալստյանի՝ Կենտրոնական բանկը հստակ կարգավորում է բանկային համակարգը և միջոցներ է ձեռնարկում գնաճը զսպելու համար (դրա համար բանկը բարձրացրել է առանցքային տոկոսադրույքը 1%-ով՝ 4,25%-ից 5,25%): Սա կօգնի զսպել ընդհանուր գնաճը երկրում՝ նվազեցնելով վարկերի պահանջարկը: Մի շարք պարենային ապրանքներ կարող են թանկանալ. դրանց մի մասը ներմուծվում է, իսկ մյուս մասը տարբեր աստիճանի կախված է ներմուծումից (օրինակ՝ տեղական թռչնաբուծական ֆաբրիկաները ներմուծում են կերի մեծ մասը, կաթնամթերքի գործարանները՝ կաթի փոշու մի մասը, իսկ գազի սակագինը բոլոր միջին և խոշոր արտադրողների համար կախված է դոլարից)… Միևնույն ժամանակ, վերջին ամիսներին համաշխարհային շուկայում աճում են հացահատիկի, շաքարավազի և բուսական յուղի գները: Ի տարբերություն մթերային գնաճի, Կենտրոնական բանկը ցանկանում է զսպել դրամավարկային գնաճը՝ բարձրացնելով վարկերի տոկոսադրույքները և զսպելով դրանց պահանջարկը:

Գալստյանը պնդում է՝ այս ամենը հիմք է տալիս ակնկալել արժույթի աժիոտաժային պահանջարկի նվազում, որի ետևում իրական հիմքեր չկան: Այդ պատճառով Կենտրոնական բանկը գրեթե չի դուրս բերել այն արժույթի շուկա. նոյեմբերի վերջին միայն, երկու օրվա ընթացքում Կենտրոնական բանկը շուկա բերեց 60 միլիոն դոլար (աննշան գումար նույնիսկ Հայաստանի ֆինանսական շուկայի մասշտաբով):

Ահա, թե ինչում է խնդիրը. նախ՝ տնտեսության կայունացումը, որը կվերականգնի դրամի հանդեպ վստահությունը, մոտ ապագայում չի սպասվում: Ընդհակառակը՝ ապագայում հնարավոր է ապակայունացում, ինչը հասկանալի է նույնիսկ ոչ մասնագետի համար, թեկուզ միայն այն պատճառով, որ կառավարությունն այժմ պարզապես անգործունակ է:

Երկրորդ՝ ըստ Գալստյանի՝ «մի շարք պարենային ապրանքները» բոլորն էլ այնպիսի ապրանքներ են, որոնց գնապիտակներից դատելով՝ դրանց թանկացումը չպետք է կապել միջազգային գների հետ, oրինակ` արևածաղկի ձեթը առաջին անգամ թանկացավ շիշը մոտ 100 դրամով, իսկ մի քանի շաբաթ անց` ևս 250 դրամով: Նույնը կաթնամթերքի դեպքում է, սափրվելու սարքերը նույնպես թանկացել են, ինչը, հավանաբար, պայմանավորված է պլաստմասսայի կամ պողպատի միջազգային գների բարձրացմամբ. դժվար է հասկանալ:

Երրորդ՝ արժույթի շուկա 60 միլիոն բերելու մասին. օրերս հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում տնտեսագետ Հրանտ Բագրատյանը վստահորեն ներկայացրեց օրական կտրվածքով իրականցվող՝ Կենտրոնական բանկի արժութային միջամտությունների բոլորովին այլ, շատ ավելի մեծ թվեր: Բացի այդ, Բագրատյանն ասաց, որ Մարտին Գալստյանը ֆինանսական ոլորտի փորձագետ չէ, սակայն սա, իհարկե, պարոն Բագրատյանի անձնական կարծիքն է:

Իսկ ի՞նչ անել, եթե վառելիքի՝ բենզինի, հեղուկացված բնական ու սովորական գազի գները կայուն աճում են: Միայն վերջին մի քանի օրերի ընթացքում Regular տիպի բենզինի մեկ լիտրը 350 դրամից հասել է 370-ի, մեկ լիտր հեղուկացված բնական գազը՝ 180-ից 190 դրամ է դարձել, իսկ սեղմված բնական գազի կիլոգրամն արժե 320-330 դրամ: Ընդ որում, սա սեղմված գազի գնի երկրորդ բարձրացումն է այս տարի: Հասկանալի է, որ այս ամենը ևս պայմանավորված է ազգային արժույթի՝ դոլարի ու եվրոյի նկատմամբ արժեզրկմամբ:

Բավական չէին կորոնավիրուսը, պատերազմը և դրամի փոխարժեքի անկումը, այժմ էլ պարզ դարձավ, որ 2021 թվականի փետրվարի 1-ից Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) վերանայում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից բաժանորդներին մատակարարվող էլեկտրաէներգիայի սակագները:

ՀԾԿՀ կայքում տեղադրված հաղորդագրության մեջ նշված է, որ կարգավորող հանձնաժողովը զբաղված է եղել էլեկտրաէներգետիկ համակարգի խոշոր արտադրող կայանների և ծառայություններ մատուցող ընկերությունների սակագների վերանայմամբ, ինչպես նաև վերլուծել է բոլոր դրական և բացասական գործոնները: Հայտնի է, որ անհրաժեշտություն է առաջացել վերանայել սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագները: Մասնավորապես, հանձնաժողովի հաշվարկների համաձայն՝ անհրաժեշտ է միջին սակագինը բարձրացնել 2.27 դրամ/ կՎտժ-ով (ներառյալ ԱԱՀ):

Արդյունքում առաջարկվում է.

1) սոցիալապես անապահով ընտանիքների և քաղաքացիների համար, որոնք ամսական սպառում են մինչև 400 կվտ/ժամ էլեկտրաէներգիա (սա կազմում է սպառող-ֆիզիկական անձանց մոտ 90% -ը), սակագինը թողնել անփոփոխ,

2) այլ սպառողների համար սակագինը բարձրացնել 3 դրամ/կՎտժ-ով (ներառյալ ԱԱՀ):

Չգիտեմ, թե ՀԾԿՀ-ն ինչն է լավ, ինչն է թերի վերանայել, սակայն փաստն այն է, որ նույնիսկ նման հարցերում մեր իշխող շրջանակները չեն կարող գործել առանց պոպուլիզմի: Կոպեկների համար շինարարության մեջ իր առողջությունը քայքայող մի քրտնաջան աշխատող էլ կկարդա սոցիալապես անապահով քաղաքացիների մասին առաջին կետը և կուրախանա. ստիպված չի լինի ավելի շատ վճարել լույսի համար: Անձամբ ճանաչում եմ ընտանիքների, որոնք չեն միացնում լույսը պետքարանում, որովհետև վառվող լամպի այդ երեք րոպեն իրենից թանկարժեք դրամներ է խլելու:

Իսկ երկրորդ կետը նա ուրախությունից այլևս չի կարդա. եթե կարդա էլ, հոգ չեն «այլ սպառողները». դա իր խնդիրը չէ:

Եվ նա չի պատկերացնի, որ այդ «մյուս սպառողները» նրանք են, ովքեր իր համար հաց են թխում, իր երեխաների համար կաթ շշալցնում, պանիր ու ամենաէժան նրբերշիկը արտադրում, որն ուտում է ընդմիջման ժամանակ, ջերմոցներում միրգ ու բանջարեղեն են հավաքում, իր ընտանիքի համար հասարակ հագուստ կարում: Բոլոր այս «մյուս սպառողները» այդ «3 դրամ/կՎտժ (ներառյալ ԱԱՀ)»-ը, անշուշտ, կներառեն իրենց հին արտադրանքի նոր գների մեջ:

Եվ գուցե ավելի, քան 3 դրամ… ուղղակի, ապահովագրելու համար: Ի վերջո, ինչպես Վինի Թուխն էր ասում. «Այս մեղուներից ամեն բան կարելի է սպասել»:

Ռուբեն Գյուլմիսարյան