Ռուս խաղաղապահները շարունակում են բազմակողմանի աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը: Աջակցություն ցուցաբերվում է միանգամից մի քանի «ճակատում»: Մասնավորապես, նկատելի առաջընթաց կա բժշկական ծառայությունների ոլորտում:

Առաջին հերթին հաջողվեց մասամբ լուծել կադրերի դեֆիցիտի հարցը. ռազմական գործողությունների ընթացքում Լեռնային Ղարաբաղը լքած տեղի մասնագետների փոխարեն եկան ռուս մասնագետներ: Ժամանած հատուկ նշանակության ռազմական բժշկական ստորաբաժանումը (МОСН) արդեն ակտիվորեն զբաղվում է ինչպես տեղի բնակիչներին, այնպես էլ հենց խաղաղապահներին սպասարկելով: Ռուս ռազմական բժիշկները դաշտային հիվանդանոց են տեղակայել Ստեփանակերտում, և առաջիկայում նման մեկը կբացվի նաև Մարտակերտում: Ընդհանուր առմամբ, այնտեղ կաշխատեն տարբեր պրոֆիլների 60 մասնագետներ: Սակայն այժմ արդեն Ռուսաստանից ժամանած բժիշկներն իրենց տրամադրության տակ ունեն ամենաժամանակակից բժշկական սարքավորումները, ներառյալ՝ թոքերի արհեստական օդափոխման սարքեր: Ռուսական կողմը հաշվի է առնում տարածաշրջանում կորոնավիրուսի առկայությունը, ուստի համաճարակային իրավիճակի վատթարացման դեպքում դաշտային հիվանդանոցների մի մասը կարող է վերազինվել ինֆեկցիոն բաժանմունքների

Ստացիոնար բուժումից բացի, ռուս ռազմական բժիշկները կազմակերպել են բազմաֆունկցիոնալ բժշկական բրիգադներ, որոնք օգնություն են տրամադրում հեռավոր բնակավայրերում գտնվող պացիենտներին, ինչի շնորհիվ դեկտեմբերի 9-ի դրությամբ՝ հետազոտվել է ավելի քան 300 արցախցի: Առաջիկա շաբաթների ընթացքում ռուս խաղաղապահները նախատեսում են ավարտել երկու հիվանդանոցների վերականգնումը, ինչը էլ ավելի կմեղմի իրավիճակը և, անկասկած, թույլ կտա տեղացի բժիշկներին վերադառնալ:

Իսկ մարզերում ստացիոնար և շարժական բուժօգնությունը պտուղներ է տալիս: Անցյալ երեքշաբթի՝ դեկտեմբերի 8-ին, հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանման հոգեբանական և բժշկական ծառայությունների մասնագետները Ասկերանի շրջանի պոլիկլինիկայում կատարել են 20 բնակչի ախտորոշում: Հետազոտության արդյունքների հիման վրա ասկերանցիները ստացան եզրակացություններ իրենց առողջական վիճակի վերաբերյալ և առաջարկություններ հիվանդությունների կանխարգելման և բուժման վերաբերյալ: Ըստ էության, տեղի բնակիչները բողոքում էին քրոնիկ հիվանդությունների, մասնավորապես՝ էնդոկրին և սրտանոթային հիվանդությունների սրացումից: Սեզոնային գործոնից բացի, հավանաբար, ազդել է լուրջ սթրեսը: Իզուր չէին ՌԴ ԱԻՆ հոգեբաններ ժամանում. Ասկերանի շրջանի բնակիչների համար նրանք կազմակերպում էին հատուկ թեստավորում և պարապմունքներ` հոգեբանական ու հուզական վիճակը կարգավորելու համար:

Ցանկացած ընդունելություն ռուս բժիշկներն իրականացնում են այնպես սրտանց, որ շատ պացիենտներ, ամենայն հավանականությամբ, կկարողանան հոգեկան հավասարակշռության հասնել շատ շուտ:

Աշխատանքներ են տարվում նաև ՌԴ ՊՆ հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանման կողմից տեղակայված լրացուցիչ ստացիոնար կետերում: ՌԴ ՊՆ մամուլի ծառայության տեղեկությունների համաձայն՝ նման կետեր են բացվել Ստեփանակերտում, Իվանյանում (Խոջալու) և Լաչինի միջանցքում գտնվող ռուսական խաղաղապահ ուժերի դիտակետում: Ընդամենը մեկ օրվա ընթացքում` դեկտեմբերի 10-ին, 42 պացիենտ, ներառյալ՝ յոթ երեխա, բժշկական օգնություն են ստացել Ստեփանակերտում տեղակայված շարժական հիվանդանոցում: Իսկ Արցախում խաղաղապահ գործողության ողջ ընթացքում ռուս ռազմական բժիշկները բժշկական օգնություն են ցուցաբերել 368 բնակչի, այդ թվում՝ 41 երեխայի:

ՌԴ ԱԻՆ համահավաք խմբավորման սակրավորները նույնպես աշխատում են առանց հանգստանալու: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ստեփանակերտ է ժամանել Ռուսաստանի ԱԻՆ լրացուցիչ խմբավորում, որում ընդգրկված են Նոգինսկի և Տուլայի փրկարարական կենտրոնների և «Լիդեր» կենտրոնի փրկարարները: Մասնագետների զգոն ու արհեստավարժ աշխատանքի լուսանկարները պտտվում էին սոցիալական ցանցերում:

«Նախքան տվյալ հատվածի հետազոտությունը, պիրոտեխնիկները ուսումնասիրում են տարածքը անօդաչու թռչող սարքերի միջոցով: Աերոլուսանկարների միջոցով մասնագետները գնահատում են աշխատանքի ծավալը և վտանգավորության աստիճանը: Պիրոտեխնիկական աշխատանքներն ուսումնասիրվող տարածքում իրականացվում են սակրավորական գործիքներով, մետաղական դետեկտորներով հանդերձանքով», – ասվում է ՌԴ ՊՆ կայքում:

Հանդերձանքը նույնպես տպավորիչ է. ժողովուրդը սակրավորներին արդեն մարսեցիներ անվանումն է տվել: Պայթյունավտանգ իրերի որոնման ժամանակակից միջոցները նույնպես տպավորիչ են: Վերջերս ռուսները շահագործման հանձնեցին «Ուրան-6» բազմաֆունկցիոնալ ռոբոտատեխնիկական համալիրը: Այն մասնակցում էր Ստեփանակերտի օդանավակայանի տարածքներից մեկի ականազերծմանը: Դատելով Ռուսաստանի պաշտպանական գերատեսչության կայքում տեղադրված տեղեկատվությունից՝ այն բավականին լուրջ սարքավորում է.

«Դրա օգտագործումը ապահովում է անձնակազմի ամբողջական անվտանգությունը և թույլ է տալիս բարձրացնել տարածքը պայթյունավտանգ իրերից ազատվելու ուղղությամբ տարվող աշխատանքների արտադրողականությունը»:

Մնում է հուսալ, որ տարածքների վնասազերծման ուղղությամբ բոլոր աշխատանքները կավարտվեն առանց միջադեպերի և կարճ ժամկետներում: Այնուամենայնիվ, ինչպես «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտնեց Լեռնային Ղարաբաղի մարդասիրական ականազերծման կենտրոնի ղեկավար Սամվել Մեսրոպյանը, արդեն շոշափելի տեղաշարժեր են արձանագրվել: Նրա խոսքով՝ անցած շաբաթների ընթացքում ռուս սակրավորները Ստեփանակերտի և դրա շրջակայքի տարածքի կեսից ավելին մաքրել են պայթյունավտանք իրերից, և հույս ունեն, որ այդ աշխատանքները կավարտվեն մինչև տարվա վերջ:

«Ստեփանակերտի կեսից ավելին մաքրված է: Հեկտարներով հստակ նշել չեմ կարող, սակայն կեսից ավելին մաքրվել է: Այժմ աշխատում ենք ծայրամասերում», – հայտնեց Մեսրոպյանը:

Քաղաքի մերձակայքում սակրավորների աշխատանքները ընթանում են ողջ ներուժով: ՌԴ Պաշտպանության նախարարության պաշտոնական զեկույցի համաձայն՝ անցած չորեքշաբթի օրվա դրությամբ հետազոտվել է 2 հա սահմանային տարածք: Որոնումները արդյունավետ են.

«Լիդեր» ջոկատի մասնագետների կողմից փորձաքննության ընթացքում հայտնաբերվել է 6 պայթյունավտանգ իր: Դրանց թվում` 120 մմ-անոց 2 ական և դրանց 2 պայթուցիչ, «Սմերչ» բազմակի արձակման հրթիռային համակարգի բեկորներ, ինչպես նաև 1 «РПГ-7» տիպի նռնականետի արկ»:

Ընդհանուր առմամբ, դեկտեմբերի 11-ի դրությամբ՝ «Լեռնային Ղարաբաղի ինժեներական ստորաբաժանումները ականազերծել են ավելի քան 80 հա տարածք, 24.8 կմ ճանապարհ, 168 շենք-շինություն և 6 սոցիալական նշանակության օբյեկտ, և հայտնաբերել ու վնասազերծել են 4577 պայթյունավտանգ իր»:

Խաղաղապահները աշխատում են նաև քաղաքացիական և ինժեներական ենթակառուցվածքների վերականգնման ուղղությամբ: Դեկտեմբերի 10-ին Կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավար Դմիտրի Պերեպյոլկինը «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում, անդրադառնալով ենթակառուցվածքների խնդրին, հայտնեց, որ էլեկտրամատակարարման համակարգը վերականգնված է 85%-ով, և վերսկսվել է նաև բնակելի շենքերի գազամատակարարումը.

«Բջջային կապը և ինտերնետը կրկին հասանելի են: Բնակելի շենքերում լուծված է նաև գազամատակարարման ու ջեռուցման հարցը»:

Վերջին տվյալների համաձայն՝ մի քանի օրվա ընթացքում վերականգնվել են ևս երկու հենարաններ, 1 կմ էլեկտրահաղորդման գծեր և 1,2 կմ գազատարի պահուստային հատված Լիսոգորսկի մոտակայքում: ՌԴ ՊՆ դեկտեմբերի 11-ի հաղորդագրության համաձայն՝ «օրերի ընթացքում իրականացվել են տարածքի ինժեներական հետախուզական և ականազերծման աշխատանքներ Ստեփանակերտ-Շուշի ճանապարհի ուղղությամբ և Ստեփանակերտի Աջափնյակ փողոցի տարածքում գտնվող գազատարի երկայնքով»:

Կյանքի քիչ թե շատ հարմարավետ կենցաղը Արցախի ժողովրդին թույլ է տալիս վերադառնալ իրենց տները: «Օրերի ընթացքում Հայաստանից ավելի քան 1136 մարդ է վերադարձել նախկին բնակության վայրեր: Խաղաղապահ գործողության ընթացքում արդեն ապահովվել է ավելի քան 36 հազար փախստականի անվտանգ վերադարձը», – երեքշաբթի՝ դեկտեմբերի 8-ին, հայտնեց ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:

Շաբաթվա վերջին հայրենիք վերադարձածների թիվը զգալիորեն աճեց: Ռուս խաղաղապահ կոնտինգենտի և ռազմական ոստիկանության պարեկների ուղեկցությամբ ուրբաթ օրը ավտոբուսներով Երևանից Ստեփանակերտ է տեղափոխվել 569 մարդ: Արդյունքում, դեկտեմբերի 12-ի դրությամբ՝ ավելի քան 38 հազար փախստական է վերադարձել մշտական բնակության վայրեր:

Իրինա Գրիգորյան