Dalma News-ի հարցազրույցի հերոսը դարձավ՝ ռուս բասկետբոլիստ, հայկական հավաքականում խաղացող Անդրեյ Կոնստանտինովը: Նա խաղացել է մի քանի ռուսական ակումբներում, այդ թվում Բասկետբոլի ակումբ «Բարս»-ում՝ ՎՏԲ-ի ուսանողական լիգայի ժամանակ, իր կարիերան շարունակել է Հայաստանի հավաքականում: Նա խաղացել է ԲԱ «Ուրարտու»-ում, իսկ ներկա պահին համարվում է ԲԱ «Արթիկ»-ի հարձակվողը:

Ե՞րբ դուք հասկացաք, որ բասկետբոլը ձեր կյանքի աշխատանքն է:

– Երբ ստորագրեցի առաջին պայմանագիրը, երբ ստացա առաջին աշխատավարձը, երբ հասկացա, որ բասկետբոլը կարող է լինել ոչ միայն սիրելի գործ, ոչ միայն հոբբի, այլ իսկապես կյանքիս աշխատանքը: Թեպետ վերջին երկու տարիների ընթացքում հաճախ եմ հանդես գալիս առանց պայմանագրի, առավել շատ խաղում եմ սիրողական մակարդակում, անընդհատ մարզվում եմ, մինչև հիմա սիրում և սիրելու եմ այդ խաղը և հույսս չեմ կորցնում, որ իրականում կհասնեմ մեծ բասկետբոլի։

Ինչո՞ւ դուք որոշեցիք խաղալ Հայաստանում և արդյո՞ք չեք զղջում ձեր ընտրության համար:

– Չի եղել այնպիսի բան, որ ես նստեմ ու ասեմ՝ «Վերջ, խաղալու եմ Հայաստանի համար: Ես որոշեցի»: Ամեն ինչ աստիճանաբար սկսեց: Առաջին անգամ ես խաղացի Հայաստանի հավաքականի համար, մենք հաղթեցինք Եվրոպայի առաջնության «B» դիվիզիոնում, շատ վատ հանդես չեկանք, զբաղեցրեցինք 6-րդ տեղը 24-ից, և այդքանով ամեն ինչ վերջացավ, ես մեկնեցի Ռուսաստան և շարունակեցի խաղալ այնտեղ: Թվում էր, թե դա մեկանգամյա նախագիծ է, և ես նույնիսկ չէի կարող մտածել, որ նորից հանդես կգամ Հայաստանի համար: Չորս տարի անց ինձ գրեց Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Արա Պողոսյանը, ասաց, որ ուզում է ինձ հրավիրել հավաքական, որ ուզում է սկսել զարգացնել բասկետբոլը Հայաստանում, որ նախագիծը երկարաժամկետ է, կան բազմաթիվ հետաքրքիր պլաններ և որ նրանք հետաքրքրված են ինձնով: Ես գրեթե անմիջապես համաձայնեցի և կարող եմ ասել վստահ և հստակ, որ ես դրա համար չեմ զղջում:

Դժվա՞ր էր հարմարվել այստեղ:

– Հարմարվելու հետ ոչ մի խնդիր չի եղել: Հայաստանում ժողովուրդը շատ բարի և սրտացավ է: Որտեղ էլ, որ ես խաղացել եմ, լինի դա երիտասարդական հավաքականները, ազգային թիմը, ԲԱ «Ուրարտու»-ն կամ ԲԱ «Արթիկ»-ը՝ որտեղ ես խաղում եմ այժմ, ամեն տեղ ինձ շատ լավ են ընդունել և ստեղծել են բոլոր անհրաժեշտ պայմանները, որպեսզի ես արագ հարմարվեմ, ինչպես անձնակազմում, այնպես էլ կենցաղում:

Բասկետբոլիստի երազանք. ի՞նչ է դա:

-Բասկետբոլիստի երազա՞նքը: Գիտեք, ավելի ճիշտ դա Բասկետբոլի ազգային ասոցացիայում խաղալն է և դա հասկանալի է, որովհետև դա աշխարհի ուժեղագույն լիգան է, որտեղ հավաքված են լավագույն խաղացողները: Սակայն, կոնկրետ իմ երազանքն ակումբային մակարդակում է՝ խաղալ Եվրոլիգայում, ես այդ տուրնիրի մեծ ֆանատն եմ, իսկ միջազգային մակարդակում հայտնվել Եվրոպայի առաջնության մեծ տուրնիրին կամ աշխարհի, Հայաստնի հավաքականի հետ և բնականաբար այնտեղ մեդալներ նվաճել:

Եթե դուք հնարավորություն ունենայիք հանդիպել Մայքլ Ջորդանի հետ, ի՞նչ դուք կասեիք նրան:

– Նայած թե որքան ժամանակ կլիներ զրուցելու համար: Եթե դա մի րոպե է, առավելագույնը երկու, ապա ես նրան կարտահայտեի իմ հիացմունքը, շնորհակալություն կհայտնեի բասկետբոլի մեջ իր ներդրման համար և կասեի, որ նա մեծ խաղացող է: Եթե դա լիներ զրույց մեկ գավաթ սուրճի շուրջ և մենք ունենայինք գոնե երեսուն րոպե, ապա ես նրան կհարցնեի մանրամասների, բասկետբոլի նրբությունների մասին, մի քանի խորհուրդ կհարցնեի, թե ինչպե՞ս գործել այս կամ այն իրավիճակում։

Դուք ունեցե՞լ եք վնասվածքներ, որոնցից հետո որոշ ժամանակ չեք կարողացել խաղալ: Եթե այո, ապա ինչպե՞ս եք այդ ամենը տարել։

– Վնասվածքները՝ սպորտի անբաժանելի մասն են, դրանք լինում են բոլոր սպորտսմենների մոտ և միշտ չէ, որ ցանկանում ես դրանց մասին հիշել: Ես բացառություն չեմ: Ես ևս ունեցել եմ: Որպես կանոն ծանր ես տանում վնասվածքից հետո առաջին օրերը, հետո ընդունում ես դրանք որպես մարտահրավեր, սկսում ես վերականգնման գործընթացը, վերականգնվում ես, հասցնում ես շատ կարոտել բասկետբոլին և վերադառնում ես էլ ավելի ուժեղ և «քաղցած» խաղի նկատմամբ։

Ասում են՝ սպորտը լավ դեղամիջոց է դեպրեսիայի դեմ: Բասկետբոլը օգնու՞մ է ձեզ դժվար պահերին։

– Դա բացարձակ ճշմարտություն է: Բասկետբոլը իսկապես օգնում է դժվար պահերին: Երբ ես գալիս եմ դահլիճ, լինի դա մարզում, խաղ կամ էլ պարզապես գնդակ գցել, ես ամբողջովին կենտրոնանում եմ բասկետբոլի վրա: Դա բոլոր ավելորդ մտքերը օգնում է դուրս գցել գլխից, մոռանալ սեփական որոշ ապրումներն ու խնդիրները:

Ինչո՞վ եք սիրում զբաղվել, երբ բասկետբոլ չեք խաղում:

– Չկա որևէ հատուկ հոբբի, բացի բասկետբոլից: Ինձ մոտ ամեն ինչ սովորական և հասարակ է. սիրում եմ ֆիլմեր դիտել, զբոսնել, համով ուտել որևէ տեղ, հատկապես Հայաստանում, կարող եմ համակարգչային խաղ խաղալ:

Տրամադրությունն ազդու՞մ է խաղի ընթացքի վրա:

– Միանշանակ այո: Չի կարելի խաղի դուրս գալ վատ տրամադրությամբ: Պետք է բոլոր վատ մտքերը աշխատել դուրս գցել գլխից, դրական տրամադրված լինել և փոխանցել այդ տրամադրվածությունը թիմի ընկերներին:

Բլից

Գիրք, որը փոխել է ձեզ ….

– Դեռևս չեմ կարդացել այնպիսին, որը ինձ արմատապես կփոխեր։

Եթե դուք ունենայիք գերբնական ուժ, դուք կկարողանայիք….

– Վաղ արթնանալ։

Ինչպե՞ս դուք կնկարագրեք ձեր կյանքը մեկ բառով։

– Ռոքընդռոլ (Rockandroll)

Ես իմաստ չեմ տեսնում ….

– Հոկեյը խոտի վրա խաղալու մեջ։

Ես երբեք չեմ հոգնի ….

– Բասկետբոլից։

 

Զրուցեց Մարիանա Հակոբյանը