2018 թվականի գարնանը Հայաստանում իշխանափոխությամբ ավարտված իրադարձությունների ղեկավարները զայրացած հերքեցին, որ իրենց նախաձեռնած հեղաշրջումը տեղավորվում է «գունավոր հեղափոխությունների» տրամաբանության մեջ: Հայկական հեղափոխությունը, ըստ նրանց, «թավշյա» էր և «ոչ բռնի», ոչ մի կապ չուներ ո՛չ վրացական, ո՛չ ուկրաինական տարբերակների հետ, որոնց արդյունքներն ու հետևանքները բոլորին քաջ հայտնի են:

Ինչ վերաբերում է «ոչ բռնի» լինելուն, դժվար է դրա հետ վիճել՝ հաշվի առնելով այն նույնիսկ կասկածելի պատրաստակամությունը, որով հին կառավարությունը հեռացավ, և բռնություն և զոհեր ընդհանրապես չպահանջվեցին, ինչը ցանկացած գունավոր հեղափոխության սցենարի պարտադիր մաս է:

Անցել է երկուսուկես տարի, և «թավշյա հեղափոխությունը» Հայաստանին և հայերին բերեց ճիշտ նույն հետևանքները, ինչ ստացան Վրաստանն ու Ուկրաինան՝ պատերազմ, ճգնաժամային վիճակում գտնվող տնտեսություն, արտաքին ազդեցության տակ հայտնված իրավիճակ, հասարակության մասնատում ճամբարների: Այժմ արդեն նշանակություն չունի՝ «գունավո՞ր» էր հեղափոխությունը, թե՞ «անգույն»:

Նշված երեք երկրներում գունավոր հեղաշրջումների հաջողությունը խրախուսեց կազմակերպիչներին իրենց ուժերը փորձել Բելառուսում և գործնականում միաժամանակ՝ Ռուսաստանում. «ի աջակցություն Նավալնիի» հանրահավաքներ անցկացվում են ողջ հսկայական երկրում, սակայն դրանք փոքրաթիվ են: Ե՛վ Բելառուսում, և՛ Ռուսաստանում գունավոր հեղափոխականները նահանջեցին, սակայն, իհարկե, չհանձնվեցին, փորձեր և սադրանքներ դեռևս կլինեն, և ոչ մեկ անգամ:

Այժմ չենք խոսի տարատեսակ աղանդների, ՈԱԿ-ների, հիմնադրամների, օտարերկրյա գործակալական ցանցերի և այլ քայքայիչ կազմակերպությունների մասնակցության մասին այս ամենին: Խոսքն այժմ այն մասին է, թե ինչու են մարդկանց հիմարեցնելը և ուղեղները լվանալը զանգվածային ու շոշափելի արդյունքներ տալիս:

Իրականում, ամեն բան շատ պարզ է: Սկսիր կրթության մակարդակն իջեցնել՝ այն զրկելով գաղափարական բաղադրիչից, մի խոսիր հայրենասիրության մասին, այն մասին, որ գոյություն ունեն «հայրենիք», «պատիվ» և «խիղճ» հասկացություններ, այս ամենը փոխարինիր նյութական բարիքների քարոզչությամբ, և վերջում կստանաս սերունդներ, որոնք մտահոգված են միայն սեփական գրպանով, սառնարանի պարունակությամբ և ավտոմեքենայի ու սմարթֆոնի ապրանքանիշով: Իդեալական սպառողների սերունդ:

Այսօր քննության ժամանակ պարտադիր չէ կարողանալ սյունակներով բազմապատկել, այլ պարզապես պետք է չորս հավանական տարբերակներից ընտրել ճիշտ պատասխանը և դիմացը խաչ դնել: Այսօր քո փոխարեն որոշում են, որ պետք է «Coca-Cola» խմես, և դու դրանում չես կասկածում, քանի որ աշխարհը կամ սև է, կամ սպիտակ:

Ուշադրություն դարձրեք սոցիալական ցանցերին. դրանք լի են մարդկանցով, որոնք պարզապես չեն գիտակցում, որ մարդու համար բնական է ունենալ որևէ սկզբունք կամ համոզմունք, իսկ եթե այդպիսի մարդիկ կան և արտահայտվում են, ապա բացառապես որոշակի նյութական օգուտների համար: «Սև»-«սպիտակ», «ընկեր»-«թշնամի», «այո»-«ոչ». երկակի, հասկանալի և մտածելու ու որոշումներ կայացնելու անհրաժեշտությունը վերացնող աշխարհ, քանի որ բոլոր անհրաժեշտ որոշումները արդեն ձեր փոխարեն կայացրել են «Coca-Cola»-ն և արագ սննդի արտադրողները:

Հետխորհրդային հանրապետություններում այս գործընթացը բացահայտորեն սկսվեց ԽՍՀՄ փլուզումից հետո. բացահայտորեն, քանի որ մինչ այդ էլ իրականացվում էր գաղտնի աշխատանք: Հանուն արդարության պետք է նշել, որ արևմտյան երկրները դրա միջով անցել են 1970-80թթ., երբ հիմնարար գիտությունը դադարեցվեց, և առաջընթացը կենտրոնացավ նոր և գերնոր սարքավորումների ստեղծման վրա, որոնք պարզապես անհրաժեշտ է գնել, քանի որ առանց դրանց քեզ թերի ես զգում: Սխեման պարզունակ է, սակայն անխափան:

Իդեալական սպառողը հենց ինքը՝ կապիտալիստն է. իրականում նշանակություն չունի՝ նա ունի՞ իր բիզնեսը, թ՞ե չարչարվում է շինհրապարակում: Դաստիարակվել է կապիտալիստական ​​ոգով, նույնիսկ երկու վայրկյան չի լսի այն մասին, որ կա պետություն, որը հայրենիք է, և որ պետության անվտանգությունը պետք է ապահովվի ամեն կերպ: Պատճառն այն է, որ մանկապարտեզից սկսած նրան բոլորովին այլ բան են սովորեցրել՝ հարուստ լինելը լավ է, երջանկությունը բացառապես գումարի չափի, շքեղ ավտոմեքենայի և iPhone-ի վերջին մոդելի մեջ է:

Կապիտալիստական ​​հասարակության մեջ դաստիարակված և համապատասխան արժեքներ ունեցող անձը նույնիսկ մեկ կոպեկ չի զոհաբերի, էլ չեմ ասում՝ հանուն բարձրագույն պետական ​​արժեքների. դա նրա համար չափազանց վերացական հասկացություն է: Հետևաբար, այդպիսի մարդու համար շատ հեշտ է մտցնել իր գլխի մեջ, որ իր բոլոր խնդիրների համար մեղավոր է ոմն մեկը, որին պետք է կուլակաթափ անել և բանտարկել, իսկ ունեցվածքը պետք է բաժանել նրանց, ումից այդ ոմն մեկը «գողացել է»: Իհարկե, ավելորդ է ասել, որ ոչ ոք երբևէ ոչ ոքի կուլակաթափ չի անի, և եթե անգամ ինչ-որ բան բռնագրավեն, ոչ մի կոպեկ չի տրվի հասարակ ժողովրդին: Արժեքները, ինչպիսիք են տունը, աշխատանքը և ընտանիքը, փոխարինվել են իրերի պաշտամունքով և մտացածին ազատությամբ:

Պոպուլիզմի ազդեցության տակ է երկրի բնակչության ճնշող մեծամասնությունը, իսկ ազդեցության տակ չգտնվողները փոքրամասնություն են կազմում և դուրս են մղվում հասարակական կյանքից: Կապիտալիստական ​​հասարակության մեջ, հատկապես օլիգարխիկ, «վայրի» կապիտալիզմի պայմաններում, ցանկացած պաշտոնյայի որդի, ամենայն հավանականությամբ, կխուսափի բանակում ծառայելուց (ամենաքիչը՝ լիարժեք ծառայությունից), և «հասարակ» մարդկանցից կպահանջեն ծառայել (և պատերազմել, անհրաժեշտության դեպքում) և՛ իր, և՛ չծառայողի փոխարեն: Ստալինին հրեշ և արյունոտ մարդասպան են դարձրել, սակայն նրա որդիները կռվել են Հայրենական մեծ պատերազմի ճակատներում, իսկ Յակովը մահացել է համակենտրոնացման ճամբարում, մինչդեռ կարող էին պարզապես մնալ թիկունքում:

Բոլոր նրանց, ում գունավոր հեղափոխությունների կազմակերպիչները իրենց «առաջնորդներ» են նշանակում, ընտրվում են հենց պոպուլիզմով և անպատասխանատու հայտարարություններով. միևնույն է, ոչ ոք չի խորանա նրանց խոսքերի և գործողությունների տրամաբանության, կամ, առավել ևս, իմաստի մեջ: Վաղուց է հայտնի, որ մարդիկ ամենից շատ սիրում են լսել, և մասսաներին կերակրում են այն, ինչ պատրաստ են լսել:

Արդյունքում տեղի է ունենում անհավատալին՝ մարդիկ, ամեն դեպքում, մարդկանց զգալի մասը ուշադրություն չի դարձնում ո՛չ պատերազմներին, ո՛չ պետությանը հասցված վնասին (ներառյալ տարածքային), ո՛չ էլ իրենց կյանքի որակի ակնհայտ վատթարացմանը: Չէ՞ որ իրենց անդադար խոստանում են, որ «կխլեն» ու «կբաժանեն»: Այդպես է եղել Ուկրաինայում, Վրաստանում և Հայաստանում: Այսօր նման սցենար փորձում են կիրառել Բելառուսում և Ռուսաստանում:

Ողջամտություն բոլորիս: Համենայն դեպս նրանց, ովքեր դեռ ունակ են առողջ դատել:

Ռուբեն Գյուլմիսարյան