Չնայած Հայաստանում փետրվարի 23-ը պաշտոնապես չի նշվում, քանի որ Հայոց բանակի օրը նշվում է հունվարի 28-ին, հայ տղամարդիկ, հատկապես նրանք, ովքեր ծառայել են բանակում (խորհրդային կամ հայկական), ստանում են փետրվարյան շնորհավորանքները: Այնպես չէ, որ տղամարդիկ նման հաճախակի ուշադրության կարիք ունեն. դա պարզապես վկայում է ավանդույթների շարունակականության, ուժեղ պատմական հիշողության և ճակատագրերի՝ հայրերի ու պապերի կյանքերի ու ճակատագրի հետ միահյուսման, ինչպես նաև Ռուսաստանի և այլ հանրապետությունների հետ ընդհանուր խորհրդային անցյալի մասին: 

Ռուսաստանում Հայրենիքի պաշտպանի օրը նշվում է փետրվարի 23-ին: Տոնն առաջին անգամ օրացույցում հայտնվեց 102 տարի առաջ՝ 1919 թվականին, երբ Համառուսաստանյան կենտրոնական գործադիր կոմիտեն առաջարկեց տոնել Կարմիր բանակի ստեղծման տարեդարձը: Այնուհետև տոնի անվանումը հաճախակի փոփոխվել է. 1922 թվականից Կարմիր բանակի օրն էր, 1946 թվականից՝ Խորհրդային բանակի, իսկ արդեն 1949 թվականից՝ Խորհրդային բանակի և ռազմածովային նավատորմի օրը: Ի վերջո, արդեն նոր հազարամյակում փետրվարի 23-ը դարձավ Հայրենիքի պաշտպանի օր:

Փետրվարի 23-ին Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի, դեսպանության պաշտոնյաների և ռուս զինվորականների հետ միասին այցելել է «Մայր Հայաստան» հուշահամալիրի Անմար կրակի մոտ: Կոպիրկինը լրագրողների հետ հարցազրույցում նշել է, որ այս տոնը լավ առիթ է հիշելու հետխորհրդային երկրների ժողովուրդների նախնիների սխրանքները և փառավոր ռազմական անցյալը: ՌԴ դեսպանը կարծում է, որ տոնը խորհրդանշական է այս բոլոր երկրների համար, քանի որ բոլոր հանրապետությունները անգնահատելի ներդրում են ունեցել խորհրդային բանակի տարած հաղթանակներում, և մենք կհամաձայնենք նրա հետ:

2021 թվականը նշանավորվում է փառահեղ տարեդարձով՝ հունիսին կլրանա Հայրենական մեծ պատերազմի 80 տարին, և Հայաստանն իրավունք ունի նացիզմի և ֆաշիզմի դեմ տարած հաղթանակը համարել իրենը՝ իրավունք, որը ձեռք է բերել մարտերում փոքրաթիվ ժողովրդի համար հսկայական զոհաբերությունների գնով:

Հայաստանում, չնայած երկրի համար դժվարին ժամանակներին, ներքին և արտաքին քաղաքականության մեջ որոշակի անորոշությանը և անհետևողականությանը, կա պատմական կապերի անխախտելիություն ըմբռնում: ՀՀ Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը նախօրեին ՌԻԱ Նովոստիի հետ հարցազրույցում հայտնել է, որ Երևանը շահագրգված է Գյումրու 102-րդ ռուսական ռազմաբազայի ներուժի ընդլայնմամբ և մեծացմամբ, ինչը, ինքնաբերաբար, կբերի երկկողմանի հիմունքներով գործող համատեղ խմբավորման ներուժի մեծացմանը Հարավային Կովկասում:

ՀՀ նախարարը նաև հայտնեց իր մտադրությունների մասին` ընդլայնումը հաշվի առնելով՝ ռուսական ռազմաբազայի մի մասը տեղափոխել Հայաստանի արևելք՝ առանց հստակեցնելու տեխնիկական և աշխարհագրական մանրամասները: Ռուսաստանը ներկայումս անմիջական մասնակցություն ունի հայկական բանակի վերազինման ու բարեփոխումների գործին:

Ըստ Հարությունյանի՝ Հայաստանում կան զենքի արտադրության հայ-ռուսական համատեղ ձեռնարկություններ, և աշխատանքներ են տարվում այդ ներուժի զարգացման ուղղությամբ: Բացի այդ, կընդլայնվի Հայաստանի տարածքում զենքի ու ռազմական տեխնիկայի նորոգման ու արդիականացման տարածաշրջանային սերտիֆիկացված կենտրոնների ցանցը, ինչը կարևոր նշանակություն ունի երկրի տնտեսության համար:

Հարավային Կովկասում այժմ տեկտոնական փոփոխություններ են տեղի ունենում տարածաշրջանային և արտաքին կենտրոնների կոնֆիգուրացիաներում և քաղաքականություններում: Ըստ ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի՝ Ռուսաստանը առանցքային դեր է խաղում հրադադարի ռեժիմի պահպանման և անվտանգության տեսանկյունից: Նախարարի խոսքերին կարելի է ավելացնել, որ Ռուսաստանի ներկայությունը տարածաշրջանում, փաստացի, Անկարայի հավակնությունները զսպող միակ գործոնն է: Նշենք, որ դրանք երբեմն բավականին ագրեսիվ հավակնություններ են:

Տարածաշրջանային անվտանգությունը, ըստ Այվազյանի, եղել և մնում է Հայաստանի արտաքին քաղաքականության գերակա ուղղությունը, իսկ չկարգավորված Արցախյան հակամարտությունը՝ տարածաշրջանային անկայունության առանցքային գործոնը, քանի որ Թուրքիայի աջակցությամբ և անմիջական մասնակցությամբ Արցախի դեմ իրականացվող ագրեսիան, Արցախի տարածքների մի մասի գրավումը ցանկության դեպքում անգամ չեն կարող համարվել կարգավորում:

ՌԴ կառավարությունը և ռուս խաղաղապահները հսկայական աշխատանք են իրականացնում այն տարածքներում, որտեղ ռազմական գործողություններ են տեղի ունեցել՝ մարդասիրական օգնությունից մինչ ականազերծում և գերիների վերադարձ «բոլորը բոլորի համար» սկզբունքով: Կարգավորման միակ միջազգային միջնորդության ձևաչափը՝ միակ օրինականն ու արդյունավետը, պետք է համարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափը:

Այվազյանը վստահեցնում է, որ Երևանը շարունակելու է աջակցել այս ձևաչափը: «Մենք ցանկանում ենք տարածաշրջանում տեսնել ուժեղ համանախագահների, որոնք կկարողանան, առաջին հերթին, ապահովել իրենց մանդատի բովանդակությունը, մասնավորապես՝ խաղաղ գործընթացի առաջխաղացումը», – ասաց նախարարը:

Բանակի կամ Հայրենիքի պաշտպանի օր. ի վերջո, այդքան էլ կարևոր չէ՝ ինչպես անվանել նման օրերը: Եվ թող օրացույցում մի քանի նման օրեր լինեն: Դրանք հենց այնպես չեն հայտնվում, հորինված կամ դիտավորյալ նշանակված չեն: Կարևորը հայրենիքը պաշտպանելն է, ցանկալի է՝ հավատարիմ ընկերների հետ միասին:

Իրականում սա մի ամսաթիվ է, որը պահանջում է նախկին ԽՍՀՄ տարածքում ապրող բոլոր մարդկանց հարգանքը այն մարտիկների հիշատակի նկատմամբ, որոնք պաշտպանել են իրենց հողը գերմանացի զավթիչներից: Պաշտպանել են իրենց հողը, այսինքն՝ մեզ բոլորիս:

Ռուբեն Գյուլմիսարյան