Ժողովրդագրական խնդիրը Հայաստանում խիստ է դրված, այս առումով կառավարությունը մշակում է տարբեր ծրագրեր, որոնք կնպաստեն կանանց մրցունակությանը աշխատաշուկայում, այդ թվում` երեխայի ծնվելուց հետո: Այսպիսով՝ 2018 թվականից սկիզբ են առնում մի քանի պիլոտային ծրագրեր, որոնք երիտասարդ մայրերին կօգնեն պետության  հաշվին կրթություն ստանալ, անցնել դասընթացներ կամ բարձրացնել իրենց որակավորումը այս կամ այն մասնագիտությամբ: Երիտասարդ մայրերը, ովքեր մասնակցելու են այդ նախագծերին, կստանան նվազագույն աշխատավարձի չափով նպաստ, որը կօգնի հոգալ տրանսպորտային և այլ ծախսերը:

Բայց ՀՀ «Զբաղվածության մասին» օրենքի փոփոխությունների փաթեթում կանանց ամենից շատ ուրախացրել է, որ այն ենթադրում է ֆինանսական փոխհատուցում` մինչ երեխայի երկու տարեկան լրանալը՝ նրա խնամքի համար դայակ վարձելու: Նոյեմբերի կեսին առաջին ընթերցմամբ Հայաստանի խորհրդարանը առանց հապաղելու հավանություն է տվել այս օրինագծին: Այո, այլ կերպ չէր էլ կարող լինել, քանի որ կա դրական տրամադրվածություն՝ իշխանության ներկայացուցիչների հպարտ կեցվածքի ներքո:

Եվ, իսկապես, կարծես թե, նման գաղափարն ու նախաձեռնությունը լավն են, և կանայք մոտիվացված կլինեն վերադառնալ աշխատանքի՝ թողնելով երեխաներին դայակի խնամքի տակ: Չէ որ պետությունը պարտավորվում է փոխհատուցել դայակի աշխատավարձի մի մասը`նվազագույն աշխատավարձի չափով, որը կազմում է 55 հազար դրամ: Այս շուկայում ամենացածր դրույքաչափը սկսվում է 500 դրամից՝ 1 ժամվա համար, այսինքն՝ դայակի միջին ամսական աշխատավարձը կազմում է 110.000-120.000 հազար դրամ:

Պարզ է, որ մայրերին նման օգնությունը շատ տեղին է և այստեղ ճիշտ ժամանակն է բացականչել ՝ «վերջապե՜ս»: Սակայն, օրինագիծը մանրամասն ուսումնասիրելով՝ պարզվում է, որ այն այդքան էլ «վարդագույն» չէ, և տողատակերը որոշ մտորումների տեղիք են տալիս: Իսկ եթե էլ ավել ուշադիր նայենք, ապա կհիշենք՝ «ուզում էինք ավելի լավ՝ ստացվեց ինչպես միշտ» ասացվածքը:

Dalma News – ը ուսումնասիրել է փոփոխված օրենքի որոշ կետեր, որոնք ուրախության կարճ պոռթկումից հետո՝ շատ մայրերին ստիպեցին վերադառնալ դառը իրականություն: Առաջին հերթին՝ իսկ սա, թերևս, ամենակարևոր խոչընդոտն է, նորարարությունը ենթադրում է ծնողների և դայակի միջև աշխատանքային պայմանագրի կնքում, քանի որ միայն այս փաստաթղթի հիման վրա պետությունը կկատարի իր առաքելությունը՝ փոխհատուցման հետ կապված:

Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Հայաստանում ակտիվորեն զարգանում է ստվերային աշխատաշուկան, որը ծաղկում է շրջանցելով օրենքները, Աշխատանքային և Հարկային օրենսգրքերը, և այս շարքում դայակի մասնագիտությունը հենց ամենատարածվածներից մեկն է: Մարդիկ, ովքեր պատասխանատվություն են ստանձնում խնամել ուրիշի երեխային, իհարկե, այսպիսի պահանջներն իրենց ձեռնտու է: Ի վերջո, սա աշխատանքային ստաժ է, և կուտակված կենսաթոշակային ֆոնդեր (եթե դայակը կենսաթոշակային համակարգի մասնակից է) և այլն:

Բայց ծնողների դեպքում այս պահանջը խիստ կվնասի ընտանիքի բյուջեին, քանի որ ոչ մի դայակ չի համաձայնվի վճարել սոցիալական վճարումներ, հարկեր, կուտակային կենսաթոշակային ֆոնդի վճարումներ՝ 5%-ի չափով, ինչպես նաև զինծառայողների կարիքների համար պարտադիր հավաքագրում (1000 դրամ)` իր աշխատավարձի հաշվին: Հետևաբար, այդ բեռը ծնողների վրա կընկնի:

Dalma News-ի հետ զրույցում քաղաքացիական ակտիվիստ Տաթևիկ Դավթյանը, որը երկար տարիներ զբաղվել է կանանց իրավունքների պաշտպանությամբ, ներկայացրել է մոտավոր հաշվարկ, թե ինչպես է այս ամենը լինելու իրականում:

«Եթե դայակի աշխատավարձը կազմում է 120 հազար դրամ, ապա կողմերի միջև կնքված պայմանագիրը պետք է ստորագրվի 147 405 դրամի համար, որպեսզի առանց հարկերի կկազմի անհրաժեշտ գումարը: Այսինքն՝ այդ գումարի 36 405 դրամը՝ եկամտահարկն է (26%), 5000 դրամը՝ կուղղվի կուտակային կենսաթոշակային համակարգին, 1000 դրամը` զինծառայողների ապահովագրության հիմնադրամին: Այսպիսով, պետության կողմից տրամադրվող փոխհատուցումից, որը կազմում է 55 000 դրամ՝ դայակը, իսկ փաստացի՝ ծնողը, պետք է վերադարձնի պետությանը 36 000 դրամ: Այսպիսով՝ չնայած առաջին հայացքից օրենքի փոփոխությունները դրական են և միանշանակ ողջունելի, սակայն դրանք այնքան էլ արդյունավետ չեն՝ այն նպատակին հասնելու համար, որն իր առաջ դրել է պետությունը՝ այն է՝ մոտիվացնել մայրերին աշխատանքի վերադառնալու», – նշել է նա:

Դավթյանի խոսքերով՝ դժվար թե պետության կողմից ստացված 17.000-18.000 դրամը (իսկ «մաքուր» հենց այսքան գումար է մնում մոր ձեռքում) կարող է դրդել կանանց տալ իրենց երեխային օտար կնոջ դաստիարակության: Զրուցակցի խոսքերով՝ օրենքի փոփոխությունների մշակման ընթացքում, կարևոր է նաև հաշվի առնել, թե որ խմբերի վրա նրանք պետք է անդրադառնան:

Եթե խոսքը վերաբերում է այն կանանց, որոնց եկամուտը կազմում է 300 հազար դրամ և ավելին, ապա այդ փոփոխությունները նրանց վրա առանձնապես չեն անդրադառնա, քանի որ բարձր վարձատրությունն արդեն իսկ լուրջ շարժառիթ է աշխատանքին վաղ վերադառնալու համար, և այս փոխհատուցումն ընդամենը փոքր բոնուս է: Եթե խոսքը այն կանանց մասին է, ում աշխատավարձը միջինից ցածր է՝ մինչև 100 հազար դրամ, ապա կրկին, վերը նշված գործոնների պատճառով, այդ փոփոխությունը չի կարող համարվել փաստարկված:

«Ինչ վերաբերում է ժողովրդագրական իրավիճակի դրական դինամիկայի խթանմանը, ապա ես կարծում եմ, որ այդ փոփոխությունները դրա վրա ոչ մի կերպ չեն անդրադառնա, քանի որ այսօրվա դրությամբ պետությունը չի առաջարկում աջակցության և փոխհատուցման այնպիսի մեխանիզմ, որը կարող էր ընտանիքներին ստիպել շատ երեխաներ ունենալ», – եզրափակել է նա:

Կառավարությունը չկարողացավ արձագանքել այն մեղադրանքներին, որ պետությունն այս փոփոխություններով ավելի շուտ ցանկանում էր լուծել դայակներին ստվերային շուկայից հարկային դաշտ տեղափոխելու հարցը, քան լուծել չաշխատող մայրերի խնդիրը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը շտապեց հավաստիացնել, որ նման նպատակ չի հետապնդվել, առավել ևս, երբ քաղաքացիները կարող են օգտագործել իրենց կողմից մշակված մեխանիզմը կամավոր կերպով:

Ճիշտ է, նա նաև նշել է, որ այդ մեխանիզմը չի կարող լուծել բոլորի պահանաջարկը, քանի որ տարեկան ավելի քան 13 հազար մայրեր մինչ երեխայի երկու տարին լրանալը գտնվում են երեխայի խնամքի համար արձակուրդում, և բնական է, որ պետական բյուջեի միջոցները բավարար չեն նույնիսկ մայրերի մի մասի համար: Այնպես որ, դեռեւս նախատեսվում է ընտրել 200 ցանկացողի, իսկ հետո կառավարությունը պատրաստ է վերանայել այս թիվը, եթե ցանկացողների թիվը շատանա:

Սակայն, կասկած չկա, որ շատ մայրեր կցանկանան օգտվել այդ նախատեսվող հնարավորությունից: Հատկապես նրանք, որոնց երեխաներին խնամում են տատիկները կամ այլ հարազատներ: Մեծամասամբ այս դեպքերում խոսքը չի գնում աշխատավարձի մասին, բայց, հնարավոր է, որ այս ծրագրի միջոցով մայրերը կարողանան պայմանագիր կնքել տատիկների հետ, և պետական տուրքից վճարեն բոլոր հարկերը, իսկ մնացած գումարը համարեն կենսաթոշակի հավելում… Միևնույնն է, վերջինս շատ վաղուց չի ինդեքսավորվել, իսկ թեյը մեղրաբլիթով կամ նախընտրած քաղցրավենիքով ոչ ոք չեղյալ չի համարել:

 

Լինա Մակարյան