Խառնիխուռն ու հանցավոր 90-ականները Հայաստան էլ չեն վերադառնալու: Քրեական պատերազմների շառաչ նույնպես չի լինելու: Հիմա մենք այլ երկիր ունենք, այլ օրենքներ ու այլ կարգապահություն: Օրերս նմանատիպ կարծիքներ կարելի էր լսել ամենուր՝ կապված մի շարք այնպիսի իրադարձությունների հետ, որտեղ ուղղակի կերպով ներգրավված են եղել քրեական հեղինակություններ: Իրավիճակը մեկնաբանում է Dalma News-ը:

Առևանգում և սպանություն Երևանում

Մայիսի 24-ին ՀՀ Ոստիկանությունը տարածեց Երևանում քրեական հեղինակություններ Արամ Վարդանյանի (Վստրեչի Ապեր) և բարի մտադրություններով, ինչպես որ մամուլն է հավաստիացնում, Իտալիայից որդուն ամուսնացնելու նպատակով վերջերս Հայաստան ժամանակ Արթուր Ասատրյանի (Դոն Պիպո) ձախողված առևանգության մասին հաղորդագրություն: Ընդ որում նշվեց, որ օրինապահ մարմինների ջանքերով ձերբակալվել է երեք մարդուց բաղկացած մի խումբ, ովքեր բնակարան էին վարձել Էջմիածին քաղաքում (Դոն Պիպոյի կալվածքը), որտեղ էլ պահել են զենքի ու զինամթերքի մի մեծ խմբաքանակ՝ սպանության կազմակերպման ու իրականացման նպատակով: Ըստ տեղեկատվության՝ նրանք չեն տուժել:

Артур Асатрян (Дон Пипо)
Артур Асатрян (Дон Пипо)

Ամենահետաքրքիրն այն էր, որ մամուլը, ականջ դնելով որոշ ասեկոսեների, պաշտոնական տեղեկատվությանը կցել էր լրացուցիչ գրություն այն մասին, թե իբր հանցագործության պատվիրատուն արդեն հայտնաբերված է ու նա քրեական հեղինակություն Արտյոմ Հարությունյանն է (Արտյոմ Կանևսկի): Հիշեք այդ անունը, մենք դեռ դրան անդրադառնալու ենք:

Սակայն մայիսյան այդ օրվա իրադարձությունները դրանով չսահմանափակվեցին: Նույն օրը հեռավոր Գուգարք գյուղում բռնկվում է ընտանեկան մի վեճ, որի արդյունքում կինը կրակում է ամուսնու՝ Տիգրան Մարտիրոսյանի վրա, վերջինս վանաձորյան քրեական հեղինակություն Էդիկ Մարտիրոսյանի (Ճաճոի Էդո) որդին էր: Ի դեպ, լրացուցիչ հետաքննության արդյունքում պարզվել է, որ կինը պարբերաբար բռնության է ենթարկվել ամուսնու կողմից, բայց հենց մայիսի 24-ին նրա նյարդերը վերջնականապես տեղի են տվել: Հիշեցնենք, որ անձամբ Էդիկ Մարտիրոսյանը (Ճաճոի Էդո), որդին՝ Ժորա Մարտիրոսյանը ու նրանց ազգականը սպանվել են 2014թ.՝ Վանաձորից Ալավերդի տանող ավտոճանապարհին: Նրանց մեքենայի վրա կրակ էին բացել:

Բացարձակ վստահությամբ միայն մի բան կարելի է ասել՝ երկու իրադարձություններն էլ կատարվել են միևնույն օրը: Զուգադիպությո՞ւն է արդյոք…

Արթուր Ասատրյան, նույն ինքը՝ Դոն Պիպոն

Ի՞նչ է հայտնի Արթուր Ասատրյանի մասին, ում պատրաստվում էին առևանգել:

46-ամյա Արթուր Ասատրյանը ծնվել է Էջմիածին քաղաքում:

Սովորել է երաժշտական դպրոցում, հետո սկսել զբաղվել բոքսով: Սպորտում նա հաջողության է հասել, ու արդեն 1987թ. նվաճել Եվրոպայի չեմպիոնատի տիտղոսը: 1991թ. մեծ սպորտը նա փոխարինում է ձեռնարկատիրական գործունեությամբ: Գործընկերների հետ միասին նա գնում է Դանիական մանրածախ առևտրի ու հանրային սննդի ընկերությունը, որի գլխավոր գրասենյակը Մոսկվայում էր: Այդտեղ նա նույնպես հասնում է հաջողության: Այսօր Ասատրյանը Մոսկվայի առևտրային տարածքի ամենախոշոր սեփականատերերից մեկն է:

Բացի դա՝ Արթուրը արմատներ է ձգել Իտալիայում: Դատելով եղածից՝ նույնպես հաջողակ: Օրինակ Հռոմում գտնվող 4,8 հա տարածքով Արթուրի վիլլան  իր ժամանակին Իտալիայի նախագահի բնակավայրն էր:

Վերջին հարվածը կտավին՝ բիզնեսմեն Արթուր Ասատրյանի անունը պարբերաբար հայտնվում է ռուսական ու հայկական ԶԼՄ-ների էջերին, որտեղ նրան անվանում են ոչ այլ կերպ, քան իտալական մաֆիայի անդամ: Նրա անունը հանդիպում է նաև Ռուսաստանի հանցավոր աշխարհի հայր, «օրենքով գող» Ասլան Ուսոյանի (Դեդ Հասան) սպանության աղմկահարույց գործին նվիրված լրագրողական հետաքննություններում:

Անձամբ Արթուրը նման հրապարակումները համարում է անհիմն հիմարություններ: Բայց չնայած մամուլի հանդեպ ունեցած անվստահությանը՝Դոն Պիպոն մեկ-երկու անգամ «սուտլիկներին» հանգամանալից հարցազրույց է տրամադրել:

Այդ հարցազրույցներից ստացած առաջին տպավորությունն այն է, որ Արթուրը ստեղծագործ անհատ է: Հարցազրույցները, ի դեպ, հասանելի են:

Միանշանակ: Եթե համաձայնենք մամուլի կնքած «օրենքով գող» պիտակի հետ, ապա նա կդիտվի որպես հանցավոր աշխարհի առաջադիմական թևի ներկայացուցիչ (եթե կարելի է այդպես համարել): Թեկուզ միայն նրա համար, որ ի տարբերություն «պահպանողական» Դեդ Հասանի, ով երբեք տեսախցիկի առաջ չի պատմել «ձեռնարկատիրական» գործունեության իր պտուղների մասին (մենք միայն նրա մեկ հարցազրույցն ենք հիշում, որտեղ ասում է, որ չի զբաղվում բիզնեսով, քանի որ թոշակառու է), ապա Դոն Պիպոն, թեկուզ մի փոքր, բայց այնուամենայնիվ բաց է անում  իր շքեղ կյանքի վարագույրը:

Վե՞րջ տալ սովորությանը

Նույն ժամանակ հայկական մամուլը, որը, կրկնվենք, Արտյոմ Հարությունյանին (Արտյոմ Կանևսկի) «որակավորեց» որպես Արթուր Ասատրյանի (Դոն Պիպո) առևանգման պատվիրատու, ընկղմվեց հանգուցալուծման սպասումի մեջ: Եվ ամպրոպը պայթեց: Իհարկե բոլորովին չսպասված հատվածում:

Հունիսի 9-ին ՀՀ Ոստիկանությունը հրապարակեց Երևանի Կիևյան փողոցի վրա Արտյոմ Հարությունյանի (Արտյոմ Կանևսկի) թիկնապահների ավտոշարասյան ձերբակալման նկարահանումը (հունիսի 8):

Հրապարակված տեսահոլովակի նյութն այն մասին էր, որ համակեցության կանոնները խախտածները պատասխանատվությունից չեն խուսափելու: Նշվեց նաև, որ մեքենաների սրահներում կային զենքեր:

«Մեկ անգամ ևս խորհուրդ ենք տալիս զերծ մնալ հանրության համար անհանդուրժելի թիկնազորներով ու ավտոշարասյուներով սովորույթից: Ցանկացած նման փորձ կասեցվելու է»,- ասվում է տարածված հաղորդագրությունում:

Անվիճելի է, որ ինչ-որ մի անգամ պետք է սկսվեր քրեական հեղինակություններին իրենց վատ սովորություններից ետ պահելու գործընթացը: Այստեղ երկու կարծիք լինել չի կարող: Բայց այդ «հատուկ ծառայությունը» ևս մի մեծ ինտրիգ մտցրեց իրադարձությունների խճանկարում:

Արտյոմ Հարությունյան, նույն ինքը՝ Արտյոմ Կանևսկին

Արտյոմ Հարությունյանը մամուլին իր անկեղծ հարցազրույցներով «երես չի տալիս»: Նրան կարելի է պայմանականորեն դասել «պահպանողականների» շարքում:

Նա ներկայումս արդեն հանգուցյալ «օրենքով գող» Արմեն Հարությունյանի («Пухлый» Արմեն Կանևսկի) հարազատ եղբայրն է: Հիշեցնենք, որ «օրենքով գող» Արմեն Հարությունյանը, հանցավոր աշխարհում հայտնի որպես Պուխլի Արմեն Կանևսկի, մահացել է 2010 թվականի դեկտեմբերի 18-ին՝ Աստրախանում՝ ծանր տեսակի շաքարախտի արդյունքում: Արմեն Հարությունյանը Դեդ Հասանի «նայողն» էր Կուբանում, ինչպես նաև Ռուսաստանի հարավի ամենաազդեցիկ «օրենքով գողերից» մեկը:

Ընդ որում, ինչպես գրում է «Քրեական Ռուսաստանը»՝ հղում անելով սեփական աղբյուրներին՝ Արտյոմ Հարությունյանը այսպես ասած «թագին» «ձգտող» էր, բայց եղբոր մահը ձախողեց նրա ծրագրերը: Նա ձերբակալվեց ու արդյունքում դուրս հանվեց ՌԴ տարածքից: Թերթի աղբյուրները տեղեկացրին նաև այն մասին, որ Հարությունյանին թույլ չեն տալիս Հայաստանից Ռոստով վերադառնալ, թեպետ նա դա շատ է ուզում: Ասում են՝ նույնիսկ 5 մլն դոլլարը չօգնեց, որոնք պետք է ուղվեին «արդյունավետ» բանակցությունների օգտին այն մարդկանց հետ, ովքեր նրան Ռուսաստան չեն թողնում:

«Ձգտող» Արտյոմ Հարությունյանը այդպես էլ «օրենքով գող» չդարձավ, բայց դա նրան չխանգարեց որոշակի «կշիռ» հավաքել Հայաստանում: Եվ 2015թ. հունվարի 6-ին նրան հաջողվեց Հայաստանում կազմակերպել «օրենքով գողերի» գլխավոր համաժողովը:

Ընդ որում՝ ռուսական ՌԲԿ հրատարակության տվյալների համաձայն՝ Արտյոմ Կանևսկին լուծել է միջոցառման մասնակիցների՝ Հայաստան ժամանման խնդիրը՝ երաշխավորելով նրանց անվտանգությունը: Նրանց թվում է եղել նաև հեռակա կարգով Վրաստանում 18 տարվա ազատազրկման դատապարտված Զախարի Կալաշովը (Շաքրո մոլոդոյ), ով մեղադրվում էր ԱՄՆ քաղաքացի Ալեքս Քրեյնի առևանգման մեջ:

Ըստ որոշ տեղեկատվության՝ վերոնշված այդ ժողովը («сходка») անց է կացվել «Հարսնաքար» ռեստորանում, որը պատկանում է Հայաստանի հանրապետական կուսակցության նախկին պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին:

Ասում են, միայն Արտյոմ Կանևսկին էր ի վիճակի Հայաստանում նման մասշտաբի հանդիպում կազմակերպել՝ իհարկե իշխանությունների կողմից ստացած «добро»-ով:

Վտանգավոր կապեր կամ Դեդ Հասանի ժառանգությունը

Հայաստանում օլիգարխիան, քաղաքական ու պետական կյանքը քրեական աշխարհից զատող հստակ գիծ գոյություն չունի: Սովորաբար հենց այսպիսի նախադասություններով են սկսվում մեր ժամանակների քրեական «հերոսների» մասին պատմող հոդվածները մամուլում: Հնարավոր է, որ հենց այդպես էլ կա:

Ինչ-որ տարօրինակ կերպով Հայաստանում այնպիսի օլիգարխներ, ինչպիսիք են ասենք Սամվել Ալեքսանյանը (Լֆիկ Սամո) և Ռուբեն Հայրապետյանը (Նեմեց Ռուբո) ամենահաճախն են «պատահաբար» հայտնվում այնպիսի մարդկանց միջավայրում, ինչպիսին է օրինակ Արթուր Ասատրյանը (Դոն Պիպո), Արամ Վարդանյանը (Վստրեչի Ապեր): Ճիշտ է, Սամվել Ալեքսանյանն իրեն օլիգարխ չի համարում, չէ՞ որ նա ընտանիքի բազմազավակ հայր է, իսկ Արթուր Ասատրյանն առհասարակ հանդիսանում է Հայաստանի ներդրումային ակումբի անդամ: Այնպես որ նրանց նկատմամբ ոչ մի բողոք:

Սակայն լինենք օբյեկտիվ: Իրադարձությունների նման պատկեր միայն Հայաստանը չէ, որ ունի: Այստեղ մենք գործ ունենք այսպես ասած քրեական աշխարհի նահապետ Ասլան Ուսոյանի (Դեդ Հասան) թողած ժառանգության հետ: Հենց նա էր, որ դեռևս 80-ականներին սկսեց մտածել, իսկ 90-ականներին արդեն համոզվեց, որ այս կամ այն «տաղավարի տանիքը» լինելու մեջ փող չկա: Փողը քաղաքականության, տնտեսության մեջ է:

Իհարկե Դեդ Հասանի «գործընկերները» նրան այդ հարցում միանգամից չաջակցեցին, նույնիսկ նրա «գահընկեցության» հարցը բարձրացրին: Բայց Դեդ Հասանը համոզել կարողանում էր: Հենց Ուսոյանը արդյունավետ կերպով մեծացրեց տարբեր շրջաններ վերահսկվող անձանց ուղարկելու մասշտաբը, և այդ անձիք դառնում էին «սպիտակ վզկապավորներ» կամ բիզնեսմեններ: «Բիզնես-գործակալների» վրա դրված խաղադրույքը փաստորեն հաղթող էր:

Եվ այն համոզմունքը, որ օրենքով գողերը չպետք է զբաղվեն ինչ-որ օրինական գործունեությամբ, վաղուց մոռացության է մատնվել: Զբաղվում են, և այն էլ ինչպես…

Սակայն Դեդ Հասանի մահից հետո «սպիտակ վզկապավորները» սկսեցին իրենց խաղը տանել, որն այնքան էլ, այսպես կոչված, հանցավոր գործի «դասականների» սրտով չէր: Բանը հասավ նրան, որ այսօր քրեական աշխարհի բարձրագույն տիտղոսը՝«օրենքով գողը»,  կարելի է գնել փողով: Այնպես որ քրեական հիերարխիայում էլ ամեն բան հանգիստ չի ընթանում: Բայց չշեղվենք բուն թեմայից:

Ո՞ւմ էր հասցեագրված

Ի՞նչ է կատարվում իրականում: Օրենքով գողերը նավա՞կ են ճոճում: Թե դա զուտ «Հարությունյան-Ասլանյան» պարզաբանումներն են:

Մենք դա իմանալ չենք կարող, բայց, օրինակ, անցյալ տարի (հուլիսի 8-ին) «Չորրորդ իշխանության» տվյալներով «Վստրեչի Ապերի» հոր քառասունքին ձերբակալվել ու վնասազերծվել էր քիլլերների մի հանցախումբ: Նորից…

Ինչ վերաբերում է օրինապահ մարմինների՝ հանցավոր հեղինակությունների թիկնապահների ավտոշարասյան վնասազերծման «հատուկ ծառայությանը», ապա կարելի է ասել, որ պարբերաբար կատարվում են դաստիարակչական աշխատանքներ: Այսպես օրինակ, մի քանի տարի առաջ էլ Արթուր Ասատրյանի (Դոն Պիպո) թիկնապահների ավտոշարասյունը կասեցվեց:

Կարծես թե այս ամենն ընդամենը հիշեցում է «Հեղինակություններ և քօ» -ին այն մասին, թե ով է իրականում Հայաստանի տերն ու տիրակալը: Բայց ինչի՞ համար է նման անհրաժեշտություն առաջացել: Իշխող կառավարությանն ի՞նչը դուր չի եկել, և արդյո՞ք «պրոֆիլակտիկ աշխատանքները» շարունակություն են ունենալու: Այս հարցերի պատասխանները գուցե և մի օր էլ մենք ստանանք:

Պատրաստեց Ժաննա Գրիգորյանը