«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամների միջև այսօր փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել: Փաստաթուղթն ուղղված է ենթակառուցվածքների, տարածքների զարգացման ոլորտում համագործակցությանը, ինչպես նաև զարգացմանը միտված այլ ծրագրերի համատեղ իրականացմանը: Փաստաթուղթն ստորագրել են Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանն ու IDeA հիմնադրամի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Էդգար Մանուկյանը:

Նշվում է, որ կողմերը մասնավորապես կգործակցեն Դիլիջանի և Տաթևի տարածաշրջաններում սոցիալական ու հանրային նշանակության ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի շրջանակներում:

«Մեր երկու կառույցներն ունեն գործունեության ընդհանուր ուղղություններ և աշխատանքներ են իրականացնում հանրապետությունում ենթակառուցվածքների բարելավման, տարածքների զարգացման համար նոր հնարավորությունների ստեղծման ուղղությամբ: IDeA հիմնադրամը ծրագրեր է իրականացնում Սյունիքի և Տավուշի մարզերում, որոնք հատկապես զբոսաշրջության զարգացման տեսակետից լուրջ ներուժ ունեցող տարածաշրջաններ են: Համոզված ենք, որ մեր գործընկերների, այդ թվում՝ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի հետ համատեղ աշխատանքով կարող ենք սիներգիայի էֆեկտ ստանալ և լուրջ ներդրում ունենալ այդ տարածքների հեռանկարային զարգացման գործում»,-ընդգծել է Էդգար Մանուկյանը:

Աշոտ Կիրակոսյանը նույնպես ողջունել է երկու հիմնադրամների միջև փոխգործակցության նախաձեռնությունը:

«Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը մեկնարկել է Սոցիալական ներդրումների և տարածքային զարգացման նոր ծրագրի իրականացումը: Մենք հատկապես կարևորում ենք համագործակցությունը տեղական գործընկերների, նվիրատուների և շահագրգիռ կառույցների հետ: «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամը շնորհակալ գործունեություն է ծավալել զարգացման մեծ ներուժ ունեցող երկու տարածքներում` Տաթևում և Դիլիջանում: Հուսով ենք, որ մեր համագործակցությունը կլինի արդյունավետ և շարունակական»,-նշել է նա:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here