Ինչպե՞ս է ապրում Չինաստանի հայ համայնքը: Ինչպե՞ս են կարողանում տարբեր երկրների հայեր Չինաստանում հարաբերություններ ստեղծել: Կա՞ արդյոք Հայաստանում հետաքրքրություն՝ Չինաստանի նկատմամբ: Ի՞նչ կարող է առաջարկել նրան Հայաստանը:

Այս ու այլ հարցերին Dalma News-ի հետ զրույցի ընթացքում պատասխանեց Չինաստանի հայկական համայնքի նախագահ, «Չինաստան-Եվրասիա» քաղաքական ու ռազմավարական հետազոտությունների խորհուրդ» ֆոնդի տնօրեն, արևելագետ-միջազգայնագետ, գիտական ատենախոսությունը (Ph.D., միջազգային հարաբերություններ) Նանկինյան համալսարանի (Չինաստան) միջազգային հարաբերությունների ինստիտուտում պաշտպանած Մհեր Սահակյանը:

Мгер Саакян
Мгер Саакян

Քանի՞ հայ է այսօր ապրում Չինաստանում, ու կարելի՞ է արդյոք խոսել արդեն ձևավորված հայ համայնքի մասին:

Չինաստանում ապրում է շուրջ 600 հայ: Պայմանականորեն նրանց կարելի է դասել 3 խմբի: Եթե որպես չափորոշիչ վերցնենք մասնագիտական գործունեությունը, ապա արևմտյան երկրներից, մասնավորապես Կանադայից, ԱՄՆ-ից, եվրոպական պետություններից ժամանած զգալի հատվածն այդ երկրների Բուհ-երն ավարտած մասնագետներն են, ովքեր Չինաստանում գործող տարբեր միջազգային կազմակերպությունների կողմից հրավերք են ստացել ու եկել:

Երկրորդ խումբը Հայաստանի քաղաքացիներն են, հիմնականում ուսանողներ, շուրջ 80 հոգի, ինչպես նաև նրանք, ովքեր ժամանակին սովորել են Չինաստանում, սակայն Հայաստանում տիրող գործազրկության պատճառով վերադարձել են ՉԺԴՀ, ու արդեն երկար տարիներ է աշխատում են այստեղ:

Երրորդ խումբը Ռուսաստանում ապրող հայերն են: Նրանք ներգրավված են բիզնեսում, նրանց մեջ կան ուսանողներ ու մասնագետներ, որոնք աշխատում են այս կամ այն ընկերությունում:

Չինաստանում ու Հոնկոնգում հայ համայնքը հիմնվել ու գրանցվել է 2013 թվականին: Առաջին քայլը գործադիր մարմնի ստեղծումն էր: Նրա մեջ ներառվեցին տարբեր քաղաքների մարդիկ, ովքեր կամավոր աշխատելու ցանկություն հայտնեցին, ու որոնց շնորհիվ հայկական աշխարհը ներկայացվելու է լավագույն կերպով: Հետագայում գործադիր մարմնի անդամի պաշտոնը դարձավ ընտրովի, այսինքն երկու տարին մեկ անգամ անց են կացվում նախագահի ընտրություններ, իսկ տարին մեկ անգամ՝ գործադիր մարմնի անդամների ընտրություններ:

Նշեմ անցած 3-4 տարիների ընթացքում տեղի ունեցած մի քանի միջոցառումների մասին, որոնք ուղղված են եղել Հայաստանի հանրայնությունը բարձրացմանը: Պետք է ասել, որ չինացիները Հայաստանի ու հայերի մասին շատ աղքատիկ պատկերացումներ ունեն:

Օրինակ՝ 2015 թ. կազմակերպվեցին խոշոր միջոցառումներ՝ նվիրված Հայերի Ցեղասպանության տարելիցին: Նանկինում ամենախոշոր միջոցառումը եղավ, այստեղ չինական բոլոր քաղաքներից ժամանեցին հայեր, միասին այցելեցինք Ցեղասպանության թանգարան, պատմեցինք կատարվածի մասին, ծաղիկներ դրեցինք: Դա կազմակերպված միջացառումն էր, որից հետո քաղաքի լավագույն սրահներից մեկում անց կացվեց հայկական մշակույթի օր: Հրավիրվածների թվում էին ոչ միայն չինացիներ, այլ նաև այլ երկրների քաղաքացիներ, որոնց մենք պատմեցինք վերածնված երկրի ու նրա մշակույթի մասին, այլ ոչ թե ողբացինք Ցեղասպանությունը:

Гонконг
Гонконг

 

Անց կացվեց Սևադա Գրիգորյանի կտավների ցուցահանդեսը, իսկ Միքայել Հայրապետյանը կազմակերպեց հայ դասական երաժշտության համերգ, որից հետո կայացավ չինարեն թարգմանված Ցեղասպանության մասին պատմող ֆիլմի ցուցադրությունը (The River Ran Red): Հետո այն տեղադրեցին Youtube –ի չինական տարբերակում՝ Tudou-ում: Ամեն տարի մենք սոցցանցեր ենք տեղադրում ֆիլմեր՝ ապահովելով մեծ դիտումներ:

Համայնքը շատ ակտիվ էր նաև Արցախի ապրիլյան պատերազմի օրերին: Երբ սկսվեցին ռազմական գործողությունները, այնպիսի տպավորություն ստեղծվեց, որ ադրբեջանցիներն այդ մասին նախապես էին տեղյակ: Ի՞նչ կատարվեց: Չինական ԶԼՄ-ները սկսեցին թողարկել ադրբեջանական տեսակետին մոտ մամլո-հաղորդագրություններ, որոնց հայ համայնքը պատասխանեց սոցկայքերում:

Թարգմանվեցին Պաշտպանության նախարարության հաղորդագրություններն ու այստեղ ապրող հարյուրավոր հայեր տեղադրեցին դրանք՝ տեղեկացնելով հասարակությանը կատարվածի մասին: Հետո այդ հաղորդագրությունները սկսեցին տարածել  նաև չինացիները: Այսինքն կարճ ժամանակում սոցկայքերում հայկական համայնքը կարողացավ որոշակի առավելություն ձեռք բերել, որովհետև կրթական մակարդակը հայերի մոտ շատ բարձր է: Չինաստանի Բուհ-երում սովորած մի շարք անձիք գրում էին չինարենով՝ հաղթելով անգլալեզու ադրբեջանցիներին: Պետք է  նկատի ունենալ, որ անգլերենն ու ռուսերենը Չինաստանում գտնվում են շատ ցածր մակարդակում, շատերը ոչ հասկանում են, ոչ էլ խոսում:

Հետո տեղի ունեցավ միջոցների հավաքում ու հավաքված գումարը փոխանցվեց Արցախի կողմից տրամադրված բանկային հաշվին: Կարելի է նաև նշել հայկական պատարագի, օնլայն անցկացվող գիտական համաժողովների մասին, որոնց շնորհիվ մենք գտանք ու միասնականացրեցինք Չինաստանում գտնվող հայ գիտական միտքը:

Այդ միջոցառումներին ու համաժողովներին միայն հայե՞րն են մասնակցում, թե չինացիներ էլ:

Չինացիներին լուսաբանում են Ցեղասպանության հետ կապված հարցերը, ինչպես նաև պարբերաբար անց են կացվում միջոցառումներ՝ համալսարաններում, որտեղ հայ ուսանողները ակտիվ կերպով  ներկայացնում են իրենց երկրի մշակույթը, ազգային- ավանդական հագուստը, խոհանոցը: Բայց համաժողովների իմաստը ողջ Չինաստանում սփռված ու միմյանց հետ կապ չունեցող գիտնականների, երիտասարդության, նոր եկող ուսանողների միավորումն է, քանի որ մենք սփյուռքից լուրջ մասնագետներ ունենք, որոնք պետք է հարաբերություններ ստեղծեն ուսանողների հետ՝ համատեղ աշխատելու նպատակով: Այս տարի մենք կազմակերպեցինք սփյուռքի երիտասարդ հայ հետազոտողների առաջին օնլայն- համաժողովը: Մասնակցում էին հայեր՝ Չինաստանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Լեհաստանից, Գերմանիայից, Նիդեռլանդներից, Էստոնիայից, Պաղեստինից ու այլ երկրներից: Նպատակը կայանում էր նրանում, որ տարբեր երկրների հայ գիտնականները կարողանան ճանաչել միմյանց ու համագործակցեն՝ ի բարօրություն հայկական աշխարհի:

Гуанчжоу
Гуанчжоу

Չինաստանի հայերի մոտ համագործակցելու ձգտում արդյո՞ք կա:

Ի սկզբանե հայերը եղել են տարանջատված: Այսինքն կար սփյուռքի հայերի մի մեծ խումբ, որը մեծ հաճույքով ու հայրենասիրությամբ փորձում էր ներկայացնել հայությանը, հայ մշակույթը: Մյուս կողմից Հայաստանից կային ուսանողներ, որոնք նույնպես իրականացրին որոշակի գործունեություն, ու մեզ հաջողվեց նրանց բոլորին միավորել:

Ճիշտ է, հանդիպում էին նաև սկեպտիկ տրամադրվածություն ունեցողներ, որոնք չէին ցանկանում ներգրավվել այդ գործընթացի մեջ, սակայն նրանց վերաբերմունքը փոխվեց, երբ տեսան, որ գործադիր մարմնում ոչ-ոք աշխատավարձ չի ստանում, բոլորն աշխատում են կամավորության սկզբունքով, իրենց ժամանակի ու իրենց ընտանիքի անդամների հետ շփվելու հաշվին ու դրանից ոչ մի օգուտ չունեն:

Տարբեր խմբերի տարբեր մենթալիտետները չե՞ն խանգարում Հայաստանի, Ռուսաստանի Արևմուտքի հայերի շփվելուն:

Ճիշտն ասած՝ հակառակը, դա առավելություն է: 2013 թ. մենք ամեն ինչ նորից սկսեցինք: 2006-2008թթ. կային խմբեր, որոնք միասին ուրախանում էին, խորոված ուտում, ճանապարհորդում, բայց 2013 թ. մենք այդ ամենին փորձեցինք ինստիտուցիոնալ կարգավիճակ հաղորդել: Ինչն է հետաքրքիր, քանի որ հին համայնք չէր եղել, չկար նաև կարծրատիպ: Ու քանի որ գործող ուժը երիտասարդությունն էր, այդ տարբերությունները դարձան առավելություններ: Երբ մարդիկ տարբեր կերպ են մտածում, լուծում գտնելը հեշտ է լինում: Համայնքի ղեկավարն իր պաշտոնում լինում է երկու տարի, դա մեր սկզբունքային որոշումն էր: Որպեսզի չնմանվենք այլ հայ համայնքների, մենք ամեն երկու տարին մեկ անց ենք կացնում ընտրություններ:

Ո՞ր քաղաքներում են հիմնականում կենտրոնանում հայերը:

Տնտեսական կենտրոններում՝ Գուանչժոու, Շենչժեն, Հոնկոնգ, Շանհայ, ու այլ խոշոր քաղաքներում: Իսկ Պեկինում ու Նանկինում շատ քիչ են:

Որքանո՞վ է հեշտ հայերին հարմարվել այնպիսի յուրօրինակ երկրի, որպիսին Չինաստանն է:

Հիմնական խնդիրը բոլորի համար իհարկե լեզուն ու խոհանոցն է: Այստեղ կաթնամթերք՝ պանիր, թթվասեր, չեն ուտում, չեն ուտում նաև երշիկեղեն ու հաց: Դա բավական շատ դժվարություններ է ստեղծում, հատկապես լավ ուտել սիրող մեզ՝ հայերիս համար:

Բայց կան նաև նմանություններ: Չինացիների հետ շփվելիս որոշ մշակութային նմանություններ ես գտնում ու սկսում ես այլ կերպ նայել այդ մարդկանց: Օրինակ՝ ընտանիքը: Նրանց մոտ նույնպես ընդունված է, որ համարյա մինչև ծերություն պահեն երեխաներին, իսկ երեխաները հոգ են տանում ծնողների մասին, ընկերների հանդեպ էլ վերաբերմունքն այնպիսին է, ինչպես Հայաստանում է, նույնն է նաև հյուրընկալությունը: Այդ ամենն իհարկե զարմանալի է և տարբերությունների ֆոնին որոշակի հավասարակշռություն է ստեղծում: Ինչպես հասկացել եմ, հայերը սկզբից սթրես են տանում, բայց մոտ 1-2 տարի հետո կապվում են և երկրին, և ժողովրդին:

Шанхай
Шанхай

Զգո՞ւմ եք, որ Չինաստանը ակտիվացրել է իր գործունեությունը Հայաստանում:

Նախևառաջ ասեմ, որ միջանձնական հարաբերություններ են ստեղծվում ուսանողների միջև: Համայնքը Հայաստանի Ամերիկյան համալսարանի հետ պայմանագիր է կնքել ու կրթաթոշակ է տրամադրում Հայաստանում սովորող չինացի ուսանողին: Դա հարկավոր է, որպեսզի Չինաստան վերադարձած ու որոշակի պաշտոն զբաղեցրած ուսանողը պահպանի կապը Հայաստանի հետ:

Միջանձնական հարաբերություններ ստեղծելով՝ կարելի է հասնել արդյունքի, Չինաստանի հայկական համայնքը միասնական է ու անում է ամեն ինչ, որպեսզի Հայաստանը ներկայացվի լավագույն կերպով, սակայն պետք է իրատես լինել, այսքան կարճ ժամանակում լուրջ արդյունքների հասնել հնարավոր չէ:

Զարմանալի է, ու դա, ի դեպ, հարցի երկրորդ պատասխանն է, որ Հայաստանն այսօր «Մեկ գոտի, մեկ ուղի» ծրագրում չկա: Ինչո՞ւ: Մայիսի 14-15-ին անց կացվեց «Մեկ գոտի, մեկ ուղի» ծրագրի համաժողովը, ու ես հարց եմ տալիս՝ ինչո՞ւ Հայաստանը ոչ մի մակարդակով չներկայացվեց: Համաժողովի շրջանակներում ստորագրվեցին շուրջ 200 պայմանագրեր, ուսումնասիրվեցին ընդհանուր առմամբ մոտ 14,5 մլրդ. Դոլլար արժողությամբ ծրագրեր:

Դու այլ երկրի համար կարևոր ես այնքանով, որքանով կապված է քո տնտեսությունը նրա տնտեսությանը: Մեկ  տարվա ընթացքում Հայաստանի ու Չինաստանի ապրանքաշրջանառության ծավալը իջել է (2016թ. արդյունքներով- խմբ.): Այսինքն մի կողմից գոյություն ունեն միջանձնային հարաբերություններ, իսկ մյուս կողմից՝ տնտեսական գործակիցն իջնում է: Այս հարցի շուրջ մենք պետք է մտածենք:

Չինաստանը կարևոր երկիր է, ու նրա կարևորությունը գնալով բարձրանում է: Սա պոտենցիալ սուպերգերտերություն է: Այսօր Չինաստանի հետ ստեղծած հարաբերությունները ապագայում իրենց պտուղները կտան:

Կա՞ արդյոք Հայաստանում Չինաստանի նկատմամբ հետաքրքրության աճ:

Իհարկե, եթե հաշվի առնենք չինարեն սովորող ուսանողների աճը: Դրա համար էլ ասում եմ, որ անձնական հարաբերությունների մակարդակով այդ ամենը կա:

Ի՞նչ կարող է առաջարկել Հայաստանը Չինաստանին:

Ի՞նչն է այսօր զարգանում Հայաստանում: Գյուղատնտեսական արտադրությունը: Չինաստանում ագրարային ոլորտը զարգացած է, բայց գյուղմթերքները՝ այն նույն վարունգները, բիբարները, բադրիջանները, լոլիկները չափազանց աղտոտված են: Դրա համար էլ չինացիները հսկա գումարներ են վճարում գյուղմթերքների ներմուծման համար: Խանութում տեղական ապրանքը շատ ավելի էժան է, ու սպառողը, ով ունի հնարավորություն, գնում է ներմուծված ապրանք:

Եթե մենք չինացիներին բացատրենք, որ մեր երկրում քիմիական արտադրություն գոյություն չունի, որ Հայաստանը հայտնի է իր մաքուր օդով, կարելի է ներդրումներ իրականացնել հայկական գյուղատնտեսական ոլորտում՝ դեպի Չինաստան բերքի արտահանմամբ: Երկրորդը՝ մսամթերքի դեֆիցիտը: Խոզի, հավի ու բադի մսի առումով Չինաստանում խնդիր չկա, սակայն կա խնդիր տավարի մսի հետ կապված:

Իսկ Հայաստանում այդ ճյուղը զարգանում է, ու կարելի է էլ ավելի զարգացնել: Կարելի է արտադրություն ստեղծել, Հայաստանում անասնաբուծություն հիմնել ու պատրաստի մսամթերքը առաքել Չինաստան: Այսինքն այդ ուղղությամբ կարելի է լուրջ ներդրումներ իրականացնել:

Ես խոսում եմ լուրջ պոտենցիալ ունեցող ոլորտների մասին:

Իսկ ի՞նչ կարելի է ասել տուրիզմի մասին:

Կարելի է նաև տուրիզմի ոլորտը զարգացնել: Չինաստանը երկար տարիներ եղել է անկրոն պետություն: 2000 թ.-ից իրավիճակը սկսել է փոխվել: Մասնավորապես՝ թույլ են տվել կառուցել  կրոնական շինություններ: Սկսել են զարգանալ հին հավատքները, սկսել են վերադառնալ բուդդիզմին: Բայց հիմա չինացիները խիստ ձգտում են քրիստոնեությանը, ինչը գիտակցված է ու կապված է Արևմուտքի մեծ հեղինակությամբ: Նրանք ուզում են Արևմուտքին նմանվել, նրանից սովորել:

Նրանց պատկերացմամբ՝ քրիստոնեության ընդունումը նշանակում է զարգացած անգլալեզու հասարակության հետ հարաբերությունների ստեղծում: Քրիստոնեություն ընդունած անձիք սիրում են պսակադրվել եկեղեցում, ու նրանց կարելի է տեղեկացնել այն մասին, որ Հայաստանն առաջին քրիստոնյա երկիրն է, որտեղ հազարամյա պատմություն ունեցող բազմաթիվ եկեղեցիներ կան: Այդ դեպքում նրանցից շատերը կգան Հայաստան:

Սակայն դրա համար հարկավոր են նաև ընդունելի, հարմար գներ: Եթե մենք լուծենք Երևան-Պեկին-Երևան, Երևան-Շանհայ-Երևան, Երևան- Գուանչժոու-Երևան ուղիղ չվերթների խնդիրները, զբոսաշրջիկների քանակը 4-5 անգամ կավելանա, քանի որ ավիատոմսերի գինը կպակասի, ու շատերը դեպի Քենիա հերթական սաֆարի-տուրը կգերադասեն փոխարինել Հայաստան այցով:

Զրուցեց Հայկ Խալաթյանը

Մհեր Սահակյան- Արևելագետ-միջազգայնագետ, գիտական ատենախոսությունը (Ph.D., միջազգային հարաբերություններ) Չինաստանի Նանկինյան համալսարանի միջազգային հարաբերությունների ինստիտուտում պաշտպանած, Չինաստանի հայ համայնքի նախագահ, «Չինաստան-Եվրասիա» քաղաքական ու ռազմավարական հետազոտությունների խորհուրդ» ֆոնդի տնօրեն, «Մոսկովյան համալսարանի լրաբեր Սերիա 13, Արևելագիտություն», «Իրանն ու Կովկասը», «21-րդ դար» ամսագրերի գիտական հոդվածների հեղինակ: