Ապրիլին մայրաքաղաք Երևանում, ինչպես նաև հանրապետության խոշոր քաղաքներում՝ Գյումրիում և Վանաձորում մեկնարկեց «Հիշողության այգի» միջազգային նախաձեռնությունը՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին: Նախաձեռնության նպատակն է տարբեր երկրներում տնկել 27 միլիոն ծառ՝ ի հիշատակ 27 միլիոն զոհերից յուրաքանչյուրի: Առաջին անգամ նախաձեռնությունը անցկացվեց մեկ տարի առաջ: Դրան միացավ ավելի քան 50 երկիր: Այս տարի այն մեկնարկեց մարտի 18-ին Նովոռոսիյսկում, իսկ մարտի 28-ին այն դարձավ միջազգային: Նախաձեռնությանը միացավ Ղրղըզստանը, այնուհետև՝ Հայաստանը:

Ապրիլի 3-ին Երևանի Հաղթանակի զբոսայգում տնկվեց 100 արոսի և կեչու ծառ: Միջոցառմանը մասնակցում էին «Հաղթանակի կամավորներ» շարժման կազմակերպիչները, Ազգային ժողովի պատգամավորներ, Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ, Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի աշխատակիցներ, դպրոցականներ, ինչպես նաև տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Պատվավոր հյուրերի թվում էին Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Թուրքմենստանի դեսպանները: Նախաձեռնության բացումն իրականացվեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի և Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի կողմից:

Կազմակերպիչները նշում են, որ նախաձեռնությունն առանձնանում է նրանով, որ այսպիսով ստեղծվում են հերոսների կանաչ հուշարձաններ, որոնց սխրանքները հավերժ կմնան մարդկանց սրտերում և կփոխանցվեն սերնդից սերունդ:

Տնկված յուրաքանչյուր ծառ իր պատմությունն ունի: Մասնավորապես, դրանցից մեկը նվիրված է լեգենդար օդաչու, Խորհրդային Միության կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանին, որի ազգականը նույնպես ներկա էր միջոցառմանը:

Ողջույնի խոսքում դեսպան Կոպիրկինը նշեց, թե ինչով է նախաձեռնությունը խորհրդանշական: Ըստ նրա՝ ավելի ու ավելի շատ փորձեր են արվում փոխել պատմությունը և մոռացության տալ խորհրդային ժողովրդի սխրանքը, որը կոտրեց ամբողջ աշխարհին սպառնացող հիտլերյան ֆաշիզմի մեջքը:

«Մենք պետք է հիշենք ոչ միայն ընդհանուր պատմությունը, այլև յուրաքանչյուրին, ով իր կյանքն է զոհաբերել, որպեսզի մենք այսօր ապրենք։ Նրանք զոհվել են հանուն մեր ապագայի, հանուն նրա, որ մեր երեխաներն ապրեն ավելի լավ աշխարհում», – նշեց Կոպիրկինը։

Շատերը գիտեն, որ հայերը մեծ սխրանքներ են գործել Հայրենական մեծ պատերազմի տարիներին: Եվ այդ սխրանքների հիշողությունը, ըստ Կոպիրկինի, պետք է օգնի հայ ժողովրդին հաղթահարել նրա առջև ծառացած փորձությունները:

«Շատ կարևոր է, որ մեր ժողովուրդների, այդ թվում՝ հայ ժողովրդի սխրանքների մասին հիշողությունը հայ ազգին ուժ տա հաղթահարելու այն փորձությունները, որոնց այժմ բախվում է։ Մենք ձեր կողքին ենք և կաջակցենք ձեզ», – նշեց դեսպանը։

Բացի Երևանից, նախաձեռնությանը միացան Հայաստանի այլ շրջաններ ևս: Ապրիլի 14-ին միջոցառումներ անցկացվեցին Գյումրիում և Վանաձորում: Գյումրիում նախաձեռնությունը տեղի ունեցավ Մայր Հայաստան հուշահամալիրի տարածքում, Վանաձորում՝ Շառլ Ազնավուրի քաղաքային զբոսայգու տարածքում: Դրանց մասնակցում էին քաղաքապետարանների և մարզպետարանների, ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության՝ Լենինականի Կարմիր դրոշի շքանշանակիր սահմանապահ ջոկատի ներկայացուցիչներ, 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայողներ, կամավորներ, դպրոցականներ, ուսանողներ և քաղաքների բնակիչներ: Ակցիայի շրջանակներում 160 ծառ տնկվեց Գյումրիում և Վանաձորում:

Նշենք, որ «Հիշողության այգի» նախաձեռնությունը նախատեսվում էր անցկացնել անցյալ տարի՝ ի պատիվ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակի: Սակայն, ցավոք, այն հետաձգվեց ամբողջ աշխարհը կաթվածահար արած կորոնավիրուսային համաճարակի պատճառով:

Մինչ օրս «Հիշողության այգի» միջազգային նախաձեռնության շրջանակներում տնկվել է ավելի քան մեկ միլիոն ծառ: Էստաֆետան կփոխանցվի Մոլդովային:

Մարիաննա Հակոբյան