Ապրիլի 24-ին ամբողջ աշխարհի հայերը ոգեկոչում են ցեղասպանության զոհերի հիշատակը: 106 տարի է անցել այդ ողբերգական դեպքերից, սակայն հենց այդ տարի տեղի ունեցավ հայ հասարակության համար պատմականորեն կարևոր իրադարձություն: Այս մասին գրում է Դմիտրի Աբազովը «Jeyran Media»-ի համար նախատեսված հոդվածում:

Ռոնալդ Ռեյգանից հետո՝ 1982 թվականից ի վեր ԱՄՆ-ի ոչ մի նախագահ չի արտասանել «ցեղասպանություն» բառը. փոխարենը փորձել են այն փոխարինել իմաստով մոտ մեկ այլ բառով: Այս տրամաբանությանը դեմ գնաց նախագահ Ջո Բայդենը, որը պետական մակարդակով ճանաչեց Օսմանյան կայսրության տարածքում 1915-1923 թվականներին իրականացված Հայոց ցեղասպանությունը:

«Ամեն տարի այս օրը մենք հիշում ենք բոլոր նրանց, ովքեր զոհվել են Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության արդյունքում և ևս մեկ անգամ խոստանում ենք կանխել նման ոճրագործությունների կրկնությունը», – նշեց ԱՄՆ նախագահը:

Դրան հաջորդեցին Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչ Մևլութ Չավուշօղլուի` Բայդենի հայտարարությունը ամբողջությամբ մերժող և այն պոպուլիստական համարող հայտարարությունները:

Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Բայդենի հայտարարությունը «խեղաթյուրում է պատմական ճշմարտությունը 1915 թվականի դեպքերի մասին»:

Հայաստանի վարչապետը շնորհակալություն հայտնեց և ողջունեց Ջո Բայդենի հայտարարությունը: «Հայաստանի ժողովուրդը, ամբողջ աշխարհի հայությունը մեծ ոգևորությամբ ընդունեց Ձեր ուղերձը 1915-1923 թվականներին իրականացված Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման և դատապարտման վերաբերյալ», – նշել է վարչապետը ֆեյսբուքյան հրապարակման մեջ:

Ըստ Ռուսաստանի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի մերձավոր արտասահմանի երկրների հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Կոնստանտին Տասիցի՝ Բայդենի հայտարարությունը հսկայական բարոյական աջակցություն է հայ ժողովրդի համար: «Սա շատ կարևոր է Հայաստանի համար, քանի որ ցեղասպանության հարցը ազգային ինքնության հիմքն է, և բոլոր փաստաթղթերում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից մեկն է: Այս ժեստը շատ կարևոր է Հայաստանի համար», – նշեց փորձագետը «Ջեյրան Մեդիա» մամուլի ակումբին տված հարցազրույցում:

Ի՞նչ հետևություն կարելի է անել ԱՄՆ նախագահի ելույթից:

Նախ` Հայոց ցեղասպանության ճանաչումը կարելի է համարել Հայաստանի և ԱՄՆ-ի հարաբերություններում շատ երկար պատմական գործընթացի տրամաբանական արդյունք:

Դա պայմանավորված է ինչպես հայկական սփյուռքի, այնպես էլ ԱՄՆ նոր վարչակազմի գործողություններով: Տասնամյակներ շարունակ աշխարհի ամենաազդեցիկ սփյուռքներից մեկը՝ Միացյալ Նահանգների հայ համայնքը ձգտում էր պատմական արդարության և աջակցում էր Միացյալ Նահանգներին ճանաչել Հայոց ցեղասպանությունը և անվանել այդ իրադարձությունները հենց «ցեղասպանություն»:

Բացի այդ, ըստ Կոնստանտին Տասիցի, գործող վարչակազմը իշխանության եկավ Միացյալ Նահանգների բարոյական առաջնորդությունը վերականգնելու կարգախոսներով: Բայդենը ստիպված էր ներքին և արտաքին լսարաններին ցույց տալ, որ կատարում է դեմոկրատների նախընտրական խոստումները, քանի որ դեռ Օբաման էր խոստացել, որ կճանաչի Հայոց ցեղասպանությունը:

Երկար տարիներ ճանաչմանը խոչընդոտում էր նաև այն փաստը, որ Թուրքիան ԱՄՆ-ի կարևոր դաշնակիցն էր և ՆԱՏՕ-ի ռազմավարական կարևոր գործընկերը: Այնուամենայնիվ, վերջին 3-4 տարիների ընթացքում ԱՄՆ-ի և Թուրքիայի հարաբերությունները կտրուկ վատթարացել են, և երկրները տարակարծիք են միջազգային քաղաքականության շատ հարցերի շուրջ:

Այս մասին նշում է նաև Կոնստանտին Տասիցը. «ԱՄՆ-ի և Թուրքիայի հարաբերությունները շատ հեռու են դաշնակցային լինելուց: Նրանց միջև տարակարծություններ կային դեռ Թրամփի օրոք և շարունակում են լինել ներկայիս վարչակազմի օրոք: Թուրքիան հեռացվեց F-35 ծրագրից: Էրդողանի ներքին քաղաքականության և արտաքին ակտիվ գործունեության շուրջ լուրջ հակասություններ կան»:

Դեռևս 2019 թվականին ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատը, և դրանից հետո Սենատը ընդունեցին բանաձևեր, որոնցով երիտթուրքական ռեժիմի հանցագործությունը որակվեց որպես ցեղասպանություն, սակայն այս բանաձևը իրավական ուժ չուներ, այլ միայն խորհրդատվական բնույթ էր կրում:

Այստեղ կցանկանայի նշել, որ բանաձևի քննարկումը տեղի ունեցավ 2019 թ. միայն այն բանից հետո, երբ Էրդողանը վերջնական որոշում կայացրեց ռուսական C-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային համակարգը գնելու վերաբերյալ:

Դրա շարունակություն կարելի է համարել նաև Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը` երկրորդ անգամ ռուսական С-400-եր գնելու Թուրքիայի մտադրություններին, դեպի Չինաստան ձգտումներին և Սիրիայի շուրջ տարաձայնություններին ի արձագանք:

Այսինքն՝ այժմ էլ, ինչպես 2019 թվականին, ԱՄՆ-ը փորձում է Թուրքիային մատնանշել վերջինիս սխալ քաղաքականությունը առանձին երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի և Չինաստանի նկատմամբ: Ցեղասպանության ճանաչման այս ժեստը մի տեսակ «նախազգուշական կրակոցի» էր նման:

Նշենք, որ Ռուսաստանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը որևէ կերպ չի ազդել Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունների վրա: Նույնը, ամենայն հավանականությամբ, կնկատվի ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև: Ամենակարևորն այն է, որ այսօր Թուրքիան ակտիվորեն ներգրավված է Ռուսաստանի և Չինաստանի մասնակցությամբ միջազգային տարբեր նախագծերում, ուստի Անկարան հաշվի չի առնի միայն ԱՄՆ շահերը: Այն կպահպանի գործընկերային հարաբերություններ ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Չինաստանի հետ: Տարածաշրջանային քաղաքականության և Մերձավոր Արևելքի շատ խնդիրներ, ինչպես նաև ռազմական գնումների խնդիրներ կապված են Ռուսաստանի հետ: Չինաստանի հետ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծում Թուրքիան կարող է կարևոր տարանցիկ դեր ունենալ: Միևնույն ժամանակ, Թուրքիան շատ մեծ կախվածություն ունի ԱՄՆ-ից և դժվար թե դիմի ծայրահեղ ​​քայլերի:

«Թուրքիայի արձագանքը, անկասկած, կլինի բացասական, սակայն ոչ շատ կոշտ: Մենք ականատես եղանք, որ երբ Ֆրանսիայի Սենատը աջակցեց Լեռնային Ղարաբաղի պետականության ճանաչմանը, Ադրբեջանում շատ կոշտ արձագանքեցին, սակայն դա չհանգեցրեց հարաբերությունների կտրուկ խզման, ֆրանսիական բիզնեսի վտարման: Նման իրավիճակ կլինի Թուրքիայի դեպքում», – նշեց փորձագետը:

Երկրորդ, պատմությունը միշտ եղել է միջազգային հարթակում գտնվող առանձին վերցված երկրի քաղաքականության կարևոր մաս. այն հաճախ օգտագործվում է որպես ճնշման կամ մանիպուլյացիայի լծակ: Համաշխարհային պատմությունը և այդ մեկ երկրի պատմությունը միշտ այլ կերպ են ընկալվում`ելնելով այն քաղաքական էլիտաների տրամադրություններից, որոնք օժտված են իշխանությամբ: Բայդենի գալով և ամերիկյան իշխող էլիտայի նորացումով հավանական է, որ որոշ հարցեր ԱՄՆ-ի համար ավելի արդիական կդառնան, քան նախկինում: Դա նկատում ենք նաև Հայոց ցեղասպանության հետ կապված:

Երրորդ, Հարավային Կովկասն այսօր «հարթակ» է, որտեղ տեղի է ունենում հսկայական մասշտաբների քաղաքական պայքար: ԱՄՆ վարչակազմը քաջատեղյակ է այդ մասին, և չի ցանկանում տարածաշրջանում լիարժեք մենաշնորհ տալ Թուրքիային կամ Ռուսաստանին` ակտիվորեն փորձելով ընդլայնել ազդեցությունը Հայաստանի վրա: «Բարի կամքի» այս դրսևորումը, որը ճիշտ ժամանակին կատարվեց ԱՄՆ վարչակազմի կողմից, կարող է շատ այլ բաներ ենթադրել»: Ի վերջո, ԱՄՆ-ում շատ լավ հասկանում են, որ միշտ չէ, որ ձեռնտու է հույսը դնել միայն Վրաստանի վրա, և կարող է ավելի շահավետ լինել գոնե ժամանակավորապես ստանալ հայ հասարակության աջակցությունը:

«Արևմուտքի դիրքերը, իսկապես, զգալիորեն թուլացել են՝ կապված Լեռնային Ղարաբաղի և հայ-ադրբեջանական հակամարտության հետ: Առայժմ տարածաշրջան վերադառնալու փորձեր չկան: Այնուամենայնիվ, այդ փորձերը, ամենայն հավանականությամբ, պետք է կապված լինեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ, սակայն մինչ այժմ դրանց ականատես չենք լինում: Ամերիկյան փորձագիտական ​​համայնքում դեռ քննարկումներ են ընթանում այն մասին, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկի վարչակազմը՝ իր ազդեցությունը վերականգնելու համար: Այս քայլերը կապված կլինեն խաղաղ կարգավորման, տնտեսական նախագծերի, Արևելյան գործընկերության գործունեության ակտիվացման հարցերի հետ », – եզրափակեց փորձագետը: