Այս շաբաթվա ընթացքում Հայաստանում անցկացվեց տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքների ամփոփումը: Հոկտեմբերի 2-ին կայացած ընտրությունները մեծ մասամբ որոշակիացնում են 2017 թ. խորհրդարանական ընտրությունների ելքը, որն ունի հատուկ նշանակություն՝ կապված Հայաստանի՝ խորհրդարանական հանրապետության տարբերակին անցնելու հետ:

Ընդդիմադիր ընտրազանգվածը քայքայելով…

Սեպտեմբերի 18-ին և հոկտեմբերի 2-ին կայացած ընտրությունները ցույց տվեցին, որ իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) նախկինի պես ի վիճակի է ընտրությունների ժամանակ արդյունավետ կերպով ապահովել «անհրաժեշտ» արդյունքը: Ընդ որում ոչ միայն կառավարչական ռեսուրսների, ընտրողներին կաշառելու, այլ նաև տարածքային իր կառույցներում իրականացվող բավական ճշգրիտ աշխատանքների շնորհիվ:

Հետաքրքիրն այն է, որ չնայած իշխանությունների ու երկրի սոցիալ-տնտեսական խնդիրները լուծելու նրանց անկարողունակության հանդեպ դրսևորած խիստ բացասական վերաբերմունքին, մարդիկ պատրաստ են քվեարկել ՀՀԿ թեկնածուների օգտին: Դրա վառ օրինակը Գառնիում տեղի ունեցած ընտրություններն են: Ընդամենը ամառվա ընթացքում գյուղի բնակիչները փակել էին ճանապարհները՝ ընդդիմանալով իրենց հողատեսքերը ոռոգելու նպատակով գետի ուղին փոխելու բարձրաստիճան պաշտոնյաների մտադրությանը: Իսկ դրանից ընդամենը մի քանի ամիս անց քվեարկեցին ՀՀկ-ական թեկնածուի օգտին:

Եվ եթե ՀՀԿ-ի հաղթանակը գյուղերում ու փոքր քաղաքներում դեռ կանխատեսելի էր, ապա բավական հետաքրքիր եղան ավանդաբար ընդդիմության օգտին քվեարկող երկրի երկրորդ ու երրորդ քաղաքների՝ Գյումրիի ու Վանաձորի քվեարկության արդյունքները: Իշխանությունն այստեղ ընդդիմադիր (և «կեղծ ընդդիմադիր») կուսակցությունների շարքերի միջև ընդդիմադիր ընտրազանգվածի ձայների տեղաբաշխման բավական արդյունավետ մարտավարություն իրականացրեց: Եվ այդ հարցում մեծապես օգնեց այն, որ ընդդիմադիր առաջնորդները չկարողացան մի կողմ դնել սեփական հավակնություններն ու միավորվել:

Արդյունքում, հավաքելով ձայների ընդամենը 34,75 %-ը, իշխանությունը կարողացավ քաղաքապետի պաշտոնին բերել գործող քաղաքագլուխ Սամվել Բալասանյանին՝ ստանալով քաղաքի Ավագանու 33 ձայներից 17-ը: Դա վերջին տարիներին իշխանության առաջին հաղթանակն է այս քաղաքում, իշխանությունն այստեղ պարտություն էր կրել թե 2012 թ. խորհրդարանական, թե 2013 թ. նախագահական ընտրությունների, ինչպես նաև 2015 թ. սահմանադրական հանրաքվեի ժամանակ:

Այդ հաղթանակի համար ՀՀԿ-ն երախտապարտ է բավական խճճված ու տարօրինակ նոր Ընտրական օրենսգրքին: Գյումրիում Ավագանու խորհրդի մեծամասնություն իշխանությունը ստացավ Ընտրական օրենսգրքի 5-րդ կետի 141 հոդվածի շնորհիվ, որի համաձայն՝ քաղաքական ուժը, 6%ի շեմը չհաղթահարած կուսակցությունների լրացուցիչ մանդատների բաշխման հաշվին ստանալով մանդատների 40%-ը, ստանում է նաև ցանկալի բոնուս՝ ընդհուպ մինչև բացարձակ մեծամասնություն:

Ավագանու խորհուրդ մտած երեք այլ կուսակցությունները՝ «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ), «Հայկական վերածնունդ» («Օրինաց երկիրը» վերանվանումից հետո) և «Գալա»-ն մանդատների նման բաշխմանը դեմ արտահայտվեցին: Նրանց համատեղ հայտարարության մեջ խոսվում է Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ մանդատների մեծամասնությունը «Բալասանյանի» միությանը տալու որոշումը դատական բոլոր ատյաններում վիճարկելու մտադրության մասին: Իսկ եթե այնուամենայնիվ «Բալասանյան» միությունը ստանա 17 մանդատ, ապա նրանց ներկայացուցիչները կբոյկոտեն Ավագանու խորհրդի նիստի ժամանակ:

Հենց այդպես էլ եղավ հոկտեմբերի 10-ին կայացած Ավագանու առաջին խորհրդի ժամանակ, որի ընթացքում Բալասանյանն իր միության ներկայացուցիչների կողմից ընտրվեց որպես քաղաքապետ:

Վանաձորում ընդդիմության հետ տեղի ունեցած սկանդալը

Առավել խճճված իրավիճակ եղավ Վանաձորում, որտեղ քաղաքական ուժերից ոչ մեկին չհաջողվեց ստանալ մանդատների մեծամասնությունը Ավագանու խորհրդում: ՀՀԿ-ն նույնիսկ իր իշխող դաշինքի կազմում գտնվող ՀՅԴ «Դաշնակցության» հետ միասին ստացավ 33 մանդատներից ընդամենը 15-ը (13+2):

Տեսականորեն ընդդիմությունը Հայաստանի՝ մեծությամբ երրորդ քաղաքի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնելու հնարավորություն ուներ: Երրորդ և չորրորդ տեղերը զբաղեցրած «Հայկական վերածնունդը» (13.34 % և 5 մանդատ) և ԲՀԿ-ն (7.25 % և 3 մանդատ) հայտարարեցին «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցանկը ղեկավարող Քրիստ Մարուքյանի թեկնածությանն աջակցելու մասին (նրա եղբայրը կուսակցության առաջնորդ ու Վանաձորի մեծամասնական պատգամավոր էդմոն Մարուքյանն է), ում կուսակցությունը հավաքեց 27.5 % ձայն ու ստացավ 10 մանդատ:

Սակայն, հաշվի առնելով այն, որ քաղաքի քաղաքապետը պիտի ընտրվեր Ավագանու խորհրդի նիստի ժամանակ՝ փակ քվեարկությամբ, կասկածելի էր, թե Քրիստ Մարուքյանն այնուամենայնիվ կընտրվի քաղաքագլուխ:

Այս առումով՝ շատերն են հիշում 2013 թ. հոկտեմբերին խորհրդարանում գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի թեկնածության քվեարկությունը: Այն ժամանակ ընդդիմադիր երկու խմբակցություններ՝ Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) և «Ժառանգությունը» հայտարարեցին, որ քվեարկելու են Կոստանյանի թեկնածությանը դեմ, ում դեմ ելույթ ունեցան նաև մի շարք այլ ոչ իշխանական պատգամավորներ: Իսկ ահա գաղտնի քվեարկության արդյունքը բարձրացրեց մեծ աղմուկ. պարզվեց, որ ընդամենը երեք ընդդիմադիր պատգամավոր է «դեմ» քվեարկել:

Եվ պատահական չէ, որ ՀՀԿ-ի ներկայացուցիչները լրագրողներին առաջարկեցին նախքան Վանաձորում իշխանության կրած պարտության մասին խոսելը հետևել Ավագանու խորհրդի քվեարկության արդյունքներին: ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը խորհրդարանում բրիֆինգի ժամանակ հեգնանքով մեկնաբանեց Վանաձորում ընդդիմության հնարավոր միավորման մասին. «Հայերը միշտ էլ անհատական սպորտում են ուժեղ եղել, խմբակայինում՝ միայն երբեմն»:

Իսկ ընդդիմությունը հայտարարում է Ավագանու խորհրդում իր ներկայացուցիչների վրա ՀՀԿ-ական թեկնածուի օգտին քվեարկության նպատակով գործադրվող ճնշման մասին:

Ինչպես և ցույց տվեց իրադարձությունների հետագա ընթացքը, իշխանություններին հաջողվեց հասնել իրենց ուզածին: Նրանց թեկնածուն՝ Մամիկոն Ասլանյանը, բուռն վեճերից հետո, գաղտնի քվեարկության արդյունքում հոկտեմբերի 10-ին հավաքելով 33 հնարավոր ձայներից 19-ը, դարձավ Վանաձորի քաղաքապետ: Ու չնայած երեք ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարները հավաստիացնում են, որ նրանց անդամները քվեարկել են նախապես ընդունած համաձայնությանը համապատասխան, փաստը մնում է փաստ, որ 4 ընդդիմադիրներ աջակցել են ՀՀԿ-ի ներկայացուցչին:

Ընդդիմության երկընտրանքը

Եթե նույնիսկ Քրիստ Մարուքյանը ընտրվեր քաղաքապետ, ապա դա ընդդիմության համար լինելու էր պարտությանը հավասար հաղթանակ, քանի որ հանուն նրա «Լուսավոր Հայաստանը» ստիպված պետք է լիներ համագործակցել «կեղծ ընդդիմության» համբավ ունեցող ԲՀԿ-ի ու «Հայկական վերածնունդ»-ի հետ:

Կուսակցության համբավին առավել մեծ հարված կհասցներ համագործակցությունը վերջինի հետ, որի ցուցակը Վանաձորում ղեկավարում էր քաղաքում կիսահանցավոր համբավ ունեցող Ակա մականունով Արկադի Փելեշյանը: Վերջինս ընտրություններից անմիջապես հետո ծեծել է Վանաձորի Հայ ավետարանչական եկեղեցու հովիվ Ռաֆայել Գրիգորյանին:

Ոստիկանության կողմից ձերբակալումից հետո Փելեշյանը ազատ է արձակվել երկիրը չլքելու ստորագրությամբ: Բացառված չէ, որ քաղաքապետի թեկնածության «ոչ ճիշտ» քվեարկության դեպքում նրա նկատմամբ հարուցված քրեական գործը բոլորովին այլ բնույթ կրեր:

Հիշենք նաև, որ Փելեշյանի երեխաները հանդիսանում են խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի եղբոր սանիկները:

Երկրում իրավիճակը փոխելու և արատավոր երևույթների դեմ պայքարելու ձգտումների հայտարարությունների ֆոնին՝ հանուն իշխանության գալու նման անձանց հետ միությունը կարող է շատ բացասական անդրադառնալ ընդդիմության վարկանիշի վրա:

Ինչ վերաբերում է ԲՀԿ-ի ներկայացուցիչների քվեարկությանը, ապա նրանց վրա կարող էին նաև ազդեցություն թողնել կուսակցության նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալու մասին լուրերը: Շրջանառվող լուրերի համաձայն՝ նա այդ մասին բանակցություններ է վարում նախագահ Սերժ Սարգսյանի հետ և արդեն գաղտնի հանդիպել է ԲՀԿ-ի առաջնորդներին:

Իշխանության ու ընդդիմության միջև ընթացող պարզաբանումները

Ընտրությունների մյուս հետաքրքիր արդյունքը իրեն ՀԱԿ-ի ընդդիմադիր դաշտի առաջնորդ երևակայող, նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի, ինչպես և «միակ ընդդիմություն» կոչմանը ձգտող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի կրած լիակատար պարտությունն էր: ՀԱԿ-ը հավաքեց 1.09 % ձայն՝ Գյումրիում և 1.39 % Վանաձորում, իսկ «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 1.49 % Գյումրիում և 4.08 % Վանաձորում:

Ընդդիմադիր կուսակցությունների կտրուկ քննադատությունը՝ մասնավորապես ՀԱԿ-ի դիրքորոշումը Երևանում «Սասնա ծռեր» խմբի կողմից ոստիկանության բաժանմունքի գրավման ժամանակ սպասվելիք արդյունքը չբերեց (եթե չհաշվենք գլխավոր ընդդիմադիր մրցակիցներից մեկի վարկաբեկումը): Ինչպես խոստովանեց Փաշինյանը՝ Գյումրիում և Վանաձորում կուսակցությունը ծանր պարտություն է կրել: Նրա խոսքերով՝ հարկավոր է հասկանալ ու վերլուծել այդ պարտության պատճառները, ինչից կախված կլինի հետագա գործողությունների ճանապարհային քարտեզը: Իսկ առայժմ կուսակցության ղեկավարությունը, այդ թվում նաև Փաշինյանը, հրաժարական են տալիս:

Ընդդիմադիր դաշտի ավանդական առաջնորդներից առավել շահեկան վիճակում է գտնվում «Ժառանգությունը»՝ բոյկոտելով տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, ինչի շնորհիվ նա կարողացավ խուսափել այնպիսի ցավագին մի հարվածից, ինչպիսիք են ՀԱԿ-ն ու «Քաղաքացիական պայմանագիրը»:

Ընդ որում՝ հարկ է նկատել, որ Գյումրիում ու Վանաձորում ընտրությունների ժամանակ դրական արդյունք ցույց տված ընդդիմադիր կուսակցություններն ունեն վառ արտահայտված տարածաշրջանային բնույթ՝ «Գալան»՝ Գյումրիում, իսկ «Լուսավոր Հայաստանը»՝ Վանաձորում:

Եվ չնայած 2017 թ. ընտրություններին հաջողության հասնելու համար ընդդիմության միավորումը կենսականորեն անհրաժեշտ է, վերջին ընտրությունները ցույց տվեցին, որ ընդդիմադիր առաջնորդների հավակնությունների ու փոխադարձ վիրավորանքների ու կոնֆլիկտների նման պայմաններում, դա հազիվ թե հնարավոր լինի:

Ինչ վերաբերում է ՀՀԿ-ին, ապա, ամենայն հավանականությամբ, 2017 թ. գարնանը նա կապահովի իր հաղթանակն ինչպես սեփական արդյունքների, այնպես էլ դեպի խորհրդարան ունեցած մուտքերով՝ ինչպես բացահայտ միացյալ կուսակցությունների (Դաշնակցություն), այնպես էլ կեղծ ընդդիմադիր ուժերի շնորհիվ:

Գլխավոր խնդիրը կլինի միայն հենց իշխանության կուսակցության ներսում մանդատների բաշխումը, որում տարբեր ազդեցության խմբեր կան: Հարկ է նշել, որ իշխանության համակարգում նոր վարչապետի գալստյան հետ կապված կադրային փոփոխությունները կարող են դուր չգալ «տեղի իշխաններին»: Որովհետև առանց այնպիսի անձանց, ինչպիսիք են նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը, 2017 թ. խորհրդարանային ընտրությունների ժամանակ իշխանությունների համար դժվար կլինի տեղում հասնել ցանկալի արդյունքի:

Հայկ Խալաթյան