22 ամյա մշակութաբան Դիանա Գրիգորյանին ճանաչում ենք գրեթե բոլորս՝ վերջին տարիներին հայաստանյան ամենահայտնի ու առաջատար ընկերությունների արտադրանքն ու ծառայությունները գովազդելը հիմնականում նրան են վստահում: «Avanta» նորարարական բժշկության կենտրոն, TIME, ALEX ,«Pregomesh», DANZ հայկական ակնոցներ` սա վանաձորցի գեղեցկուհու պորտֆոլիոյի միայն մի մասն է, բայց, համաձայնեք, բավականին հնչեղ: Մի խոսքով՝ Դիանան Հայաստանը գրավել է, հերթը աշխարհինն է:

Dalma News-ին տված հարցազրույցում երիտասարդ, բայց վառ մոդելինգի աստղ Դիանա Գրիգորյանը պատմեց, թե ինչպես է որոշել գալ այս բիզնես և ինչ է ծրագրում հետագայի համար:

Դիանա, ինչպե՞ս մոդելային բիզնեսը գրավեց քո ուշադրությունն ու ինչպես հայտնվեցիր այդտեղ:

– Փոքրուց տանը միշտ ասում էին, որ սիրուն եմ ու պետք է գնամ Հոլիվուդ (ծիծաղում է): Կարծում եմ, որ բոլոր փոքր երեխաները երազում են հայտնի լինելու մասին և ես էլ բացառություն չէի։ Բայց չէի մտածում, որ արտաքինս կօգտագործեմ մոդելինգի մեջ։

Առաջին կուրսում էի ու նոր էի Երևան տեղափոխվել, երբ մոլում դիզայներ Լիլի Մեհրաբյանն առաջարկեց իր բրենդի համար նկարվել։ Առաջին առաջարկն այդպես ստացա, դրանից հետո, ենթադրում եմ, ընկերներս իմ մասին իմացան ու սկսեցին նկարահանումների կանչել ու այդպես շղթայով սկսվեց ու շարունակվեց։

– Բնականաբար ուսումնասիրել ես մոդելային բիզնեսի առանձնահատկությունները աշխարհի տարբեր երկրներում: Ինչո՞վ է Հայաստանը տարբերվում, արդյոք կարող ենք ասել, որ այս ոլորտը մեզ մոտ զարգացած է:

– Ոլորտը մեզ մոտ զարգացած չէ, շատ-շատ աճելու տեղ ունենք։ Մոդելինգի ամենազարգացած երկրներն Ասիայում են՝ Չինաստան, Կորեա, Ճապոնիա և Եվրոպայում, և, ցավոք, այդ երկրներում Հայաստանն ու հայ աղջիկները շատ ճանաչում չունեն։ Իսկ մոդելինգը, կարելի է վստահ ասել, միջազգային մասնագիտություն է, որը սահմաններ, ըստ էության, չի ճանաչում ու ենթադրում է մի տեղից մյուսը գնալը։ Դա, իր հերթին, պետք է մոդելային գործակալությունների միջոցով արվի, քանի որ դրսում այդպես է ընդունված, բայց Հայաստանում չկան այդպիսիք: Իսկ հայաստանցի մոդելները կոչվում են «ֆրիլանս» մոդելներ՝ մենք ենք մեր գլխի տերը։ Իսկ դա դրսում ընդունված չի։ Բացի այդ, նաև բրենդները մոդելի աշխատանքին շատ լուրջ չեն վերաբերում՝ փորձում են գին գցել, «հա, լավ, իբր ինչ գործ է ո՞ր» ու նման այլ  գաղափարներն են դեռ իշխում, ինչը զավեշտալի է: Մոդելներին լուրջ չեն վերաբերում, չեն պատկերացնում, որ սա ևս գործ է, որն իրենից ենթադրում է ծանր աշխատանք՝ ժամերով նկարահանվելը հեշտ չէ, պետք է անընդհատ աշխատել զարգացնել հմտությունները, նորովի ներկայանալ և այլն։ Շատերին թվում է, որ սա ուղղակի հավես գործ է:

Թեև պետք է նշեմ, որ 2018 թվականից հետո բավականաաչափ փոփոխություններ եմ նկատում ոլորտում. չնայած վերը նշված երևույթները դեռ կան, բայց գոնե առաջ ենք շարժվում։ Եվ կարող եմ ասել, որ արտերկրի մակարդակին հավասար մոդելներ ունենք՝ խելացի, գեղեցիկ, յուրովի ու պրոֆեսիոնալ և մեծ պոտենցիալով։

Իսկ հասարակությունն ինչպե՞ս է վերաբերում, ընկալում են մոդելինգը որպես լիարժեք աշխատանք, թե՞ ավելի շատ որպես հոբբի: Հասարակական կարծիքն ինչպիսին է:

-Մարդկանց մի խումբ կա, որոնց համար մոդելը դա մեկն է,  որ միշտ շատ բաց է նկարվում ու իր խելքը միայն դրան է հասնում: Բայց վստահ կարող եմ ասել, որ իրենք քիչ են: Կան մարդիկ, որ կա՛մ չեզոք են վերաբերվում, որովհետև տեղյակ չեն խորությամբ, կա՛մ էլ դրական են վերաբերվում ու հաջողություններ մաղթում։ Բարեբախտաբար ինձ միշտ երկրորդ խմբի մարդիկ են հանդիպում:

-Սովորաբար մոդելները ունեն սիրած նիշա՝ հագուստ, կոսմետիկա, ոսկերչական իրեր և այլն: Ո՞րն ես դու նախընտրում, ավելի սիրով ընդունում առաջարկը:

– Երևի բոլոր նշածները սիրում եմ՝ հագուստ, կոսմետիկա, խնամքի միջոցներ, զարդեր, էդիթորիալ նկարահանումներ և այլն։ Նորաձևության ոճով ցանկացած նկարահանում իմ սրտով է։

Ի՞նչը երբեք չես գովազդի, եղե՞լ են առաջարկներ, որոնցից հրաժարվել ես:

– Եղել են նկարահանումներ, որ չեն ստացվել ինչ-ինչ պատճառներով, բայց արդյունքը տեսնելուց հետո ուրախացել եմ, որ ես չեմ նկարվել։

Ունես առաջարկներ աշխատելու արտերկրյա մոդելային գործակալությունների հետ, մեկնելու արտերկիր: Կամ գուցե արդե՞ն կա այդ փորձը:

– Առաջարկներ եղել են ռուսական ու վրացական շուկաներից։ Այս տարի պլանավորում եմ ինքս դիմել իմ նախընտրած գործակալություններ ու մաքսիմալ աշխատել այդ ուղղությամբ։ Բայց դեռ վաղ է խոսել այդ մասին:

Դերասանների համար, օրինակ, կյանքի դերը Համլետն է, թեև գուցե ժամանակակից աշխարհում նաև դա է փոխվելԻսկ մոդելների համար ո՞ր դիզայների կամ նորաձևության տան հետ համագործակցելն է երազանքնպատակ:

-Երևի միջազգային նորաձևության տների հետ աշխատելը՝ Dior, Chanel, YSL, Jacquemus և այլն…

 – Ե՞վ, ի՞նչ ծրագրեր ունես առաջիկայում, որտեղ կտեսնենք քեզ:

-Ես հավատում եմ, որ լավ պահած երազանք-նպատակների մասին պետք է չբարձրաձայնել: Բայց, իհարկե, հույս ունեմ, որ լավ տեղերում կտեսնեք (ծիծաղում է- խմբ.)։

Ծրագրերիցս մեկը, որն արդեն սկսել եմ, վլոգինգն է Youtube-ում։ Մի քանի վիդեո արդեն թողարկել եմ, որտեղ պատմում եմ մոդելինգի մասին։ Հույս ունեմ, որ դա կօգնի ինձնից փոքր կամ անփորձ երիտասարդներին հայկական մոդելային շուկան ավելի լավ ճանաչել։

Լիա Խոջոյան