Ամերիկացի ֆանտաստ գրող Նիլ Սթիվենսոնը 1992 թվականին հրատարակած իր «Ձնահյուս» վեպում առաջին անգամ օգտագործեց «մետատիեզերք» տերմինը՝ նկարագրելու վիրտուալ աշխարհը, որտեղ ապրում են իրական մարդկանց ավատարները: Հայեցակարգը արագորեն փոխ առան գիտաֆանտաստիկ գրողներն ու կինոյի ոլորտի գործիչները, նույնիսկ Մարկ Ցուկերբերգը վերջերս հայտարարեց, որ Facebook-ը վաղուց ոչ միայն սոցիալական ցանց է, այլ ավելին և այսուհետ կոչվելու է «Meta»: Եվ այսօր հազիվ թե որևէ մեկին զարմացնի վիրտուալ իրականությունը և այն փաստը, որ դա գիտաֆանտաստիկա չէ, այլ իրականություն։

2021 թվականի սկզբին հայտնի դարձավ, որ Հայաստանի ստարտափ էկոհամակարգի և տեխնոլոգիական ներուժի մասին պատմող հայկական սերիալ է նկարահանվելու՝ «Musk factor»-ը. այն բաղկացած է լինելու 10-12 մասերից։ Սերիալը պատմում է չորս տղաների մասին, ովքեր արհեստական ​​ինտելեկտի հնարավորությունների շնորհիվ անհավանական հաջողությունների են հասնում։ Սերիալի նպատակը տեղական ստարտափների հնարավորությունների մասին պատմելն է։

Հայաստանի ինտելեկտուալ և տեխնոլոգիական ներուժի մասին սերիալի պրոդյուսեր Ռաֆայել Թադևոսյանը հայտարարում էր, որ միշտ ավելի հետաքրքիր և հաճելի է դիտել, քան պարզապես լսել որևէ արտադրանքի մասին։ Իսկ մամուլում տեղեկություն տարածվեց, որ սերիալը ցուցադրվելու է աշխարհի հայտնի հարթակներից մեկում, նույնիսկ հիշատակվում էր Netflix-ը, ինչը ինքնաբերաբար մեծ լսարան կգրավի։

Անցյալ տարի սցենարը հավանության արժանացավ հեղինակավոր Netflix-ի արտադրական անձնակազմի կողմից, իսկ դեկտեմբերի վերջին հայտնի դարձավ, որ թվային պատկերը՝ սերիալի NFT նշանը, վաճառվել է 3.8 մլն դրամով (8.000 դոլար):

Այսպիսով, ի՞նչ է նշանակում այս ամենը, ինչի՞ մասին են այս շփոթեցնող տերմինները, և ինչպիսի՞ն է սերիալի ապագան: Dalma News-ը զրուցել է նախագծի գլխավոր պրոդյուսեր Ռաֆայել Թադևոսյանի հետ։ Խոստովանենք, որ նա  հարուստ երևակայություն ունի, և ցանկացած մարդ կարող է դրանում համոզվել՝ ծանոթանալով նրա իլյուստրացիաներին և գաղափարին ընդհանուր առմամբ։

– Ռաֆայել, սցենարը հաստատվել է անցյալ տարի, իսկ նկարահանումներն արդեն սկսվե՞լ են։

Նկարահանումները կսկսվեն մայիսին։ Անցյալ տարի հաստատվեց հայ դերասանների մասնակցությամբ սերիալը, սակայն երբ սկսեցինք աշխատել նախագծի վրա, հասկացանք, որ ամերիկացի դերասաններով այն հիանալի սերիալ դառնալու հնարավորություն ունի։ Այն դերասաններով, որոնց մարդիկ ճանաչում են։ Ամբողջ անձնակազմը՝ դերասաններ և այլք, մայիսին կժամանեն ԱՄՆ-ից։ Այդ ժամանակ էլ կսկսենք։

Ռաֆայել Թադևոսյան

– Նրանց մեջ կա՞ն հայտնի դերասաններ, որոնց անունները կարող եք հնչեցնել։

– Այո, կան հայտնի անուններ, սակայն չեմ կարող բարձրաձայնել, քանի դեռ պայմանագրերը կնքված չեն: Քասթինգն ավարտվում է մարտի 15-ին, միայն դրանից հետո կարող ենք հրապարակել դերասանական կազմը։

– Որքան հասկանում եմ, սերիալը լինելու է անգլերեն լեզվով։ Նախագծում հայ դերասաններ և՞ս կներգրավվեն։

– Գլխավոր դերերից մեկում նկարահանվելու է հայկական արմատներով ճանաչված ամերիկացի դերասան։ Հայ դերասանները կխաղան երկրորդական դերեր:

Այսպիսով, ինչի՞ մասին է սերիալը։

– Այն ապագայի մասին է, գործողությունները տեղի են ունենում 2032 թվականին։ Եվ, օրինակ, այդ ժամանակ պարզվում է, որ Էյնշտեյնը սխալվել է…

-Ինչո՞ւ հենց Էյնշտեյնը, թե՞ ցանկանում եք ասել, որ ամեն բան չէ, որ հարաբերական է։

– Մենք պարզապես ասում ենք, որ…. մեր սերիալում ասվում է, որ Էյնշտեյնը սխալվել է, և լույսի արագությունն այնքան չէ, որքան նա ենթադրում էր: Դա փոխում է ողջ գիտությունը և նոր հնարավորություններ ստեղծում։

– Դուք հիմնվում եք գիտակա՞ն ​​փաստարկների վրա։

-Իհարկե։ Այժմ մենք աշխատում ենք մեկ ֆիզիկոսի հետ: Նա դուքս է Գերմանիայից, աշխատում է Անգլիայում. հետաքրքիր անձնավորություն, ով կլինի մեր սերիալի խորհրդատուն։ Եվ այն տեսությունները, որոնք մենք կհնչեցնենք, բացարձակապես ճշմարիտ և ապացուցված տեսություններ են։

– Սերիալը որքանո՞վ կարող է հետաքրքրել լայն հանրությանը։

«Մենք հենց լայն հանրությանն ենք թիրախավորում։ Կյանքը շատ արագ է զարգանում, և 5-7 տարի հետո նույնիսկ Հայաստանում բոլորս կապրենք, կհանգստանանք, կաշխատենք Մետատիեզերքում (Մետատիեզերքը վիրտուալ աշխարհի հավաքական պատկերն է, որտեղ մարդիկ կարող են հանգստանալ, աշխատել և շփվել): Մեր սերիալն այն մասին է, թե ինչպես մարդիկ կօգտագործեն տեխնոլոգիաները, որոնք այժմ հասանելի են իրենց և ինչպես կզբաղվեն բիզնեսով: Ուստի մեր սերիալն արդեն հետաքրքրում է օտարերկրացի հեռուստադիտողներին, որոնք հետաքրքրությամբ են ծանոթանում մեր իլյուստրացիաներին, որոնցում պատկերում ենք արագորեն զարգացող աշխարհը:

Ի դեպ, մեր սերիալը երգիծանքից զուրկ չէ: Օրինակ, կպատմենք այն մասին, թե 2032 թվականին մեր հերոսներից մեկի տատիկն ինչպես է օգտագործում Մետատիեզերքը։ Մեր «աշխարհում» Աստված ծրագրավորող է, իսկ Սուրբ Գրաալը այն ծածկագիրն է, որը հայտնաբերեցին տամպլիերները, բայց քանի որ այն ժամանակ այնքան էլ պարզ չէր, թե դա ինչ գտածո է, Հռոմի պապը նրանց չէր սիրում՝ ոչ մեկը, ոչ մյուսը չէին հասկանում գտածոյի էությունը: Իսկ Սուրբ Գրաալը ապացուցում է, որ մենք ստեղծվել ենք:

– Կրոնը և գիտությունը «հակադրելու» հերթական փո՞րձ։

-Գիտությունն ու կրոնը միշտ նման իրավիճակում են եղել, սակայն մենք ոչ մի կրոնի դեմ հանդես չենք գալիս։ Կանդրադառնանք դավադրության բոլոր տեսություններին, սակայն երգիծական ոգով։

– Իսկ քաղաքականությո՞ւնը:

– Այն քաղաքականությունը, որին սովոր ենք, և առավել եւս հայաստանյան քաղաքական դաշտը սերիալում ներկայացված չի լինի։ Արեւմտյան հանդիսատեսին դա հետաքրքրիր չէ:

– Ռաֆայել, ինչպե՞ս սկսվեց Netflix-ի հետ Ձեր համագործակցությունը:

– Netflix-ի, ինչպես նաև Amazon-ի հետ պայմանագիր չկա, սակայն մենք աշխատում ենք նրանց հետ։ Մենք որպես նախագիծ հետաքրքրում ենք նրանց։ Առաջին երկու էպիզոդները պետք է նկարահանենք, ցույց տանք նրանց, սակայն այժմ իրավիճակն այնպիսին է, որ կարող ենք ենթադրել միայն, թե որ հարթակում է ցուցադրվելու «Musk Factor»-ը։

Երբ մենք հայտարարեցինք «Backstage»-ի քասթինգի մասին, մոտավորապես առաջին ութ ժամում 7 դերի համար ստացանք 12.5 հազար ինքնակենսագրական։ Մենք մտանք մի թրենդի մեջ, որտեղ մեզանից բացի կային «Գալակտիկայի պահապանները» («Գալակտիկայի պահապանները» հինգ զվարճալի սուպերհերոսների մասին հայտնի կոմիքսների վրա հիմնված ֆանտաստիկ կատակերգություն է – խմբ.): Իսկ դա նշանակում է, որ մեր գրածը հետաքրքրում է մարդկանց՝ մենք թրենդի մեջ ենք, հասկանում ենք, թե աշխարհն ուր է գնում, ինչպես է զարգանալու։ Իսկ դա միշտ էլ հետաքրքրում է մարդկանց։

– Որքա՞ն բյուջեի մասին է խոսքը։

– Մոտավորապես 1 միլիոն դոլար ամեն սերիայի համար:

– Այնքան հետաքրքիր է, որ գումարի հետ կապված խնդիրներ չկա՞ն։

– Գումարի հետ կապված խնդիրներ միշտ էլ լինում են, սակայն կան ներդրողներ, կան գովազդատուներ։ Առաջին երկու սերիաների համար գումար կա։ Երբ սկսեցինք, ցանկանում էինք նկարահանել հայ դերասանների և հայկական տեխնոլոգիական անձնակազմի հետ։ Սակայն հետո հասկացանք, որ սերիալը ավելի լայն զանգվածներին կհետաքրքրի, եթե լինի անգլերեն լեզվով: Իսկ դա արդեն «թանկ» բառի հոմանիշն է։ Մեր թիրախում պահանջված դերասաններ են, սակայն եթե ևս 500 հազար դոլար լինի, կարող ենք մեկ այլ հայտնի դերասանի հրավիրել։ Ինքներդ գիտեք, կինոարտադրության մեջ գումարը մշտապես չի բավականացնում:

Լիա Խոջոյան