Հայաստանի խորհրդարանը բուռն քննարկումներից հետո ի վերջը հունիսի 15-ին առաջին ընթերցմամբ ընդունեց Հարկային օրենսգրքի նոր նախագիծը: Գործարար միությունների արձագանքը չուշացավ: Հայաստանի բիզնես-ասոցացիաները` ի դեմս Հայաստանում ամերիկյան առևտրի պալատի, ՀՀ բանկերի միության, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների  ձեռնարկությունների միության, Ինֆորմացիոն և կոմունիկացիոն տեխնոլոգիաների բնագավառում գործատուների միության, Հարկատուների իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպության, Եվրոպական բիզնես-ասոցացիաների, որոնք հանդես եկան բաց նամակով: Նամակում մասնավորապես ներկայացված են իրենց բողոքները Հարկային օրենսդրության նախագծի վերաբերյալ և կոչ են անում Հայաստանի նախագահին և վարչապետին ուշադրություն դարձնել այդ հարցին, ինչպես նաև դիմում են Ազգային ժողովի նախագահին` առաջարկելով լսումներ կազմակերպել այս հարցի վերաբերյալ` գործում հետաքրքրված բոլոր կողմերի մասնակցությամբ: Բիզնես ասոցացիաները, որոնք ելույթ ունեցան այս հայտարարությամբ, կառավարում են Հայաստանի ՀՆԱ-ի մեկ երրորդը և ներկայացնում են երկրի տնտեսության մեջ արտասահմանյան ներդրումների մեկ երրորդ մասը:

Ահա և նախապատմությունը: Հայաստանի հարկային օրենսդրությունը ձևավորվել է 90-ականներին և քիչ-քիչ հավելվել է նոր օրենսդրակա կետերով: Ինչի արդյունքում 2000-ականների սկզբում հասկանալի դարձավ, որ միմյանց հակասող բազմաթիվ ամենատարբեր օրենքները, իրենց բոլոր ուղղումներով և մեկնաբանություններով չեն ստեղծում անհրաժեշտ միջավայր հարկային կայուն դաշտ ստեղծելու համար:  Դեռ 15 տարի առաջ Հայաստանի բիզնես-ասոցացիաները դիմեցին կառավարությանը Հարկային օրենսգիրք ստեղծելու նախաձեռնությամբ: Սակայն, բազմաթիվ քննարկումները ոչ մի արդյունք չտվեցին:

Այնուամենայնիվ, մեկ տարի առաջ, երբ Հայաստանի ֆինանսների նախարարությունը սկսեց Հարկային օրենսգրքի նախագծի մշակումը, Հայաստանի բիզնես-ասոցացիաները ակտիվ մասնակցություն ունեցան այդ գործընթացում, թեև, իսկզբանե պայման առաջադրելով, որ կգան Հարկային օրենսգրքի համար ընդհանուր հայտարարի: Հարկային խորհրդի շրջանակներում, որի աշխատանքներում ներգրավված էին պետական կառույցների ներկայացուցիչներ, բիզնես-ասոցացիաներ, Համաշխարհային բանկը և ԱՄՀ-ն, նման կոնցեպտը հաստատվեց, որի համաձայն հարկային նոր օրենսգիրքը պետք է արտասահմանյան ներդրումների, ազգային տնտեսության մոդեռնացման, տարածաշրջանում արտահանման և Եվրասիական տնտեսական միության  համար գրավիչ պայմաններ ստեղծի և երկարաժամկետ ու կայուն տնտեսական աճ ապահովի:

Գործընթացի կառուցողականությամբ ոգևորված` բիզնես-ասոցացիաները անմիջական մասնակցություն ունեցան քննարկումներում և ներկայացրեցին շուրջ 400 առաջարկ: Այնուհետև օրենսգրքի նախագիծը ներկայացվել է Հայաստանի կառավարությանը, որից դուրս է եկել մի փաստաթուղթ, որը հակասում է ֆինանսների նախարարության կողմից առաջադրված նախագծի սկզբունքներին: Բիզնես-ասոցացիաները դիմեցին վարչապետին` Ազգային ժողովին նախագիծը չներկայացնելու խդրանքով: Հունիսի 3-ին կառավարությունում` վարչապետ Հովիկ Աբրահամյանը ներկայացրեց հարկային նոր կոդեքսի նախագիծը, որտեղ ներկա էին նաև մանր և միջին բիզնեսի գործարար կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ժողովի ավարտին վարչապետը հանձնարարեց հավելյալ քննարկում անցկացնել` հնչած հարցերի վերաբերյալ և արդյունքը ներկայացնել կառավարությանը: Հունիսի 9-ին նախագիծը արդեն դրվել էր Հայաստանի խորհրդարանի քննարկմանը, որտեղ և ընդունվեց` առաջին ընթերցմամբ:

«Եվ հիմա մենք ստիպված ենք այս հարցը հասարակության առաջ բարձրացնել և ասել, որ այս փուլում մենք խնդիրներ ունենք Հարկային օրենսգրքի վերաբերյալ և օրենսգրքի բոլոր հիմնարար կետերը պետք է հանրային քննարկում անցնեն և վերանայվեն»,- հայտնեց Հայաստանում Ամերիկյան առևտրային պալատի նախագահ Տիգրան Ջրբաշյանը: Բիզնես-ասոցացիաները առաջարկում են հանրային քննարկման հանձնել Հարկային օրենսգրքի հինգ հիմնարար կետերը` եկամտահարկի փաստացի ավելացումը, շահաբաժինների հարկումը, ամորտիացիայի ժամկետի երկարեցում, հարկի նշաձողի փոփոխությունը և հարկային դաշտի կանխատեսումների բացակայությունը:

Տիգրան Ջրբաշյանի կարծիքով` Հարկային օրենսգրքի ընդունման արդյունքը կլինի սպառողական պահանջարկի, բիզնեսի շահութաբերության, հայկական ապրանքների մրցունակության անկումը և արտահանման ծավալների նվազեցումը:

«Իմ կարծիքով` ներկայիս փաստաթղթի խնդիրն այն է, որ դրա հեղինակները շփոթում են սովորական հաշվապահական զեկույցը իսկական տնտեսական կանխատեսումների հետ: Եվ հարկային փոփոխությունները հիմնվում են հետևյալ դատողությունների վրա` 20% դրույքաչափի դեպքում բյուջեն կկորցնի այսքան, 26% դրույքաչափով բյուջեն կստանա այնքան: Եվ խոսքը մեր այսօրվա բյուջեի մասին է: Չեն հասկանում, որ հարկային փոփոխությունները երկարատև ազդեցություն են ունենում, միայն մուլտիպլիկատիվ էֆեկտ, ոչ մի կանխատեսում չկա` կախված տնտեսության վրա ունեցած ազդեցության հետ: Ես վստահ էի, որ Հայաստանում արդեն մշակված է ընդհանուր հավասարակշռության մոդելը (Computable General Equilibrium Model), որը թույլ է տալիս կառավարել տնտեսական գործընթացները: Պարզվեց, որ այդպես չէ: Նման պայմաններում բարեփոխումներով զբաղվելը շատ բարդ է»,- ասաց Տիգրան Ջրբաշյանը:

Հայաստանի բանկերի միության նախագահ Սամվել Ճզմաչյանը հայտարարեց, որ բյուջեն պետք է ավելացնել տնտեսության զարգացման հաշվին, ոչ թե անհասկանալի գործողություններով, որոնք ստեղծել են ներկայիս պայմանները:

Ճզմաչյանի կարծիքով` շահութահարկի բարձրացված դրույքաչափերը կբարձրացնի ստվերային շրջանառությունը, կվերադարձնի ծրարներում տրվող աշխատավարձերի քաղաքականությունը, կհարվածի այն բնագավառներին, որոնք թափանցիկ են աշխատում`  մասնավորապես բանկերի գործունեությանը և IT արդյունաբերությանը:

Սամվել Ճզմաչյանը վստահ է, որ ներկայիս տեսքով Հարկային օրենսգրքի ընդունումը կբերի երկարաժամկետ բացասական ազդեցության երկրի բանկային բնագավառի համար և արտասահմանցի ներդրողների համար երկիրն ավելի անհրապույր կդարձնի:

Ինֆորմացիոն տեխնոլոգիաներով զբաղվող ընկերությունների միության գործադիր տնօրենի տեղակալ Հայկ Չոբանյանը հայտնեց, որ IT ոլորտում հարկային բեռը հասնում է 40%-ի (շահութահարկը և ԱԱՀ-ն): Եվ հարկերի հետագա բարձրացմանը IT  արդյունաբերությունը չի դիմանա: «Այսօր համաշխարհային շուկայում մենք անմրցունակ ենք աշխատավարձի չափի առումով: Հաշվի առնելով ինֆորմացիոն տեխնոլոգիաների աշխարհում մեր զբաղեցրած դիրքը` մենք պետք է մտածենք աշխատավրձների բարձրացման մասին: Հարկային նոր օրենսգիրքը մեզ զրկում է նման հնարավորությունից, և հետևաբար կնպաստնի լավագույն մասնագետների արտագաղթին: Էլ չեմ ասում, թե որքան խնդրահարույց կլինի նման բիզնես միջավայրում արտասահմանցի ներդրողներ գրավելը»,- ասում է Հայկ Չոբանյանը: Նրա խոսքերով` այս նախագիծը ոչ միայն գործատուի շահերին է բախվում, այլև աշխատողների, ում թիվը հասնում է 15 հզ.-ի: «Եվ ես չեմ բացառում Հայաստանի IT բնագավառի մասնագետների բողոքի ակցիան», – հայտնեց Հայկ Չոբանյանը: Նա նաև ավելացրեց, որ Հայաստանի տնտեսության աճի ներկայիս տեմպերը պարզապես գոյատևություն են ապահովում, և բնավ ոչ զարգացում և Հարկային օրենսգրքի նախագիծը կրկին ուղղված է երկրի տնտեսական զարգացման դեմ:

Ավելացնենք նաև, որ հավանաբար, Հարկայի օրենսգրքի ներկայիս նախագծի ընդունումը հրահրում են միջազգային ֆինանսական կազմակերպությունները, որոնք հանդիսանում են Հայաստանի վարկատուներ և երկրում բյուջետային ներմուծումների կրճատման պատճառով, անհանգստացած են Հայաստանի հետագա վճարունակության համար:

Բայց Տիգրան Ջրբաշյանը վստահ է, որ Հարկային օրենսգիրքը ներկայիս տեսքով չի ընդունվի: «Մեզ սպասվում են ակտիվ քննարկումների մի քանի ամիսներ: Ես հույս ունեմ, որ արդյունքը ընդունելի կլիի բոլոր կողմերի համար և մենք կստանանք որակապես այլ Հարկային օրենսգիրք»,- ընդգծեց Տիգրան Ջրբաշյանը:

Պատրաստեց Անահիտ Ջուլհակյանը