Հռոմի Ֆրանցիսկոս Պապը դեպի Հայաստան իր ուղևորությունը անվանեց Ուխտագնացություն՝ դեպի քրիստոնեություն, դեպի առաջին քրիստոնյա երկիր:

«Ես ձեզ մոտ եմ գալիս որպես ուխտավոր, որպեսզի այս հոբելյանական տարում թաթախվեմ ձեր ազգի հնագույն իմաստնության մեջ և երկրպագեմ ձեր հավատքի աղբյուրին, որը նման է ձեր փորագիր, ժայռե խաչքարերին: Ես դեպի Հայաստանի կախարդական բարձրություններ եմ գալիս, որպես ձեր եղբայր՝ լցված ձեր դեմքերը տեսնելու ցանկությամբ, աղոթելու ձեզ հետ միասին, կիսելու բարեկամության ձեր շնորհը: Ձեր պատմությունն ու ձեր սիրելի ժողովրդի հետ կատարված իրադարձությունները առաջացնում են իմ մեջ և՛ հիացմունք և՛ վիշտ»,- այսպես խոսաց նա՝ դեռևս Երևան գալուց առաջ: Այդպես էլ եղավ: Ուղևորության ողջ ընթացքը հենց ուխտագնացություն էր:

Հայաստանում քիչ կաթոլիկներ կան, սակայն դա չի խանգարում քրիստոնեությունը դավանող երկու ազգերի միջև ջերմ բարեկամության և ինչպես ասաց Պապը՝ «եղբայրական» հարաբերությունների հաստատմանը:

Հայաստանի մայրաքաղաքի գլխավոր հրապարակում կայացած Էկումենիկ արարողության ժամանակ Հռոմի Պապը նկատեց, որ հայերի հետ հանդիպումն իրեն թույլ տվեց իսկապես իր «եղբայրական սերն» արտահայտել: Հայ մեծ հոգևորականների մեջ նա առանձնացրեց կաթողիկոս Ներսես Շնորհալուն, ով պատվում էր իր ազգին ու նրա ավանդույթները՝ միաժամանակ գտնելով այլ եկեղեցիների հետ միավորվելու ելքեր:

«Ներսես Շնորհալու օրինակը մեզ տալիս է քարացած համոզմունքներից և սեփական շահի նկատմամբ տածած սիրուց ազատվելու համարձակություն, սա քրիստոնեական կյանքի սուրբ յուղ և անգին հոգևոր բալասան է, որը բուժում է, տալիս ուժ ու սրբություն: Ոչ թե շահը, այլ խոնարհումն ու ինքնազոհաբերական սերն է Հոր կարեկցանք, Քրիստոսի  օրհնություն և Սուրբ հոգու բարեկեցություն ապահովում: Ողջ հոգով միմյանց սիրելով ու միմյանց համար աղոթելով, համերաշխությամբ ու բացված հոգով միայն կընդունենք միասնության աստվածային շնորհը»,- ասաց Ֆրանցիսկոսը, հավելելով, որ Սուրբ զոհասեղանին մատուցելով հացն ու գավաթը, նա պատկերացնում է Հայկական եկեղեցու Տիրոջն ու իր սիրելի հայ ժողովրդին:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ, որը սկիզբ դրեց հագեցած միջոցառումների ծրագրին, Պապը, ի հակադրություն որոշ կանխագուշակումների, կրկին օգտագործեց «Ցեղասպանություն» բառը՝ կապված 1915 թ.-ի իրադարձությունների հետ՝ այդ կերպ ցույց տալով Վատիկանի անձեռնամխելիությունը տվյալ հարցում: Նա հայտարարեց, որ ինքը մտածում է բոլոր ազգերի մասին, հատկապես նրանց, որոնք որ Մերձավոր Արևելքում են, որտեղ միմյանց եղբայր ու քույր տարբեր ազգեր ատելության ու հակամարտությունների պատճառով անընդհատ ենթարկվում են բռնությունների ու հալածանքի, ինչը ոչ այլ ինչ է, քան խնդիրների լուծման փորձ՝ ուժի միջոցով ու հարգանքի բացակայությամբ, և այն հատկապես ոչ հզոր ու թշվառ ազգերի նկատմամբ է կիրառվում, որոնք ընդամենը արժանապատիվ կյանք են ցանկանում:

Շոշափելով Օսմանյան Թուրքիայում հայերի հանդեպ իրականացված Ցեղասպանության հարցը, հոգևոր առաջնորդն ասաց, որ ինքը չի կարող չմտածել այն սարսափելի տանջանքների մասին, որոնց ենթարկվել է հայ ազգը:

«Ձեզ պատճառած սարսափելի տառապանքներից անցել է ընդամենը մեկ դար: Անարդարության այդ ողբերգական գործողությունը, որը ձեր ազգն զգացել է իր սեփական մարմնին, հավերժ մնալու է նրա հիշողության մեջ ու ծվատելու է սիրտը: Ես ուզում եմ անպայման ընդգծել, որ ձեր տառապանքները մեզ էլ են պատկանում, և դրանց մասին հիշելը մեր պարտականությունն է: Դրանք պետք է բոլոր ժամանակների փարոսը դառնան, որպեսզի աշխարհն այլևս երբեք չխորտակվի նման սխալների հորձանուտում»,- ասաց Ֆրանցիսկոս Պապը:

Հռոմի Պապը նաև նշեց, որ հայոց պատմության ամենաողբերգական ժամանակներում հենց քրիստոնեական հավատն է հանդիսացել այն ուժը, որը դարձել է նրա վերածնունդի հիմքը: «Անմիտ ատելության պատճառած չապաքինվող վերքերը հավասար են հարություն առած Քրիստոսի վերքերին, որոնք միշտ շարունակում են մնալ նրա մարմնին: Այդ սարսափելի վերքերը դառնում են ներողամտության ու խաղաղության սկզբնաղբյուրը: Նույնիսկ ամենասարսափելի ցավը, որից վերածնվում են խաչի փրկող ուժի միջոցով միայն, և որին ենթարկվել ու վկա է դարձել  հայ ժողովուրդը, կարող է ապագայի համար սերմեր ցանել»:

Ֆրանցիսկոսի խոսքերով՝ սիրով հագեցած հիշողությունը ի վիճակի է նոր ու արտասովոր արահետներով անցնել, որտեղ ատելության կորիզները կարող են վերածնվել խաղաղության: Ապագայի հիմքերը, նշում է նա, պետք է ձևավորվեն այնպես, որպեսզի այդտեղ վրեժի ծարավը տեղ չունենա: Եվ ահա նման հանգամանքներում մշտապես խաղաղության պայմաններ կստեղծվեն, մասնավորապես՝ արժանապատիվ աշխատանք բոլորի համար, հոգատարություն՝ կարիքավորների հանդեպ, և պայքար՝ կաշառակերության դեմ, որը պետք է վերացվի:

Հռոմի Պապը մեջբերեց տողեր՝ Գրիգոր Նարեկացու «Մատեան ողբերգութեան»-ից՝ հիշեցնելով նրա՝ Տիեզերական եկեղեցու ուսուցչի կարգավիճակը, ավելացնելով, որ Նարեկացուն կարելի է համարել նաև աշխարհի ուսուցիչը:

«Նարեկացին ցանկացել է նմանվել աշխարհի բոլոր ծայրերի բոլոր մեղավորներին ու թույլերին, որպեսզի կարողանա ներողություն խնդրել բոլորի անունից: Եվ նա դարձավ  Աստծոն աղոթող աշխարհից ուղարկված դեսպան»,- դա հոգևոր առաջնորդի խոսքերն են, որոնք էլ հենց քրիստոնեության կարևորագույն ուխտն են՝ բարեգթության խնդրանք՝ բոլորի համար:

Հռոմի Պապը պատարագ մատուցեց Գյումրիում, որտեղ ապրում է կաթոլիկ հայերի մեծամասնությունը: 1988 թ.-ի երկրաշարժի հետևանքներից դեռևս ոչ լրիվ վերակառուցված Վարդանանց հրապարակում մատուցված Աստվածային պատարագից բացի, Պապը նաև այցելեց «Յոթ Վերք» եկեղեցի (Սուրբ Աստվածածին), ինչպես նաև Սբ. Նահատակաց Մայր տաճար կաթոլիկ եկեղեցի:

Ընդունված է, որ հայերի կաթոլիկական հավատքը սկիզբ է առել այն խաչակիրներից, որոնք անցել են Կիլիկյան թագավորությունով, վերջինս 1018-1515 թթ. տեղակայված է եղել Միջերկրական ծովի ափերին, այնտեղ, որտեղ ներկայումս գտնվում է Թուրքիայի ու Սիրայի սահմանը: Ֆրանցիսկյան միսսիոներները ակտիվ կերպով քարոզչություն են իրականացրել Օսմանյան կայսրության արևելքում՝ 19-րդ դարի վերջին ու 20-րդ դարի սկզբին, իսկ 1915 թ.-ի ողբերգության ժամանակ միսսիայի  պատերից ներս թաքցրել են բազմաթիվ կանանց ու երեխաների, թերևս հենց այդ պատճառով էլ Հայաստանում կաթոլիկներին անվանում են «ֆրանկներ»:

Հիշողություն, հավատ ու բարեգութ սեր՝ ահա և իսկական քրիստոնյա կյանքի երեք հիմնաքարերը, որոնց մասին խոսեց Պապը:

«Սիրելի եղբայրներ և քույրեր, կարելի է ասել, որ հենց այս վայրերում է իրականացել Եսայի մարգարեի խոսքը՝ «Կվերականգնվեն  հնագույն ավերակներն ու կվերակառուցվեն փլուզված քաղաքները», երկրաշարժի պատճառած սարսափելի դատարկությունից հետո մենք այսօր հավաքվել են այստեղ, որպեսզի փառաբանենք Աստծոն այն ամենի համար, ինչը վերակառուցվել է»,- ասաց Ֆրանցիսկոսը:

Իհարկե Ֆրանցիսկոս Պապն իր մասնակցությունն ունեցավ նաև Սուրբ Էջմիածնում մատուցվող պատարագի ժամանակ, որից հետո ողջույնի խոսքով դիմեց կաթողիկոս Գարեգին 2-րդին, եպիսկոպոսներին ու ողջ քրիստոնյա հայերին: Հավատով ու կյանքով լցված այս մարդու հանգիստ, բայց վստահ ձայնը հասավ բոլորի սրտերին: «Իմ այրվող ցանկության գագաթնակետին, որն ինձ համար վերածվեց անմոռանալի ճանապարհորդության, կցանկանայի Աստծոն իմ երախտագիտությունը հայտնել, որին միացնում եմ այս զոհասեղանից բարձրացող մեծ օրհներգը, գովասանքն և շնորհակալությունը: Ձերդ Սրբություն, այս օրերին Դուք իմ առաջ բացեցինք իմ սեփական տան դռները, և մենք միասին հասկացանք, թե որքան լավ է, երբ եղբայրներն ապրում են նույն հարկի տակ: Մենք հանդիպեցինք ու եղբայրաբար գրկեցինք միմյանց, մենք միասին աղոթեցինք ու կիսվեցինք շնորհներով, Քրիստոնյա եկեղեցու հույսերով ու հոգսերով, որտեղ միաձայն լսվում է սրտի բաբախ, որին մենք հավատում ենք ու զգում  ենք նույն կերպ: Մենք հանդիպել ենք հենց սուրբ առաքյալների նշանի ներքո: Սուրբ Բարդուղիմեոսն ու Թադեոսը, որոնք Ավետարանը հենց այս կողմերում են առաջինը մեկնել, և Սուրբ Պետրոսն ու Պողոսը, որոնք Հռոմում իրենց կյանքը նվիրաբերեցին Աստծոն՝ Քրիստոսի հետ միասին երկնքում փառաբանվելով, անկասկած ուրախանում են՝ տեսնելով մեզ միմյանց հետ, ու մեր հստակ նպատակաուղղվածությունը՝ դեպի լիակատար շփման: Այս ամենի համար ես ձեզ հետ և ձեզ համար աղոթում ու շնորհակալություն եմ հայտնում Աստծոն: Փա՛ռք Տիրոջը»: Վերջին երկու բառը Ֆրանցիսկոս Պապն ասաց հայերեն:

Լեգենդի համաձայն՝ 3-րդ դարում, Երևանից ոչ հեռու գտնվող Խոր Վիրապ եկեղեցում, որը սփռված է գրեթե Արարատի ստորոտին, Հայր Տրդատը մի խորը փոսի մեջ փակեց Առաջին Հայ Կաթողիկոս Գրիգոր Լուսավորչին: Սակայն քահանան կարողանում է բուժել թագավորին խելագարությունից, և 301 թ. Տրդատն ինքն է կնքվում՝ ընդունելով քրիստոնեությունը որպես պետական կրոն: Հայ Առաքելական եկեղեցու վանքում և Կաթոլիկ եկեղեցում վառվեցին մոմերն ու հնչեց աղոթքը: Գարեգին 2-րդ ու Ֆրանցիսկոս Պապը դեպի Արարատ լեռ ուղարկեցին սպիտակ աղավնիներ, որից հետո գրկախառնվեցին ու երեք անգամ համբուրվեցին:

Այս գեղեցիկ միջոցառումը Հայաստանի համար մի շրջադարձային արարողություն էր, պայծառ ու լուսավոր մի կետ՝ երկրի համար բավական բարդ այս իրավիճակում: Սակայն Հռոմի Պապի այցին ու նրա աղոթքներին իրենց մասնակցությունն ունեցան ոչ միայն Հայաստանի, այլ նաև այլ երկրների հավատացյալները, այդ թվում նաև Ռուսաստանից ու Վրաստանից, հարյուրավոր մարդիկ այցելեցին Երևան միայն նրա համար, որ դառնան նման արարողության անմիջական մասնակիցը:

«Ես երջանիկ եմ, որ այցելել եմ Հայաստան՝ Քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած առաջին երկիր: Երախտապարտ եմ բոլորին՝ ընդունելության համար»,-  նման խոսքերով ավարտեց Ֆրանցիսկոս Պապն իր այցելությունը՝ Արարատ լեռան մոտ…

Պատրաստեց՝ Ռուբեն Գյուլմիսարյանը