Կորոնավիրուսի համավարակ, Լեռնային Ղարաբաղում պատերազմի հետևանքներ… 2021 թվականը, ցավոք, «չխուսափեց» դժվարին 2020 թվականի իրադարձությունների բացասական ազդեցությունից։ Ավանդույթի համաձայն՝ յուրաքանչյուր տարեվերջին, երբ ամփոփում ենք անցնող տարվա արդյունքները, հիշում ենք այն իրադարձությունները, որոնք ամենավառ հետքն են թողել մեր սրտում։ Ավանդաբար Dalma News-ը նույնպես ամփոփում է տարին` վերհիշելով Հայաստանում տեղի ունեցած հինգ կարևոր իրադարձությունները. և չնայած խոստովանում ենք, այս 2021 թվականին նույնպես դրանք բավականին քիչ են եղել, որոշ իրադարձություններ, այնուամենայնիվ, արժանի են հիշվելու։

Տարվա հաղթանակ

Թերևս սկսենք վերջին, բայց կարևոր իրադարձությունից, որը, հաշվի առնելով հայ ժողովրդի համար դժվար ժամանակները, մի փոքր ոգևորեց հայերին՝ Հայաստանի ներկայացուցիչը դարձավ «Մանկական Եվրատեսիլ-2021» երգի մրցույթի հաղթողը։

Դեկտեմբերի 15-ին Փարիզում տեղի ունեցավ «Մանկական Եվրատեսիլ» երգի ամենամյա մրցույթի եզրափակիչը։ Չէինք կասկածում, որ մեր 14-ամյա Մալենան կարող է հաղթել իր գեղեցիկ վոկալով, գունեղ շոուով և «Qami, qami» («Քամի, քամի») երգով։ Բայց նաև չէինք կարող պատկերացնել, որ նրա հաղթանակը բոլորիս այդքան ուրախություն կպատճառի։ 2020 թվականին «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթում Հայաստանը պետք է ներկայացներ Մալենան, սակայն 44-օրյա պատերազմի հետ կապված երկրում հայտարարված ռազմական դրության պատճառով նրա մասնակցությունը մրցույթին չեղարկվեց։

Ի դեպ, Հայաստանն առաջին անգամը չէ, որ հաղթում է այս երգի մրցույթում, ինչը չի կարելի ասել հիմնական «Եվրատեսիլ» երգի մրցույթի մասին։ Այսպիսով, 2010 թվականին Հայաստանի ներկայացուցիչ Վլադիմիր Արզումանյանը հաղթանակ բերեց «Մամա» երգով, և 2011 թվականին մրցույթն անցկացվեց մեր երկրում։ Ընդհանրապես Հայաստանը մրցույթում միշտ պատվով է հանդես եկել. 2007 թվականից սկսած, երբ մեր երկիրը առաջին անգամ մասնակցեց «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթին, արդեն երկու անգամ հաղթանակ ենք տարել, իսկ մեր մնացած մասնակիցները հիմնականում զբաղեցրել են 2-րդ տեղը, և չկա տասնյակից դուրս մնացած հայ: Այսպիսով, 2022 թվականին «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթը կանցկացվի Հայաստանում։

«Հալածվող» քաղաքապետ

Անցնող տարվա ավարտը նշանավորվեց արտառոց իրադարձությամբ. Երևանի պատմության մեջ առաջին անգամ քաղաքապետին անվստահություն հայտնվեց, և նա հեռացվեց զբաղեցրած պաշտոնից։ Հայկ Մարությանը Երևանի քաղաքապետ դարձավ 2018 թվականի «թավշյա հեղափոխությունից» անմիջապես հետո, որի ընթացքում ակտիվորեն պաշտպանում էր հեղափոխությունը և Նիկոլ Փաշինյանին: Մարությանը ակտիվ կերպով մասնակցում էր հանրահավաքներին, խոսում նոր արժեքներին, նոր Հայաստանին և այլնին իր նվիրվածության մասին, եւ ի նշան երախտագիտության՝ Փաշինյանի թիմը նրան նստեցրեց քաղաքապետի աթոռին։ Սակայն 2020 թվականին, դեռ պատերազմից առաջ, լուրեր տարածվեցին, որ Մարությանը չի սատարում իշխանական կուսակցությանը։ 44-օրյա պատերազմից հետո խոսակցություններն ակտիվացան, սակայն Մարությանը դրանք ոչ մի կերպ չմեկնաբանեց։ Այնուամենայնիվ, երբ Երևանի քաղաքապետը չմասնակցեց նախընտրական քարոզարշավին և չսատարեց Փաշինյանին 2021 թվականի հունիսին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ, մեկնաբանությունների կարիք այլևս չկար, ամեն բան պարզ դարձավ։ Միաժամանակ մամուլը գրում էր, որ Երևանի քաղաքապետն ու վարչապետը կարողացել են համաձայնության գալ, և Մարությանը «հանգիստ ու խաղաղ» կաշխատի մինչև պաշտոնավարման ժամկետի ավարտը և կհեռանա։ Ավաղ, այդպես չեղավ։

Դեկտեմբերի կեսերին Փաշինյանի թիմը ձեռնամուխ եղավ քաղաքապետ Հայկ Մարությանին տապալելուն, և այս օպերացիան սկսելու ազդանշանը տվեց վերջինիս «դավաճանության» մասին հոդվածը, որը (զուգադիպությամբ) տպագրվեց Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» թերթում։ Այնտեղ ասվում էր, որ Արցախյան պատերազմից հետո Մարությանը հրաժարվել է իշխանամետ կուսակցության անդամությունից, չի աջակցել իրեն Երևանի քաղաքապետ դառնալու հնարավորություն տված թիմին, ինչպես նաև ուղղակիորեն մեղադրվել է Փաշինյանի գլխավոր հակառակորդ Ռոբերտ Քոչարյանի հետ շփման մեջ։

Հետագայում, ինչպես ասում են, տեխնիկայի հարց է: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները սկսեցին գրել ու խոսել այն մասին, թե որքան վատն է Մարությանը, որ դավաճանել է հեղափոխության իդեալներին, թիմին: Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը անվստահություն հայտնելու գործընթաց սկսեց և մեկ օրում հավաքեց անհրաժեշտ ձայները։ Չնայած նույնիսկ յուրայինների մեջ կային այնպիսիք, ովքեր դեմ էին այս գործընթացին, ինչի պատճառով ստիպված եղան հրաժարվել ավագանու անդամի մանդատից։

X օրը Հայկ Մարությանը չլռեց և իր ելույթը նվիրեց իր որոշման դրդապատճառներին։ Երևանի արդեն նախկին քաղաքապետի ելույթը չի կարելի համարել արդարացում. ընդհակառակը, քաջ գիտակցելով, որ ետդարձի ճամփա չկա, Մարությանը քննադատեց Փաշինյանին և նրա շրջապատին՝ ասելով, որ հենց նրանք են դավաճանել հեղափոխության իդեալներին իշխանության գալուց անմիջապես հետո։ Ավելի կոնկրետ՝ գաղտնի հրամանագրով զգալի բարձրացրել են իրենց աշխատավարձերը (նախարարը ստանում է 1.5 մլն դրամ, փոխնախարարը՝ 1 մլն դրամ առանց հարկերի, չհաշված ամսական պարգևավճարները), բյուջետային միջոցները ծախսել են իրենց կարիքները հոգալու, մինչդեռ ճանապարհների ու մանկապարտեզների վերանորոգման համար ֆինանսական օգնություն են խնդրել միջազգային գործընկերներից, իսկ վերջերս Ազգային ժողովի նախագահի համար 200 հազար դոլարով շքեղ մեքենա են գնել, մինչդեռ երկրում աղքատությունը հատել է 30 տոկոսի շեմը և գործնականում դեռևս ռազմական դրության մեջ ենք ապրում:

Մարությանը շարունակեց թվարկումը, և միաժամանակ ասաց, որ առաջին անգամ է հրապարակավ խոսում այս մասին, սակայն թիմում բազմիցս արտահայտել է իր դժգոհությունը, և իրեն իրեն ոչ ոք չի լսել։ Նա չմոռացավ նշել նաև հետհեղափոխական Հայաստանում կոռուպցիայի մասին, երբ պաշտոնյաների հարազատներն ու ընկերները սկսել են իրեն զանգահարել, որպեսզի օգնի իր իրավասության տակ գտնվող հարցերում… Այսպիսով, Մարությանն ասաց, որ ինքը շատ վաղ է հասկացել, որ նոր Հայաստանը պարզապես առասպել է:

Զերծ մնանք Հայկ Մարությանի գործունեությանը գնահատական ​​տալուց՝ նա լավ, թե վատ քաղաքապետ էր, կորոշեն երեւանցիները, ովքեր այս օրերին իրենց աջակցությունն էին հայտնում հալածվող քաղաքապետին։ Սակայն չմոռանանք, որ հենց Մարությանն է առաջինը հասարակությունը բաժանել սեւերի ու սպիտակների։ Ամեն բանի համար վաղ թե ուշ պետք է վճարել. ինչպես ֆրանսիացիներն են ասում՝ «C’est la vie»:

Ոչ թե մեկ տարվա, այլ երկու տասնամյակի առեղծված

Վանո Սիրադեղյանի անունը շատերին է հայտնի: Անգամ նրանք, ովքեր չգիտեն, թե ինչով է հայտնի Սիրադեղյանը, կյանքում գոնե մեկ անգամ լսել են նրա մասին։ Հայաստանի Երրորդ Հանրապետության հիմնադիրներից, Հայոց համազգային շարժման (ՀՀՇ) «Ղարաբաղ» կոմիտեի հիմնադիր և ղեկավար անդամ, հայտնի քաղաքական գործիչ, ով 90-ականներին զբաղեցրել է մի շարք պետական ​​բարձր պաշտոններ՝ Երեւանի քաղաքապետ, ներքին գործերի նախարար, ՀՀՇ վարչության նախագահ, գրող և հրապարակախոս… կարելի է երկար թվարկել։ Սակայն այն բանից հետո, երբ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարականը տվեց, Վանո Սիրադեղյանի համար լավ ժամանակներն ավարտվեցին. 1998 թվականի գարնանը նա պատասխանատվության ենթարկվեց մի շարք ծանր հանցագործությունների, այդ թվում՝ դիտավորյալ սպանությանը մեղսակցության, բանդիտիզմի, կաշառակերության և այլ մեղադրանքներով։ 1999 թվականի մայիսին Վանոն ձերբակալվեց, ապա գրավի դիմաց ազատ արձակվեց, իսկ 2000-ի գարնանը, երբ խորհրդարանը նրան զրկեց պատգամավորական անձեռնմխելիությունից, Սիրադեղյանը չսպասեց կրկին բանտարկվելուն և փախավ։

21 տարի նա հետախուզման մեջ էր, այդ թվում՝ Ինտերպոլի կողմից, ոչինչ հայտնի չէր նրա գտնվելու վայրի մասին, և ժամանակի ընթացքում Վանո Սիրադեղյանը դարձավ առասպելական անձնավորություն. նրա մասին բոլորը լսել էին, բայց քչերն էին տեսել։ Ժամանակ առ ժամանակ մամուլում տեղեկություններ էին հայտնվում, որ Սիրադեղյանն ապրում է Գերմանիայում, հետո ավելի ու ավելի հաճախ Դուբայն անվանվում է նրա նոր տունը, իսկ ոմանք նույնիսկ պնդում էին, որ այս բոլոր տարիներին Վանոն «ծածուկ» ապրել է Հայաստանում: Շատ են խոսակցություններ պտտվել նաև այն մասին, որ նա վաղուց մահացել է… Եվ ահա 2021 թվականի հոկտեմբերին ընտանիքը հայտարարեց Վանո Սիրադեղյանի մահվան մասին, սակայն մահվան պատճառը և վայրը կրկին չեն բարձրաձայնվել:

Սիրադեղյանը 75 տարեկան էր, և նա կյանքից հեռացավ հենց այնպես, ինչպես ապրեց՝ այդպես էլ չցրելով իր շուրջ եղած առասպելները։ Ընդհակառակը, նրան հաջողվեց նոր գույներ հաղորդել այս լուսապսակին՝ արդյո՞ք կա այլ օրինակ, երբ երկրի ողջ իշխանությունը՝ վարչապետի գլխավորությամբ, գալիս է ճանապարհելու միջազգային հետախուզման մեջ գտնվող անձին։ Հարցն ավելի շուտ հռետորական է:

Մի փոքր քաղաքականություն

Որքան էլ ցանկանանք, մեր օրերում հնարավոր չէ կտրվել քաղաքականությունից։ Անգամ բակերում երեխաներն են քննարկում քաղաքականությունը և անգիր գիտեն Հայաստանի ղեկավար կազմը։ Եվ այս տարի դրա համար կար կարևոր պատճառ՝ հունիսին Հայաստանն անցավ հերթական արտահերթ խորհրդարանական ընտրություններով։ Վերջին մի քանի տարիների ընթացքում դրանք մի քանիսն են եղել, ուստի արդեն սովոր ենք մշտական ​​նախընտրական ռեժիմի։ Սակայն, մյուս կողմից, սա հղի է նրանով, որ մարդիկ դառնում են անտարբեր և ամեն անգամ ավելի քիչ ընտրողներ են շտապում ընտրատեղամասեր։ Հունիսի արտահերթ ընտրություններին, որոնց անկացումը Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմից հետո պնդում էր Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած ընդդիմությունը, ընտրողների մասնակցությունը կազմել է 49.41% (1.281.911 մարդ)։ Արդյունքը հայտնի է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարողացավ պահպանել իշխանությունը՝ նրա օգտին քվեարկեց 687.251 քաղաքացի (53.92%), իսկ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի օգտին՝ 268.165 քաղաքացի (21.04%)՝ ապահովելով մուտքը խորհրդարան և դառնալով մեծությամբ երկրորդ խմբակցությունը։ Երրորդ տեղը զբաղեցրեց «Պատիվ ունեմ» դաշինքը՝ ՀՀ ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի գլխավորությամբ, թեեւ դաշինքի առաջնորդը եղել եւ մնում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Նման արդյունքներով ընդդիմությանը չհաջողվեց մարդկանց դուրս բերել փողոց և հասնել Փաշինյանի հրաժարականին, որը նա դեռ պահանջում է։

Տարվա կորուստ

2020 թվականից ի վեր մեզանից յուրաքանչյուրի կյանքում կորուստներ են եղել՝ կորոնավիրուսի պատճառով կորցրել ենք հարազատներին, ընկերներին, 44-օրյա պատերազմից չվերադարձած մեր սիրելի ամուսիններին, եղբայրներին ու որդիներին։ Այս ցավը ապրում է յուրաքանչյուրիս մեջ և միշտ կհիշեցնի իր մասին։ Դժվար է մեկ ցավն առանձնացնել մյուսից, բայց, այնուամենայնիվ, կան մարդիկ, որոնց կյանքից հեռանալը հուզում է բոլորին։

2021 թվականի սեպտեմբերին Հայաստանը կորցրեց ամենառոմանտիկ, դրական երգիչ և կոմպոզիտոր Հայկոյին (Հայկ Հակոբյան), որին, անկասկած, սիրում էին բոլորը։ Նա ընդամենը 48 տարեկան էր, սակայն կորոնավիրուսն ավելի ուժեղ գտնվեց. բժիշկները երկու շաբաթից ավելի պայքարում էին նրա կյանքի համար, սակայն անզոր գտնեցին։ Հայաստանի վաստակավոր արտիստ, տաղանդավոր երգիչ, ով 2007 թվականին Հայաստանը ներկայացրել է Եվրատեսիլում «Anytime you need» երգով և զբաղեցրել ութերորդ տեղը, մեր ժամանակների ամենահայտնի, սիրված ֆիլմերի և հեռուստասերիալների սաունդթրեքերի հեղինակ, կատարող, ով նոր շունչ հաղորդեց հին երևանյան ռոմանսներին և ստիպեց նույնիսկ երիտասարդներին սիրել դրանք… Հայկոն ապրեց պայծառ ու հագեցած կյանքով, սակայն, ցավոք, վաղաժամ լքեց այն…

Մեզ մնում է միայն հուսալ, որ մեկ տարի անց, երբ կրկին ամփոփենք անցած 365 օրերը, դրական պահերն ավելի շատ կլինեն: Շնորհավոր Ամանոր, Հայաստան։

Լինա Մակարյան