Օրերս՝ մայիսի 26-ին, Վրաստանը նշեց երկրի ամենակարևոր տոնը՝ Անկախության օրը: Հոբելյանական տարեդարձ էր, քանի որ անկախացումից հետո անցել է արդեն 25 տարի՝ հախուռն, ողբերգական իրադարձություններով, խորը վերքերով լի տարիներ, որտեղ շատերը նույնիսկ այս օրը դիմավորելու համար ողջ մնալ չկարողացան: Իսկ տարեդարձը միշտ էլ կատարվածն ամփոփելու համար հարմար ժամանակ է:

Ի՞նչ կատարվեց իրականում Վրաստանի հետ՝ Խորհրդային միության փլուզումից հետո

Իր նորագույն պատմությունը կերտելու ճանապարհին Վրաստանը անցավ այն բոլոր իրադարձությունների միջով, որոնք անցել էին նախկին Խորհրդային միության անդամ բոլոր երկրները: Ձևականորեն դեռ այն ժամանակ էլ Վրացական խորհրդային սոցիալիստական հանրապետությունը  համարվում էր պետություն՝  իր գերբով, հիմնով ու դրոշով: Այդ պետությունն ուներ զարգացած արդյունաբերություն և գյուղատնտեսություն: Հէկ-ի և ջերմային էլեկտրակայանների շնորհիվ երկրում զարգանում էր նաև էներգետիկ արդյունաբերությունը, զարգացած էր ինքնաթիռաշինությունն ու նավաշինությունը, դրա վառ օրինակն էլ Բաթումիում արտադրվող յուրահատուկ սուզանավերն էին, զարգանում էր սև ու գունավոր մետաղաձուլությունը, հանքարդյունաբերությունը, ավտոմոբիլաշինությունը, մեքենաշինության տարբեր ոլորտները, մեծ քանակով արտադրվում էր գործվածք, տրիկոտաժ, կոշկեղեն և շատ այլ իրեր: Գյուղատնտեսությունը ողջ Խորհրդային միությանը ապահովում էր թեյով, ցիտրուսներով, գինով և այլ ապրանքներով:

Խորհրդային միության բոլոր կողմերից միլիոնավոր քաղաքացիներ գալիս էին այստեղ հանգստանալու, և բարձր զարգացում ունեցող առողջարանային ցանցն ու հանգստյան տները միշտ տեղի խնդիր ունեին: Շարքային քաղաքացիներին էլ ներքին զբոսաշրջությունը քիչ օգուտ չէր տալիս: Խորհրդային միության շրջանակներում Վրաստանը գտնվում էր  բարեկեցիկ բնակչություն ունեցող երկրների շարքում:

Այսօր այդ ամենն անցյալ է այլևս: Զարգացած արդյունաբերությունից գրեթե ոչինչ չի մնացել: Գործարաններում և այլ ձեռնարկություններում, որտեղ աշխատում էին մի քանի տասնյակ հազար մարդ՝ ստանալով կայուն աշխատավարձ, անվճար բնակարաններ, տարբեր ուղեգրեր, հիմա մեռելային լռություն է տիրում: Նախկին արդյունաբերական տարածքներում գործում են կիսաարհեստագործական ձեռնարկություններ, որտեղ լավագույն դեպքում աշխատում են մի քանի տասնյակ մարդ:

Նույն պատկերն է նաև գյուղատնտեսության մեջ: Այսօր Վրաստանում բավական բարդ է մտնել խանութ և գնել իսկական վրացական որակյալ թեկուզ մեկ տուփ թեյ, հենց այն նույն թեյից, որը խմում էին ողջ Խորհրդային միությունում: Իսկ ներկրվող ցիտրուսները բոլորովին ետին պլան են մղել տեղական արտադրանքին: Խորհրդային միության փլուզումից հետո վրացական գինու համար ամենառեալ  շուկան մնում է ռուսականը: Միության անկումից հետո այդ ոլորտը հայտնվեց ծայրահեղ ծանր վիճակում, և տարբեր ժամանակներում գործող կառավարության ջանքերը՝ նոր շուկաներ գտնելու հարցում, ոչ մի տեսակի հաջողությամբ ցավոք չպսակվեցին: Շատ ցավալի է այս մասին գրելը, սակայն դա մերկ ճշմարտությունն է, որը հերքել չի կարող նույնիսկ ամենաանզգա նեղմիտը:

Քաղաքական կյանքում էլ վիճակը նախանձելի չէ: Անկախության հենց առաջին օրերից սկսած՝ երկրում սկսվեց իշխանության համար մի դաժան պայքար՝ տարբեր քաղաքական ուժերի միջև, որն էլ բերեց ուղղակիորեն քաղաքացիական պատերազմի՝ Թբիլիսի փողոցներում արյուն էր թափվում, այրվում ու փլվում էին շինություններ, սկսվեց սուր հակամարտություն ինքնավար սուբյեկտների միջև, որի արդյունքում Աբխազիան, Աջարիան և Հարավային Օսեթիան ուղղակիորեն դուրս մնացին Վրաստանի կազմից: Աջարիայի հետ եղած խնդիրը մի կերպ լուծում ստացավ, իսկ ահա Սուխումին ու Ցխինվալին մինչև օրս էլ արնածոր վերք են երկրի համար…

90-ական թթ. տնտեսական լիակատար անկում էր, որն ուղեկցվում էր հանցագործությունների անհավանական աճով, քաղաքական առաջնորդների սպանություններով, ահաբեկչություններով: Բարեբախտաբար իրավիճակն աստիճանաբար հարթվեց, և կյանքն էլ համեմատաբար թերթևացավ, ինչի համար շատ մեծ երախտագիտությամբ պետք է հիշել Էդուարդ Շեվարդնաձեին, ով իր բոլոր թերություններով հանդերձ, կարողացավ կոտրել բացասական այդ երևույթների հոսքն ու դուրս գալ ծայրահեղ վիճակից: Բայց «արծաթագույն զգույշ աղվեսը» այլևս չէր գոհացնում նրանց, ովքեր կարծում են, թե իրենք են այսօր կառավարում աշխարհը: Անցած լինելով «Կրեմլի դպրոցը», և չափազանց լավ իմանալով թե Արևմուտքը, թե Արևելքը, Շեվարդնաձեն հիանալի հասկանում էր, թե որտեղից որտեղ են ձգվում այն սահմանները, որտեղ Ռուսաստանին ոտնահարել չի կարելի: Եվ իր բոլոր թերություններով հանդերձ՝ նա  պատրաստ չէր իր երկիրը դնելու զոհասեղանին: Այդ պատճառով երկրում շատ արագ կազմակերպվեց «ծաղկային հեղափոխություն», և նրա տեղը զբաղեցրին անդրօվկիանյան «արմատական նվիրյալները»:

Եվ ահա նրանց առաջնորդ Միխայիլ Սահակաշվիլին փորձեց խնդրին լուծում տալ այլ ճանապարհով, որն էլ երկիրը հասցրեց 2008 թվականի ողբերգական օգոստոսին… Նա գործնականորեն ստիպում է Ռուսաստանին անել այն, ինչ վերջինս չէր արել՝ ճանաչել Աբխազիան և Հարավային Օսեթիան: Այդ ճանաչմանը միացան ևս մի քանի երկրներ, որն էլ իրավաբանորեն փոխեց ինքնավարության կարգավիճակը՝ «մասամբ ճանաչված պետության»:

«Ազգային միասնական շարժումը» 9 տարի ղեկավարելուց և երկրում քաղաքական կոշտ ահաբեկչական ռեժիմ սահմանելուց հետո 2012 թվականին նրան խաղաղ ճանապարհով փոխարինեց  «Վրացական երազանք» կոալիցիան:

Հավատարիմ մնալով արևմտամետ ուղղությանը, կոալիցիան այնուամենայնիվ, հաշվի առնելով ընտրազանգվածի ցանկությունները, ամեն կերպ փորձեց կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի հետ: Բայց արևմտամետ կողմնորոշումն ու պրագմատիկ ուղղվածությունը ամերիկյան ընդհանուր բռնապետության պայմաններում համատեղելի չեն:

Նման մի պատմություն էլ եղավ Ուկրանիայի հետ, երբ վերջինս պետական հեղաշրջման արդյունքում կորցրեց Ղրիմն ու մեծ խնդիրների հանդիպեց  Դոնբասում: Բայց կարևորն այն է, որ այդ գնով նա թույլ տվեց Միացյալ նահանգներին պատժամիջոցային պատերազմը շուռ տալ դեպի Ռուսաստանը: Այսօր արևմտյան «տիկնիկավարին» հարկավոր է Վրաստանը, որը առավելագույն ակտիվությամբ կսկսի անհանգստացնել իր հյուսիսային հարևանին:

Անկախության օրն ու նրա տված դասերը

13315224_1216556238377116_3189255129483047802_nՎերադառնալով Վրաստանի՝ անկախության 25-ամյակի առթիվ կատարվող տոնակատարությանը, նշենք, որ այդ միջոցառմանը մասնակցում էր երկրի ամբողջ ղեկավարությունը: Նախագահի, վարչապետի և Պաշտպանության նախարարի հնչած ելույթներն իրար շատ նման էին, որովհետև նրանց ելույթ ունենալու գլխավոր շարժառիթը, եթե իհարկե ոչ միակը, անկախության ամրապնդման թեման էր, ինքնավարության և ինքնազոհողության պատրաստակամությունը: Հարյուրավոր նորակոչիկներ Թբիլիսիում և երկրի այլ շրջաններում հրապարակայնորեն կատարեցին իրենց հանդիսավոր երդման արարողությունը:

13260142_1216556105043796_8725004276977509852_n

Վրացական երազանքն» իր ժամանակին հրաժարվեց զինվորական հանդիսավոր քայլերթից, նմանօրինակ միջոցառումը տեսականորեն համարելով անիմաստ և ներկայիս տնտեսական ճգնաժամի պայմաններում գտնվող երկրի համար բավական թանկ հաճույք: Դրա համար էլ երկրի կենտրոնական հրապարակում ներկայացվեցին վրացական բանակի ստորաբաժանումները, որոնք ի դեպ, ՆԱՏՕ-ում պատրաստված և ՆԱՏՕ-ական զինահագուստ կրող զինվորներ էին:

Օրեցօր արտաքին քաղաքական առաջնահերթություններում բացահայտ ֆաշիստամետ և ռուսախուսափողական ուղղվածություն ունեցող «Ազգային միասնական շարժման» և «Վրացական երազանքի» գործելակերպի մեջ տարբերությունը դառնում է քիչ նկատելի: Իշխող էլիտայի մի մասի մեջ այսօր ինքնավարության նկատմամբ բավական տարօրինակ պատկերացում կա: Ռուսական կողմից հնչող նույնիսկ ամենաանմեղ արտահայտություններում նրանք նկատում են իրենց ինքնավարական իրավունքի վրա հարձակում: Այդ դեպքում ինչպե՞ս պետք է ընդունել այն, որ երկրի գլխավոր տոնակատարության ժամանակ ելույթ են ունենում օտարերկրյա զինծառայողներ:

Քայլեցին ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Լեհաստանի, Լատվիայի զինծառայողները, ելույթ ունեցավ զինվորական նվագախումբը: ՆԱՏՕ-ն արդեն որերորդ տարին է խոստանում է Վրաստանի դեմ լայն բաց անել բոլոր դռները, օգնում է վրացական բանակին զինելու ու կրթելու հարցում: Տոնակատարության ժամանակ ելույթով հանդես եկավ նաև  ամերիկյան մի գեներալ, ով գովաբանում էր ՆԱՏՕ-ի կազմում վրացական ստորաբաժանումների գոյությունը և հարգի առնում հայրենիքից հեռու զոհված վրացի զինծառայողների հիշատակը: Արդյոք հանուն ինչի՞ են մահացել այդ երիտասարդները: Հանուն նրա, որ իրենք իրենց «փոխանակել են» ՆԱՏՕ-ական զինվորների հե՞տ: Որպեսզի Ամերիկայում և Եվրոպայում ավելի քի՞չ հուղարկավորություն լինի:

Մնում է միայն տալ մեկ հարց՝ ՆԱՏՕ-ական զինվորական նվագախմբի երաժշտության հնչյունների ներքո դեպի ո՞ւր է քայլելու վրացական բանակը: Չէ՞ որ հայտնի բան է՝ ով պատվիրում է երաժշտությունը, նա էլ վճարում է…

Գիորգի Քարթվելի, հատուկ Dalma News-ի համար