Նոյեմբերի 2-ին, ծանր հիվանդության դեմ երկար պայքարից հետո մահացել է աշխարհահռչակ ծանրորդ Յուրի Վարդանյանը։ Յուրի Վարդանյանը ծնվել է 1956 թ. հունիսի 13-ին Գյումրիում: Ծանրամարտով սկսել է զբաղվել 1970 թ.՝ հորեղբոր Սերգեյ Վարդանյանի գլխավորությամբ: 1974-1980 թթ. սովորել և ավարտել է Լենինականի Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզիկական դաստիարակության ֆակուլտետը՝ ֆիզիկական կուլտուրայի ուսուցչի որակավորմամբ։ Իսկ 1984-1987 թթ. սովորել և ավարտել է Երևանի Ժողովրդական տնտեսության ինստիտուտի «Ժողովրդական տնտեսության պլանավորում» ֆակուլտետը՝ տնտեսագետի որակավորմամբ։ 1975-1976թթ․ դարձել է աշխարհի և Եվրոպայի պատանեկան չեմպիոն 75 կգ քաշային կարգում։

Նա աշխարհի չեմպիոն է դարձել 1977 (75 կգ քաշային կարգ), 1978, 1979, 1980, 1981, 1983, 1985 թթ. (82.5 կգ քաշային կարգ): Իսկ 1977 (75 կգ), 1978, 1980, 1981, 1983 թթ․ դարձել է Եվրոպայի չեմպիոն։

1980թ․Օլիմպիական խաղերում նա ոսկե մեդալ է նվաճել 82.5 կգ քաշային կարգում, սահմանել է համաշխարհային 5 ռեկորդ եւ դարձել է միջին քաշում առաջին ծանրորդը, որը երկամարտում գրանցել է 400 կգ: 1982 թ. աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում պայքարել է 90 կգ քաշային կարգում ու արծաթե մեդալ է նվաճել, այնուհետեւ վերադարձել 82.5 կգ քաշային կարգ: 82.5 կգ քաշային կարգում արծաթե մեդալ է նվաճել 1984-ի Եվրոպայի առաջնությունում:

«80-ականներին իմ կարիերայի միջնամասն էր: ԽՍՀՄ-ի հավաքականում 1975 թվականից եմ սկսել հանդես գալ: Այդ ժամանակ էլ առաջին լուրջ հաջողությանս եմ հասել՝ երիտասարդական ԱԱ-ում ռեկորդներ եմ սահմանել ու առաջին տեղը գրավել: 2 տարի անց արդեն մեծերի Աշխարհի չեմպիոն էի, հաջողությունս կրկնեցի 6 տարի շարունակ՝ 1978-1983 թթ: Ապա Աշխարհի ոսկի նվաճեցի մեկ տարվա ընդմիջումից հետո՝ 1985-ին»,- հարցարզույցներից մեկի ժամանակ պատմել էր ծանրորդը:

Յուրի Վարդանյանը չորս տարի անընդմեջ՝ 1978-81թթ․ ճանաչվել է աշխարհի լավագույն ծանրորդ և յոթ անգամ տեղ է զբաղեցրել Խորհրդային Միության տասը լավագույն մարզիկների ցուցակում։

Յուրի Վարդանյանը զբաղվել է ոչ միայն սպորտով, այլև քաղաքականությամբ։ 1985թ․ նա ընտրվել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի անդամ: 1991թ․ տեղափոխվել է ԱՄՆ, զբաղվել հասարակական գործունեությամբ ու մարզչությամբ։ Նա մարզել է իր տղային` Նորայր Վարդանյանին, որը 2008 թվականին դարձել է ծանրամարտի ԱՄՆ-ի չեմպիոն 94 կգ քաշային կարգում։ 2009թ․վերադարձել է Հայաստան ու նշանակվել Հայաստանի նախագահի խորհրդական։ 2013-ին ազատվել է այդ պաշտոնից և նշանակվել ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար: Իսկ 2014թ․հունիսի 24-ին նշանակվել է Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան: 2017թ. ազատվել է այդ պաշտոնից։

Օլիմպիական չեմպիոն, աշխարհի 7-ակի, Եվրոպայի 5-ակի չեմպիոն և ի վերջո բոլոր ժամանակների մեծագույն հայ ծանրորդին կհուղարկավորեն Հայաստանում:

 

Արփինե Բաղդասարյան