Արդեն երեք ամիս է, ինչ ռուս խաղաղապահները կատարում են իրենց առջև դրված խնդիրները Արցախում հրադադարի ռեժիմի պահպանման համար: Ռազմական զորախմբի գործունեության ճակատը, ինչպես և սկզբնապես, տեղակայված է միանգամից մի քանի ուղղությամբ՝ աջակցության ցուցաբերում Արցախի բնակիչներին հայրենիք վերադարձնելու գործընթացում, տարածքների ականազերծում, մարդասիրական օգնության ընդունում և բաժանում, սոցիալական նշանակության օբյեկտների վերականգնում, բժշկական օգնության տրամադրում բոլոր նրանց, ովքեր ունեն դրա կարիքը: Առանձին ուղղություն է Արցախյան պատերազմում անհայտ կորածների որոնման գործում աջակցությունը: Խաղաղապահները նույնպես դուրս են գալիս իրենց անմիջական պարտականությունների շրջանակից, օրինակ՝ հունվար ամսվա կեսերին ռուս զինվորականները օգնության հասան ավտովթարի ենթարկված արցախցիների:   

Դեպքը տեղի է ունեցել Երևան-Մեղրի մայրուղու մի հատվածում` Խոտ բնակավայրից ոչ հեռու: Վթարը, որի ընթացքում ՈւԱԶ-ի վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը և գլորվել անդունդը, տեղի է ունեցել ռուս զինծառայողների աչքի առջև, որոնք ուղևորվում էին ՌԴ ԱԴԾ սահմանային դիրք: Խաղաղապահներն առաջին բուժօգնություն են ցուցաբերել ամուսնական զույգին և նրանց երկու անչափահաս երեխաներին: Բարեբախտաբար, ամեն բան հաջող ավարտվեց. երեխաները թեթև վնասվածքներ էին ստացել, իսկ մեծահասակները՝ կոտրվածքներ և գլխուղեղային վնասվածքներ: Նրանք անհապաղ տեղափոխվեցին Գորիսի բժշկական կենտրոն. սա ռուսական խաղաղապահ առաքելության հերթական փորձությունն էր:

Ռուս զինվորականների հիմնական խնդիրը՝ նրանց վստահված տարածքում իրավիճակի շուրջօրյա դիտարկումը, իրականացվում է պատշաճ մակարդակով: Ըստ ՌԴ ՊՆ կայքի՝ փետրվարի 10-ի դրությամբ «հրադադարը պահպանվել է շփման գծի ողջ երկայնքով»: Դիրքերի՝ զինվորական համազգեստով զինծառայողների կողքով ճանճ անգամ չի կարող անցնել: ՊՆ կայքում տեղադրված տեսանյութը դրա ապացույցն է. անցակետին մոտեցող յուրաքանչյուր վարորդի հարցնում են՝ արդյո՞ք ճանապարհին ամեն բան հանգիստ էր, և ադյո՞ք չի տեղափոխում զենք կամ զինամթերք: Բացասական պատասխանը բավարար չէ. խաղաղապահները ստուգում են բեռնախցիկը, և միայն համոզվելուց հետո, որ ամեն բան կարգին է, թողնում են՝ բարի ճանապարհ մաղթելով:

Հրադադարի ռեժիմի նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է նաև օդից: Հունվարի վերջից գործի է դրվել ռուս-թուրքական համատեղ մոնիտորինգի կենտրոնը, որի անձնակազմը վերահսկում է իրավիճակը «Ֆորպոստ» և «Օրլան-10» անօդաչու թռչող սարքերի օգտագործման հետ կապված:

«Միասնական կենտրոնի զինծառայողները կառավարման կենտրոնում անընդհատ պատկերներ են ստանում անօդաչու թռչող սարքերից, որտեղ վերլուծվում են ռազմական տեխնիկայի, անձնակազմի բոլոր տեղաշարժերը և արձանագրվում կողմերի՝ շփման գիծը հատելու բոլոր փաստերը:  Միասնական կենտրոնի հերթապահները հերթափոխով հավաքում, ընհանրացնում և ստուգում են ձեռք բերված պայմանավորվածությունների խախտումների վերաբերյալ տեղեկատվությունը, քննարկում ցանկացած բողոք` կապված հակամարտության կողմերի ձեռք բերված պայմանավորվածությունները չկատարելու հետ», – հայտնում է ՌԴ ​​Պաշտպանության նախարարությունը:   

Խաղաղապահների առօրյան միայն շուրջօրյա հսկողությունը չէ. դիտակետերում հավանական արտակարգ իրավիճակի դեպքում պատասխան հարված տալ կարողանալու համար զինվորականները կատարելագործում են իրենց մարտական ​​հմտությունները: Փետրվարի սկզբին «Ստեփանակերտ» զորավարժարանում սովորական մարտական ​​վարժանքների շրջանակներում մշակվել են մի շարք ուսումնական առաջադրանքներ.

«Զրահափոխադրիչների անձնակազմի հետ վարժանքների ընթացքում անցկացվել են ԶՓԿ-82-ի շարժական մասի և ստանդարտ սպառազինության շահագործման, ինչպես նաև դրանց պահպանման կարգի վերաբերյալ տեսական և գործնական վարժանքներ: Ընդհանուր առմամբ, մոտ 200 ռուս զինծառայողներ են ներգրավված մարտական ​​պատրաստության մեջ»:      

Հրամանատարությունը նաև ուշադիր հետևում է զորամիավորման ֆիզիկական վիճակին, մասնավորապես՝ առողջությանը: Հունվարին խաղաղապահները պատվաստվել էին «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին բաղադրիչով, իսկ փետրվարի 5-ին հայտարարվեց, որ մեկնարկում է երկրորդ բաղադրիչով պատվաստումը: Առաջին պատվաստանյութը ստացան հրամանատարության ներկայացուցիչները, ինչպես նաև Ստեփանակերտում տեղակայված բժշկական ստորաբաժանումների զինծառայողները: Ավելի ուշ, բժիշկների շարժական խմբերը պատվաստելու են ՌԽԶ անձնակազմին, որը առաջադրանքներ է կատարում բոլոր 27 դիտակետերում: Ըստ ՌԴ պաշտպանության նախարարության՝ մինչև փետրվարի 10-ը արդեն պատվաստվել էր շուրջ 1500 զինծառայող: Կարևոր է, որ COVID-19-ի դեմ պատվաստումն իրականացվում է բացառապես կամավոր սկզբունքով:

Աշխատանքը եռում է նաև Ստեփանակերտի՝ քաղաքացիների ընդունման կետում: Անհայտ կորածների մասին տեղեկատվություն հավաքելու համար այստեղ ստեղծվել է «թեժ գիծ»: Ինչպես հայտնի է, որոնողական աշխատանքներն իրականացնում է ռուսական խաղաղապահ զորակազմը` Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, ադրբեջանական և հայկական կողմերի ներկայացուցիչների հետ համագործակցությամբ: Բոլոր հարցումները գրանցվում են, մուտքագրվում տվյալների բազա և փոխանցվում համատեղ որոնողական խմբերին: Ընդհանուր առմամբ, մինչև փետրվարի 7-ը ընդունման կենտրոն էր դիմել 2393 մարդ, որոնցից 584-ը «թեժ գծի» միջոցով:

Հասկանալով իրենց հարազատներին և ընկերներին կորցրած Արցախի քաղաքացիների հոգեբանական վիճակը՝ խաղաղապահների հրամանատարությունը փորձում է հնարավորինս արդյունավետ կազմակերպել որոնողական աշխատանքները. հունվարի երկրորդ կեսին հայտարարվեց լրացուցիչ խմբի ստեղծման մասին, որը սկսեց որոնողական աշխատանքներ իրականացնել Քելբաջարի շրջանի լեռնային տարածքներում: Հունվարի 19-ին Արցախում ռուս խաղաղապահ զորախմբի (կողմերի հաշտեցման) կենտրոնի ղեկավարի տեղակալ, գնդապետ Դմիտրի Պերեպյոլկինը հայտնեց.

«Քելբաջարի շրջանի 3358 բարձրության վրա գտնվող տարածքում զոհվածների մարմինները որոնելու համար ստեղծված լրացուցիչ խմբի աշխատանքները շարունակվում են»: Ընդհանուր առմամբ, որոնողական աշխատանքների մեկնարկից մինչև փետրվարի 13-ը խաղաղապահների մասնակցությամբ ռազմական գործողությունների գոտում հայտնաբերվել է 1374 մարմին և աճյուն:

Խաղաղապահներին վստահված մարդասիրական կարևորագույն առաքելություններից մեկը Ադրբեջանից հայ գերիների վերադարձն է: Մեկ այլ ուրախ իրադարձություն տեղի ունեցավ փետրվարի 9-ին՝ գերիների փոխանակում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի անձնական վերահսկողության և ջանքերի շնորհիվ: Ռուսական ռազմատիեզերական ուժերի ինքնաթիռը մեկ գերի հասցրեց Բաքու, իսկ հինգ հայ գերիներ վերադարձան  Երևան:

Ճիշտ է, Էրեբունի օդանավակայանում հավաքված հարազատներն ու մտերիմները սպասում էին ավելի քան 20 մարդու, և հիասթափված էին, որ իրենց հույսերը չարդարացան: Այնուամենայնիվ, դատելով Ռուստամ Մուրադովի հայտարարությունից՝ ըստ որի «ռուս խաղաղապահները կշարունակեն նպաստել եռակողմ համաձայնագրի անվերապահ իրականացմանը», սպասվում է Բաքվից վերադարձող ռազմագերիների մեկ այլ խումբ ևս:

Բացի այդ, փետրվարի 12-ին, խաղաղապահների հովանու ներքո, տեղի է ունեցել հանդիպում Լեռնային Ղարաբաղի նախագահ Արայիկ Հարությունյանի և Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցչի միջև, որին մասնակցել է նաև ՀՀ ԱԱԾ տնօրեն, գնդապետ Արմեն Աբազյանը, ինչպես նաև գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը: Քննարկված հարցերի շարքում կրկին բարձրացվեց գերիների վերադարձի հարցը, ինչը ևս որոշակի հույսեր է ներշնչում:

Հայ գերիները վերադարձան տուն

Ռազմական գործողությունների տարածքում ընթանում են ականազերծման ակտիվ աշխատանքներ: Մինչև փետրվարի 11-ը ՌԴ ՊՆ ականազերծման գործողությունների միջազգային կենտրոնի փորձագետներն արդեն վնասազերծել էին 24268 պայթյունավտանգ առարկա: Համեմատության համար նշենք, որ հունվարի 3-ին այս ցուցանիշը ընդամենը մոտ 16 հազար էր: Ականազերծման արդյունավետությունն ու օպերատիվությունը ապահովվում է նաև Արցախում կիրառվող «Ուրան-6» ռոբոտային համակարգերի շնորհիվ: Տեխնիկան գործում է բավականին արդյունավետ, և, որ ամենակարևորն է` ցանկացած եղանակին: Արդյունքում, անցած տարվա նոյեմբերի 23-ից մինչև այս տարվա փետրվարի 11-ը չպայթած զինամթերքից մաքրվել է 1343.3 հա տարածք, 420.8 կմ ճանապարհ, 1275 շենք-շինություն, այդ թվում՝ 29 սոցիալական նշանակության օբյեկտ: Իսկ Ստեփանակերտը դեռ հունվարի սկզբին 80 տոկոսով մաքրվել է չպայթած զինամթերքից:

«Միայն Ստեփանակերտում սեպտեմբերի 27-ից հայտնաբերել և վնասազերծել ենք մոտ 30-40 հազար չպայթած զինամթերք», – ՌԻԱ Նովոստի-ի հետ հարցազրույցում հայտնել է ԼՂ ականազերծման հումանիտար կենտրոնի տնօրեն Սամվել Մեսրոպյանը: Իրավիճակը բարդանում է այն պատճառով, որ ռուս սակրավորներին ժառանգություն է մնացել նաև 1990-ականների սկզբին Արցախյան առաջին պատերազմի ժամանակաշրջանից չպայթած զինամթերքը: Ուստի, ըստ փորձագետի՝ Արցախի ամբողջ տարածքը վնասազերծելու համար 15 կամ նույնիսկ 20 տարի կպահանջվի:

Այնուամենայնիվ, խաղաղապահների պատասխանատվության գոտում գտնվող տարածքի ականազերծումը, ըստ ՌԴ ռազմական զորախմբի ինժեներական ծառայության ղեկավար, փոխգնդապետ Պավել Պաուտովի՝ կտևի մի քանի ամիս: Արդեն փետրվարի 11-ին ՌԴ ԱԻՆ պիրոտեխնիկները սկսել են ականազերծել Մարտակերտի շրջանը. այստեղ նախատեսվում է հետազոտել ավելի քան 425 հա տարածք: Մեկ օր առաջ աշխատանքներն ավարտվել էին Մարտունու շրջանում:

«Մոտ մեկ ամսում այդ վարչական միավորում ուսումնասիրվել է ավելի քան 160 հա տարածք և հայտնաբերվել մոտ 600 զինամթերք՝ հրետանային արկեր, հակատանկային և հակահետևակային ականներ, ավիացիոն ռումբեր, «Գրադ» և «Սմերչ» ՀԿՌՀ-ի բեկորներ, Մ-85 կասետային զինատեսակ և տարբեր տրամաչափի պարկուճներ» – հաղորդեց ՌԴ պաշտպանության նախարարությունը: 

Ռուս խաղաղապահները ականազերծում են իրականացնում Արցախում

Միայն Հերհեր գյուղի մոտակայքում ՌԴ ԱԻՆ-ը հայտնաբերեց 122մմ տրամաչափի յոթ հրետանային արկ: Երախտապարտ ենք տեղի բնակչներին զգոն լինելու և գտնված վտանգավոր իրի մասին ժամանակին հաղորդելու համար: Ժամանած սակրավորները հայտարարել են, որ դրանք վտանգավոր են զորավարժարան տեղափոխելու համար, և, անվտանգության միջոցառումներին ելնելով՝ ոչնչացրել են տեղում:

ՌԴ ԱԻՆ պիրոտեխնիկները մասնագիտորեն և չափազանց զգույշ են մոտենում գործին: Սոցիալական ցանցերում պտտվող տեսանյութերում տեսախցիկը ֆիքսում է, թե ինչպես մասնագետները բառիս բուն իմաստով զննում (հատուկ զոնդով) տարածքի յուրաքանչյուր սանտիմետրը, որտեղ առկա են տարբեր պայթյունավտանգ առարկաներ: Օգտագործվում են նաև ականորսիչներ, շներ և, իհարկե, սեփական ինտուիցիան և լսողությունը: Պիրոտեխնիկների գերազանց աշխատանքը երաշխավորում է հարազատ հողի վրա անվտանգ տեղաշարժը: Իզուր չէ, որ ավելի ու ավելի շատ արցախցիներ են վերադառնում հայրենի հող. նոյեմբերի 14-ից փետրվարի 11-ը խաղաղապահների ուղեկցությամբ տուն է ժամանել 52 447 մարդ: Իրականում այս ցուցանիշը գրեթե կրկնակի շատ է:

Նույն օրը ԼՂ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը հստակեցրեց. փետրվարի 11-ի դրությամբ շուրջ 100 հազար մարդ վերադարձել է Լեռնային Ղարաբաղ: Աստված տա, որ այս ցուցանիշն օրեցօր աճի, և որ Հայաստանում գտնվող մոտ 40 հազար արցախցիներ վաղ թե ուշ վերադառնան իրենց հայրենիք, որտեղ ծնվել և մեծացել են:

Իրինա Գրիգորյան