Հայ-ռուսական բազմակողմանի համագործակցության ու երկու երկրները իրար կապող երկարատև տարաբնույթ հարաբերությունների պայմաններում, այնուամենայնիվ մշակութային անմիջական շփման պակաս զգացվում է: Մշակութային շփումներն իրականում երբեք էլ շատ չեն լինում, և այս անգամ էլ երկու երկրների միջանձնական ու միջմշակութային հարաբերությունների հերթական փոքրիկ ներդրումը կատարեց «Մշակութային երկխոսություն» անունը կրող գրական փառատոնը, որը կայացավ հունիսի վերջին օրերին՝ Երևանում:

Ժամանակին հրաշալի Նիժնի Նովգորոդի քաղաքապետի տեղակալի պաշտոնն զբաղեցրած, գրող Դմիտրի Բիրմանը խոսում է նմանատիպ միջոցառումների հաճախականության կարևորության մասին, ավելացնելով, որ մարդիկ, քաղաքականությունից ու նման այլ երևույթներից անկախ պետք է կարողանան անկեղծ ու անմիջական շփման մեջ մտնել՝ չբարդացնելով նման հարաբերությունները կանխամտածվածության քողով ու ներկայիս մարդկային կյանքին բնորոշ բազմատեսակ խնդիրներով: Փառատոնի գերագույն նպատակը ստեղծագործող անհատներին աջակցելն է, միակ բանը, որին ուզում են հասնել փառատոնի կազմակերպիչները:

Եվ վերջապես՝ ինչի՞ մասին էր մշակութային այդ զրույցը: Այն ավելի շուտ մեկ մշակույթի հարստացումն է մեկ այլով՝ փոխադարձ շփման պայմաններում, երբ ցուցադրվում են տարբեր ազգերի մշակույթների առանձնահատկություններն ու հատկապես տարբերությունները: Այս գաղափարը պատկանում է հայ ու ռուս գրողներ Ռուբեն Իշխանյանին ու Իրինա Գորյունովային: Այս մարդիկ բազմիցս միմյանց հետ քննարկել են Ռուսաստանի ու Հայաստանի մշակութային ու գրական գործիչների միջև զրույցների կայացման ու դրանց զարգացման նոր ձևաչափի ստեղծման միասնական գաղափարը: Եվ մտահաղացումը աստիճանաբար հասավ իր տրամաբանական հանգուցալուծմանը, այսինքն կյանքի կոչվեց: Փառատոնի գաղափարն արդեն հասունացել էր ու պատրաստ էր իր մեջ ընդգրկելու իր առաջին մասնակիցներին: Գրական համագործակցության հիմնաքարերը սահմանափակող շրջանակներ չդրեցին, քանի որ «մշակույթը հենց ինքը արվեստի ու գրականության միասնությունն է, իսկ մեր կյանքում երկու ոլորտներն էլ առկա են»,- իր կարծիքն արտահայտեց Իրինա Գորյունովան, և այդ կարծիքի հետ դժվար է չհամաձայնելը:

«Մենք այս փառատոնին նայում ենք որպես բազմաչափ մի տարածության, և այդ հարթակը միայն գրական ֆորումով չի սահմանափակվում: «Մշակութային երկխոսության» շրջանակներում, օրինակ Երևանի երիտասարդական թատրոնի բեմում կայացավ մի ներկայացման պրեմիերա, որը իմ՝ «Մերի Փոփինս» սցենարի հիման վրա էր: Այստեղից կարելի է ենթադրել, որ մեր փառատոնով պայմանավորված՝ գրականության ու թատրոնի առաջին համադրումը տեղի ունեցավ: Անցյալ տարի Երևանում հաջողությամբ կայացավ իմ՝ «Հայկական օրագիր. Ցավդ տանեմ» գրքի շնորհանդեսը՝ չթողնելով անտարբեր ոչ միայն ընթերցող հասարակությանը, այլ նաև իմ մայրիկին՝ դասական կոմպոզիտոր Ալլա Պավլովին: «Հայկական օրագիր»-ը կարդալուց հետո նա ոգեշնչված գրեց մի ստեղծագործություն՝ «Ցավդ տանեմ» անունով, ու այն նվիրեց Ցեղասպանության զոհերի հիշատակին: Այսինքն ստացվեց այնպես, որ գրականությունը երաժշտական գործի  ստեղծման հիմք ծառայեց՝ դնելով մշակութային երկխոսության մի նոր մտքի սկիզբ: Ես բավական շատ ռեժիսոր ընկերներ ունեմ, որոնց թվում կան նաև հայեր, և մեզ միավորում է ոչ միայն ընկերությունը, այլ նաև համագործակցությունը: Դա ևս  մի հիմնաքար է՝ գրականության ու կինոյի միավորման համար, որն էլ հնարավոր է իրականացնենք «Մշակութային երկխոսության» շրջանակներում: Ռուբեն Իշխանյանը ինձ  անընդհատ ծանոթացնում է հայ նկարիչների ու քանդակագործների հետ, այնպես որ բացառված չէ, որ ապագայում մեր փառատոնը ակտիվորեն կներգրավի նաև մշակույթի այդ ոլորտի ներկայացուցիչներին»,- ասում է Գորյունովան:

Փառատոնը ընթացավ բավական բովանդակալից, հատկապես, եթե հաշվի առնենք, որ դրան հատկացվեց ընդամենը 4 օր: Բացումը տեղի ունեցավ Երևանի «Մոսկվայի տանը»՝ լրագրողների, գրողների, Հայաստանի ու Ռուսաստանի հրատարակչական աշխատանքի ներկայացուցիչների մասնակցությամբ: «Մշակութային երկխոսության» հյուրերից ու մասնակիցներից էին Վալերիա Օլյունինան, Դմիտրի Բիրմանը, Լիանա Շահվերդյանը, Հովհաննես Ազնավուրյանը, գրող, թարգմանիչ ու փիլիսոփա Վարդան Ֆերեշեթյանը, Ռուսաստանի գրողների միության ներկայացուցիչ Լևոն Օսիպյանը, «ՌԻՊՕԼ Կլասսիկ» ռուսական հրատարակչության գլխավոր տնօրեն Սերգեյ Մակարենկովը և այլոք: Կազմակերպվեց նաև պոեզիայի երեկո, հնչեցին հայ ու ռուս հեղինակների, դասականների ու ժամանակակիցների գործերը:

Հայաստանի տեսարժան վայրերով, թանգարաններով ու ցուցասրահներով էքսկուրսիաները ընթանում էին աշխատանքային երեկոների հետ զուգահեռ: «Մշակութային երկխոսությունն ու Ռուսաստանի ու Հայաստանի երկու մենախոսությունները. Իրականությունն ու հեռանկարները» կոնֆերանսի շրջանակներում շոշափվեցին համագործակցության տարբեր ոլորտներն ու երկու երկրների մշակութային փոխհարաբերությունների հետագա զարգացումները՝ մշակութային քաղաքականության ու ներկա իրավիճակի հիման վրա: Փառատոնի շրջանակներում կայացավ Վալերիա Օլյունինայի, Ռուբեն Իշխանյանի, Իրինա Գորյունովայի և այլոց գրքերի շնորհանդեսը:

«Մշակութային երկխոսության» կարևորագույն իրադարձությունը Հայաստանի ու Ռուսաստանի հրատարակչական բիզնեսի թեմայով կազմակերպված կլոր սեղանն էր: Իրինա Գորյունովայի խոսքերով՝ «ՌԻՊՕԼ Կլասսիկ» հրատարակչությունը անցյալ տարի հրատարակեց իր վերոնշյալ գիրքը, իսկ այսօր ինքը մտածում է շարունակել հայկական գրական շուկայում հետաքրքիր ու արդյունավետ նոր գրական նյութի որոնումները:

«Ուղղակի անհրաժեշտ է հրատարակել հայկական հեքիաթների մի մեծ տպաքանակ՝ ռուսերեն թարգմանությամբ: Որպես դեբյուտային ծրագիր՝ կարող ենք վերցնել Հովհաննես Թումանյանի հեքիաթները, որոնք, ես համոզված եմ, մեծ հետաքրքրությամբ կկարդան նաև ռուս մանուկներն ու դպրոցականները, ինչպես նաև այն հայ երեխաները, որոնք ապրում են Ռուսաստանում ու գնում են ռուսական դպրոցներ,- ասում է Ի. Գորյունովան,- խորհրդային իշխանության տարիներին նման ծրագրերը կազմում էին պետական մշակութային քաղաքականության շատ կարևոր մի մասն ու ճանաչողական ու դաստիարակչական մեծ դեր էին խաղում՝ հիմնելով կապ ու փոխադարձ շփում՝ մեծ պետության տարբեր ազգերի պատանի սերունդների միջև: Այսօր նման հարաբերությունները մեր պատանիների համար ավելի կարևոր են, և գրականությունը՝ իսկ ավելի հստակ՝ հեքիաթները, ընկերության ստեղծման լավագույն մեթոդն են, ինչպես նաև ռուս ու հայ ազգերի միջև տեղեկատվական դատարկության լրացման արդյունավետ միջոցը»:

Փառատոնը հաջողությամբ պսակվեց կազմակերպիչների էնտուզիազմի շնորհիվ, որոնք իրենց այդ գաղափարի իրականացման համար մեծ ջանքեր ու սեփական միջոցներ չխնայեցին: Նրանք համոզված են, որ հովանավորների աջակցությամբ ապագայում ավելի ուրիշ ծրագրեր կարող են կյանքի կոչել: Օրինակ՝ կթողարկեն հայ-ռուսական ամսագիրը, որի նախագիծը վաղուց արդեն պատրաստ է: Իրինա Գորյունովան ու Ռուբեն Իշխանյանը գտնում են, որ ամսագրի էջերին կհրապարակվեն ոչ միայն ռուս ու հայ հեղինակների արձակ ստեղծագործություններն ու պոեզիան, այլ նաև արվեստի, երկու երկրների մշակութային կյանքի մասին հոդվածներ, գրքերի գրախոսականներ, կքննարկվեն Ռուսաստանի, Հայաստանի ու Արցախի մշակութային երկխոսությունների հիմնահարցերը: Ամսագիրը կհրատարակվի ռուսերենով, իսկ տարվա վերջին՝ լույս կտեսնի լրացուցիչ մի համար՝ հայերենով: Այդտեղ կընդգրկվեն տարվա ընթացքում տպված լավագույն նյութերը՝ հայերեն թարգմանությամբ, ինչպես նաև հայերեն լեզվով գրողների նյութերը:

«Ծրագրերը շատ են, պարզապես մենք հիմա չենք ուզում ամենի մասին խոսել»,- ասում է Ռուբեն Իշխանյանը,- եթե մենք կարողանանք ֆինանսավորում գտնել ու փառատոնը ոտքի կանգնեցնել, բացառված չէ, որ այն կդառնա բջջային ու կանցկացվի ոչ միայն Հայաստանում, այլ նաև Ռուսաստանի քաղաքներում: Մենք մտադիր ենք ընդարձակել Հայաստանի, Ռուսաստանի ու Արցախի միջև տեղեկատվա- մշակութային համագործակցության շրջանակը»:

Ռուբեն Գյուլմիսարյան