Մեր հարցազրույցի հյուրը դարձավ Yellow Stones հայկական ռոք-խումբը: Ի սկզբանե խումբը ներկայացնում էր տարբեր ժանրերի համաշխարհային հիթերի cover տարբերակները. ֆանկ, սոուլ, բլյուզ, սակայն, հիմնականում ռոք: Այժմ խումբը զբաղվում է հեղինակային երգերի ստեղծմամբ հայերեն և անգլերեն լեզուներով այնպիսի ժանրերում, ինչպիսին են` ռոք-ընդ-ռոլլ, քանթրի, ռոք, էթնո-ռոք և այլն: Խումբը հանդես է գալիս Երևանի լավագույն ակումբներում, ժամանցային հաստատություններում, համերգայի սրահներում, մասնակցում է տարբեր երաժշտական փառատոնների և բարեգործական ակցիաների: Խմբի մասնակիցները. Լևոն Սարգսյան (վոկալ, կիթառ), Ուիլյամ Ալաջյան (վոկալ, սոլո կիթառ), Վահագն Ստեփանյան (բաս կիթառ), Սերգեյ Կարապետյան (ստեղնաշարայիններ), Հովսեփ Եղանյան (հարվածայիններ):
Խմբի հիմնադիրներ Լևոն Սարգսյանի և Ուիլյամ Ալաջյանի հետ զրուցեց Dalma News-ի թղթակիցը:
– Դուք հիմնել եք խումբը 2013 թվականին: Ի՞նչ գաղափարներ էիք ուզում իրականացնել խումբը ստեղծելիս: Եվ մի քանի տարի անց, ինչ եք կարծում, արդյո՞ք ձեզ հաջողվեց իրականացնել դրանք:
Լ.Ս. Խումբը ստեղծելիս, ըստ էության, ինչպես և այժմ, հիմնական նպատակն էր բարձունքների հասնելը, դուրս գալ դեպի լայն հանդիսատեսը: Իրականացվում է դանդաղ, սակայն կայծակնային քայլերով: Եթե համեմատենք մեր առաջին ելույթը նրա հետ, ինչ ունենք այժմ, իհարկե, կարելի է մեծ տարբերություն նկատել: Խումբը ստեղծելուց արդեն մեկ տարի հետո մենք սկսեցինք գրել հեղինակային երգեր: Եվ համաշխարհային հիթերի cover տարբերակների հետ մեկտեղ ներկայացնում էինք նաև հեղինակային երաժշտություն: Հետագայում մենք ավելի շատ անցանք դեպի հեղինակային երգերը, սակայն համերգային ծրագրի համար դրանք դեռևս չէին բավականացնում: 2018 թվականի սեպտեմբերին մենք ամբողջովին անցանք հեղինակային երգերի:
Ռոքի ո՞ր ուղղությունն ավելի լայն ճանաչում ունի Հայաստանում:
Լ.Ս. Հայաստանում առավել լայն ճանաչում ունի ռոքը, որը մոտ է պոպսային: Կան, իհարկե, խմբեր, որոնք որակյալ ռոք են կատարում: Սակայն, որքան ավելի բարդ, խճճված, խորը, այնքան ավելի քիչ հասանելի է հանդիսատեսին:
Երաժշտությունը հոբբի՞ է, աշխատա՞նք, թե՞ կենսակերպ:
Ու.Ա. Սկզբում հոբբի է, այնուհետև սխալ երաժշտական մտածողության արդյունքում դառնում է աշխատանք, երբ դու սկսում ես զգալ, որ այդ հոբբին քեզ գումար է բերում, իսկ վերջում դա արդեն պարզապես հաճույք է դառնում, անկախ այն բանից, դու դրանով գումա՞ր ես վաստակում, թե՞ ոչ: Դա արդեն դառնում է կենսակերպ: Ամեն ինչ փուլերով է: Այժմ արդեն դա չի կարող հոբբի լինել: Ժամանակի ընթացքում դու դառնում ես պրոֆեսիոնալ, ձգտում ես դառնալ այն:
-Ձեր առաջին ալբոմը` «Զարմանալի ու անսովոր», ճանաչվել է 2017 թ. լավագույն ալբոմը: Ի՞նչ պլաններ ունեք ապագայի համար: Ե՞րբ սպասենք Yellow Stones-ի հաջորդ ալբոմին:
– Լ.Ս. Առաջին ալբոմը փորձարարական էր: Դրա նպատակն էր, որպեսզի մենք մեզ վրա նայենք կողքից, հասկանանք, թե ինչպես է հանդիսատեսը վերաբերվում մեր երաժշտությանը: Եվ ինչպես պարզվեց, այո, հանդիսատեսին դուր է գալիս այն դրայվը, որը մենք փոխանցում ենք այն երաժշտության օգնությամբ, որը մենք ինքներս ենք ստեղծում: Նյութեր հաջորդ ալբոմի համար, ըստ էության, մենք ունենք: Սակայն, մենք չենք ցանկանում շտապել թողարկման հարցում: Հիմնական նպատակն է լիովին կատարել միայն հեղինակային երաժշտություն, որքան էլ որ դա դժվար լինի մեր հասարակությունում: Ներկայացնել մեր երաժշտությունը ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանում:
Ինչպե՞ս է ընթանում համերգի համար երգացանկի ընտրության գործընթացը: Արդյո՞ք չի եղել այնպես, որ դուք վիճեք այս կամ այն երգի ընտրության համար:
Լ.Ս. Երգն ընտրելիս (cover տարբերակը)` մենք նախ պետք է հասկանանք. արդյո՞ք լավ ենք այն կատարում: Արդյո՞ք ստանում ենք այն, ինչ պետք է: Կարող է, մենք շատ ենք սիրում այդ երգը, սակայն այն մեզ մոտ ոչ այնքան լավ է ստացվում, կամ էլ հակառակը` այդքան էլ չենք սիրում, սակայն հասկանում ենք, որ այն հարմար է մեզ և հնարավոր է, մենք այն օրիգինալից ավելի լավ ենք կատարում:
Ու.Ա. Ինչ վերաբերում է հեղինակային երգերին, ապա խմբում, իհարկե, յուրաքանչյուրն ունի իր ճաշակը: Այդ պատճառով ժանրային խնդիրներ են առաջանում, քանի որ յուրաքանչյուրն անհատական է: Սակայն, ամենակարևորը հասնել վերջնական արդյունքի` գնալով փոխզիջումների:
Հիշեք տարօրինակ և զավեշտալի դեպքեր համերգների ժամանակ:
Լ.Ս. Այդպիսի դեպքեր շատ են լինում: Օրինակ, ինձ համար տարօրինակ է, երբ դու կատարում ես ռոք, որևէ մեկը մոտենում և ասում է կատարել փոփ կամ ջազ: Դա աբսուրդ է:
Ու.Ա. Տարօրինակ դեպքեր շատ կարող են լինել, երբ դու հանդես ես գալիս ոչ քո հանդիսատեսի առջև:
Կարո՞ղ է արդյոք երաժշտությունը ծառայել որպես հակադեպրեսանտ:
Լ.Ս. Միանշանակ, այո: Ամեն անգամ, երբ մենք բեմ ենք դուրս գալիս, մենք կտրվում ենք ամեն ինչից և մոռանում դեպրեսիայի մասին: Առավել ևս, երբ դու հաղորդակցության մեջ ես մտնում հանդիսատեսի հետ:
Ռոք-երաժշտի երազանքը ի՞նչ է:
Լ.Ս. Դա չիրականացող երազանք է (ծիծաղում է): Որքան ավելի մասշտաբային է երազանքը, այնքան ավելի քիչ են շանսերը, որ այն կիրականանա: Հենց դրանում է երազանքի հմայքը, դու չես երազում որևէ պրիմիտիվ բանի մասին, ինչը վաղը կարող է տեղի ունենալ: Օրինակ, ես շատ կցանկանայի հանդիպել Փոլ Մաքքարթնիի հետ: Նա կենդանի լեգենդ է, մարդ, ով արարել է ռոքի պատմությունը: Ես միանշանակ նրանից խորհուրդ կհարցնեի: Մեկ խորհուրդ:
Ինչո՞ւմ եք դուք ոգեշնչում գտնում:
Ու.Ա. Ինձ համար չկա որևէ կոնկրետ բան: Ես չեմ գրում երգեր, ասենք, սիրո հողի վրա: Ես կարող եմ, օրինակ, ոգեշնչվել որևէ համերգով կամ ստեղծել իմը: Կամ որևէ ֆիլմ դիտել: Ինչ ասես, կարող է լինել, և պարտադիր չէ, որպեսզի դա ինձ հետ կապված լինի:
Լ.Ս. Երբ ես վատ տրամադրություն ունեմ, կամ այնպիսի վիճակ է, երբ ես ելք չեմ գտնում, ես սկսում եմ երգ գրել: Այդպիսով, ես փոխանցում եմ իմ վիճակը, որը շարունակվում է որոշակի ժամանակահատված: Մեր խմբում բոլորը երգեր են գրում: Բոլորը ստեղծագործ անձիք են: Եվ դա նպաստել է նրան, որ մենք սկսել ենք հանդես գալ հեղինակային երգերով:
-Եթե դուք կարողանայիք հայտնվել անցյալում, ինչ կփոխեիք:
Ու.Ա. Իմ անցյալում ես ոչ մի բան չէի փոխի: Ես կցանկանայի հայտնվել ավելի հեռու` 70-80-ականներում: Դա ինձ համար լավագույն երաժշտական ժամանակահատվածն է: Կցանկանայի լինել այդ մթնոլորտում:
Խորհուրդ սկսնակ երաժիշտներին:
Ու.Ա. Սկսնակ երաժիշտներին խորհուրդ եմ տալիս միանգամից սկսել հեղինակային երգերով և համառորեն պարապել օրը 7 ժամ:
Լ.Ս. Քիչ է պարզապես երգ գրել: Այն դեռ պետք է լավ կատարել: Չվազել փողերի ետևից: Քանի որ դա այլ հունի մեջ է գցում: Գումարը պետք է երկրորդական պլանում լինի: Առաջին պլանում` քո սեփականի ստեղծումը:
Զրուցեց Մարիանա Հակոբյանը