Ռուսաստանի Դաշնության ղեկավար Վլադիմիր Պուտինի պետական այցը Հայաստան երկար սպասված էր։ Պաշտոնական Երևանը բազմիցս հայտարարում էր մոտավոր ժամկետների մասին, թե երբ է պետք սպասել Պուտինին, սակայն ամեն անգամ այցը հետաձգվում էր։ Եվ այնպես ստացվեց, որ այսպես կոչված «Թավշյա հեղափոխությունից» և իշխանափոխությունից հետո Ռուսաստանի Դաշնության` Հայաստանի ռազմավարական դաշնակից երկրի ղեկավարը ընդամենը մեկ անգամ է եղել Երևանում, այն էլ՝ ԵԱՏՄ գագաթաժողովի շրջանակներում։
Հետաքրքիր է, որ այս տարվա մայիսին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ Վլադիմիր Պուտինը կարող է պետական այցով Հայաստան այցելել տարեվերջին՝ հոկտեմբերից դեկտեմբեր ընկած ժամակահատվածում։ Սակայն այս պահին հայտնի է, որ նոյեմբերի 23-ին Երևանում կայանալու է ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների գագաթաժողովը, որին մասնակցելու է նաև ՌԴ ղեկավարը։
Այն մասին, որ Պուտինը մասնակցելու է գագաթաժողովին, օրերս հեռախոսով խոսել են նաև երկու երկրների ղեկավարները. Հայաստանի վարչապետի մամուլի ծառայությունը քաղաքական գործիչների բանակցություններից հետո հայտնել է, որ քննարկվել են Պուտինի՝ Հայաստան կատարելիք այցի «օրակարգին վերաբերող հարցեր»։
Վեցից ավելի այցեր «Թավշյա հեղափոխությունից» առաջ
Ընդհանուր առմամբ, մինչև Հայաստանում 2018 թվականի իշխանափոխությունը, Վլադիմիր Պուտինը վեց անգամ այցելել է մեր երկիր։
Վերջին երկուսուկես տասնամյակների ընթացքում Վլադիմիր Պուտինը բազմիցս այցելել է Հայաստան։ Սակայն դա եղել է հիմնականում երկու նախկին նախագահների՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի օրոք։ Այսպես, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջին պաշտոնական այցը Հայաստան տեղի է ունեցել 2001 թվականի սեպտեմբերի 14-15-ը, թեև նույն թվականին՝ մայիսին, Պուտինը Երևանում էր ՀԱՊԿ նիստի շրջանակներում։ Սակայն նրա ամենաառաջին այցը տեղի էր ունեցել դրանից երկու տարի առաջ՝ 1999թ. հոկտեմբերի 30-ին, որպես Ռուսաստանի վարչապետ, Պուտինը հարգանքի տուրք մատուցեց ահաբեկչության զոհերի հիշատակին։
Այնուհետ Պուտինն աշխատանքային այցով ժամանել է 2005 թվականի մարտի 24-ին, այցի շրջանակներում երկրի ղեկավարը բացեց Հայաստանում Ռուսաստանի տարին։
Պուտինը պետական այցով Հայաստան է ժամանել 2013 նաև թվականի դեկտեմբերի 2-ին։ Այս այցի շրջանակներում Պուտինն իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանի հետ այցելել է նաև Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազա։ Իսկ 2015 թվականի ապրիլի 24-ին Վլադիմիր Պուտինը մասնակցել է Երևանում՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կազմակերպված սգո միջոցառումներին՝ հայտարարելով, որ «1915 թվականի իրադարձությունները ցնցեցին ողջ աշխարհը, իսկ Ռուսաստանում դրանք ընկալվեցին որպես սեփական վիշտ»։
Եվս մեկ անգամ Պուտինը Երևան ժամանեց 2016 թվականի հոկտեմբերի 14-ին և մասնակցեց ՀԱՊԿ գագաթաժողովին։
Նոր Հայաստան, նոր հարաբերություննե՞ր
Ինչպես արդեն նշվեց, երկրում իշխանափոխությունից հետո Պուտինը մեզ այցելել է միայն մեկ անգամ՝ 2019 թվականին մասնակցել է Եվրասիական տնտեսական միության ամենամյա գագաթաժողովին, որին հրավիրված էր նաև Իրանի նախագահ Ռոհանին։ Ի դեպ, Փաշինյանի՝ Իրանի և ՀԱՊԿ երկրների առաջնորդների (Պուտինի գլխավորությամբ) հետ միկրոավտուբուսում արված սելֆին հայտնվեց աշխարհի բոլոր լրատվամիջոցներում… դե, այն ժամանակ Փաշինյանը սիրում էր սելֆի անել և «շփվել ժողովրդի հետ»:
Այդ տարիների ընթացքում բազմիցս խոսվել է, որ Վլադիմիր Պուտինը պետական այցով ժամանելու է Հայաստան, և որ այս այցի նախապատրաստական աշխատանքները շարունակվում են։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնություն կատարած պաշտոնական այցի ընթացքում (2022թ. ապրիլի 19-20) Վլադիմիր Պուտինին Երևան է հրավիրել «տարվա երկրորդ կեսին՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի հետ կապված»։ Այս հրավերի ֆոնին Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարն առաջարկել է ՌԴ նախագահին մասնակցել Երևանի կենտրոնում ռուս-հայկական բարեկամության հուշարձանի տեղադրմանը։ Կկայանա այս միջոցառումը, թե ոչ, հայտնի կդառնա Վլադիմիր Վլադիմիրովիչի այցին ավելի մոտ։
Ի դեպ, Մոսկվայում վաղուց կա նմանատիպ հուշարձան՝ նվիրված ռուս-հայկական բարեկամությանը։ Դեռևս 1997 թվականին, ի պատիվ Մոսկվայի 850-ամյակի, Հայաստանը Մոսկվային նվիրեց «Օրհնյալ է Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների դարավոր բարեկամությունը» հուշարձանը (հեղինակային անվանումը՝ «Միացյալ խաչ»): Երկու կանանց պատկերող արձանը տեղադրված է Նիկիտսկի դարպասների հրապարակում, նրանց միջև խաչ կա, իսկ պատվանդանի վրա փորագրված են հետևյալ խոսքերը. «Օրհնյալ է Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների դարավոր բարեկամությունը»:
Այս տարիների ընթացքում, երբ Պուտինը հետաձգում էր իր այցը Հայաստան, հնչել են բազմաթիվ ենթադրություններ, թե դա ինչի հետ կարող է կապված լինել։ Չէ՞ որ ըստ դիվանագետների հայտարարությունների, ռուս-հայկական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, իսկ ռազմավարական դաշինքն օր օրի ավելի է ամրապնդվում։ Այնուամենայնիվ, այս հարաբերությունները անթերի չեն: «Թավշյա հեղափոխությունից» հետո վերլուծաբանները որպես Երևան թռչելուց Պուտինի հրաժարվելու հիմնական պատճառ նշում էին ՀԱՊԿ-ի շուրջ ծագած սկանդալը և կազմակերպության նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին ներկայացված մեղադրանքը։ Հիշատակվել է նաև նախկին արևմտամետ ակտիվիստների հակառուսական կողմնորոշումը, որոնք Փաշինյանի օրոք բարձրագույն ղեկավար պաշտոններ են զբաղեցնում։ Շատ բաներ են նշվել ու բերվել որպես հնարավոր փաստարկ։
Սակայն մեկ բան ակնհայտ է՝ եթե կրկին պարզվի, որ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 23-ին աշխատանքային այցի շրջանակում կայցելի մեր երկիր միայն ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների գագաթաժողովին մասնակցելու համար, ապա դա հստակ ուղերձ կլինի Փաշինյանին և ՀՀ իշխանություններին, որ Պուտինը գալիս է Երևան, սակայն ոչ Հայաստան…
Լինա Մակարյան