Երևանում և Գյումրիյում մարտի 6-7-ը տեղի ունեցան մի շարք միջոցառումներ` նվիրված հայ-ռուսական հարաբերությունների պատմության ամենանշանավոր իրադարձություններից մեկին՝ Ռուսաստանի կայսրության և Պարսկաստանի միջև Թուրքմենչայի խաղաղության պայմանագրի ստորագրման 190-ամյակին, որով վերջ դրվեց 1826-1828 թթ. ռուս-պարսկական պատերազմին, և Ռուսաստանին անցան Երևանի և Նախիջևանի խանությունների տարածքները:
Այս պայմանագիրը հսկայական նշանակություն ուներ հայ ժողովրդի համար, քանի որ յոթ դարերի ընթացքում կրոնական օտար միջավայրում գտնվելուց հետո, հայերը հնարավորություն ստացան նորից ապրել և արարել իրենց պատմական տարածքներում` մոտ լինելով քրիստոնյա քաղաքակիրթ աշխարհի շրջանակներին:
Նախորդող`1801-1813 թթ, ռուս-պարսկական պատերազմի ժամանակ Պարսկաստանն ընդունեց նաև Արևելյան Անդրկովկասի միացումը Ռուսաստանին: Այդպիսով, 19-րդ դարի սկզբի ռուս-պարսկական պատերազմների արդյունքում Ռուսաստանին անցան Արևելյան (Անդրկովկասյան) Հայաստանի պատմական տարածքները, ինչը դարակազմիկ իրադարձություն էր հայ ժողովրդի պատմության մեջ:
Այն ժամանակների իրադարձությունները մեծապես կանխորոշեցին հայ ժողովրդի զարգաման հետագա ուղեցույցը, ստեղծելով նախադրյալներ պետականության վերականգնման համար, ինչը տեղի ունեցավ ավելի ուշ երեք փուլերով. 1918 թվականին Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծում, 1920 թվականին Խորհրդային Միության կազմում Հայկական ԽՍՀ-ի ձևավորում և, վերջապես, արդեն 1991 թվականին անկախ Հայաստանի Հանրապետության հռչակում:
Այսպիսով, Թուրքմենչայի պայմանագրի պատմական նշանակությունը հայ ժողովրդի հետագա զարգացման հարցում դժվար է չգերագնահատել: Հայ հասարակությունը մեծ հույսեր էր կապում ռուսական զորքերի հետ, այդ իսկ պատճառով բազմակողմանի աջակցություն էր ցուցաբերում նրան: Նոր գրավված տարածքներում Նիկոլայ Առաջինի հրամանով ստեղծվեց Հայկական նահանգը` Էրիվան մայրաքաղաքով, որի կազմի մեջ մտան Երևանի և Նախիջևանի խանությունները և Օրդուբադի տարածաշրջանը:
Թուրքմենչայի պայմանագրի կնքումը և Հայկական նահանգի ստեղծումը կարևորագույն քայլերը դարձան հայկական պետականության վերականգնման ճանապարհին, այս մասին իր ելույթում նշեց նաև Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ, պատմական գիտությունների թեկնածու Էդուարդ Շարմազանովը` «Թուրքմենչայի պայմանագրի 190-ամյակ` պատմություն և ժամանակակից աշխարհ» բաց միջազգային գիտա-գործնական կոնֆերանսի ժամանակ, որը տեղի ունեցավ մարտի 6-ին ՄՊՀ երևանյան մասնաճյուղում
«Հայկական նահանգն ուներ իր գերբը հայ սիմվոլներով՝ Արարատ լեռը, Նոյան տապանը և Էջմիածնի տաճարը: Հայկական մշակույթը հզոր խթան ստացավ զարգացման համար», – նշեց Շարմազանովը:
Փոխխոսնակը նաև նշեց, որ հետագայում հայ ժողովրդի շատ զավակներ իրենց խոր հետքը թողեցին ռուսական հաղթական զորքի ամրացման գործում, իսկ արդեն 20-րդ դարի կեսերին հայերը և ռուսները կողք կողքի պայքարում էին հիտլերյան ֆաշիզմի դեմ:
«Հայ-ռուսական հարաբերությունների նորագույն պատմությունը երկու բնական դաշնակիցների ճանապարհ է: Մեր դաշնակցությունը զարգանում է ռազմական, քաղաքական, մշակութային, տնտեսական, հոգևոր ոլորտներում», – եզրափակեց նա:
Հայերի ճակատագրում մեծ դեր խաղաց Թուրքմենչայի պայմանագրի 15-րդ հոդվածը, որը նախատեսում էր Պարսկաստանի հպատակների անխոչընդոտ տեղափոխությունը Ռուսաստան (մեկ տարվա ընթացքում): Չնայած գաղտնի կազմակերպվող խոչընդոտների (սեփականության վաճառքի արգելանք), պարսկական կառավարության ահաբեկչությունների և տեղափոխման այլ դժվարությունների՝ տասնյակ հազարավոր հայ ընտանիքներ կանգնեցին իրենց պատմական հայրենիք վերադառնալու ճանապարհին:
Տեղափոխման գործընթացի ղեկավարումը հանձնված էր գնդապետ Լ.Ե. Լազարևին, որը ոչ միայն ցուցակներ էր կազմում, այլև ամենաաղքատներին օգնում էր դրամական միջոցներով: Հայերի հայրենադարձության գործում անգնահատելի ներդրում ունեցավ նաև Պարսկաստանում ռուսական կայսրության դեսպան, մեծագույն ռուս գրող Ալեքսանդր Սերգեյի Գրիբոյեդովը, ում մասին հիշողություններն ընդմիշտ մնացին հայերի սրտերում: Պատահական չէ, որ պատմական միջոցառումները` նվիրված Թուրքմենչայի պայմանագրի 190-ամյակին, սկսվեցին հենց ծաղիկներ խոնորհեցնելով Երևանում Գրիբոյեդովի հուշարձանի առաջ:
Այսպիսով, ռուսական իշխանությունները կենտրոնացան հայերի հայրենադարձության վրա, ովքեր 17-րդ դարում շահ Աբբասի հրամանով բռնի ուժով տարհանվել էին իրենց պատմական հայրենիքից դեպի Իրանի խորքերը` Արևելյան Հայաստանի ազգագրական պատկերի փոփոխման նպատակով՝ հայկական էթնոսի թվաքանակի նվազեցման և պարսկական էթնոսի ավելացման համար: Հայ բնակչության արտահոսքը ապագա Հայկական նահանգի տարածքներից շարունակվեց ընդհուպ մինչև 1828 թվականը:
Այդ տարիների իրադարձությունների վերաբերյալ իր տեսակետով Dalma News-ի հետ կիսվեց «Թուրքմենչայի պայմանագրի 190-ամյակ` պատմություն և ժամանակակից աշխարհ» միջազգային գիտա-գործնական կոնֆերանսի մեկ այլ մասնակից՝ պատմական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի փոխտնօրեն, պրոֆեսոր Կարեն Համլետի Խաչատրյանը:
«Պետք է նշեմ, որ Թուրքմենչայի պայմանագրի շնորհիվ հայերի համար բարենպաստ պայմաններ ստեղծվեցին` զարգանալու տնտեսական և թե մշակութային առումով: Շատ կարևոր է, որ այս պայմանագրի և ռուսական կողմից եկած տարբեր նախաձեռնությունների արդյունքում, հայությունը տարածաշրջանում բազմապատկվեց և կազմեց շատ ավելի մեծ տոկոս Անդրկովկասի և Արևելյան Հայաստանի այլ ժողովուրդների համեմատ: Ըստ Թուրքմենչայի պայմանագրի, Երևանի, Նախիջևանի և Օրդուբադի շրջանների միացումը Ռուսաստանին հնարավորություն ստեղծեց հայերի համար էլ ավելի ամրապնդվել այս տարածքներում: Հայերը, որոնք գտնվում էին արտասահմանում, հայկական սփյուռքում, նույնպես ուղղեցին իրենց ուշադրությունը դեպի Ռուսաստանը, և հայ-ռուսական հարաբերությունները հասան շատ բարձր մակարդակի», – նշեց նա:
Գնահատելով պայմանագրի պատմական նշանակությունը` պրոֆեսոր Խաչատրյանն ընդգծեց, որ հայերը հնարավորություն ստացան հաստատվել Արևելյան Հայաստանում, և արդյունքում այդ տարածքներում, որոնք, ըստ Թուրքմենչայի պայմանագրի, մտել էին Ռուսաստանի կազմի մեջ, 1918 թվականի մայիսին ստեղծվեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը:
Խաչատրյանը վստահ է, որ Հայաստանի արևելյան հատվածի միացումը Ռուսաստանի պետությանը ստեղծեց անհրաժեշտ պայմանները հայ ժողովրդի մշակութային առաջընթացի համար, նպաստեց ժողովրդական կրթության և լուսավորչականության, գրականության, արվեստի և գիտության զարգացմանը:
«Այս առումով Ռուսաստանն, իսկապես, մեծ դեր խաղաց հայ ժողովրդի համար: Ինչ եղավ մյուս հատվածի` Արևմտյան Հայաստանի հետ, բոլորին հայտնի է. ամբողջական ոչնչացում, արտաքսում, ցեղասպանություն և ազգասպանություն՝ Հայրենիքի կորուստ, ինչի հետևանքով ամբողջ աշխարհով սփռվեց բազմամիլիոնանոց հայկական սփյուռքը: Վստահ կարելի է ասել, որ Թուրքմենչայի պայմանագրի պատմական նշանակությունը և արդիականությունն այն է, թե ինչ մենք ունենք այսօր հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում. եղբայրական բարեկամություն, փոխօգնություն, սերտ համագործակցություն բոլոր ոլորտներում, ռազմա-մարտավարական դաշնակցություն», – նշեց պրոֆեսորը:
Այսպիսով, Թուրքմենչայի պայմանագրի հետևանքը դարձավ հայերի զանգվածային վերադարձը իրենց պատմական հայրենիք: Մտնելով Ռուսաստանի կայսրության կազմի մեջ` հայերը նաև ազատվեցին ձուլման և ֆիզիկական ոչնչացման վտանգից: Պայմաններ ստեղծվեցին մշակույթի և տնտեսության զարգացման համար: Այս ամենը հետագայում դարձավ հայկական պետականության վերականգնման հիմքը:
Զարուհի Բաբուխանյան