Թբիլիսիում վերջերս տեղի ունեցավ պոետուհի Թամար Գաբրոշվիլու բանաստեղծությունների հավաքածուի հայերեն թարգմանության շնորհանդեսը: Ծրագրի նախաձեռնողը Վրացական գրքի ազգային կենտրոնն էր, իսկ թարգմանությունների հեղինակը՝ Մաքվալա Գեուրկովան: Շնորհանդեսին ներկա էր նաև Հայաստանի ներկայացուցչական պատվիրակությունը, որի մեջ էին «Հայաստան» հրատարակչության տան ղեկավար Վահագն Սարգսյանը, պոետ Շանթ Մկրտչյանը, թարգմանիչ Հարություն Հովնաթյանը, գրականագետ-քննադատ Արմեն Ավանեսյանը, պոետուհի ու թարգմանչուհի Նինո Սպանդերաշվիլին, թարգմանչուհի Դիանա Տեր-Բաղդասարովան և ինքը՝ Մաքվալա Գեուրկովան: Քննադատ Հարություն Հովնաթյանը թարգմանությունը բարձր գնահատեց:
Այն մասին, թե ինչու և ինչի համար է թարգմանվել վրաց պոետուհու բանաստեղծությունները հայերեն, Թամար Գաբրոշվիլին պատմեց Dalma News-ի թղթակցի հետ ունեցած զրույցի ընթացքում:
– Պատմեք Ձեր մասին, քանի՞ տարեկանից եք սկսել գրել:
– Ծնվել եմ Գորիի շրջանի Փխվենիսի գյուղում՝ բուժաշխատողների ընտանիքում, որտեղ էլ ավարտել եմ միջնակարգ դպրոցը: Ավարտել եմ Թբիլիսիի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետը, զուգահեռաբար դառնալով նկարչուհի: Մանկուց սիրել եմ նկարել, գրել սկսել եմ դպրոցական տարիքում: 1983թ. բանաստեղծությունների ձեռագրերս տվեցի պոետ Մորիս Պոցխիշվիլուն, որ կարդա: Միշտ մեծ հարգանքով եմ վերաբերվել նրա ստեղծագործությանը, դրա համար նրա գնահատականը ինձ համար կարևոր էր: Երկու շաբաթ անց նա ինձ հանդիպման կանչեց, արտահայտեց իր հիացմունքն ու տվեց իր օրհնությունը՝ «Ազգային կրթություն» թերթում տպագրված գեղեցիկ նամակով:
Այսօրվա դրությամբ ես բանաստեղծությունների 5 ժողովածու ունեմ, որից մեկը հայերեն է: 13 տարի քիմիա և գեղարվեստ եմ դասավանդել հայրենի գյուղում, իսկ Թբիլիսյան հանքային հումքի ինստիտուտում դասավանդել եմ արդեն որպես ինժեներ-քիմիկ: Թբիլիսիում Ուբիլավ եղբայրների փողոցում գտնվում է Սոցիալական թերապիայի տունը, իսկ հարևանությամբ՝ հրատարակչությունն է, որն էլ տպագրել է 460 էջանոց փոքր մասշտաբի իմ փիլիսոփայական բանաստեղծությունները: Հավաքածուի նկարազարդումը նաև իմ աշխատանքն է:
– Ձեր նախնիների մեջ պոետներ եղե՞լ են:
– Մորս կողմից նախապապս՝ Գրիգոլ Գլուրջիձեն գրում էր բանաստեղծություններ, սակայն իր կյանքը նվիրել է հոգևոր գործունեությանը: Գորիի շրջանի իր հարազատ Բերշուեթի գյուղում նա հիմնել է առաջին դպրոցը, որը մինչև հիմա կրում է նրա անունը: Պապս ռուսերենի ուսուցիչ էր, ու ես հպարտ եմ, որ նրա թոռնուհին եմ: Ես նույնիսկ նյութեր եմ ուղարկել «Ամեր-իմերի» ամսագիր, որտեղ իմ ու պապիս բնավորությունների ու տարբեր թեմաների հետ կապված հայացքների նմանության մասին եմ խոսում:
– Ձեր պապին հիշո՞ւմ եք:
– Ցավոք նրան կենդանի չեմ տեսել: Նույնիսկ մայրս է նրան աղոտ հիշում: Գիտեմ միայն, որ շատ պատկառելի մարդ է եղել, ունեցել է հիանալի ձայն, երգել է, նույնիսկ երգեցողության խումբ է վարել: Այդ տաղանդը փոխանցվել է իմ երեխաներին, նրանք երեքն էլ երաժշտական կրթություն են ստացել, շատ լավ երգում են, ու գործիքներ նվագում:
– Մի փոքր տարօրինակ է հնչում՝ լինելով մասնագիտությամբ քիմիկոս, նկարում եք, գրում բանաստեղծություններ, ինչպե՞ս կարելի է ընդհանրություն գտնել այդքան տարբեր ուղղությունների մեջ:
– Որքան իրազեկ է մարդը այլ ոլորտներից, այնքան խորը նա կարող է մտածել: Այս աշխարհը կառուցված է մաթեմատիկական ճշգրտությամբ, և գիտելիքներն են օգնում բացել կատարվելիքի խորությունը հասկանալու կարողության դուռը: Իմ ծնողները եղել են բուժաշխատողներ: Մայրիկից սովորել էի մարդկանց բուժօգնություն ցույց տալ՝ մեր տանը գտնվող սարքավորումներով զինված բուժկետում: Հայրս 12 գյուղի միակ անասնաբույժն էր: Ծնողներիս շնորհիվ ես կարողանում եմ ավելի լայն բացած աչքերով նայել աշխարհին, ինչն էլ ինձ օգնում է ստեղծագործել:
– Երևի թե մարդկանց ու բնության հետ շփումը միայն բավարար չէ պոեզիայով զբաղվելու համար, հավանաբար հարկավոր է նաև տաղանդ ունենալ:
– Սկզբում զգացածս փորձում էի արտահայտել գեղարվեստի միջոցով, սակայն այն, ինչ ուզում էի արտահայտել, այդտեղ չէր տեղավորվում, և ես սկսեցի գրել: Ավելի ուշ հասկացա, որ բանաստեղծությունները բավարար չեն, այդպես անցա արձակի, իսկ դրանից հետո էլ արդեն հեքիաթագրությանը:
– Ինչպե՞ս են ծնվում բանաստեղծությունները:
– Ինձ համար հենման կետը ամեն ինչում, բնության ամեն մի երևույթի կամ մարդկային արարքի մեջ գեղեցիկը տեսնելու մեջ է: Մանուկ հասակում շատ էի կարդում ու կարդացածս ստեղծագործություններից կարճ գրառումներ էի անում, ընդ որում առանձնացնում էի որոշ թեմաներ: Հետո ինքս էի փորձում գրել ընտրված թեմաների մասին՝ փորձելով ընթերցողին ավելորդ բառերով չհոգնեցնել: Դա նրան ավելի է դուր գալիս: Աշխատում եմ սեփական միտքս արտահայտել հնարավորինս լակոնիկ:
– Ձեր ստեղծագործությունում ո՞ր թեման է գերակշռում:
– Սերը, այնուամենայնիվ, որի վրա էլ կառուցված է ամենը: Սերն իր մեջ նույնիսկ հայրենիք է պարունակում:
– Ձեր ստեղծագործություններում ո՞ր պոետի կամ պոեզիայի ո՞ր ուղղության ազդեցությունն է ներկա:
– Միգուցե մի փոքր տարօրինակ հնչի, բայց կարող եմ զուգահեռ անցկացնել արևելքի, ավելի հստակ՝ ճապոնական պոեզիայի հետ, որը տարբերվում է իր լակոնիկությամբ, միևնույն ժամանակ զարմանալի կերպով արտահայտում է գեղեցիկը: Այն իմ հոգուն հարազատ է, չնայած, իմ պոեզիան՝ իմ պոեզիան է:
– Ինչպե՞ս է ընդունվեց Ձեր բանաստեղծությունները հայերեն թարգմանելու որոշումը:
– 2010թ. իմ դուստրը՝ Բարբարե Ասանիձեն մասնակցեց Երևանում անցկացվող Բաց երիտասարդական Դելփյան խաղերին: Ես գնացի նրա հետ ու հետս տարա իմ գրքերը: Խնդրեցի պոետ Գիվի Շահնազարին փոխանցել դրանք Մաքվալա Գեուրկովային: Հաջորդ օրը Մաքվալան զանգահարեց իմ հյուրանոցային համարին ու իմ բանաստեղծությունների վերաբերյալ հայտնեց իր հիացմունքը, իսկ ավելի ուշ սեփական նախաձեռնությամբ դրանք թարգմանեց հայերեն: Նրա ղեկավարությամբ Երևանում լույս է տեսնում հայկական վրաց համայնքի թերթը՝ «Իվերիան»: Նա վրացերեն է դասավանդում կիրակնօրյա դպրոցում ու եռանդուն կերպով զբաղվում է թարգմանություններով: Մաքվալան արդեն հայերեն է թարգմանել Չաբուա Ամիրեջիբու «Դատա Տուտաշխիա» վեպը, Նոդար Դումբաձեի նովելները, Ջանսուգ Չարկվիանու ու այլ հեղինակների ստեղծագործությունները, ինչպես և «Վրացական ազգային հեքիաթները» և «Վրաց լեզվի ու գրականության անթոլոգիան»: Թարգմանում է ինչպես հայերեն, այնպես էլ վրացերեն:
Թբիլիսյան շնորհանդեսին ներկա էր հայկական ներկայացուցչական պատվիրակությունը…
Իմ բանաստեղծությունների թարգմանությունը հրատարակեցին թարգմանելուց 7 տարի անց՝ Վրաց գրքի ազգային կենտրոնի ֆինանսավորմամբ: Հայերեն գիրքը կոչվում է «Քրիզթա», իսկ վրացերեն՝ «Քրիզթայի անտոլիտները»: Քրիզթան իմ կեղծանունն է, իսկ անտոլիտա՝ նշանակում է քարացած ծաղիկներ: Երբ մարդը կարդում է իրեն դուր եկած բանաստեղծությունը, այն կենդանություն է առնում նրա աչքերի առաջ:
Թբիլիսի կատարած այցի ընթացքում Վահագն Սարգսյանն ինձ նվեր էր բերել Մ. Պոցխիշվիլու բանաստեղծությունների հավաքածուն՝ թարգմանված հայերեն: Ես զգացված էի, քանի որ Պոցխիշվիլին օրհնել է գրողական արահետի իմ ուղին: Թբիլիսյան քաղաքային խորհուրդը հյուրերի համար հուշանվերներ ու պատվոգրեր էր պատրաստել: Պոետ Շանթ Մկրտչյանին նվիրեցին «Անեուլի» ամսագրի մի համար, որտեղ տպագրված էին նրա բանաստեղծությունները, որոնք վրացերեն էին թարգմանվել Մաքվալա Գեուրկովայի և իմ կողմից: Հյուրերի թվում էր նաև պոետ Նինո Սպանդերաշվիլին, ով ամուսնացել է Հայաստանում, և վրաց լեզու ու գրականություն է դասավանդում երևանյան կիրակնօրյա դպրոցում ու ուշադիր հետևում է Վրաստանի գրական գործընթացներին: Երեկոն երաժշտությամբ ձևավորեցին իմ երեխաները, իսկ երգչուհի Նազիի Սարջվելաձեն կատարեց արդեն դասական դարձած «Ով սիրուն, սիրուն» երգը:
– Պատմեք Ձեր հեքիաթների մասին:
– Հեքիաթների միջոցով փորձում եմ երեխաներին այս աշխարհին ծանոթացնել: Իմ «Ամուսնությունը տարայում» հեքիաթը պատմում է տարայում թթու դնելու արարողությունը: «Չուրչխելիի ծառը», «Սարդիկը» և այլ հեքիաթներում երեխաները կարող են հասկանալ, թե որքան բարի գործ կարող է կատարել անգամ փոքրիկ սարդը: Իմ հեքիաթները ընդհանուր առմամբ երեք հատորից են բաղկացած: Առաջին հատորի նկարազարդումները երեխաներն են արել՝ գեղարվեստական դպրոցի աշակերտները, երկրորդ հատորինը՝ նրանց մանկավարժները՝ Թեոնա և Գուրամ Գլոնտիները, իսկ երրորդը Ալեքսանդր Ցիխելաշվիլին: Շատ հետաքրքիր էր առաջին հատորի փորձը՝ ձևավորված մանկական նկարներով: Նկարազարդումներում մանկական զգացմունքներ են, տրամադրություններ, երևակայություններ: Մինչև այժմ ես չեմ մտածել հեքիաթները մասսայականացնելու մասին, բայց հիմա բոլոր երեք հատորները պատրաստ են տպագրության: Մշակույթի նախարարությունում դրանց հրապարակման հարցով ինձ մերժեցին՝ պատճառաբանելով սուղ միջոցները:
Համոզված եմ, իմ գրքերը երիտասարդ ընթերցողներին անտարբեր չեն թողնի:
Զրուցեց Շորենա Պապաշվիլին