Կորոնավիրուսը հարվածեց բոլորին՝ առողջապահության համակարգին, բիզնեսին և տնտեսությանը: Շոու բիզնեսը ևս բացառություն չկազմեց, որի ներկայացուցիչները մնացել են ոչ միայն առանց խանդավառ երկրպագուների հետ հանդիպումների, համերգների, հյուրախաղերի և ելույթների, այլև գործնականում առանց գոյատևման որևէ միջոցի: Նման իրավիճակում են հայտնվել մասնավորապես նրանք, ովքեր չեն ապրում միայն տեսահոլովակից մինչև տեսահոլովակ կամ համերգից մինչև համերգ, այլ ամեն երեկո ելույթ են ունենում Երևանի ռեստորաններում կամ ակումբներում, իսկ նման մարդիկ մեծամասնություն են կազմում:
Ինչպե՞ս պատահեց, որ պետությունը, որը շուրջ երկու տասնյակ սոցիալական աջակցության ծրագրեր մշակեց տարբեր ոլորտների ներկայացուցիչների համար, մոռացավ իրենց մասին: Ըստ «The Band»-ի մեներգչուհի Կարինա Առուստամյանի՝ ինչպես բոլորը, իրենք ևս հետևել են բոլոր սահմանափակումներին և հուսով էին, որ լավ է ավարտվելու: Բայց երբ սահմանափակումները թուլացան, պարզվեց, որ իրենց համար ամեն բան նոր էր սկսվում.
«Կարծում եմ՝ մեր ոլորտը առավելագույնը տուժեց: Երբ սահմանափակումները աստիճանաբար սկսեցին թուլացնել, և մենք հույս ունեինք վերադառնալ աշխատանքի բնականոն ռիթմին, պարզվեց, որ բոլոր տեսակի միջոցառումներն արգելված են: Այսպիսով, արդեն երրորդ ամիսն է, ինչ չենք աշխատում. հաշվի առնելով ամենօրյա ցուցանիշները՝ հունիսին ևս չենք կարողանա, և եթե այսպես շարունակվի, լավագույն դեպքում աշխատանքի կվերադառնանք սեպտեմբերին: Ինչպե՞ս ապրենք», – ասաց Կարինան Dalma News-ի հետ հարցազրույցում:
Առուստամյանը շեշտեց՝ պետությունը իրենց օգնության ձեռք չի մեկնել, անգամ չի էլ փորձել: Իրենցից շատերը չեն համապատասխանել սոցիալական ծրագրերում նշված չափանիշներին, չնայած պարբերաբար վճարում են հարկերը և աշխատում են օրենքի տառին համապատասխան.
«Իրականում, երաժիշտները այսօր բոլորովին անտեսված են պետության կողմից, մինչդեռ այլ պայմաններում նույն պետությունը նրանց հպարտորեն որակում է որպես ժամանակակից մշակույթի ներկայացուցիչներ: Ճշմարտությունն այն է, որ երաժիշտների 90%-ը այսօր գործազուրկ է և մտածում է այլ աշխատանքի անցնելու մասին: Այսինքն՝ պրոֆեսիոնալ, հիանալի երաժիշտը, որը հիացական գնահատականներ է ստանում, ընտանիքին կերակրելու համար ստիպված է տաքսի վարել», – ասում է Առուստամյանը:
Մեր զրուցակիցը նախատեսում է միավորել գործընկերներին և դիմել պետությանը, քանի որ այլ ելք չկա: Ինչպես նշում է Կարինա Առուստամյանը, պետությունը չի ցանկանում հիշել իրենց, ուստի ստիպված կլինեն հիշեցնել իրենց մասին.
«Գուցե հիշեցնենք մեր մասին, բարձրաձայնենք մեր խնդիրները, չնայած կառավարությունը շատ լավ գիտի, թե մեր ոլորտի ներկայացուցիչները ինչ խնդիրներ ունեն. այն պարզապես անտեսում է դրանք: Կամ էլ հերթը մեզ դեռ չի հասել: Բայց այսպես չի կարող շարունակվել, մենք բոլորս մարդ ենք, և բոլորս ուզում ենք ապրել, իսկ այն ընկալումը, որ մեր ոլորտի բոլոր ներկայացուցիչները միլիոնատերեր են, սկզբունքորեն սխալ է», – հայտնեց «The Band»-ի մեներգչուհին:
Երգչուհի Անժելա Բարխուդարյանը Dalma News-ի հետ հարցազրույցում պատմել է, որ ինչպես Հայաստանի և ողջ աշխարհի բոլոր քաղաքացիները, ինքը ևս հետևել է և շարունակում է հետևել կորոնավիրուսի համաճարակի հետ կապված կարանտինային բոլոր կանոններին: Ասում է, որ սկզբում հանգիստ արձագանքեց այս սահմանափակումներին և ինչ-որ չափով նույնիսկ ուրախացավ, որ ավելի շատ ժամանակ կանցկացնի ընտանիքի և երեխաների հետ, քանի որ ծանրաբեռնված աշխատանքի պատճառով միշտ չէ, որ կարողանում էր բավական ուշադրություն և ժամանակ տրամադրել հարազատներին.
«Սկզբում բոլորին հորդորում էի հետևել կանոններին` դուրս չգալ տանից, մանավանդ այն օրերին, երբ երկրում գործում էր արտակարգ դրություն: Սակայն ինչպես բոլորը, ես նույնպես պետք է շարունակեմ ապրել, վճարել կոմունալ ծառայությունների համար, ապահովել ընտանիքս: Բացառությամբ բուժաշխատողների, որոնք բարեխղճորեն կատարում են իրենց աշխատանքը, ինչի համար երախտապարտ ենք նրանց, կորոնավիրուսը գրեթե բոլորին թողել է առանց աշխատանքի: Այժմ շատ աշխատատեղեր են բացվել, սակայն երաժիշտները, երգիչները, ռեստորանների աշխատողները շարունակում են մնալ գործազուրկների կարգավիճակում», – ընդգծեց նա:
Ըստ Բարխուդարյանի` պետությունը փորձել է օգնել քաղաքացիներին, մշակել է սոցիալական ծրագրեր, տրամադրել նպաստներ, բայց ինքը դրա կարիքը չունի. «Ես ուզում եմ աշխատել, ինձ օգնություն պետք չէ… Այո, բնական է, որ բոլորը հետագա անելիքների համար նախատեսված խնայողություններ ունեն, բայց մեկ օր դրանք կարող են վերջանալ: Կարծում եմ, որ ոչ միայն ես, այլ նաև իմ գործընկերներից շատերը այսօր միայն մեկ բան են ուզում`աշխատել»:
Մեր զրուցակիցը չի սիրում, երբ իրեն անվանում են շոու բիզնեսի ներկայացուցիչ: Հետևաբար, այն հարցին ի պատասխան, թե ինչ ազդեցություն է ունեցել Covid-19-ը հայկական շոու բիզնեսի վրա, նա միայն ժպտում է, քանի որ կարծում է, որ ինքը երբևէ չի եղել ոչ շոուի, ոչ բիզնեսի մեջ.
«Ես երգչուհի եմ, որն աշխատում է իր մասնագիտությամբ և սիրում է իր գործը: Ընդհանրապես, այս ամենը շատ ինդիվիդուալ է: Հայկական էստրադայի ներկայացուցիչները ունեն տարբեր ֆինանսական կարգավիճակ, տարբեր եկամուտներ և տարբեր հոնորարներ, մի խոսքով` տարբեր հնարավորություններ: Ես ընկերներ և գործընկերներ ունեմ, որոնք վարձով են ապրում, և նրանց համար ամեն աշխատանքային օր կարևոր է: Չեմ թվարկի մեր արտիստների բոլոր խնդիրները, պարզապես կասեմ, որ մենք բոլորի պես անհամբեր սպասում ենք, թե երբ է ավարտվելու այս մղձավանջը», – ամփոփեց Անժելա Բարխուդարյանը:
Ելույթավարները ևս տուժել են ստեղծված իրավիճակից: Արտակ Մարտիրոսյանը, որը «Novella Music Hall» երաժշտական սրահում համերգներ և շոու ծրագրեր է վարում, 3 ամսից ավել գործազուրկ է և եկամտի ոչ մի աղբյուր չունի:
«Մենք հասկանում ենք, որ արտակարգ իրավիճակ է, որը ոչ ոք չէր ծրագրել, և բոլորս հայտնվեցինք դրա մեջ մեր կամքին հակառակ: Իհարկե, շատ դժվար է երեք ամիս չաշխատել, մանավանդ, եթե տան միակ աշխատողը դու ես, բայց այս պահին այլընտրանք չկա», – ասում է նա
Ռեստորանը, որտեղ նա աշխատում է, արդեն բաց է, բայց մարդիկ դեռ վախենում են այցելել այն` չնայած անվտանգության բոլոր կանոնները պահպանվում են.
«Ավելորդ է ասել, որ հարսանիքներն ու նշանադրությունները, մեծ տոնակատարությունները այս ժամանակահատվածում չեն անցկացվում կամ անցկացվում են ոչ մեծ խմբերի մասնակցությամբ, որոնք ելույթավարների ծառայությունների կարիքը չունեն: Այնուամենայնիվ, բոլորս հուսով ենք, որ այս համաճարակն ավարտվելուն պես մարդիկ կսկսեն հավաքվել, և կյանքը առաջվանը կդառնա: Ես անհամբերությամբ սպասում եմ այն օրվան, երբ մտնելով դահլիճ և կասեմ ոչ միայն «Բարի երեկո, հարգելի՛ հյուրեր», այլ նաև՝ «Ժողովու՛րդ, ամեն ինչ ավարտվեց»:
Լինա Մակարյան