Սիրիայում պատերազմի մեկնարկից հետո Հայաստանում են բնակություն հաստատել բազմաթիվ սիրիահայեր՝ նրանց մի մասը մտադիր է հետագայում վերադառնալ հայրենիք, երբ քաղաքական ճգնաժամը հանգուցալուծվի, մի մասն էլ պատմական հայրենիքում է պատկերացնում իր ապագան: Բազմաթիվ անգամներ այս համայնքի խնդիրները բարձրաձայնվել են, կառավարությունն էլ փորձել օգնել և ընդառաջել: Իսկ օրերս սիրիահայությունը՝ ի դեմս «Սիրիայի ուսանողական միություն» հասարակական կազմակերպության Հայաստանի մասնաճյուղի, խաղաղ բողոքի ակցիա իրականացրեց ՀՀ-ում Եվրամիության ներկայացուցչության դիմաց:

Կազմակերպությունն ունի 32 մասնաճյուղ ամբողջ աշխարհում, աշխարհագրությունն էլ բավականին լայն է՝ Միջին Արևելքի, Եվրոպայի երկրներ, Ռուսաստան, Ավստրալիա և այլն: Dalma News-ի հետ զրույցում կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի նախագահ Ջուլիա Փամփալյանը տեղեկացրեց, որ ակցիայի նպատակն էր ԵՄ ուշադրությունը հրավիրել այն խնդիրներին, որոնք առաջացել են Սիրիայի նկատմամբ կիրառված ԵՄ պատժամիջոցների հետևանքով.

«Քաղաքական այս ճգնաժամի առանձնահատկություններից մեկն այն է, որ ԵՄ-ն Սիրիայի նկատմամբ կիրառում է տնտեսական պատժամիջոցներ: Սա նշանակում է, որ Սիրիան չի կարողանում ո՛չ ապրանք արտահանել եվրոպական երկրներ, ո՛չ ներմուծել դրանք: Սա շատ խոցելի է դարձնում երկիրը, քանի որ շատ դեպքերում այս ամենը անդրադառնում է մարդկանց կյանքի և առողջության որակի վրա»,- ասաց տիկին Փամփալյանը:

Նրա խոսքով, սիրիական մի շարք խոշոր քաղաքներում, այդ թվում և հայաշատ Հալեպում, Դամասկոսում զարգացած էր դեղորայքի արտադրությունը ու հատկապես քաղցկեղի դեմ դեղամիջոցների արտադրությունը: Մեր զրուցակիցը նշեց, որ այդ դեղամիջոցները բավականին որակյալ են ու հայտնի տարածաշրջանում, բայց ամենակարևորը՝ երկրում քաղցկեղի բուժումն իրականացվում էր անվճար: Այսինքն, ոչ միայն Սիրիայի ազգաբնակչությունը, այլև Լիբանանի և արաբական մի շարք երկրներից մարդիկ գալիս էին Սիրիա բուժվելու: Բայց այսօր, երբ երկրի նկատմամբ կիրառվում են արևմտյան պատժամիջոցները, Սիրիան չի կարողանում այդ դեղերի համար անհրաժեշտ հումքը ներկրել եվրոպական երկրներից և, հասկանալի է, տուժվում ոչ միայն տնտեսապես, այլև ժողովուրդն է լուրջ խնդրի առաջ կանգնած:

«Հասկանում եք՝ այսօր, երբ ամբողջ աշխարհը մահու պայքար է մղում այդ հիվանդության դեմ և Սիրիան հնարավորություն ուներ որակյալ ու հասանելի բուժում առաջարկել, քաղաքական դրդապատճառներով պայմանավորված իրավիճակը հանգեցրել է նրան, որ սիրիացիները և մյուս երկրների քաղաքացիները տուժում են, չեն կարողանում օգտվել այդ դեղորայքից ու համապատասխան բուժում ստանալ: Մենք խնդիր ունենք այլ իմաստներով ևս՝ սննդի, մանկական կերի ու վիտամինների մասով: Սա լուրջ խնդիր է և այն անհապաղ լուծման կարիք ունի»,- նշեց նա:

Ջուլիա Փամփալյանի խոսքով, ակցիայի նպատակն էր ուշադրություն հրավիրել այս չափազանց կարևոր հանգանամքին: Այս նպատակով բողոքի ակցիայի մասնակիցները նամակ են փոխանցել ԵՄ ներկայացուցչությանը՝ ներկայացնելով բոլոր մտահոգությունները և խնդրելով վերանայել պատժամիջոցների քաղաքականությունը:

«Նմանատիպ ակցիա իրականացվեց ոչ միայն Երևանում, այլև բոլոր 32 երկրներում, որտեղ գործունեություն է ծավալում «Սիրիայի ուսանողական միություն»-ը: Ակցիաներ են անցկացվել, մասնավորապես, Ռուսաստանում, Բելգիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Հնդկաստանում, Վրաստանում, Իրանում և այլ երկրներում և ամենուր կազմակերպության ներկայացուցիչները նամակ են հանձնել Եվրամիության ներկայացուցչություններին: Մեր խնդրանքը մեկն է՝ վերանայել այդ քաղաքականությունը, որից 8 տարի է տուժում են ոչ միայն Սիրիայի իշխանությունները, այլ առաջին հերթին ժողովուրդը: Եվ հույս ունենք, որ մեր ակցիան դրական արձագանք կստանա և իրավիճակ կփոխվի»,- հավելեց կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի նախագահը:

 

Լինա Մակարյան