Խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանի Մշակույթի նախարարությունը հանդես եկավ երկու նախաձեռնությամբ՝ Ա. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային թատրոնի «ենթակառուցվածքի վերաշինարարության ծրագրով» ու զբոսաշրջիկներ գրավելու նպատակով Վայոց Ձոր ու Արագածոտն մարզերում չորս քարանձավներ ու մեկ քարանձավային համալիր վարձակալության տրամադրելու մրցույթով: Քարանձավների վարձակալության մասին առաջ էլ էին խոսում, և նման մի մրցույթ անցյալ տարի համարվեց չկայացած, իսկ ահա Օպերային թատրոնի վերաշինության մասին լրջորեն խոսվեց առաջին անգամ, և այդ հայտարարությունն ի դեպ, երևանցիներին, մեղմ ասած, շոկի մեջ գցեց:
Կարճ ասած՝ սկսվեցին Օպերայում ռեստորան ու սաունա բացելու մասին վեճերը՝ պատճառաբանելով, որ վերջինս ստեղծվում է «աշխատակիցների համար»: Նախ պարզից պարզ է, որ նման ծրագիր արդեն իսկ գոյություն ունի, ընդ որում՝ համարյա պատրաստ մի ծրագիր, այլապես այդ հայտարարության համար կարելի էր սպասել առնվազն մինչև քաղաքապետի ընտրություններին, որոնք լինելուեն մայիսի 14-ին: Հանկարծ քաղաքապետարանը այդ ծրագրին իր համաձայնությունը չտվեց, չէ՞ որ նա էլ, այնուամենայնիվ, խոսքի իրավունք ունի: Այսինքն արդեն հաստատ է, որ քաղաքապետարանի գործող կազմն իր տեղում է մնալու, և նրա հետ այդ հարցն արդեն քննարկված է:
Մինչ խորհրդարանական ընտրությունները «օպերային այդ ծրագրի» մասին խոսելը տակտիկապես սխալ կլիներ, անշուշտ դրանից իշխող կուսակցությունն ավելի պակաս ձայն չէր վաստակի, բայց, ինչպես ասում են՝ «տարակուսանքը կմնար»: Մեր ունեցած դառը փորձից կարելի է հանգիստ եզրակացնել, որ այդ ծրագիրն արդեն պատրաստ է, ու շահագրգիռ անձիք անհամբեր սպասում են դրա մեկնարկը տալուն: Մշակույթի նախարարության առաջարկության հետ կապված մասսայական զարմանքը մասամբ էլ պայմանավորված է նրանով, որ եթե Օպերայի սաունան ու ռեստորանը պատկանեն մասնավոր անձի, ապա դրանք ամենայն հավանականությամբ շատ շուտով կդառնան «հաց ուտելու տեղ»՝ համապատասխան երաժշտությամբ, իսկ սաունան… երևի թե թատրոնի աշխատակիցներն ամենավերջին մարդիկ կլինեն, ովքեր կհայտնվեն այդտեղ:
Ըստ էության, հայկական ԶԼՄ-ներում բավարար կերպով ներկայացվեց դժգոհությունների հոսքն այն հարցի շուրջ, թե ինչ են պատրաստվում անել Օպերային թատրոնի հետ: Եվ դժգոհություններն այդ այն աստիճանի հասան, որ Մշակույթի նախարար Ա. Ամիրյանը հանդես եկավ լրացուցիչ բացատրությամբ, որը, ի դեպ, քչերին համոզեց: Հանուն նրա անձի օբյեկտիվության, մեջբերենք ամբողջությամբ.
«Ցավում եմ, որ փոխանակ խաղացանկն ու Օպերայի ստեղծագործական ռազմավարությունը քննարկելը, հասարակության մեծ մասը գերադասեց կենտրոնանալ նրա կենցաղային վերաշինարարության վրա: Ցավալի է, որ դիսկուսիայի որոշ ներկայացուցիչներ աղավաղում են թատրոնի ենթակառուցվածքի վերաշինության հետ կապված ծրագրի մեր պատկերացումները: Ստիպված եմ մեկ անգամ էլ բացատրել դրա էությունը:
Հարկավոր է վերանորոգել գործող, ներեցեք արտահայտությանս, գարշահոտ սանհանգույցը: Խորհրդային կայարաններին բնորոշ սնվելու կետերի փոխարեն պետք է գործի բարձրակարգ ռեստորան, որն աշխատանքային ժամերին կծառայի թատրոնի անձնակազմին, իսկ երեկոյան այցելուների համար համապատասխան մթնոլորտ ու պայմաններ կապահովի: Այդտեղ պետք է անց կացվեն ընդունելություններ, հյուրասիրություններ, նշվեն ներկայացումների պրեմիերաներ: Իսկ այսօրվա դրությամբ գործող գիշերային ակումբը կվերանա, նրա փոխարեն պիտի հայտնվի մանկական օպերային ներկայացումների սրահ: Հարկավոր է կարգի բերել բեմի ետևում գտնվող հանդերձարաններն ու դիմահարդարանքի սրահները, դերասանների համար այդտեղ պետք է գործի մարզասրահ ու սաունա՝ համապատասխան բեմական կեցվածքն ապահովելու համար: (Մարզասրահը բացառապես միայն դերասանների համար):
Առնվազն կոռեկտ չէ աղավաղել մեր ծրագրի իրական պատկերը: Այն, ինչի մասին մենք խոսում ենք, վաղուց գործում է մի շարք բարձրակարգ օպերային թատրոններում՝ Վիեննայում, Նյու-Յորքում («Մետրոպոլիտեն-օպերա»), Փարիզում («Գրանդ-օպերա») և այլն: Ի դեպ, խորհրդային տարիներին մեր Օպերայում նույնպես սաունա էր գործում:
Ցավում եմ, որ մեր հասարակության մի մասը ռեստորանը հասկանում է միայն որպես խորովածանոց, իսկ արտիստների համար նախատեսված հանդերձարաններն ու սաունան համարում է «չգիտես թե ինչ»: Արդեն վաղուց ժամանակն է, որ մեր Օպերային թատրոնը դերասանների ու հանդիսականների համար քաղաքավարի պայմաններ ապահովի: Թատրոնը սկսվում է կախիչից»:
Այո, հարգարժան պարոն Ամիրյան, ո՞վ պիտի հրաժարվեր «խաղացանկ, Օպերային թատրոնի ստեղծագործական ռազմավարություն» քննարկելուց: Ու հենց այս կոնտեքստում էլ, ցանկացած տրամաբանությամբ, տեղին կլիներ նախ մտածել երաժիշտների ու դերասանների աշխատավարձի մասին, որ նրանք ամեն գնով չհեռանային երկրից՝ արտասահմանյան քիչ թե շատ պատկառելի պայմանագրի հայտնվելուն պես, ընդ որում մեկնեին ոչ միայն Եվրոպա, այլ նաև Եվրազեսի երկրներ, օրինակ: Եթե պետությունը Օպերայի համար նախատեսված գումարներ ուներ, ապա պետք է դրանից սկսեր: Չգիտես ինչու, ինձ թվում է, թե սաունայի հարցում ցանկացած աշխատակից կարող էր մի երկու տարի համբերել, փոխարենը աշխատավարձի զգալի ավելացում ստանալով: Բայց ոչ իհարկե, արտիստի աշխատավարձի ավելացումը, որոշ առումով «քամուն տված փողեր են», իսկ ահա ռեստորանը վատ շահույթ չի խոստանում:
Ու առանձնապես հավատալ էլ չի լինում, թե պետբյուջեյում թատրոնի նման վերանորոգման համար գումարներ կան, իսկ եթե անգամ գտնվեն էլ, ապա ծրագրի իրականացման հետ մեկտեղ այդ միջոցները զուգահեռաբար կգնան, ընդունված կարգով, ինքներդ էլ գիտեք, թե ուր: Այնպես որ պարզից էլ պարզ է, որ այստեղ խառնված է «մասնավորը», իսկ բիզնեսին հարկավոր է շահույթ: Եվ ակնհայտ է, որ շահույթ չեն կարող ապահովել նրանք, ում համար ներկայացումների ոչ թանկ տոմսերն արդեն իսկ զգալի գումար են, ով Օպերա հանուն արվեստի է այցելում, և հենց նրանք «կայարանային սննդի կետեր» էլ են հազարից մեկ այցելում: Շահույթ կապահովեն նրանք, ովքեր կարող են իրենց թույլ տալ այցելել Օպերայում գտնվող ռեստորանը, դա նորաձև ու հեղինակավոր կլինի, իսկ եթե նորաձև ու հեղինակավոր, բնականաբար նաև՝ թանկ: Եվ նա, ով տալիս է իր համաձայնությունը թանկարժեք հաճույքներին, նա էլ թելադրում է իր պայմաններն ու ճաշակը, որոնց մեջ են ներառվում, օրինակ, Սպիտակցի Հայկոյի երգերն ու քյաբաբները: Նույնն էլ սաունայի հետ: Գիշերային ակումբի վերացումը լավ ծրագիր է, միայն թե այս դեպքում կստացվի վատից վատն ընտրելու տարբերակը:
Միայն թե, պարոն Ամիրյան, հարկավոր չէ վկայակոչել Փարիզի կամ Վիեննայի օրինակները: Դա մեր մասին չէ, քանի դեռ մենք թատրոն այցելող մեր հանդիսականների մշակութային մակարդակը չենք բարձրացրել մինչև փարիզյան կամ վիեննական այցելուների մակարդակի: Ինչպես արդեն ասվեց, մեզ մոտ այն մարդիկ, ովքեր ունեն այդ համապատասխան մակարդակը, ռեստորան ու սաունա չեն այցելի՝ հասարակ պատճառով՝ այդքան գումար չկա: Եվ այն, որ խորհրդային ժամանակներում թատրոնում սաունա էր գործում, նույնպես արդարացում չէ, որովհետև եթե հիմա սաունայի համար կաթսայատուն կառուցելու անհրաժեշտություն լինի, առանց երկար մտածելու դա կարող են անել շինությունից դուրս՝ դրանով իսկ փչացնելով շինության ճարտարապետական պատկերը: Հա, նաև տանիքի տակ գտնվող ռեստորանի մասին… Դժվար թե այցելուները այդ ռեստորանում նստեն անձրևի կամ կիզիչ արևի ճառագայթների տակ, ճի՞շտ է: Այնպես, որ այդտեղ նույնպես տանիք է լինելու, կամ էլ, վատագույնը՝ «Coca-Cola»-ի ու ինչ-որ մի գարեջրի անվան մակագրությամբ անձրևանոցներ: Ու այդ ամենը շատ լավ տեսանելի կլինի ներքևից, ասես մեր Օպերայի մազերը բիզ-բիզ են կանգնել այն բանից, թե ինչ արեցին իր հետ:
Եվ, ի դեպ, Երևանի ու Վիեննայի մենթալիտետն էլ է բավական տարբեր, դա ի լրումն նրա բնակիչների բարօրության: Զբոսաշրջիկները մեր օպերա գրեթե չեն այցելում, դա պայմանավորված է թե խաղացանկով, թե այլ հարցերով, որոնք, ինչ ուզում ես արա, հանգում են առաջին հերթին մեր դերասանների աշխատավարձի արմատական վերանայման հարցին: Այնպես որ դեռ երկար ժամանակ են արդարացված լինելու այս հարցի հետ կապված Panorama.am-ին տված հարցազրույցի ժամանակ ճարտարապետ Ս. Քալաշյանի հնչեցրած խոսքերը: Հայաստանի վաստակավոր ճարտարապետը մշակույթի նախարարության մտադրությունը անվանեց «ամոթալի»: «Թատրոնը չի կարող հանգստի վայր լինել, դա մշակութային օբյեկտ է: Թատրոնը չի կարող ընտանեկան հանգստի վայր լինել, դա նշանակում է թատրոնի ոչնչացում: Թատրոնը դա սրբավայր է, որը ոտնահարել չի կարելի»:
Իսկ ինչ վերաբերում է հարցի հասարակական քննարկմանը… Աստծո սիրույն, հանգստացեք, այդ ե՞րբ է հասարակության կարծիքը մեզ մոտ հաշվի առնվել: Հասարակությունը դեմ էր նախկին «Մանկական աշխարհի» դիմաց գտնվող Արամի փողոցի 30 հասցեյում գտնվող 150-ամյա տան քանդելուն, և ի՞նչ: Այն բարբարոսաբար պայթեցրին գիշերվա կեսին՝ հստակ իմանալով, որ լավ բան չեն անում: Ու ցավոք նման օրինակները թիվ ու հաշիվ չունեն:
Արդեն իսկ պարոն Ամիրյանի պաշտոնավարության ժամանակ պայթեցրին Երևանի հին Տպագրատան շենքը: Եվ ոչ մի հասարակական քննարկում առհասարակ չեղավ, ու այս անգամ սրիկայաբար պայթեցրին հենց ցերեկը, իսկ պարոն Ամիրյանն այնպիսի դեմք ընդունեց, ասես այդ մասին հետո էր իմացել: Այսինքն, լինելով սեփականատեր, Երևանում կարելի է վերցնել ու պայթեցնել ցանկացած շինություն, առանց լրացուցիչ իմֆորմացնելու, ու քեզ ոչ-ոք դրա համար ոչինչ չի ասի: Տպագրատան հետ կապված, հիշում եմ նույնիսկ, որ վարչապետ Կարապետյանը հանձնարարեց պատժել մեղավորին օրենքի ողջ խստությամբ: Ընդ որում, «օրենքի ողջ խստություն» ասվածը 2000 դոլլարի կարգի տուգանքն էր: Էլ ինչո՞ւ չպետք է հսկայական շինություններ պայթեցվեն նման ծիծաղելի գումարներով: Դրա համար էլ Օպերային թատրոնի հետ կապված բարի մտադրություններին ոչ մի կերպ հավատալ չի լինում:
Իհարկե «գարշահոտ սանհանգույցները» վերանորոգել հարկավոր է: Միայն թե հետաքրքիր է, թե ինչո՞ւ է դա արվում երկրի անկախացումից քառորդ դար անց: Հայաստանում գտնվող միակ Օպերային թատրոնի «գարշահոտ սանհանգույցները» վերանորոգելու համար պետական ծրագրեր, մրցույթներ ու միջազգային հովանավորներ հարկավոր չեն: Պարզապես վերցնում ու վերանորոգում են սանհանգույցները, իհարկե եթե կա ցանկություն: Իսկ այդ ցանկությունը թատրոնի ու արվեստի, թատրոնում աշխատող մարդկանց, ներկայացում ու համերգ դիտելու եկող մարդկանց նկատմամբ դրսևորած հոգածության արդյունք է: Եվ մենք պետք է հավատանք, որ գարշահոտ սանհանգույցների 25 տարվա ժամանակաշրջանն ավարտվեց ու հիմա պետությունը գումարներ ու միջոցնե՞ր ունի այս շինության վերանորոգման համար…
Ասենք «ենթակառուցվածքի վերաշինում» բառն էլ ինքնին վտանգավոր է արդեն: Մենք ընտելացել ենք նրան, որ եթե Երևանում ցանկանում են որևէ «ենթակառուցվածք վերաշինել», ապա պետք է արդեն SOS ազդանշան տրվի, քանի որ սպասվում է վանդալիզմի հերթական գործողությունը, ու շուտով այդ նույն վայրում հայտնվելու է հնի հետ ոչ մի ընդհանուր բան չունեցող բոլորովին այլ «ենթակառուցվածք»: Հազվագյուտ բացառություններից է միայն Երիտասարդական պալատը, որի փոխարեն ոչ մի «ենթակառուցվածք» էլ չկառուցվեց, չնայած որ մրցույթն իբր շահել էր ճապոնացի ճարտարապետը: Բայց այս դեպքում երևի թե ավելի լավ է այդ անապատացումը, քան այն, ինչ դրա փոխարեն պետք է բարձրանար:
Հիմա քարանձավների մասին: Այս թեմայով նույնպես քիչ առարկություններ չկան, որոնք հաճախ բխում են հենց վերը խոսացածներից: Սակայն Արենիի քարանձավներն արդեն այլ թեմա է, ինչի մասին կխոսենք մի փոքր ուշ…
Պատրաստեց Ռուբեն Գյուլմիսարյանը