Հուլիսի 28-ին ամբողջ աշխարհում նշվում է Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրը (World Hepatitis Day): Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ հեպատիտն արդեն հասցրել է ախտահարել աշխարհի մոտ 2 միլիարդ բնակչությանը, այսինքն՝ մոլորակի յուրաքանչյուր երրորդ մարդուն: Միայն 2017թ.-ին հեպատիտով վարակվեց 2.8 միլիոն մարդ: Բայց մասնագետները ասում են, որ հեպատիտը մահապատիժ չէ, այն կանխարգելվում է և բուժվում, իսկ հեպատիտ C-ն՝ լիարժեք բուժվում է: Անհրաժեշտ է միայն համբերատար լինել և խնայողություններ ունենալ. համաձայն նույն վիճակագրության՝ հեպատիտով տառապող մարդկանց ավելի քան 80%-ը չունի կանխարգելման, բուժզննման և բուժման միջոցներ:
Հեպատիտ C-ն կոչվում է «քնքուշ մարդասպան», քանի որ այն կարող է թաքցնել հիվանդության իրական պատճառը բազմաթիվ այլ ախտանիշների քողի տակ: Օրգանիզմում հայտնվելուց հետո այս վիրուսը սկսում է բացասական ազդեցություն գործել կենսական կարևորության օրգանների վրա, հատկապես՝ լյարդի վրա՝ ազդելով միկրոբջջային մակարդակում: Հեպատիտ B-ն կարող է ընթանալ առանց ախտանիշների կամ էլ՝ ուղեկցվել արտահայտված ախտանիշներով: Անցնելով քրոնիկ փուլ՝ այս վիրուսային ինֆեկցիոն հիվանդությունը հաճախ հանդիսանում է լյարդի ցիռոզի և քաղցկեղի առաջացման պատճառ:
Ըստ վիճակագրության՝ Հայաստանում արձանագրվել է B և C տիպի հեպատիտներով վարակման դեպքերի նվազում, ինչը Առողջապահության նախարարության ներկայացուցիչները պայմանավորում են կանխարգելիչ միջոցառումների արդյունավետության հետ: 2017 թվականին հանրապետությունում հայտնաբերվել է 400-450 հեպատիտ B-ի և 711՝ հեպատիտ C-ի նոր դեպք, իսկ 2018թ.-ին՝ համապատասխանաբար, 698 և 1351 դեպք: Ընդհանուր առմամբ, Հայաստանում կա հեպատիտ C-ով տառապով ավելի քան 4500 մարդ. Հայաստանը համարվում է այդ երկու տիպի հեպատիտների միջին տարածվածություն ունեցող երկիր: Հեպատիտ C-ի տարածվածությունն այստեղ կազմում է մինչև 4-5% (100 հազար մարդուն բաժին է ընկնում 1 դեպք), իսկ հեպատիտ B-ն՝ 1.5-2% (40-50 հազար մարդուն բաժին է ընկնում մեկ դեպք): Բայց սա այնքան էլ ամբողջական վիճակագրություն չէ, քանի որ հաճախ մարդը չգիտի, որ վարակված է:
Ինչպե՞ս է տեղի ունենում վարակումը:
Հեպատիտ B և C-ով վարակվելու ձևերն ու եղանակները տարբերվում են: Սուր հեպատիտ B-ի պարագայում դեպքերի 90-95%-ում տեղի է ունենում ինքնաբուժում, իսկ մոտ 5% դեպքերում հիվանդությունը դառնում է քրոնիկ: Սուր հեպատիտ C-ի դեպքում, այն քրոնիկ է դառնում դեպքերի 70-80%-ի դեպքում: Վարակման աղբյուրը մարդն է, որը հաճախ չի կռահում, որ հիվանդ է: Վարակման ռիսկն առկա է վարսահարդարման սրահներում, գեղեցկության սրահներում, որտեղ օգտագործվում են բազմակի օգտագործման ձեռքի խնամքի գործիքներ, դաջվածքների սրահներում, ինչպես նաև ատամնաբուժարաններում և, նույնիսկ, բժշկական կենտրոններում:
2015թ.-ին Հայաստանը ցնցեց այն լուրը, որ Քաջարանի բժշկական կենտրոնում 16 մարդ վարակվել է վիրուսային հեպատիտ C-ով: Հետաքննությանը պարզ դարձավ, որ վարակման պատճառը վերը նշված բժշկական կենտրոնի օպերացիոն սենյակի՝ ստերիլիզացման պահանջներին չհամապատասխանելու պատճառով, որտեղ հիվանդները վիրահատության էին ենթարկվել 2014թ.-ին: Պարզվել է, որ 2014թ.-ին տվյալ բժշկական կենտրոնում ընդհանուր անզգայացմամբ վիրահատություններ իրականացնելիս մեկանգամյա օգտագործման գործիքները օգռագործվել են բազմիցս, իսկ մյուս գործիքները ստերիլիզացվել են՝ գործող պահանջների խախտմամբ: 196 վիրահատությունների համար օգտագործվել է ընդամենը 7 մեկանգամյա օգտագործման ինտուբացիոն խողովակ, չնայած դրանց արժեքը կազմում է ընդամենը 300 դրամ… Մի խոսքով՝ հեպատիտով վարակվելուց ապահովագրված չեն նույնիսկ պետական հիվանդանոցների և վճարովի կլինիկաների հիվանդները, չնայած վարակվելու հավանականությունն ավելի մեծ է ատամնաբուժարաններում կամ գեղեցկության սրահներում. ՀՀ առողջապահության նախարարության ներկայացրած վիճակագրության համաձայն՝ վարակումների 13%-ը տեղի է ունենում ատամնաբուժարաններում, 6%-ը՝ կոսմետոլոգիական սրահներում, իսկ 4%-ը՝ բուժհաստատություններում:
Հարկ է հիշել նաև, որ վարակը փոխանցվում է սեռական ճանապարհով, ինչպես նաև թմրամիջոցների օգտագործման ժամանակ՝ արյան միջոցով:
Իսկ ի՞նչ արժի բուժումը:
Երկար ժամանակ հեպատիտի բուժումը համարվում էր ոչ այնքան էժան, և նույնիսկ այսօր էլ այն այնքան մատչելի չէ, որքան կցանկանայինք: Բայց վերջին տարիներին բուժման հանդեպ մոտեցումները փոխվել են, և հայտնվել են շատ թանկ դեղամիջոցների անալոգներ (դեղերի ջեներիկ տարբերակներ): Օրինակ, Հայաստանը հրաժարվել է հեպատիտ C-ի բուժման համար օգտագործել պեգիլացված ինտերֆերոններ` բազմաթիվ կողմնակի ազդեցությունների պատճառով, մինչդեռ դրանց արդյունավետությունը հազիվ էր հասնում 50%-ի: Անցյալ տարի ՀՀ առողջապահության նախարարությունը հրաժարվեց նաև օգտագործել Ռիբավիրինը՝ կրկին անբավարար արդյունավետության պայմաններում բազմաթիվ կողմնակի ազդեցությունների պատճառով: Առողջապահության ոլորտի մասնագետների կարծիքով, մեր երկրում բուժման եռամսյա գործընթացն արժե մոտավորապես 290,000 ՀՀ դրամ:
Տարիներ շարունակ, հայկական հասարակական կազմակերպությունները կոչ էին անում նախարարությանը ներառել հեպատիտի բուժումը պետպատվերի ծրագրում՝ հենց բուժման բարձր գնի պատճառով: Եվ մայիսի վերջին, ՀՀ կառավարությունը հաստատեց որոշում, համաձայն որի՝ 2020 թվականից նախատեսվում է սկսել վիրուսային հեպատիտ C-ի բուժման սուբսիդավորումը:
Կոտրել «Ոչինչ չեմ տեսնում, ոչինչ չեմ լսում, ոչինչ չեմ ասում» կարծրատիպը
«Հեպատիտն» ունի իր խորհրդանիշը` «Երեք իմաստուն կապիկները» և համապատասխան նշանաբանը. «Ոչինչ չեմ տեսնում, ոչինչ չեմ լսում, ոչինչ չեմ ասում», որը խորհրդանշում է ժամանակակից հասարակության կողմից հեպատիտի խնդրի նկատմամբ վերաբերմունքը` անտեսումը: Բայց իրազեկվածության բարձրացման ծրագրի, ինչպես նաև հատուկ միջոցառումների (թեստավորում, պատվաստումներ և այլն) շնորհիվ վերջին 20 տարվա ընթացքում հնարավոր է դարձել բավականաչափ նվազեցնել մեր երկրում գրանցվող դեպքերի քանակը: Եվ եթե թվում է, թե լաբորատորիաներում վարակի հայտնաբերման հետազոտությունը թանկ է, ապա պետությունն իր քաղաքացիներին հնարավորություն է տալիս անվճար և անանուն հետազոտվել: Օրինակ՝ այսօր, հուլիսի 28-ին, երբ ամբողջ աշխարհը նշում է Հեպատիտի օրը՝ ժամը 16:00-ից 20:00-ը, Հյուսիսային պողոտայում և Գ.Նժդեհ հրապարակում հնարավոր է անվճար և անանուն հետազոտություն անցնել ՄԻԱՎ-ի և հեպատիտ B-ի և C-ի համար: Ակցիան անցկացվելու է «Դրական մարդկանց հայկական ցանց» հասարակական կազմակերպության ջանքերով՝ ՀՀ առողջապահության նախարարության, ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:
Այնպես որ, աչալո՛ւրջ եղեք և առո՛ղջ:
Լիա Խոջոյան