Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր Հայաստանը շատ ռուսների համար երկրորդ տուն է դարձել։ Ինչպես Երևանի փողոցներում, այնպես էլ Հայաստանի հեռավոր մարզերում սովորական բան է տեսնել ռուսներին, որոնք պարբերաբար գնումներ են կատարում խանութներից. ռուսները մեր երկրում այլևս չեն ասոցացվում զբոսաշրջության հետ, այլ դարձել են մեր հասարակության մի մասը: Ուրախացնում է այն, որ ռուսները Հայաստանում ձևավորում են իրենց միջավայրը, որը հաճույքով կիսում են մեզ հետ։
Միգրացիոն ծառայության տվյալներով՝ 2022 թվականի առաջին 9 ամիսներին Ռուսաստանից Հայաստան է ժամանել շուրջ 780 հազար ՌԴ քաղաքացի։ Միայն սեպտեմբեր ամսին Հայաստան է ժամանել ավելի քան 60 հազար ռուս։ Ռուսները կարող են Հայաստան թռչել առանց միջազգային անձնագրի, երկրում գտնվելու ժամկետը 180 օր է, և եթե չկա ժամանակավոր կացության թույլտվություն, հնարավոր է տուգանք՝ մնալու ժամկետը խախտելու համար, թեև հաճախ դրա վրա աչք են փակում։ Հայաստանում գրանցումը հեշտ և պարզ է արվում:
Ինչո՞վ են զբաղվում ռուսները։
Առաջին իսկ օրերից սոցիալական ցանցերում Հայաստան տեղափոխվելու համար մի շարք խմբեր բացվեցին, որոնք մինչ օրս գործում են, ընդ որում՝ բավականին ակտիվ։ Դրանցից կարելի է իմանալ, որ ժամանողների համար ամենալուրջ խնդիրը բնակարանների որոնումն է։ Հարկ է ավելացնել՝ մատչելի գներով բնակարաններ, սակայն դրա մասին, կարծես, ավելորդ է խոսել, քանի որ այս ամիսների ընթացքում վարձավճարը մի քանի անգամ աճել է, ինչը հսկայական խնդիր է դարձել անգամ տեղի վարձակալների համար։
Ամենահաճելին գիտակցելն է, որ Հայաստանը հարմար վայր է ռուսների համար.
«Երբեմն անհարմար եմ զգում, որ եկել եմ օտար երկիր, և մարդիկ ինձ հետ խոսում են իմ լեզվով, քանի որ ես հայերեն չգիտեմ», – ասում է Օլեգը Dalma News-ի հետ հարցազրույցում։ Նա Հայաստան է ժամանել ապրիլին, պատրաստվում էր այստեղից մեկնել Թուրքիա կամ ավելի հեռու, սակայն մնաց. երկիրը շատ հյուրընկալ դուրս եկավ.
«Իհարկե, սկզբում շատ խնդիրներ կային, հիմնականում՝ բյուրոկրատական բնույթի։ Գրեթե մեկ շաբաթ լավ չէի քնում, որովհետև վաղ առավոտից՝ ժամը 6-7-ից անձնագրային բաժանմունքում հերթում էի կանգնում։ Մենք այնքան շատ էինք, որ համակարգը պարզապես չէր կարողանում նման հոսքին դիմակայել։ Հետո պարզվում էր, որ նորից ինչ-որ փաստաթուղթ է անհրաժեշտ… բայց սա սկզբում էր, ոչինչ, բոլորս էլ հասկանում ենք, որ առանց խնդիրների չի լինում», – ասում է նա։
Այնուհետև Հայաստան տեղափոխված ռուսների համար նախատեսված մի խմբում հայտարարություն է տեսնում ուսումնական ճամփորդության մասին դեպի Գյումրի՝ մեծությամբ երկրորդ քաղաք, գալիս է… և որոշել մնալ.
«Գյումրին ամբողջովին իմ մթնոլորտն է, ինձ այստեղ անմիջապես դուր եկավ։ Հասկացա, որ պետք է տեղափոխվեմ այստեղ, և այդպես էլ արեցի։ Արդեն երրորդ ամիսն է, ինչ ապրում եմ այստեղ և ինձ շատ է դուր գալիս: Շատ առումներով հարմար է՝ վարձավճարն այստեղ այնքան էլ բարձր չէ, քաղաքն ապահով է, Վրաստանի հետ սահմանը մոտ է, այնպես որ ես արդեն երկու անգամ ճամփորդել եմ, մարդիկ լավն են, ուտելիքները՝ համեղ, պատմական հուշարձանները շատ են, ուստի անելիք ևս շատ կա», – պատմում է նա: Ասում է՝ իրեն զգուշացրել են, որ Գյումրիում ձմռանը շատ ցուրտ է լինում, բայց մի՞թե դա կարող է վախեցնել իսկական ռուսին։ Օլեգը և նրա նման շատերը հայերեն են սովորում:
Ի դեպ, «Տելեգրամ»-ում հայերենի ուսուցման առցանց դասընթացները քիչ չեն, այդ թվում՝ անվճար, որոնք հարուստ են ուսումնական նյութերով և տեսադասերով։ Իսկ ժամանածներից ոմանք իրենք են ռուսաց լեզվի դասընթացներ անցկացնում՝ նախ լուծում են զբաղվածության հարցը, երկրորդ՝ ասում են, որ թեև Հայաստանում լեզվական խոչընդոտ չկա և հաղորդակցության մեջ խնդիրներ չեն զգում, այնուամենայնիվ, հասկանում են, որ ռուսերեն լեզվի իմացությունը մակարդակը, այնուամենայնիվ, կաղում է։
Հայաստանում ռուսաց լեզվի լավ և խորացված ուսուցմամբ դպրոցները դեռևս շատ չեն, թեև վերջին ամիսներին իրավիճակը, անշուշտ, զգալիորեն բարելավվել է՝ հաշվի առնելով այն փաստը, որ այս լեզվի մի քանի հարյուր հազար կրողներ տեղափոխվել են Հայաստան և նրանց երեխաները պետք է շարունակեն կրթություն ստանալ այստեղ: Մեծ մասամբ մասնավոր դպրոցներն են ռուսական ուսումնական ծրագրի համաձայն դասընթացներ անցկացնում ռուսների համար։ Հունիսին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Ռուսաստանն աշխատում է Հայաստանում ռուսական դպրոցների թիվն ավելացնելու ուղղությամբ.
«Հաշվի առնելով մեր հայ ընկերների ցանկությունը՝ աշխատում ենք հանրապետությունում ռուսական դպրոցների թվի ավելացման, ռուսերեն դասավանդող հայ ուսուցիչների որակավորման բարձրացման և ռուսաստանյան բուհերում սովորել ցանկացող հայ քաղաքացիների քվոտաների ավելացման ուղղությամբ», – նշել էր նա։ Այնպես որ, գործընթացը շարունակվում է:
Երևանում նաև հայտնվել են ռուսների սիրելի ժամանցի վայրեր, և խոսքը միայն սննդի կետերի մասին չէ։ Օրինակ, մեր հյուրերի սիրելի վայրերից է մայրաքաղաքի կենտրոնում գտնվող «Մամա Ջան» սրճարանը, որտեղ անցկացվում են թեմատիկ երեկոներ, քննարկվում են անցյալի պատմական իրադարձությունները, միգրացիոն հարցեր, կազմակերպվում են տարբեր համերգներ և այլն: Բացարձակապես տնային մթնոլորտ է, ուստի այն գրավում է ոչ միայն ռուսներին, թեև վերջիններս մեծամասնություն են կազմում: Վերաբնակված ռուսների սիրելի վայրերից ևս մեկը «Տուֆ» սրճարանն է։ Այստեղ հաճախ են անցկացվում երեկոներ, երբ մարդիկ կարող են ցուցադրել իրենց տաղանդները՝ երգեր, բանաստեղծություններ, ստենդափներ, երաժշտություն և պարեր կատարել:
Շատ ռուսների արդեն կարելի է ներգրավված տեսնել սպասարկման ոլորտում՝ աշխատում են սրճարաններում, տաքսի են վարում, կիթառի դասեր անցկացնում կամ ծրագրավորում սովորեցնում: Շատերը, այո, և սա կատակ չէ, օգնում են ծանոթանալ Հայաստանին և հետաքրքիր էքսկուրսիաներ են անցկացնում։ Օրինակ՝ արշավ դեպի Երևանի անավարտ մետրոյի լքված թունել… ճիշտ է, մի քանի ամիս անց ուժայինները չեղարկեցին այս արշավը՝ «փակելով» թունելի մուտքը, սակայն էքսկուրսիոն ծրագրերը դեպի Հայաստանի հետաքրքիր վայրեր շարունակվում են։
Այսպիսով, ռուսների համար Հայաստանը ոչ միայն համեղ ուտեստների, գեղեցիկ լեռների երկիր է, այլ նաև երկրորդ տուն, որը նրանք նաև սիրով են լցնում՝ ներդնելով իրենց եռանդը և ինչ-որ իմաստով նոր գույներով հարսնացնելով մեր մոխրագույն առօրյան:
Լիյա Խոջոյան