Գեղասահքի Հայաստանի հնգակի չեմպիոն, NHK Trophy Գրան պրիի մեդալակիր, սպորտի միջազգային վարպետ Վազգեն Ազրոյանը մտադիր է լրջորեն զբաղվել Հայաստանում գեղասահքի զարգացմամբ։ Ազրոյանը համաձայն չէ մեր երկրում այս սպորտաձևի անհեռանկարային լինելու մասին տիրապետող կարծիքին և հայտարարում է, որ հայ ազգն ունի բոլոր նախադրյալները ամենահեղինակավոր մրցույթներում Հայաստանը արժանիորեն ներկայացնելու համար։
«Ասում են՝ գեղասահքն ու Հայաստանը այնքան էլ համատեղելի չեն։ Սա մեծ մոլորություն է։ Հայ ժողովուրդը երաժշտական է, արտիստիկ, պարել սիրող, ֆիզիոլոգիապես «բռնկվող»։ Եվ սրանք այն բոլոր չափանիշներն են, որոնք բավարար են ամենաբարձր մակարդակի մարզիկներ աճեցնելու համար», – վերջերս Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նա։
Մարզիկի խոսքով, հանրապետությունում չկա այս մարզաձևի համակարգ, գործի նկատմամբ լուրջ մոտեցում. «Չկա համակարգ, կարգապահություն։ Չկա կադրային զարգացում, մինչդեռ մարզչական շտաբը պետք է վերապատրաստվի, վերաատեստավորում անցնի։ Եթե կառուցենք այս համակարգը, ավելի քան վստահ եմ, որ հայ երեխաները կարող են մեծ չեմպիոններ դառնալ»։
Ազրոյանը մտադիր է վերը նշված բոլորով զբաղվել մոտ ապագայում։ Նա հանդիպումներ է ունեցել համապատասխան ատյաններում՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Կարեն Գիլոյանի և Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանի հետ։ Այժմ մեծ հույս ունի, որ նրանք կաջակցեն գործողությունների ծրագրին, որը մտադիր է շուտով ներկայացնել։
«Ընդհանուր առմամբ, իմ որոշ գաղափարներ, իհարկե, աջակցություն ստացան։ Առաջիկայում նախատեսում եմ զարգացման ծրագիր ներկայացնել արդեն թղթի վրա, քանի որ ցանկանում եմ, որ այս ամենը լուրջ հիմքեր ձեռք բերի։ Մտադիր եմ գեղասահքով զբաղվել հիմնականում այստեղ՝ Հայաստանում», – ասել է ճանաչված գեղասահորդը։
Սակայն չի կարելի ասել, որ Հայաստանն ընդհանրապես ներկայացված չէ գեղասահքի ասպարեզում։ Ժամանակին հանրապետությունը ներկայացնում էր անձամբ Ազրոյանը՝ հանդես գալով Անաստասիա Գրեբենկինայի հետ զույգով։ Այժմ արժանի փոխարինող է դարձել Ազրոյանի դուստրը՝ Վիկտորիան։ Օրերս նա իր գործընկեր Արթուր Գրուզդևի հետ մեկնել էր Ֆինլանդիա ՝ մասնակցելու Եվրոպայի առաջնությանը։ Զրուցակիցն անկասկած հպարտանում է դստերով. Հայաստանը ներկայացնող զույգը, ըստ նրա, շատ գովասանական արձագանքներ է ստանում մասնագետների կողմից։ Այդուհանդերձ, Վազգեն Ազրոյանը համարում է, որ միայն լեգեոներների շնորհիվ հնարավոր չէ զարգացնել սպորտը։
«Միանգամայն համոզված եմ, որ, իհարկե, կարելի է լեգեոներների շնորհիվ սպորտ զարգացնել, սակայն չի կարելի դրանով «ապրել»։ Անհրաժեշտ է բազա, ռոտացիա է պետք, գիծ է պետք, մարզիկներ, որոնք կմեծանան ու կապահովեն սերնդափոխությունը։ Եթե Վիկտորիա Ազրոյանը հաղթի Հայաստանի կողմից, օրինակ, Օլիմպիական խաղերում, հիանալի կլինի։ Սակայն դա հայկական գեղասահքը չի դարձնի հզոր և իրական։ Օրինակ, Ճապոնիայում մրցույթը հաղթել է Յուզուրու Հանյուն, որին հաջորդում է Շոմա Ունոն։ Երբ վերջինս ավարտի իր ելույթները մեծ սպորտում, նրան կհաջորդի Յումա Կագեյաման։ Նույնը նաև Ռուսաստանում է: Կա սերունդների շարունակականություն, կա համակարգ: Այստեղ ևս պետք է համակարգ կառուցել։ Առավել ևս, կրկնում եմ, հայ ազգը այս մարզաձևով զբաղվելու համար ստեղծված ազգ է, սակայն, չգիտես ինչու, այստեղ այլ կերպ են մտածում… Չնայած խորհրդային տարիներին հայ գեղասահորդներն արժանավայել էին հանդես գալիս», – հիշում է Ազրոյանը:
Զրուցակիցը նաև հերքեց կարծրատիպը, ըստ որի գեղասահորդը պետք է լինի բարձրահասակ և աչքի ընկնող։ Նա նշեց, որ մարզիկների մեջ գլխավորը ոչ միայն հասակն է կամ քաշը, այլ այն, որ նրանք «լավ ու ներդաշնակ» նայվեն: «Ամենակարևորն այն է, որ մարդը լինի արագաշարժ, «բռնկվող», որպեսզի ֆիզիկական վիճակը թույլ տա կատարել այս դժվար աշխատանքը։ Գեղասահքն իսկապես դժվար աշխատանք է, հատկապես այժմ, երբ ի հայտ են եկել քառակի թռիչքները. սա իսկապես խիստ համակարգված և բարդ մարզաձև է։ Այստեղ պետք է շատ աշխատել և իմանալ, թե ինչ ես անում: Նկատի ունեմ, իհարկե, մարզիչներին»։
Ինքը՝ Ազրոյանը, մարզչի մեծ փորձ ունի: Նրա խոսքով՝ իր առաջին փորձը ձեռք է բերել հայտնի Էթերի Թութբերիձեի հետ աշխատելիս։
«Էթերի Գեորգիևնայի հետ մեկ տարի աշխատելու հնարավորություն եմ ունեցել։ Նախաօլիմպիական տարի էր՝ Սոչիի օլիմպիական խաղերից առաջ։ Աշխատել եմ Եվգենիա Մեդվեդևայի, Յուլիա Լիպնիցկայայի հետ։ Այդ ժամանակ Թութբերիձեն հենց այս աղջիկներին էր մարզում…»:
Այնուհետև Ազրոյանն առաջարկ ստացավ Թաթարստանի Հանրապետության սպորտի նախարարությունից, և մեկնեց այնտեղ, որտեղ 3 տարի աշխատեց որպես գեղասահքի՝ հանրապետության գլխավոր մարզիչ։ Նա մարզվել է թաթարստանցի այնպիսի մարզիկների հետ, ինչպիսիք են Կոնստանտին Միլյուկովը և Եվգենի Իլյինը, որոնք այնուհետև հայտնվեցին ՌԴ հավաքականում: Վերադառնալով Մոսկվա՝ հայկական արմատներով մարզիկը խորհրդատվություն է տրամադրել ու մարզել բազմաթիվ մարզիկների։ Սրանք ինչպես ռուս, այնպես էլ իսրայելցի, բելառուս, ղազախ և, իհարկե, հայ գեղասահորդներ էին: «Դա մեծ և անհրաժեշտ փորձ էր», – ասել է զրուցակիցը:
Այժմ այդ փորձը կարող է օգտագործվել անմիջապես Հայաստանում։ Սակայն գեղասահորդ «աճեցնելու» համար ժամանակ կպահանջվի: Լրագրողները Ազրոյանին հարցեր ուղղեցին ներկայիս սերնդի վերաբերյալ. հայ մարզիկների մեջ կա՞ն կադրեր, որոնք կարող են ընտրվել մասնակցելու օլիմպիական խաղերի կամ այլ առաջնությունների։
«Ոչ այն պատճառով, որ Վիկտորիան իմ աղջիկն է, և ամենևին էլ ոչ որպես գովազդ կնշեմ, որ Ազրոյան-Գրուզդև զույգը անշուշտ կընտրվի մասնակցելու լուրջ մրցույթների։ Այժմ նրանց առաջին սեզոնն է, և նրանց մասին կարծիքները շատ լավն են: Կարող են բարձր տեղերի հավակնել։ Սակայն կան նաև մի քանի այլ մարզիկներ, ովքեր նույնպես կարող են լավ հանդես գալ: Խնդիրը կրկին այն է, որ սրանք բոլորը հրավիրված մարզիկներ են, ոչ այստեղ՝ այս դպրոցում աճած մարզիկներ: Այդ իսկ պատճառով ցանկանում եմ Հայաստանում սկսել գեղասահքի զարգացման ծրագիր, որի մասին խոսեցի։ Ծրագիրը նախատեսված է երկու օլիմպիական ցիկլերի համար։ Եթե հենց այժմ սկսենք ընտրել և աշխատել երեխաների հետ, ապա ընդամենը երկու ցիկլից սա կլինի այն սերունդը, որը, օրինակ, պատանիների աշխարհի առաջնությունում կկարողանա որոշակի արդյունքներ ցույց տալ։ Պարզապես պետք է գործել: Գործել աստիճանաբար, սակայն ճիշտ և պրոֆեսիոնալ: Սա շատ կարևոր է», – նշեց հայտնի գեղասահորդը:
Լրատվամիջոցների ներկայացուցիչներն անդրադարձան նաև Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան տաղանդավոր գեղասահորդների հոսքի հնարավորությանը։ Ինչպես հայտնի է, ռուս գեղասահորդներին արգելել են մասնակցել աշխարհի մի շարք առաջնությունների, կա՞ արդյոք հնարավորություն, որ, օրինակ, հրաշալի Ադելիա Պետրոսյանը հայտնվի հայ գեղասահորդների շարքերում։
Ազրոյանը հաստատեց՝ Ադելիան իսկապես խոստումնալից մարզուհի է, սակայն Հայաստանի կողմից նրա հանդես գալը մեծ հարց է։ «Այդ աղջկան վաղուց եմ ճանաչում։ Սակայն նա Ռուսաստանի հավաքականի հիմնական թիմի անդամ է, և չեմ կարծում, որ այժմ այնտեղ որևէ նման մտադրություն կա…», – ասաց մարզիկը: Նշելով, սակայն, որ եթե Ադելիան ցանկանա միանալ Հայաստանի հավաքականին, ապա, նրա կարծիքով, այստեղ պայմաններ կստեղծվեին նրա ելույթի համար։ «Այս պահին, սակայն, նման տեղեկություն չունեմ», – եզրափակեց զրուցակիցը։
Ավարտելով ասուլիսը՝ Ազրոյանը ևս մեկ անգամ բարձրաձայնեց Հայաստանում գեղասահքը զարգացնելու իր մեծ ցանկության մասին.
«Շատ եմ ցանկանում, որ հայկական գեղասահքը մասշտաբային, մեծ զարգացում ստանա, որ հայ մարզիկները կարողանան հանդես գալ ամենաբարձր մակարդակով։ Իսկ առաջին հերթին, իհարկե, երազում եմ, որ գեղասահքը սիրված դառնա երեխաների, նրանց ծնողների շրջանում, որպեսզի այն մասսայական սպորտաձև դառնա, որպեսզի մարդիկ հասկանան՝ սա այն սպորտաձևն է, որը մեծ թվով հիանալի որակներ է զարգացնում»:
Իրինա Գրիգորյան