Ռուս խաղաղապահները, որոնք աջակցում են Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պահպանմանը, հումանիտար օգնություն են ցուցաբերում տեղի բնակչությանը՝ բարի գործեր են կատարում վիրավոր հայկական հողում, չեն մոռանում նաև իրենց հայրենիքի՝ Ռուսաստանի հիմնական տոների մասին: Օգոստոսի 22-ին ռուսական խաղաղապահ զորախմբի մշտական տեղակայման տարածքում տեղի ունեցավ Ռուսաստանի Դաշնության պետական դրոշի օրվա հանդիսավոր տոնակատարությունը: Ռուսական եռագույնը՝ 50 մետր երկարությամբ և 5 մետր լայնությամբ, հատուկ հասցվել է Լեռնային Ղարաբաղ «Մենք միասին ենք» համայնքի կամավորների ջանքերով և հանդիսավոր կերպով բարձրացվել է հրապարակում՝ Ռուսաստանի Դաշնության օրհներգի ներքո:
«Այսօր Լեռնային Ղարաբաղի պատմության մեջ առաջին անգամ խաղաղապահ զորախմբի մշտական տեղակայման կետի տարածքում անցկացվեց Ռուսաստանի դրոշի օրվան նվիրված տոնական միջոցառում: Ընթերցվեց տոնական հրահանգ, խրախուսվեցին բոլոր զինծառայողները՝ նաև համեղ նվերներով, կերակուրներով: Թույլ տվեք ևս մեկ անգամ շնորհավորել համառուսաստանյան տոնի՝ Ռուսաստանի պետական դրոշի օրվա կապակցությամբ: Այս դրոշի ներքո մեր ժողովրդի բազմաթիվ սերունդներ կատարել և կատարում են վիթխարի գործեր», – ասել է ՌԽԶ հրամանատարի տեղակալ, գեներալ-մայոր Օլեգ Եգորովը:
Այսպիսով, Լեռնային Ղարաբաղում ՌՄԿ-ի ներկայացուցիչները, եթե ոչ վիթխարի, ապա կարևոր շատ գործեր են կատարում իրենց վստահված տարածաշրջանի մասշտաբով: Միայն տեղական բնակչությանը խմելու ջրով ապահովելու հարցում օգնությունը արդեն մեծ բան է: Խաղաղապահները ոչ միայն ապահովում են անվտանգությունը ջրագծեր անցկացնելիս, այլև անձամբ են ջուր հասցնում այնտեղ, որտեղ դրա կարիքը կա: Օգոստոսի սկզբին ԶԼՄ-ները հայտնեցին, որ խաղաղապահները վերահսկում են ինժեներական աշխատանքները խողովակաշարի անցկացման հետ մեկտեղ՝ ջրով ապահովելու համար Թաղավարդը և Կարմիր Շուկան: Արդյունքում 20 կմ ջրագծեր կառուցվեցին առանց որևէ միջադեպի: Աշխատանքների ավարտից հետո արտեզյան ջուրը կհասնի Ստեփանակերտին ամենամոտ բնակավայրերի 5 հազար բնակիչներին: Սակայն ՌԽԶ-ն այդքան չի սպասել. օգոստոսի կեսերին արդեն խաղաղապահները լցրեցին ցիստեռներն ու առաջին 10 տոննա ջրով շտապեցին ստեփանակերտցիների մոտ: Ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Վլադիսլավ Դեմկինը հայտնել է.
«Հրամանատարությունը որոշում է կայացրել խմելու ջրով ապահովել բնակչությանը` Ստեփանակերտ քաղաքի տեղական ինքնակառավարման մարմինների դիմումի հետ կապված: Կազմվել է օրական ջրամատակարարման ժամանակացույց: Մինչ օրս շուրջ 10 տոննա խմելու ջուր է մատակարարվել տեղի բնակչությանը»:
200 ընտանիքի անդամները, որոնք դույլերով հերթ էին կանգնել, վերջապես ստացան թանկարժեք ռեսուրսը: Ստեփանակերտի բնակչուհի Ալինա Հակոբյանը չթաքցրեց ուրախությունը և ի սրտե շնորհակալություն հայտնեց.
«Արդեն 10 օր է՝ ջուր չունենք: Երախտապարտ ենք, որ ջուր եք հասցրել: Այն միշտ չի բավականացնում, հատկապես ամռանը: Ապրում ենք երկրորդ հարկում, վեց հոգով… Շատ շնորհակալ եմ ջրի համար, և ոչ միայն ջրի համար` առհասարակ ամեն ինչի»: Նրա հայրենակիցը՝ Տիգրան Աբրահամյանը, պատմեց իր ջրային էպոպեայի մասին. «Շատ դժվար էր ջուր բարձրացնել չորրորդ հարկ: Դույլերով գնում էինք այգի, որպեսզի ինչ-որ կերպ ջուր ձեռք բերեինք: Բակում ջրատար մեքենա երբեք չի եղել: Եվ ահա դուք եկաք: Վերջապես կարողացանք մի փոքր ջուր վերցնել ձեր ջրատարից: Ցանկանում եմ, որ երկար մնաք այստեղ»:
Նմանատիպ ցանկություն, իհարկե, ավելի գլոբալ պատճառաբանված, վերջերս արտահայտեց Լեռնային Ղարաբաղի նախագահ Արայիկ Հարությունյանը: Մարտակերտի բնակիչների հետ հանդիպման ժամանակ Հարությունյանն ասաց.
«Տարածաշրջանն այնպիսին է, որ մենք չենք կարող ինքնուրույն ապահովել անվտանգությունն ու խաղաղությունը: Ռուսական զորքերի ներկայությունը պետք է լինի ոչ թե ժամանակավոր, այլ մշտական: Եթե ռուսական զորքերը չմտնեին տարածաշրջան, մեր ճակատագիրն այլ կերպ կդասավորվեր»:
Բերքահավաքի ամենաթեժ շրջանում ռուս զինվորականներն ապահովում էին գյուղատնտեսական աշխատանքների անվտանգ իրականացումը: Մասնավորապես, խաղաղապահների «ուղեկցության» շնորհիվ Ասկերանի շրջանում ամեն բան անցավ առանց միջադեպերի: «Այդ աշխատանքներն իրականացվում են շփման գծի մոտակայքում, ուստի մեր ներկայությունն անհրաժեշտ է», – բացատրեց ՌՄԿ ներկայացուցիչ Իգոր Սերգեևը: Սակրավորները նույնպես հիանալի աշխատանք են կատարել. միայն այն բանից հետո, երբ նրանք մանրակրկիտ ստուգել են գյուղատնտեսական հողերում պայթյունավտանգ իրերի առկայությունը և, անհրաժեշտության դեպքում, մաքրել չպայթած զինամթերքը, գյուղացիները ուղևորվել են վարելահողեր: Ահա թե ինչու ցորենի բերքահավաքը Լեռնային Ղարաբաղի հեռավոր շրջաններում ավելի ուշ սկսվեց:
Հաջողվել է նաև անասուններին արոտավայր հասցնել: Այսպես, Մարտունու շրջանում՝ Մաճկալաշեն, Խերխան և Հերհեր բնակավայրերում, 2 ամսվա ընթացքում մաքրվել և ականազերծվել է ավելի քան 100 հեկտար տարածք: Ռուս զինվորականների գերազանց աշխատանքը թույլ տվեց տեղի բնակչությանը իրականացնել գյուղատնտեսական աշխատանքներ և կերակրել սոված անասուններին:
Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղ ժամանման պահից մինչև օգոստոսի 20-ը ռուս պիրոտեխնիկներն արդեն ստուգել են 1.927 շինություն (որոնից 33-ը՝ սոցիալական նշանակության օբյեկտներ), մաքրվել է ավելի քան 674 կմ ճանապարհ և ավելի քան 2.257 հա տարածք, հայտնաբերել և ոչնչացրել է 25.798 պայթյունավտանգ առարկա:
Ճանապարհներին վերահսկողության վիճակագրությունը նույնպես տպավորիչ է՝ 2020 թվականի նոյեմբերից մինչ օրս ապահովվել է ավելի քան 58.000 ավտոմեքենայի և մոտ 210.000 մարդու անվտանգ երթևեկությունը: Խոսքը նաև Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղ և հակառակ ուղղությամբ սննդամթերքի և տարբեր ապրանքների անվտանգ տեղափոխման մասին է:
«Դիտորդական կետի անձնակազմը վերահսկում է հրադադարի ռեժիմի պահպանումը, ապահովում է Լաչինի միջանցքով մեքենաների տեղաշարժի անվտանգությունը, ընդ որում՝ յուրաքանչյուր մեքենա զննվում է և, անհրաժեշտության դեպքում, ստուգվում: Օրական անցակետով անցնում է մոտ 200 ավտոմեքենա», – հայտարարել է Լեռնային Ղարաբաղում ՌԽԶ-ի ներկայացուցիչ Վասիլի Դավիդովը:
Խաղաղապահ զորախմբի զինծառայողները աշխատում են նաև իրենց վրա. կանոնավոր կերպով մարտական պատրաստություն և վարժանքներ են անցկացնում՝ խախտումները և հնարավոր հարձակումները կանխելու համար: Հուլիսի վերջին նման վարժանքներից մեկն անցկացվել է Մարտակերտի շրջանի Սրավենդում գտնվող դիտակետում: Իսկ օգոստոսի սկզբին խաղաղապահներն առաջին անգամ մշակեցին «քոչվոր» ականանետի մարտավարությունը Լեռնային Ղարաբաղի լեռներում: «Ստեփանակերտ» ռազմավարժարանում հրետանային հաշվարկը համազարկեր է արձակել բնական խոչընդոտների հետևում գտնվող չերևացող թիրախների ուղղությամբ` ավտոմեքենաների թափքերում տեղադրված թնդանոթներից: Լեռնային տեղանքում ականաձիգները կարճ ժամանակահատվածում 500-2000 մետր հեռավորության վրա խոցել են զրահատեխնիկա, կենդանի ուժ և հակառակորդի դիրքեր նմանակող մոտ 50 թիրախ: Վարժանքների ղեկավար Անդրեյ Մոխովը գոհ մնաց.
«Ականանետային հաշվարկի խմբերի խնդիրներն էին՝ հրամանը ստանալուն պես առաջանալ ժամանակավոր դիրք, ճնշել թիրախը և հնարավորինս արագ լքել դիրքը: Անձնակազմը հաղթահարեց առաջադրանքը, այսօրվա գնահատականները գերազանց են»:
Մոտ մեկ շաբաթ անց՝ օգոստոսի 16-ին, ՌԽԶ-ի ներկայացուցիչները ստուգում անցան իսկական մարտով: Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ զորախմբի գտնվելու ընթացքում առաջին անգամ լուրջ փոխհրաձգություն տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի ստորաբաժանումների և Ադրբեջանի զինված ուժերի միջև: Բարեբախտաբար, ռուսների աջակցությամբ ամեն բան կարգավորվեց: «Շուշիի շրջանում հրազենի կիրառմամբ փոխհրաձգությունը սկսվել է ժամը 21:00-ին, և ժամը 21:15-ին միջադեպը հարթվել է՝ ռուսական խաղաղապահ զորախմբի աջակցությամբ: Տուժածներ չկան», – հայտնել են ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունից:
Օգոստոսին, ընդհանուր առմամբ, ՌԴ խաղաղապահ զորախմբին բազմաթիվ նորամուծություններ և պրոֆեսիոնալիզմի ստուգումներ էին սպասում: Այսպիսով, ռուս ռազմական բժիշկների շնորհիվ Մարտակերտում ծնվեց մի երեխա՝ Հովհաննեսը:
«Բժշկական թիմի համար սա առաջին ծննդաբերությունն է: Նման կեսարյան հատում պետք է իրականացնի մանկաբույժ-նեոնատոլոգը: Ես սկսել եմ իմ մասնագիտական կարիերան որպես մանկական անեսթեզիոլոգ, երբեմն նորածինների հետ էի աշխատում: Ստիպված էի աշխատել ոչ միայն որպես անեսթեզիոլոգ, այլև նաև որպես նեոնատոլոգ: Տղան ծնվեց, մայրը նրան հենց վերակենդանացման բաժանմունքում Հովհաննես անվանեց: Տղան ծնվել է 4 կգ 250 գ քաշով, հասակը՝ 49 սմ», – պատմում է ՌԽԶ հատուկ նշանակության բժշկական ջոկատի անեսթեզիոլոգ Անատոլի Ախապկինը:
Զրուցակիցը համեստորեն չնշեց, որ եթե չլինեին ինքն ու իր գործընկերները, հայտնի չէ՝ ինչպես կդասավորվեր ծննդկանի ճակատագիրը. ցավեր ունեցողղ կինը դիմել է Մարտակերտի շրջանային հիվանդանոց, իսկ վարչությունը, իմանալով, որ կլինիկայում և քաղաքում մասնագետ չկա, որոշել է օգնություն խնդրել ռուս ռազմական բժիշկներից: Միայն նրանց օգնության շնորհիվ է հնարավոր եղել փրկել կնոջն ու երեխային:
Այս ամառ խաղաղապահներն առաջին անգամ մարդասիրական օգնություն ցուցաբերեցին նաև սահմանափակ կարողություններով մարդկանց: Մոտ 400 կգ սննդամթերքի փաթեթներ փոխանցվեցին «Խուլերի միավորում»: Հետագա այցելությունների ընթացքում նախատեսվում է օգնել ևս 100 ընտանիքների (1200 կգ սննդամթերքի հավաքածու), որտեղ կան լսողության տարբեր խանգարումներով տառապողներ:
Նորություն է ՌԽԶ ղեկավարության կողմից Մարտակերտի շրջանի հեռավոր գյուղերում կազմակերպած նոր շարժական ընդունարանը: «Խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը որոշում կայացրեց առաջին անգամ հանրության համար շարժական ընդունարան ուղարկել Վանք գյուղ, քանի որ շատ քաղաքացիներ հնարավորություն չունեն գալ Ստեփանակերտում տեղակայված հանրային ընդունարան: Յուրաքանչյուրը կարող է դիմել մեզ խնդրահարույց հարցերով… Այսօր փախստականների ընտանիքներին և բազմազավակ ընտանիքներին 5 տոննա սննդամթերք է տրամադրվել», – ասաց ՌխԶ ներկայացուցիչ Դմիտրի Տուսիդին:
Շարժական «ընդունարանը» պահանջված է դարձել. ավելի քան 800 մարդ է դիմել օգնության համար, այդ թվում՝ թեժ գծով ստացված ավելի քան 400 դիմում, հայտնել է ՌԴ ՊՆ-ն: Նաև բժշկական օգնություն է ցուցաբերվել. ռուս բժիշկներն ընդունել են Վանքի 150 բնակչի:
«Այսօր աշխատում էին սրտաբանը, ակնաբույժը, օտոլարինգոլոգը և նյարդաբանը: Տեղի բնակչությունը մեծ ուրախությամբ է գալիս խորհրդակցության այն պատճառով, որ այս բնակավայրում բուժանձնակազմ չկա: Դիմում են երիտասարդ զույգերը, երիտասարդ կանայք՝ իրենց փոքր երեխաների հետ: Մանկաբուժական ծառայություններ այստեղ ևս չկան», – պատմեց ռազմական բժիշկ Մաքսիմ Կարավաևը:
Որպես նրա ասածի ապացույց՝ հնչեցին գյուղի բնակչուհի, ութ երեխաների մայր Աննա Օհանյանի խոսքերը. «Երախտապարտ ենք խաղաղապահներին մեզ մշտապես օգնելու և մեր խաղաղությունը ապահովելու համար»:
Հանգստություն՝ ահա թե ինչ ձեռք բերել ղարաբաղցիները ռուս խաղաղապահների շնորհիվ: Թո՛ղ որ այն ընդմիշտ պահպանվի:
Իրինա Գրիգորյան