«Հայկական Ֆրեդի». այսպես են կոչում Հայաստանում և նրա սահմաններից դուրս «Ձայնը. երեխաներ» նախագծի վեցերորդ եթերաշրջանի 13-ամյա մասնակից Ռոբերտ Բագրատյանին: Դեռ նոր էր երեխան բեմ մտել, երբ գրավեց բոլորին ոչ միայն իր ձայնով և մաքուր նոտաներով, այլև բացառիկ խարիզմայով: Կատարման մեջ անկեղծության ուղերձը այնքան մեծ էր, որ Սվետլանա Լոբոդան աթոռը շրջեց, առանց նույնիսկ սպասելու առաջին երաժշտական թեմայի ավարտին: Մեկ րոպեն հազիվ էր անցել, երբ տեղի տվեց Վալերի Մելաձեն:

«Իմ տղան է, իմը»,- բացականչեց Լոբոդան՝ մեղեդու տակ թեթև պարելով ամբողջ կատարման ընթացքում, իսկ վերջում առհասարակ ծնկի իջավ: Սակայն թվում էր, որ երիտասարդ արվեստագետը ոչ միայն շփոթված չէր այս ամենով, այլ ավելի ոգևորված. նա առանց որևէ հուզմունքի շարունակում էր ցուցադրել «Queen»-ի մենակատարին բնորոշ բարձր վարպետությունը: Եվ նույնիսկ թեք կանգնակով խոսափողը, որը պատրաստվել էր ռոք աստղի խոսափողի ճշգրիտ նմանությամբ, շատ ներդաշնակ էր նրա կերպարին: Դահլիճը ծափահարում էր, իսկ ետնաբեմում սպասող աջակցության խումբը՝ տղայի հոր առաջնորդությամբ, գրեթե պատրաստ էր կոտրել սպասման սենյակի դուռը:

Մինչ այդ, Ռոբերտը շարունակում էր հիացնել հանդիսատեսին իր բնական պահվածքով և մաքրությամբ. «Ներեցեք, բայց ես միշտ երազել եմ սա անել»: Սա ասելով նա հանկարծակիի բերեց բոլորին՝ երգելով Սվետլանա Լոբոդայի հիթային երգից մի տող. «Все люди, как люди. А я — суперзвезда!» (Բոլոր մարդիկ մարդիկ են: Իսկ ես՝ գերաստղ»: Մենթորները մի կուշտ ծիծաղեցին, իսկ նա հայտարարեց, որ մտադիր է միանալ բացառապես Լոբոդայի թիմին:

Ռոբերտ Բագրատյան

«Եթե մենք իմանայինք, որ նա պատրաստվում է նման բան անել, մենք իհարկե, կարգելեինք: Բայց Ռոբերտը շատ ինքնուրույն է և համառ, եթե նա ինչ-որ բան որոշել է, առանց խորհուրդ հարցնելու կանի: Ելույթից հետո ես նրան ասացի. «Ռոբերտ, այդպես չի կարելի, այնտեղ բոլորը հարգված մեծ մարդիկ են… Բայց արվածը չես փոխի»,- հուզմունքով և ժպիտով ասում է տղայի մայրը` Հասմիկ Մուկանյանը, Dalma News-ի թղթակցի հետ զրույցում ասաց նա

Հասմիկի խոսքով, ո՛չ նա, ո՛չ էլ ամուսինը երաժշտական կրթություն կամ յուրահատուկ երաժշտական տաղանդ չունեն: Նա ինժեներ է, իսկ ամուսինը փաստաբան: Այսօր զույգը զբաղվում է ընտանեկան բիզնեսով: Սակայն դեռ մանկուց նրանք վստահ էին, որ տղան ընտրելու է երաժշտական ուղին: Հենց որ երաժշտություն էին միացնում, կամակոր երեխան անմիջապես լռում էր: Իսկ երբ նա մեծացավ, սկսեց նույնիսկ երգել: Երբ Ռոբերտը նոր-նոր էր սովորում քայլել, նրա ամենասիրելի ստեղծագործություններն էին Արամեի և Նունե Եսայանի երգերը: Երեխան դեռ նույնիսկ խոսել չէր կարող, երբ համարյա անսխալ վերարտադրում էր մեղեդիները: Ու այդպես շարունակ: «Այժմ Ռոբերտը երգում է ամենուր: Սեղանին նստած երգում է, քայելիս երգում է, ուտելիս երգում է, լողանալիս երգում է»,- ժպտում է մայրը: Եվ նա հիշում է, թե ինչպես երեխայի երաժշտական օժտվածությունը բացահայտեց նրա ցածր դասարանների դասավանդողը, թույլ տալով տղային առաջին քայլերն անել այս ոլորտում:

«Մենք ապրում ենք Դոնի Ռոստովում: Տատյանա Խաչերեսովնան հրավիրեց մեզ զրուցելու և ասաց, որ մեր տղան շատ է խորացել երաժշտության մեջ, և լավ կլիներ նրան ցույց տալ Մյասնիկովսկու շրջանի վարչական կենտրոնում` Չալտիր գյուղում գտնվող «Հույսի աստղ» պարի և երգի թատրոնի տնօրենին: Առանց երկար-բարակ մտածելու, նրանք հետևեցին ուսուցչի խորհրդին: Եվ չզղջացին: Ռոբերտի ձայնը լսելով՝ թատրոնի տնօրեն Սոնյա Գրիգորի Կալաֆյանը անմիջապես ասաց. «Հոյակապ է: Լավ տղա է, կաշխատենք միասին»: Արդյունքում նա սկսեց պարապել: Եվ արդեն յոթ տարի է, ինչ զբաղվում է վոկալով և ազգային մանկական անսամբլի կազմում հայկական պարերով»,- ասում է Հասմիկը

Խմբի կազմում տղան բազմիցս մասնակցել է միջշրջանային շրջագայությունների և մրցույթների, որտեղ ի դեպ, միշտ զբաղեցրել է միայն առաջին տեղերը: Սակայն Ռոբերտի հիմնական երազանքը մնում էր անկատար: Երբ «Կույր լսումներից» հետո տրված հարցազրույցում տղային հարցրեցին, թե նա արդյո՞ք նախկինում փորձել է մասնակցել «Ձայնը» նախագծին, նա ասաց.

– «Ո՛չ: Սա առաջին փորձն էր: Բայց ես միշտ ցանկացել եմ այստեղ հայտնվել: Բյաց իմ ուսուցիչներն ու ծնողներն ամեն անգամ ինձ հետ էին պահում: Ես ուզում էի վեց տարեկանում գալ, նրանք ինձ ասում էին, որ պատրաստ չեմ: Ես ուզում էի յոթում և նորից ինձ ասում էին, որ պատրաստ չեմ: Եվ հիմա ես 12 տարեկան եմ, և նրանք ինձ ասացին. «Ռոբերտ, դու պատրաստ ես»:

Մասնակցության մասին վերջնական որոշումը ծնողները կայացրեցին անցած տարի Երևանում, որտեղ անցկացնում էին արձակուրդը: Երբ հավաքվեցին բոլոր հարազատները, մեծահասակներից մեկը լսելով տղայի երգը բացականչեց. «Դե վերջապես ուղարկեք իրեն «Ձայնը» նախագծին: «Մենք տուն վերադարձանք և ես մտա նախագծի կայքը և տեսա, որ նախագիծը նոր լսումներ է հայտարարել: Առանց երկար-բարակ մտածելու հայտը լրացրեցի և ուղարկեցի: Ուղարկելուց առանձնապես հույսեր չունեի. մտածում էի, որ կանցնի՝ լավ է, չանցնի՝ ոչինչ, ուրեմն ճակատագիր է,- հիշում է մայրը: – Ի~նչ հաճելի անակնկալ էր, երբ երկու ամիս անց դրական պատասխան ստացանք և քասթինգին մասնակցելու հրավեր: Բոլորս լաց էինք լինում երջանկությունից, այդ թվում պապիկը, որը բնավ զգացմունքային չէ: Եվ շուտով մենք բազմաթիվ պոտենցիալ մրցակիցների հետ միասին կանգնած սպասում էին մեր հերթին: Իսկ նախնական ընտրությունից ուղիղ երեք օր անց մեզ զանգեցին և ասացին. «Շնորհավորում ենք, ձեր երեխան հրավիրվում է «կույր լսումներին»:

Սակայն, Ռոբերտին վիճակված էր ելույթ ունենալ «Կույր լսումների» վերջին օրերից մեկին: Որպես կանոն մասնակիցներին դա շատ է նյարդայնացնում, քանի որ մարզիչների թիմերում տեղերը գնալով պակասում են, և պետք էր հասցնել գրավել այդ տեղերից մեկը: «Կամ այն մտքից, որ ստիպված կլինի մինչև հաջորդ տարի սպասել, կամ չգիտես որտեղից առաջացած ալերգիայի պատճառով, Ռոբերտի ձայնը ելույթից մեկ օր առաջ կտրվեց: Ամբողջությամբ կորավ: Մենք բոլորս շոկի մեջ էինք: Բարեբախտաբար, ժամանակին օգնեց Սոնյա Գրիգորևնան՝ իր աջակցության խմբով: Եվ մեր ռոստովյան թիմի անդամները, այդ թվում վոկալի ուսուցիչ Վարսենիկ Արամայիսովնան, իրենց ձեռքը վերցրին իրավիճակը: Նրանք սկսեցին պատրաստել բուսական եփուկներ: Իսկ Սոնյա Գրիգորևնան սկսեց հանգստացնել այնպես, ինչպես միայն ինքն է կարողանում: Ամբողջ օրը, ինչպես նաև գիշերը, մենք պայքարում էինք որդուս ձայնային տվյալները վերականգնելու համար: Եվ, փառք Աստծու, կարողացանք. Ռոբերտի նյարդային կծկումն անցավ բեմ դուրս գալուց գրեթե անմիջապես առաջ: Ահա թե ինչու էինք մենք հուզմունքից դողում ապակե դռների հետևում, մինչ նա անթերի երգում էր և սենսացիա առաջացնում բեմում:

Ռոբերտ Բագրատյան և Ալսու

Որտեղի՞ց է երեխայի մոտ ռոքի հանդեպ այս սերը: Այս հարցին զրուցակիցը դժվարացավ պատասխանել: Չէ՞ որ տղան նաև կատարում է էստրադային կատարողների երգեր, և կարող է զարմացնել նույնիսկ Մագոմաևի բարիտոնով՝ անթերի կատարելով նրա հայտնի «O море, море!» երգը: Իսկ վեց տարեկանում նա հաղթանակ տարավ մանկական երգերի միջքաղաքային մրցույթներից մեկում՝ կատարելով Առնո Բաբաջանյանի հեղինակած «Кружит голову мимоза» հայտնի ստեղծագործությունը:

«Սակայն չորս տարի առաջ նա հետաքրքրվեց դասական ռոքով, հատկապես «Queen» ռոք-խմբի և նրա մենակատարի ստեղծագործական կյանքով: Նա բացատրում է իր սերը ռոքի հանդեպ այն բանով, որ դասական ռոքի մեջ համակցված են բոլոր երաժշտական ժանրերը: Իսկ Ֆրեդի Մերկուրիից լավը նրա համար չկա»,- ժպտալով նշում է Հասմիկը:

Նա հիշում է, թե ինչպես երգացանկի ընտրության ժամանակ հենց Ռոբերտը պնդեց «The show must go on» երգի վրա: Նա նաև առաջարկեց երգել Ֆրեդի Մերկուրիի խոսափողով: «Լավ կլիներ, եթե Ֆրեդիի նման խոսափող ունենայի»,- ասաց նա ռեժիսորին: «Եվ ի պատիվ կազմակերպիչների նրանք կատարեցին որդուս ցանկությունը: Շնորհակալ եմ նրանց այդ բանի և մնացած ամեն ինչի համար»,- ասում է Հասմիկը: Ի դեպ, նա նույնպես մասնակցել է երեխայի կերպարի ձևավորմանը: Հենց մայրն է զարդարել սև կաշվե բաճկոնը ռոքային ցցերով, կոճակներով և այլ աքսեսուարներով»:

«Իսկ տղան հայերեն երգեր երգո՞ւմ է: Նա առհասարակ խոսո՞ւմ է հայերեն»,- հարցնում ենք իրեն: «Իհա՛րկե: Ամուսինս և ես Երևանից ենք, նախկինում ապրում էինք Զեյթունում: Մենք տեղափոխվեցինք Դոնի Ռոստով, երբ Ռոբերտը չորս տարեկան էր: Բայց ամեն դեպքում և՛ նա, և՛ մեր վեց տարեկան աղջիկը` Սոֆիան, լավ հասկանում են հայերեն: Ճիշտ է Ռոբերտը ակցենտ ունի, բայց խոսում է հայերեն: Ինչ վերաբերում է երգերին, ապա նա հայկական ազգային համույթի անդամ է և հետևաբար իր իր երգացանկում ունի հայերեն երգեր: Հատկապես սիրում է «Ով սիրուն, սիրուն»-ը և «Այ իմ աշխարհը»: Այնպես որ մենք չենք մոռանում մեր արմատները»,- պատմում է զրուցակիցը:

Ընտանիքը փորձում է հնարավորինս հաճախ Երևան այցելել: Բայց դա միշտ չէ, որ ստացվում է, քանի որ տղայի երգչախումբը հաճախ շրջագայում է և որպես կանոն դպրոցական արձակուրդների ժամանակ: Հետևաբար, ստիպված ենք լինում հրաժարվել տուն գնալու անհագ ցանկությունից՝ հանուն որդուս մինի-շրջագայությունների: Ռոբերտը բազմիցս ելույթ է ունեցել Սոչիում, Նալչիկում և Կաբարդինո-Բալկարիայում: Սակայն «Ձայն»-ը նախագծի բեմը նրա համար ամենալուրջն էր:

Տղան շատ վստահ էր զգում իրեն բեմում: Իսկ ինչպիսի՞ն է նա կյանքում` նույնքան ինքնավստա՞հ և ամաչկոտությունից զե՞րծ:

-«Ռոբերտը բավականին համեստ է իր էությամբ: Սակայն բեմի վրա նա անասելի ինքնավստահություն է ձեռք բերում: Ինչը բնորոշ չէ ո՛չ ինձ, ո՛չ ամուսնուս: Նույնիսկ փոքր ժամանակ սեղանի շուրջ նա երբեմն այնպիսի կենացներ էր ասում, որ բոլորս ապշում էինք: Հյուրերը վստահ էին, որ ես նրան նախապես սովորացնում եմ: Բայց ես ինքս կցանկանայի այդպիսի «դասեր» քաղել իրենից: (Ժպտում է): Ինչ վերաբերում է բեմին, Ռոբերտը մի անգամ բացատրեց ինձ. «Մա՛մ, ասենք թե ես վախենամ բեմից և երգելուց, բա էլ ինչո՞ւ պիտի զբաղվեմ այդ գործով: Ինչպես կարող է մի մարդ, որը զբավում է իր սիրած գործով, վախենալ նրանից»

Այժմ տղան ջանասիրաբար է պատրաստվում է «Մենամարտեր» փուլին: Երեխան ողջ սրտով սիրեց Սվետլանա Սերգեևնային և խոստովանեց ընտանիքին. «Ես շատ եմ սիրում նրան: Նա այնքան լավն է, բարի և հոգատար»: Մարզչի և մասնակցի փոխադարձ ստեղծագործական կապը նկատելի էր նրանց շփման առաջին իսկ րոպեներից: «Կույր լսումներից» հետո տրված հարցազրույցում Ռոբերտն ասաց. «Դո՞ւք կհարցնեք, թե ինչու է Լոբոդան շրջվել դեպի ինձ հենց ամենասկզբից: Քանի որ այս երգի առաջին տողերն են՝ «Empty spaces — what are we living for…»: Դատարկություն… Եվ ես այդ դատարկության մեջ ես լույս եմ տեսնում: Եվ հենց այդ տողերը գրավեցին ինձ: Ես պարզապես սիրահարվեցի այդ տողերին: Քանի որ դրանք ինձ համար շատ են նշանակում: Ես կարծում եմ, որ եթե գիտես երգը և հասկանում ես այն, ապա դա նման է նրան, թե ինչպես է մարդը մարդուն հասկանում, կամ ընկերը՝ ընկերոջը…»: Եվ այստեղ շնորհալի պատանին բազմանշանակ թոթվում է ուսերը, կարծես հուշելով, որ նա ոչ թե պարզապես երգում էր, այլ հասկանում էր երգի իմաստը, ապրում նրա յուրաքանչյուր տողը:

Ի դեպ, ոչ ոքի մոտ կասկած չառաջացավ, որ 13-ամյա պատանին սրտանց էր երգում յուրաքանչյուր տող: Եվ դրա վկայությունը «Ձայնը. Երեխաներ-6» նախագծի Youtube-յան էջում կատարման բարձր վարկանիշն է: Մարտի 22-ի դրությամբ (կատարումը հեռարձակվել է մարտի 15-ին) այն արդեն մեկ միլիոնից ավելի դիտում ուներ: Սա մի ցուցանիշ է, որ կարող են նախանձել նույնիսկ «Եվրատեսիլի» մասնակցության թեկնածուներ: Վարկանիշերից բացի, չափազանց դրական են նաև մեկնաբանությունները, որոնք մարտի 22-ի դրությամբ գերազանցել էին 2000-ը:

Այսպիսով, Սվետլանա Պլատանչևան անթաքույց հիացմունքով գրում է. «Բարևներ Հայաստանին Սիբիրից, հրաշալի տղա է…»: «Ես չէի սպասում, որ երեխան կկարողանա կատարել այս երգը: Զիլ է»,- մեկնաբանում է Voice Talent անունով օգտատերը: «Շատ ուժեղ է. ինչպիսի ձայն, ինչպիսի համարձակություն և անմիջականություն: Պարզապես գերաստղ է, տաղանդ: Հազարավոր լայքեր»,- գրում է Fate G-ն: Վլադիմիր Դոբրյան ևս նման կարծիքի է. «Շատ, շատ տաղանդավոր տղա, մեր դիմաց առնվազն եզրափակչի մասնակից է, իսկ գուցե նաև՝ «Ձայնը. երեխաներ» շոուի հաղթողը:

«Հայր Ռոստովը լավագույնն է: Ռոբերտինո՝ Դուխով»,- գրում է Պավել Պապանինը: «Ես արտասվեցի: Կարծես փոքր Ֆրեդին է կանգնած: Այս բնորոշ խռպոտ ձայնը և շարժումները… Ապրես: Շատ տաղանդավոր ես: Քեզ հաջողությո՛ւն»,- ասում է Beauty Life-ը: «Տղան շատ խելացի է ու լավը: Հարգանքներս ծնողներին նման ՓՈՔՐԻԿ ՄԵԾ մարդ դաստիարակելու համար»,- շնորհավորում է Rusle Cerniy օգտատերը: snab032 օգտատերը ասում է. «Այսպիսով, հայերի մեջ լավագույնը Ռոբերտ Բագրատյանն է: Հիասքանչ էր, բրավո»:

«Օ՜, Ֆրեդի Մերկուրին շատ ուրախ կլիներ երգել նրա հետ: Եվ հիմա նա երկնքից ժպտում է, որ երկրի վրա նման տաղանդները շարունակում են երգել իր երգերը: Հաջողություն եմ մաղթում: Իրոք ուժեղ էր: Տեսնես ինչ են զգում ծնողները: Ես նրանց հասկանում եմ: Շնորհակալություն այս ՏԱՂԱՆԴԻ համար: Պահեք-պահպանեք նրան, աջակցել նրան և թող հաջողակ կյանք ունենա»,- ամփոփում է Էլվիրա Պոպովան:

Ծնողները հենց այդպես էլ վերաբերվում են իրենց տղային: Նրանք ասում են, որ «Ձայնը» նախագծի վերջում, անկախ արդյունքներից, մտադիր են երաժշտական ստուդիա ստեղծել իրենց որդու համար: «Թող այնտեղ փակցնի Queen-ի իր բազմաթիվ պաստառները, բարձրաձայն երգի և եթե ապագայում խումբ ձևավորի, նույնիսկ փորձեր անի նրանց հետ»,- ասում է երջանիկ մայրը: Իրոք, իսկապես երջանկություն է գիտակցելը, որ ձեր երեխան տաղանդավոր է և արդեն իրականացնում է իր երազանքները:

 

Իրինա Գրիգորյան 

Լուսանկարները Ռոբերտ Բագրատյանի պաշտոնական Ինսագրամյան էջից