Ինչպես հայտնի է՝ 2016 թվականի ամառային ХХХI Օլիմպիադայի «հյուրընկալ տիրուհին» համարվում է Բրազիլիան: Ռիո- դե- Ժանեյրոն գրկաբաց ընդունեց աշխարհի տարբեր երկրների բազմահազար մարզիկներին: Վրաց օլիմպիականները նույնպես ամենայն պատասխանատվությամբ պատրաստվել են այս ամառվա գլխավոր իրադարձությանը:

Որոշ ժամանակ առաջ Facebook սոցիալական կայքի վրացական հատվածում հայտնվեցին վրաց սպորտսմենների նկարները՝ հատուկ օլիմպիադայի համար կարված հագուստներով: Սակայն օլիմպիական հագուստի դիզայնը հասարակության մեջ դժգոհության մի հսկա ալիք բարձրացրեց:

13767281_1088659657867474_5199327701925799582_o1-31x4f365oig6vs22tduway

Կայքի օգտատերերն այնքան էին վրդովված, որ մի քանի հազար մարդ նույնիսկ օնլայն- խնդրագիր ստորագրեցին՝ խնդրելով Երիտասարդության և սպորտի նախարարությանն ու Վրացական օլիմպիական կոմիտեին՝ անմիջապես ձևափոխել մարզահագուստները:

Քաղաքացիների նման արձագանքն իհարկե անհիմն չէր: Վրաստանի հավաքականի՝ մինչև հատակ հասնող սպիտակ զգեստներն ու կարմիր պիջակները բոլորովին համապատասխան չեն զարգացած երկրից ժամանած մարզիկներին: Բացի այդ էլ՝ մեծամասշտաբ սպորտային միջոցառումներին հետևողները միշտ էլ հիացմունքով են արտահայտվել ճաշակով հագնված հավաքականների մասին, իսկ անճաշակ հագուստ կրողներին ծաղրել են:

Հռչակավոր Forbes ամսագիրը օլիմպիականների հագուստների մասին նույնիսկ հոդված է հրապարակել: Քննադատներին ամենաշատը դուր է եկել Կանադայի հավաքականի համար Dsquared 2-ի կողմից կարված մարզահագուստները: Երկրորդ տեղում Մեծ Բրիտանիայի հավաքականն էր, որի հագուստների համար պատասխանատու էր Ստելլա Մակ-Քարթնին, ով միաժամանակ համագործակցել է Adidas ընկերության  հետ: Երրորդ տեղը զբաղեցնում էր Շվեդիայի օլիմպիական հավաքականը՝ H&M ընկերության մարզահագուստով, իսկ ահա 4-րդ տեղում Ֆրանսիայի հավաքականն էր՝  Lacoste –ի կողմից ստեղծված  մարզահագուստով:

Ռետրո ոճով հագնված օլիմպիականների կերպարները նույնպես մեծ հավանության արժանացան  տարբեր զանգվածային լրատվամիջոցներում: Օրինակ՝ Ավստրալիայի Օլիմպիական հավաքականի մարզահագուստները: Բրազիլացիները նույնպես դիմակահանդեսային հագուստների նկատմամբ իրենց անթաքույց սերն արտահայտելու հնարավորությունը բաց թողնել չցանկացան: Նրանց հագուստների հիմնական գույներն էին՝ դեղինը, կապույտը, կարմիրն ու բաց կանաչը:

Վրաստանի հավաքականի օլիմպիականների հագուստների հեղինակ «Սամոսելի պիրվելի» ընկերությունը հավաստիացնում է, որ օլիմպիականների հագուստների հիմքում ազգային ավանդական հագուստի տարրեր են:

levan-vasadze4Իսկ ահա կայքի օգտատերերը, որպես պատասխան, կայքում տեղադրել էին իր ավանդա-նահապետական հայացքներով աչքի ընկնող՝ ընկերության սեփականատիրոջ՝ բիզնեսմեն Լևան Վասաձեի կնոջ նկարը՝ հետևյալ մեկնաբանությամբ.

Վասաձեն մեր չեմպիոններին «փաթաթել է» ճիշտ իր կնոջ պես

Վրաստանի հավաքականի 39 մարզիկներից 14 իգական սեռի մասնակցի համազգեստների վրա ծախսվել է մոտավորապես 80 հազ. լարի (34 հազ. $): Այսինքն, ամեն մի համազգեստի միջին արժեքը կազմում է գրեթե 2 հազ. լարի (876 $):

Փորձելով պատասխանել բազմաթիվ քննադատությունների՝ «Սամոսելի պիրվելի» խանութը Facebook-յան իր էջում տեղադրեց օլիմպիական հավաքականի կանանց  բաճկոնի  նախատիպ հանդիսացող կարմիր բաճկոնը:

«Կոմունիզմի դարաշրջանը մեզ մոռացնել տվեց, թե իրականում ինչ տեսք են ունեցել վրաց ավանդական հագուստները: Էլեգի կոչվող այս բաճկոնն իրենից ներկայացնում է վրաց միջնադարյան ավանդական հագուստի մի տարր: Տարածված է եղել հիմնականում Վրաստանի արևմուտքում: Բաճկոնը կարել են կիսաբրդյա թելերից, մետաքսից կամ թավիշից: Էլեգիի դարձածալերն ու թևքերի ծայրերը եղել են ասեղնագործած: Կանացի այդ հագուստի բազմաթիվ նմուշներ են պահպանված տարբեր թանգարաններում»,- ահա այսպես է պատասխանել համազգեստի դիզայնից դժգոհ հասարակությանը՝ «Սամոսելի պիրվելի» խանութը:

Սակայն նման արդարացումը օգտատերերի կողմից հեգնանքի մի նոր՝ ավելի մեծ ալիք բարձրացրեց.

«Դա վրաց միջնադարյան դիզայներների կատարած աշխատանքն է: Իսկ որտե՞ղ է ձեր աշխատանքը: Ուզում եք, որ մեր մարզիկները հագնվեն այնպես, ինչպես նրանց նախնինե՞րն են հագնվել: Եվ ո՞րն է այդ ամենի իմաստը: Մի՞թե ավելի լավ չէր լինի ստեղծել մի համազգեստ, որն ավելի շատ կհամապատասխաներ 21-րդ դարի մարզիկին, քան նրան գլխից մինչև հատակ փաթաթել անհասկանալի հագուստով»,- հագուստի ստեղծողներին իր վրդովմունքն է հայտնում օգտատերերից մեկը:

«Սարսափելի է և անճաշակ: Հետաքրքիր է՝ ո՞րն է մեր մարզիկների մեղքը: Թերևս ավելի լավ կլիներ նրանց մահմեդականի քողով ծածկեին»,- գրում է Լեյլա Ախվլեդիանին:

13718656_1256812194331298_5523997630470325473_nՊատահում են նաև այնպիսի քննադատներ, որոնք հեգնանքի քողի տակ սկսում են մանրամասն հետաքրքրվել հագուստի տարրերով: Օրինակ՝ վրաց մարզիկի ինչի՞ն է հարկավոր քսակի տեսք ունեցող պայուսակը, որը նրա հագուստի մի մասն է կազմում: Եվ, բնականաբար, դրան անմիջապես հետևում են տարբեր ենթադրություններ.

«Հավանաբար նրա համար, որ կարողանան ուրիշների շահած մեդալները գողանալ: Հիմա 2016 թվականն է, մարդիկ արդեն Մարս են թռչում, շատ հնարավոր է՝ մի քանի տարի հետո ստեղծվի այնպիսի մի աշխատանք, որը ողջ մարդկությանը հպատակեցնելու կարողություն ունենա, մի՞թե հնարավոր չէր ստեղծել այնպիսի մի համազգեստ, որը քիչ թե շատ համապատասխաներ ներկա ժամանակներին»,- այսպիսի մեկնաբանություն է թողել ոմն la Vekua-ն:

Մեկ այլ օգտատեր՝ ոմն Tamta Tamara Shavgulidze-ն «Սամոսելի պիրվելի» խանութի կատարած աշխատանքը ամբողջովին խոտան է համարում՝ այն ավելի նվաստ լույսի տակ  ներկայացնելով:

Չնայած այն, որ էլեգի անունը կրող բաճկոնը վրաց միջնադարյան ազգային ավանդական կանացի հագուստի մի տարր է, և լայն տարածում է ունեցել Արևմտյան Վրաստանում, հագուստն այնուամենայնիվ սելջուկ-թուրքական գեղագիտական նմուշի ընդօրինակում է:

13875015_10207170155835525_375532230_n

Նրա մեկնաբանությանն ի պատասխան՝ այս անգամ էլ «Սամոսելի պիրվելի» խանութը հրապարակեց Պաշա Դադիանու նկարը, որտեղ, դիզայներների հավաստիացմամբ՝ կինն էլեգի բաճկոնով է:

Սակայն Tamta Tamara –ն առանց շփոթմունքի պարզաբանեց, որ Դադիանին ոչ թե էլեգիով է, այլ թանկարժեք մորթով պատված տագալույով: Եվ, ի դեպ, այս երկու բաճկոններն էլ Վրաստան են մուտք գործել թուրքական նորաձևության ազդեցությամբ: Նման պատասխանով օգտատերը նաև կասկածի տակ է առել վրացական նորաձևության պատմության վերաբերյալ «Սամոսելի պիրվելի» ընկերության գիտելիքները:

«Միջազգային այնպիսի մի միջոցառման ժամանակ, որպիսին ամառային սպորտային օլիմպիական խաղերն են, որտեղ ցույց է տրվում մարդկային օրգանիզմի անսահման հնարավորությունները, ազգային հագուստով չեմպիոնների մուտքն այնքան էլ տեղին չէ: Այս պարագայում ազգն ու ազգային արժեքները բոլորովին էլ առաջնահերթություն չեն, այստեղ սպորտսմեններին պետք է միավորի համերաշխության զգացողությունը: Այս կամ այն երկիրը ներկայացնող սպորտսմենի հիմնական նպատակը պետք է լինի իր հայրենիքի՝ որպես աշխարհի մի մասնիկի հեղինակության բարձրացումը: Որովհետև նման դժվար ժամանակներում մարդկությանն առավել անհրաժշտը հենց միասնությունն է»,- գրում է Shavgulidze-ն:

Facebook-ի օգտատեր Ladi Pirtskhalava –ն գրում է.

Սամոսելի պիրվելին» կատարեց իր առաքելությունը, քանի որ հիմա վրաց հասարակությունն ավելի շատ է տեղյակ ազգային նորաձևության պատմությունից: Սակայն մարզիկների համար կարված հագուստը ոչ այլ ինչ է, քան հին ծիսական հագուստի վերափոխում, ինչն ընդհանրապես չի համապատասխանում ժամանակակից սպորտային ազատ հագուստի ոճին: Բացի այդ՝ օլիմպիական կոմիտեն հարկ է համարել խնայել մեր սպորտսմենների մարզահագուստների վրա ծախսվող գումարները: Հավանաբար մտածել են այսպես. «Վրացիները հայտնի պահպանողականներ են, նրանց սա հաստատ դուր կգա…»: Ինչպես հին հայտնի ասացվածքում է ասվում՝ «Հացը հացթուխին տվեք», դրա համար էլ գործը հանձնարարեցին «Սամոսելի պիրվելիին», այստեղ դիզայներներին մեղադրելու իմաստ չկա:

Հասարակ քաղաքացիների կարծիքների կողքին՝ օլիմպիականների մարզահագուստների մասին դժգոհություններ հնչեցին նաև խորհրդարանում: Մեծամասնական առաջնորդ Զուրաբ Կվանչանտիրազեն միանշանակ դժգոհեց մարզահագուստներից՝ հայտարարելով, որ սպորտային հագուստը պետք է լինի երիտասարդական ու սեքսուալ: Այդ մասին կարելի կլիներ լսել նաև վրաց հայտնի դիզայներների հետ խորհրդակցելուց.

«Ինձ առհասարակ չի հետաքրքրում, թե ով է այս հագուստի հեղինակը: Կարևորն այն է, որ այս անճաշակ ու տգեղ հագուստների պատճառով մենք կարող ենք խայտառակվել ողջ աշխարհի աչքի առաջ: Միգուցե դեռ հնարավո՞ր լինի ուղղել այս հրեշագործ սխալը»,- ասում է խորհրդարանականն ու վրաց մարզիկներին անկեղծ հաղթանակ մաղթում Ռիոյի օլիմպիադայում:

13782206_631969143638082_7479364772646697025_n

«Սամոսելի պիրվելիի» ստեղծած հագուստներն առաջին անգամ ցուցադրվեցին հուլիսի 23-ին՝ Ռիո-դե- Ժանեյրոյի 2016 թ.ամառային օլիմպիական խաղերին Վրաստանի հավաքականին ճանապարհելու հրաժեշտի պաշտոնական արարողության ժամանակ: Միջոցառումը տեղի ունեցավ Թբիլիսիի «Օլիմպիական այգում»:

Օլիմպիական կոմիտեի առաջին փոխնախագահ Էլգուջի Բերիաշվիլու խոսքերով՝ օլիմպիականների համար մարզահագուստ պատրաստելու հիմնական պահանջն այն էր, որ մարզահագուստի կարը տեղի վրացական ընկերություններից մեկին պատկանի, իսկ տրամադրված միջոցները ծախսվեն պետության շրջանակներում: Սկսեցին  բանակցություններ իրականացվել հայրենական մի շարք հագուստ արտադրող ընկերությունների հետ, և վերջնական ընտրությունը կանգ առավ «Սամոսելի պիրվելիի» վրա:

«Մենք որոշեցինք, որ թերևս ամենակարևորն այն է, որ հագուստները կարվեն Վրաստանում,  վրացական ընկերություններից մեկի կողմից: Եվ ես կարծում եմ, որ դա տրամաբանական է: Մենք ցանկանում էինք, որ այդ գումարները ծախսվեն հենց մեր պետության ներսում»,- ասում է Բերիաշվիլին:

Օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Նինո Սալուկվաձեի խոսքերով՝ ելնելով այն բանից, որ Ռիոյում հիմա ձմեռ է, և երեկոյան եղանակը ցրտում է, վրաց սպորտսմենները ընտրության հնարավորություն կունենան՝ մնա՞լ սպիտակ հագուստով, թե՞ հագնել նաև կարմիր բաճկոնը: Սակայն Սուլուկվաձեն երևի թե հաշվի չէր առել, որ տղամարդ-մարզիկների համար նման ընտրության հնարավորություն չկա:

Նինո Սալուկվաձեն հրաձգության օլիմպիական չեմպիոն է: Նա Օլիմպիական խաղերին մասնակցում է արդեն 8-րդ անգամ, և այս  տարի առաջին անգամ, որպես «հատուկ» մասնակից նրա խմբին միացել է նաև չեմպիոնուհու որդին՝ Ցոտնե Մաչավարիանին:

Նինո Սալուկվաձեի խոսքերով՝ մարզիկներին երբեք չեն հարցնում, թե նրանք ինչ հագուստով կցանկանան մասնակցել Օլիմպիադային: Այս անգամ ընդունվեց մի որոշում, որի համաձայն վրացի օլիմպիականները պետք է Ռիո մեկնեին ազգային ոճով արված մարզահագուստով: Հենց դրա համար էլ պատվերը ստացավ «Սամոսելի պիրվալի» խանութ-ատելյեն, որը զբաղվում է հիմնականում հնաոճ հագուստների կարով:

13867123_10207169007286812_413879252_nՄարզիկներին որոշեցին իրենց աջակցությունը ցուցաբերել Վրաստանի նախագահն իր տիկնոջ հետ: Գեորգի Մարգվելաշվիլին Առաջին տիկին Մակա Չիչուայի հետ միասին մասնակցեցին ֆոտոսեսիայի՝ օլիմպիական հավաքականի համար կարված հագուստներով: Նկարները, որտեղ վրաց նախագահական զույգը կրում է այն հագուստները, որով վրաց մարզիկները կներկայանան Ռիո-դե-Ժանեյրոյի ամառային Օլիմպիական խաղերի բացման տոնական արարողությանը, արվել են Դուշետիում գտնվող նախագահի տանը: Առաջին տիկինն իր Facebook-յան էջում նկարները հրապարակել է հետևյալ մակագրությամբ՝ «Հաղթանակ վրաց օլիմպիականներին»:

13553270_10207169007246811_1339120194_n

Սոցիալական կայքի օգտատերերին, ի դեպ, նախագահի ու նրա տիկնոջ մտահաղացումը շատ դուր եկավ: Սակայն, այնուամենայնիվ, շատերի կարծիքով նույնիսկ հաջող լուսանկարներն ու Առաջին տիկնոջ գեղեցկությունը չեն հերքում այն փաստը, որ մարզահագուստները «սարսափելի են և հնաոճ»:

Ոմն Levan Nacvlishvi-ն նույնիսկ ենթադրաբար գրել է, որ այդ նկարներն էլ հավանաբար ֆոտոշոփով են արված, որովհետև Առաջին տիկինն ու նախագահը հանուն ոչ մի բանի չէին համաձայնի նման «թշվառ» հագուստ կրել:

Հրաժեշտի արարողությունը

Ինչպես ասվեց՝ 2016 թ. Ռիո-դե-Ժանեյրոյի ամառային Օլիմպիական խաղերին վրացական հավաքականի հրաժեշտի պաշտոնական արարողությունը կայացավ հուլիսի 23-ին՝ Թբիլիսիի «Օլիմպիական այգում»:

Երկրի նախագահ Մարգվելաշվիլին խոստացավ երկրպագել նրանցից յուրաքանչյուրին: Նա նաև ցանկացավ, որ Վրաստանի հիմնը հնարավորինս հաճախ հնչի Ռիոյում՝ ազդարարելով մեր մարզիկների հաղթանակները:

13775773_10210582808193470_6323477261832932916_nՎրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին նշեց, որ այնպիսի մի փոքր երկրի համար, ինչպիսին որ Վրաստանն է, բավական գովելի է այն փաստը, որը վրաց մարզիկները իրենց մասնակցությունն են ցուցաբերելու 13 սպորտաձևերին, իսկ Վրաստանը 39 մարդուց բաղկացած պատվիրակություն է ուղարկելու Օլիմպիադա:

«Ես ձեր մեջ տեսնում եմ կենդանի լեգենդների, որոնք մարդկանց հաջողությունների հասնելու կոչ են անում: Ձեր վրա մեծ առաքելություն է դրված, մեր սիրելի՛ օլիմպիականներ, դուք պետք է Վրաստանը լցնեք վաստակած հաղթանակի շնչով»,- այսպիսի խոսքերով դիմեց մարզիկներին երկրի վարչապետը:

2016 թ. Բրազիլիայի Օլիմպիական խաղերին իրենց մասնակցությունը կցուցաբերեն աշխարհի 207 երկրների մարզիկներ: Ավելի քան 10 000 սպորտսմեններ կպայքարեն օլիմպիական մեդալների համար: Ռիո-դե-Ժանեյրոյում օլիմպիական խաղերը սկսվել են օգոստոսի 8-ին ու կշարունակվեն 16 օր:

Շորենա Պապաշվիլի, Dalma News-ի համար