Ինչպե՞ս է Հայաստանում կորոնավիրուսի պանդեմիայով ստեղծված իրավիճակը ազդում զբոսաշրջության և ռեստորանային բիզնեսի վրա: Որքա՞ն արագ դրանք կկարողանան վերականգնել այս ժամանակահատվածի կորուստները: Ի՞նչ պետք է անի պետությունը ռեստորանային բիզնեսին աջակցելու համար: Ինչպե՞ս է Հայաստանը հետագայում զարգացնելու գաստրոզբոսաշրջությունը: Dalma News-ի այս և այլ հարցերին պատասխանել է «Yerevan Food Fest»-ի և «Gastro Camp Armenia»-ի հիմնադիր Աննա Մազմանյանը:
Ինչպե՞ս են կորոնավիրուսի պանդեմիայով ստեղծված իրավիճակը և արտակարգ դրությունը ազդում զբոսաշրջության և ռեստորանային բիզնեսի վրա:
Տեղի ունեցածի հստակ գիտակցումը, նոր իրողությունների ընդունումը հնարավորություն կտան վերախմբավորվել: Բազմաթիվ գործընթացներ, որոնց համար նախկինում կպահանջվեին տասնամյակներ, այժմ տեղի են ունենում մի քանի ամիսների ընթացքում:
Ինչ վերաբերում է կոնկրետ արդյունաբերությանը, ապա կորուստները կարող են լինել շատ մեծ ոչ միայն ծառայությունների ոլորտի, այլև երկրի ամբողջ տնտեսության մասշտաբով: Այն ռեստորանները, որոնք կկարողանան վերակազմավորվել, կդիմակայեն ճգնաժամի պայմաններում:
Շատերը նույնիսկ արտակարգ իրավիճակից առաջ անցան առաքման ծառայությանը և այսպես կոչված take away-ին: Առցանց առևտուրը նույնպես կարող է մասամբ օգնել: Ի դեպ, լրատվամիջոցներին կոչ եմ անում տեղեկատվություն տարածելով աջակցել առցանց առևտրին: Բայց երբ բնակչության վճարողունակությունը անկում է ապրում, վերոնշյալներից ոչ մեկը չի օգնում: Ակնհայտ է, որ մարդիկ կնախընտրեն առաջին անհրաժեշտության ապրանքները:
Որքա՞ն արագ ռեստորանային բիզնեսը ու զբոսաշրջությունը կկարողանան ետ բերել այս ժամանակահատվածի կորուստները:
Դա դեռ ոչ ոք չի կարող ասել, հաստատ ոչ արագ: Հարցն այն է, թե որքան դանդաղ կկարողանան ետ բերել: Տնտեսական ցուցանիշների այսպիսի անկմամբ արագ վերելք պետք չէ ակնկալել:
Ըստ իս` կարևորը վստահությունն ու պարկեշտությունն են շուկայում` վստահություն վարկատուների և ռեստորանների միջև, բանկերի և ռեստորանների միջև և այլն:
Կարևոր է արտադրողների և սպառողների միջև փոխգործակցության հարթակ ստեղծել: Հնարավորություն կա առցանց հարթակում շուկայի տարբեր մասնակիցների շղթա ստեղծել` հումք-արտադրող-արտադրանք-ռեստորան-հաճախորդ: Կարևոր է ոչ միայն գոյատևել, այլ նաև աջակցել շուկայի այլ գործակատարներին:
Զբոսաշրջության ոլորտի դեպքում այլ իրավիճակ է: Աշխարհում միլիոնավոր մարդիկ կմնան առանց աշխատանքի: Հայաստանը ևս բացառություն չի կազմի: Ի՞նչ անել:
Նախ, պետք է հասկանալ, թե ինչպես կփոխվեն մարդկանց կարիքները տեղաշարժի սահմանափակումների վերացումից հետո:
Երկրորդ, բնակչության ո՞ր կատեգորիան կսկսի ավելի շատ ճամփորդել, և որը` ընդհանրապես կդադարի: Որքա՞ն նրանք պատրաստ կլինեն վճարել ուղևորության համար նոր իրողությունների պայմաններում:
Կփոխվե՞ն մարդկանց տեղափոխման սահմանափակումները: Գուցե վիզա ստանալու կամ ավիատոմս գնելու համար հարկ կլինի ապացուցել, որ առողջ եք: Կլինեն նաև այնպիսի երկրներ, որոնք երկար ժամանակ թույլ չեն տա իրենց քաղաքացիներին լքել երկիրը:
Երրորդ, միանշանակ կավելանա ներքին զբոսաշրջության պահանջարկը:
Չորրորդ, անհրաժեշտ կլինի յուրաքանչյուր երկրի և բնակչության յուրաքանչյուր կատեգորիայի համար տուրիստական արտադրանք ստեղծել: Օրինակ ՝ վերցնենք Վրաստանի շուկան, որի վրա մենք չենք աշխատում: Ի՞նչ կարող ենք առաջարկել Վրաստանից եկած զբոսաշրջիկներին: Պետք է հուսալ, որ ռուսական շուկան մեզ համար հնարավորինս շուտ կբացվի: Սակայն առանց պետական աջակցության կարող ենք կորցնել տուրարդյունաբերությունը:
Ի՞նչ պետք է անի պետությունը ռեստորանային բիզնեսին աջակցելու համար:
Ըստ իս` ոչ միայն ռեստորանային բիզնեսին, այլև հյուրընկալության ոլորտին ընդհանուր առմամբ: Եվ այստեղ պետք է վերադառնալ առանցքային բառին՝ վստահությանը: Կառավարություններն այժմ իրենց քաղաքացիների կողմից վստահության լուրջ քննություն են անցնում: Մերը ևս բացառություն չէ: Սակայն կառավարությունը նույնպես պետք է վստահի արդյունաբերության, ինչպես նաև ԶԼՄ-ների ձայնին և հակառակը:
Լրատվամիջոցները պետք է կարողանան բացահայտորեն պատմել հասարակությանն այն մասին, թե ինչ է կատարվում երկրում, բացահայտել փաստեր աշխատողների նկատմամբ գործատուների անբարեխիղճ վերաբերմունքի,
կառավարության որոշումների խախտումների մասին և այլն: Տեղեկացվածությունը, տեղեկատվության գրագետ ներկայացումը խուճապի տեղիք չեն տալիս, այլ հակառակը` արթնացնում են մարդկանց գիտակցությունը և մոբիլիզացնում նրանց հնարավորությունները: Սա արդեն ԶԼՄ-ների պատասխանատվության հարցն է:
Ցանկացած տնտեսական միջոցառում պետք է ունենա և՛ կարճաժամկետ, և՛ երկարաժամկետ բնույթ: Սոցիալական վճարումները ելք են, բայց Հայաստանի նման պետության համար՝ միայն մի քանի ամսով: Իսկ ի՞նչ անել, եթե կարանտինից հետո դեռ մեկ-երկու տարի չլինեն հաճախորդներ: Նախ՝ հարկերից ազատել ոչ թե 2-3 ամիս, այլ մինչև տարեվերջ:
Երկրորդ, արդյունաբերությունը պետք է հանդես գա ոլորտին աջակցելու և ապա այն բարելավելու միջոցների վերաբերյալ կոնկրետ նախաձեռնությամբ: Մասնագիտական կազմակերպությունները կարող են թվեր ներկայացնել շուկայի մասնաբաժնի, աշխատատեղերի քանակի վերաբերյալ, ամբողջ տեղեկատվությունը տրամադրել կառավարությանը գրագետ քաղաքականության համատեղ մշակման համար: Չափազանց կարևոր է երկխոսությունը ինչպես ոլորտի ներսում, այնպես էլ կառավարության հետ: Այնպիսի պահ է, որ յուրաքանչյուր ոք չպետք է մտածի միայն իր մասին, քանի որ բոլորս նույն նավի վրա ենք, որն այժմ խորտակվում է:
Երրորդ՝ դրամական հոսքն ուղղել նոր աշխատատեղերի ստեղծմանը: Ի՞նչ եք կարծում, անհնա՞ր է: Բայց դա հենց այն է, ինչ պետք է անել` օգնել գործազուրկներին վերամասնագիտանալ և խթանել երկրում դրամաշրջանառությունը: Պետության դերը ոչ միայն «փողի բաշխման» մեջ է, այլ նաև բիզնեսի զարգացման համար ենթակառուցվածքների ստեղծման մեջ` տնտեսության թափանցիկություն, անցում տնտեսական գործունեության թվային տեխնոլոգիաների հիման վրա, բյուրոկրատիայի դեմ կոշտ պայքար և այլն: Հարյուրավոր քայլեր կարելի է թվարկել, որոնք բոլորն էլ կարող են արդյունավետ լինել:
Գուցե մեզ սպասում են որոշ տեսակի ապրանքների մատակարարման խափանումներ, ինչը նորմալ է և սպասելի, պետք է դրան պատրաստ լինել: Անհրաժեշտ է վերլուծել շուկան և հասկանալ, թե երկրի ներսում որ տեսակի ապրանքների արտադրություն է հնարավոր կազմակերպել:
Ինչպե՞ս է Հայաստանը հետագայում զարգացնելու գաստրոզբոսաշրջությունը: Ինչի՞ վրա է անհրաժեշտ կենտրոնացնել ուշադրությունը:
Երբ նախքան համաճարակի տարածումը նախապատրաստվում էի մեր հարցազրույցին, ուզում էի պատմել հենց այն մասին, թե ինչ է պետք անել, որպեսզի երկարաժամկետ հեռանկարում աջակցել արդյունաբերությանն ու պետությանն ընդհանրապես, ինչպես համաշխարհային տնտեսության մեջ գտնել մեր տեղը, ինչպես օժանդակել և զարգացնել համաշխարհային տնտեսությունը` չկորցնելով եզակիությունն ու ինքնատիպությունը: Պետք չէ լինել փխրուն:
Հնարավոր չէ զարգացնել գաստրոզբոսաշրջությունը ոչ մրցակցային, ոչ եզակի ապրանք արտադրելու դեպքում, օրինակ` պանիր, որից արտադրում են նաև Մերձմոսկովյան շրջանում: Սա ընդամենը մեկ օրինակ է:
Ես ենթադրում էի, որ այս գործընթացը կարող է տևել 1-3 տարի: Ներկայումս մեզ հիանալի հնարավորություն է ընձեռնվել հնարավորինս արագ մոբիլիզացվել և անել ամեն բան հնարավորինս կարճ ժամանակահատվածում: Առայժմ չենք կարող գաստրոզբոսաշրջությունը առանձին դիտարկել, եթե կորցնենք ռեստորանային բիզնեսի և զբոսաշրջության ոլորտի առյուծի բաժինը: Թե՛ ոլորտները, և թե՛ կառավարությունը պետք է ճիշտ առաջնահերթություններ սահմանեն: Այն, ինչ նախկինում հետաքրքիր էր թվում, և ինչի վրա «մասնագետների» օգնությամբ ծախսվում էին պետական բյուջեն և տարբեր ֆոնդերի գումարները, այժմ հայտնվել է ետին պլանում և պարզվել է, որ դրա կարիքը ոչ ոք էլ չի ունեցել, այլ պարզապես ռեսուրսներն էին մսխվում: Սա ամեն ինչին է վերաբերում՝ սկսած անիմաստ փառատոններից, վերջացրած առանձին նախարարությունների «ռազմավարական» պլանավորումներով:
Ի՞նչ կարելի է անել ընդհանուր առմամբ: Անհրաժեշտ է Հայաստանի մարզերին հնարավորություն տալ դառնալ լիարժեք տնտեսական միավորներ, սահմանել շրջանների էկոհամակարգը, որի հիման վրա բացահայտել դրանց մրցակցային առավելությունները և դրանցից առավել արդյունավետները, ստեղծել տարածաշրջանների և արդյունաբերական ճյուղերի միջև փոխգործակցության կլաստերներ, մշակել ներդրումների առցանց համակարգ:
Սրա համար ունենք մի քանի ամիս: Ահա այսպիսինն է չպարտվելու մեր եզակի հնարավորությունը:
Հայկ Խալաթյան