«Թավշյա հեղափոխությունից» հետո իշխանության եկած վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «Նոր Հայաստան»-ի համար շատ կարևոր է հայկական սփյուռքի հետ կապը, և որ նրա կառավարությունը կանի հնարավոր ամեն ինչ, որպեսզի աշխարհասփյուռ հայերը հնարավորինս շուտ տուն վերադառնան: Սակայն Փաշինյանի ուղերձը ամենուր չէ, որ առաջվա ոգևորությամբ է ընդունվում: Այսպիսով, Պյատիգորսկի հայ համայնքի ղեկավարությունը որոշակի հիասթափություն է ապրել՝ նշելով, որ իրականում «նոր Հայաստանը պատնեշվել է սփյուռքից»: EADaily-ի թղթակիցը զրուցել է Պյատիգորսկի հայ համայնքի ղեկավար Արթուր Պողոսյանի հետ:
Արթո՛ւր Գրիգորևիչ, ինչո՞վ է ապրում հայ համայնքն այսօր:
– Մենք ազգությամբ հայ ենք, սակայն Ռուսաստանի քաղաքացի, և, բնականաբար, ապրում ենք Ռուսաստանի Դաշնության օրենքներով՝ չմոռանալով պահպանել ոչ միայն մեր լեզուն և պատմությունը, այլև պատմական հայրենիքի հետ կապերը: Երբ ես և Տեր Արամը (Պյատիգորսկի Սուրբ Սարգիս եկեղեցու առաջնորդը) հիմնեցինք հայ համայնքը, մենք մեկ նպատակ ունեինք` միավորել եկեղեցին և համայնքը, որպեսզի երիտասարդները, մեր երեխաները սովորեն հայերեն: Եվ մենք դա արեցինք: Բացի այդ, մենք ուզում էինք, որ Պյատիգորսկում ներկայացված լինեն հայ պատգամավորներ, և այսօր մենք երեք պատգամավոր ունենք քաղաքային Դումայում, ովքեր ակտիվորեն աշխատում և ներկայացնում են հայ բնակչության շահերը:
Ինչպիսի՞ն է Հայաստանի հետ կապերի ներկայիս մակարդակը:
– Նախկինում՝ նախորդ իշխանությունների ժամանակ, կապը շատ ուժեղ էր: Երբ Հայաստանում կար Սփյուռքի նախարարություն, մենք ուղղակիորեն կապ էինք հաստատում Հայաստանի կառավարության հետ, նրանք հաճախ այցելում էին մեզ, մենք էինք այցելում, փոխանակվում էինք փորձով, իսկ մեր երեխաները ամեն տարի Հայաստան էին այցելում Սփյուռքի «Արի տուն» ծրագրի շրջանակներում: Այս այցելությունները, ի թիվս այլ բաների, լավ խթան էին հանդիսանում մեր երեխաների համար հայերեն սովորելու հարցում: Եվ հիմա այս ամենը չկա: Չկա Սփյուռքի նախարարությունը, «Արի տուն» ծրագիրը, և նույնիսկ ուղիղ թռիչք չկա դեպի Երևանի, և գործնականում ոչ մի շփում Հայաստանի ներկայիս իշխանությունների հետ: Մենք լիովին մեկուսացված ենք:
Շատ հաճախ մարդիկ գալիս են ինձ մոտ և խնդրում են նամակներ հղել ՀՀ տարբեր ատյաններ՝ ուղիղ ավիաթռիչքների գործարկման վերաբերյալ, քանի որ պարզապես անհեթեթություն է, որ հայերի կողմից այսքան խիտ բնակեցված տարածաշրջանն անմիջական կապ չունի հայրենիքի հետ: Մենք ցանկանում ենք կրկին բարձրացնել այս հարցը տարածաշրջանային և տեղական պատգամավորների մակարդակով, որպեսզի ավիաթռիչքները լինեն մշտական և ոչ միայն սեզոնային: Այսօր Երևան գնալու համար հարկավոր է թռչել կա՛մ Մոսկվայից, կա՛մ այլ ռուսական քաղաքներից, թեև այստեղից թռիչքն (Միներալնիե Վոդից) ընդամենը մեկ ժամ է:
Բայց մենք այդքան էլ չենք հավատում հաջողության, քանի որ կրկնում եմ, պատմական հայրենիքի հետ կապը Հայաստանի հայտնի քաղաքական իրադարձություններից հետո գրեթե կորավ:
Անցյալ տարի Ստավրոպոլի հայկական տարածաշրջանային համայնքի ներկայացուցիչները հանդիպեցին Նիկոլ Փաշինյանին. հանդիպումն անցավ բավականին ջերմ մթնոլորտում: Ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել և ի՞նչ է արվել այս տարի:
– Հանդիպումն իսկապես շատ ջերմ էր, մենք որոշակի փոփոխություններ էինք ակնկալում, պայմանավորվածություններ եղան տնտեսական կապերի զարգացման վերաբերյալ, սակայն մինչ օրս որևէ ակտիվ քայլ չի եղել: Բացի այդ, ես կարծում եմ, որ ռուս կամ մեկ այլ ներդրողների ներգրավման համար անհրաժեշտ է բարենպաստ մթնոլորտ: Երբ մենք ԶԼՄ-ներով հետևում ենք «Ռուսական երկաթուղիներ» ՓԲԸ-ի երևանյան դուստր ձեռնարկության՝ «Հարավկովկասյան երկաթուղի»-ի գրասենյակում կատարվող խուզարկություններին, խոշոր հայ գործարարների, այդ թվում նաև` հայկական արտադրանքը Ռուսաստան արտահանող ձեռնարկատերերի հետապնդումներին, մենք ենթադրում ենք, որ այս ամենը չի բարելավում ներդրումային միջավայրը: Մենք կցանկանայինք հետադարձ կապ ունենալ Հայաստանի հետ: Հուսով եմ, որ մի բան կփոխվի, չնայած, կրկնում եմ, Սփյուռքի նախարարության փակման փաստը մեզ շատ է անհանգստացնում:
Ինչպե՞ս են Պյատիգորսկի հայերը գնահատում Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները: Օրինակ, ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ քրեական հետապնդումը:
– Ես շատ լավ ճանաչում էի նրան, այդ թվում նաև` այն տարիներին, երբ նա եղել է Լեռնային Ղարաբաղի նախագահ: Երբ նա գալիս էր, մենք հանդիպում էինք նրա հետ: Ղարաբաղյան պատերազմի ընթացքում հայ համայնքը մարդասիրական օգնություն է հատկացրել: Եվ նրա ձերբակալման, հետապնդման հետ կապված այս ամբողջ պատմությունն ինձ համար լուրջ մտահոգության տեղիք է տալիս, քանի որ ես նրան ճանաչում եմ որպես մարդ, ով շատ բան է արել Ղարաբաղի և Հայաստանի համար: Կարծում եմ, նախկին նախագահի հետ այդպես պետք չէ վարվել:
Ինձ թվում է, որ նոր կառավարությունը պետք է վերանայի հասարակության և սփյուռքի համար նման զգայուն հարցերի վերաբերյալ իր մոտեցումները: Ի վերջո, սա վնասում է Հայաստանի վարկանիշին և այլ կորուստներ պատճառում: Այսօր մենք տեսնում ենք Հայաստանում անհասկանալի մարդկանց և կազմակերպությունների ակտիվացումը, որոնք քարոզում են հայ հասարակությանը ոչ բնորոշ սկզբունքներ, որոնք միտված են ոչնչացնել ընտանիքի ինստիտուտը: Այսպես կոչված սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները ելույթ են ունենում երկրի խորհրդարանի ամբիոնից, ներկայանում են որպես ճնշվածների իրավունքների պաշտպանության գաղափարական ջատագովներ են, սակայն նրանց պաշտպանյալները երբեք չեն եղել հայ հասարակությունում… Եվ այդ ամենը ակտիվորեն սատարվում է ինչպես պաշտոնատար անձանց, այնպես էլ եվրոպական և արևմտյան ֆոնդերի կողմից: Համոզված եմ, որ Հայաստանում նման դրսևորումները սատարողները պետք է հասկանան, որ պետք չէ սեփական արժեքները քարոզել մեր երկրում:
Պյատիգորսկում շատ ադրբեջանցիներ կան: Հայերի հետ բախումներ կամ այլ միջադեպեր լինո՞ւմ են:
– Ես ձեզ մեկ օրինակ բերեմ. ամեն տարի քաղաքի տոնակատարություններին մասնակցում են ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները: Հայ համայնքը ամենամեծն է, և երբ բաշխում էին տեղերը, մտածում էին՝ ինչպես անել, որ որևէ խնդիր չառաջանա: Քաղաքի իշխանությունները հարցրեցին մեր կարծիքը` ինչ անել: Ես առաջարկեցի, որ տոնակատարությունների ժամանակ մենք կողք կողքի կանգնենք` հայկական և ադրբեջանական համայնքները: Երկար-բարակ համոզելուց հետո նրանք ընդառաջեցին, և արդեն մի քանի տարի է՝ մենք կանգնում ենք կողք կողքի և խնդիրներ չենք ունենում:
2016 թ.-ին Ղարաբաղում տեղի ունեցած ապրիլյան պատերազմի ժամանակ ևս խնդիրներ չկայի՞ն:
-Բոլորը գիտակցում են, որ Պյատիգորսկի հայ համայնքը շատ հզոր է, և մենք ուժեղ ենք, որովհետև ռուսական բազմազգ հասարակության մաս ենք կազմում և ինտեգրվում ենք Ռուսաստանի հասարակական գործընթացներին: Միևնույն ժամանակ, որպես էթնիկ հայեր, մենք ապրումակցում ենք այն ամենին, ինչ տեղի է ունենում մեր պատմական հայրենիքում: Այո, կան «տաքարյուն» երիտասարդներ, բայց բոլորն էլ դա հասկանում են և մեծ խնդիրներ կամ լուրջ միջադեպեր տեղի չեն ունենում:
2016 թ.-ի ապրիլյան պատերազմի օրերին Ստավրոպոլի երկրամասի նահանգապետ Վլադիմիր Վլադիմիրովը հրավիրեց հայ և ադրբեջանական համայնքների ղեկավարներին զրույցի: Եվ ես շատ ուրախ եմ, որ երկրամասային հայ համայնքի ղեկավար Գեորգի Սաֆարովը սկսեց իր ելույթը ՌԴ Սահմանադրության նախաբանով. «Մենք՝ բազմազգ ժողովուրդը Ռուսաստանի Դաշնության, միավորված ենք ընդհանուր ճակատագրով…»:
Պետք է հասկանալ, որ յուրաքանչյուր պատերազմ ավարտվում է, իսկ մեր խնդիրը, որպես ազգային հասարակական կազմակերպությունների առաջնորդներ, կառուցողական գործընթացն է:
Խորհրդային տարիներին Պյատիգորսկում եղել են մի քանի հայկական դպրոցներ, իսկ այսօր կա՞ն:
– Հայկական դպրոցներ չկան, բայց կան դպրոցներ, որտեղ, օրինակ, աշակերտների 95%-ը հայեր են: Եվ այդ դեպքում դպրոցական ուսումնական ծրագրում ներառվում է նաև «Հայոց լեզու» առարկան: Մենք հասել ենք այն բանին, որ մեր մայրենի լեզուն ուսուցանվի Ռուսաստանի հանրային դպրոցներում: Պարզապես, կա մեկ խնդիր՝ դասագրքերը, որոնցով անցկացվում է ուսումնառությունը, չեն հավաստագրվել Ռուսաստանի կողմից: Երբ մեկ տարի առաջ Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանն այցելեց Պյատիգորսկ, միասին այցելեցինք դպրոցներից մեկը, որտեղ բարձրացրեցինք այդ հարցը և ներկայացրեցինք այդ խնդիրը, որը խանգարում է կրթական գործընթացի բնականոն ընթացքին:
Օրինակ, Պյատիգորսկի 23-րդ դպրոցի 1200 աշակերտներից 800-ը հայեր են, և նման շատ դպրոցներ կան, բայց դասագիրք չկա: Այսինքն, երբ բարձրացնում ենք դպրոցական ուսումնական ծրագրում լեզվի ուսուցման ներառման հարցը, անհապաղ առաջանում է դասագրքերի խնդիրը. Ռուսաստանի կրթության նախարարության կողմից փորձաքննություն անցած դասագրքեր չկան, ինչը փակուղային իրավիճակ է ստեղծում: Եվ այսօր մենք չգիտենք, թե ինչ պետք է անենք, ինչպես լուծենք այս խնդիրը, քանի որ, կրկին նշեմ, չկա Սփյուռքի նախարարություն, և մենք չգիտենք, թե ում դիմենք:
Ինձ թվում է՝ այս հարցը պետք է լուծվի պետական մակարդակով: Երբ Սերժ Սարգսյանն էր նախագահ, Ռոստովում հանդիպում կազմակերպվեց Ստավրոպոլի երկրամասի և Ռուսաստանի այլ շրջանների հայ համայնքների ներկայացուցիչների հետ, և մենք հնարավորություն ունեցանք խոսելու, հարցնելու, խնդիրներ բարձրացնելու, և ապա սպասելու նրանց որոշմանը: Ես ցավում եմ նշում, որ այսօր Սփյուռքի հարաբերությունները Հայաստանի հետ գտնվում են առկախ վիճակում: Մենք չգիտենք՝ որտեղ գնանք հետագայում, ինչ անենք, ում հետ կապ պահենք:
Զրուցեց Լիա Խոջոյանը
Աղբյուրը`EurAsia Daily