Դեկտեմբերի 11-ին Մոսկվայի Music Noah ստուդիայում սահմանվեց համաշխարհային ռեկորդ, որը գրանցվեց Ռուսաստանի ռեկորդների գրքում որպես «ամենաբարձր ձայն առանց խոսափողի». երգի ձայնածավալը փոքր օկտավայի «դո»-ից մինչև 4-րդ օկտավայի «սոլ»-ն է: Ձայնի տիրույթը մեծ օկտավայի «մի»-ից մինչև 5-րդ օկտավայի «մի»-ն է: Ձայնի հաճախականությունը` 58-3800 գեգահերց:

Ռեկորդի հաղթողը փոքրիկ և հմայիչ Միլեն Արմենի Կարանյանն է, որը ծնվել է Հայաստանում` Գյումրիում:

Միլենը շատ է սիրում Հայաստանը, երգում է հայերեն, ռուսերեն, անգլերեն ու ֆրանսերեն լեզուներով: Ինքնուրույն սովորում է կիթառ և դաշնամուր նվագել: Երիտասարդ տաղանդի երգացանկում կան տարբեր ժանրերի ավելի քան 50 համաշխարհային հիթեր: Բնատուր ուժեղ ձայնային տվյալների տիրապետող աղջնակը երազում է նվաճել համաշխարհային բեմեր: Նա արդեն մասնակցել է 3 համերգի, ինչպես նաև հաղթել բազմաթիվ վոկալ մրցույթներում:

Միլենի ընտանիքը արդեն մի քանի տարի է, ինչ բնակվում է Մոսկվայում: Մայրը` Հասմիկը, ավարտել է Երևանի կոնսերվատորիան կարմիր դիպլոմով, համաշխարհային շատ մրցույթների դափնեկիր է: Միլենի երգացանկով Հասմիկն է զբաղվում` ամբողջությամբ նրան նվիրելով իր ազատ ժամանակը:

Հայրը` Արմենը, քանդակագործ է, նկարիչ և դիզայներ, հետևաբար Միլենը մեծացել է ստեղծագործ ընտանիքում ու դաստիարակվել հայկական խիստ ավանդույթներով: Աղջիկն ինքնուրույն է զբաղվում մարմնամարզությամբ, նկարում է, պարում ու չնայած զբաղվածությանը` դպրոցում ցուցաբերում է գերազանց առաջադիմություն:

Ռեկորդ սահմանելու պահին ներկա են եղել Ռուսաստանի Գինեսի ռեկորդների գրքի գլխավոր խմբագիր, գլխավոր փորձագետ Ստանիսլավ Անատոլևիչ Կոնենկոն, Music Noah ստուդիայի ղեկավար Վադիմ Շապովալովը, Միլենի ծնողներ Հասմիկն ու Արմենը:

 

Լուսինե Գրիգորյան