«Լատվիացի քանդակագործների մեծ մասը այս մարդու աշակերտներն են եղել: Իր կյանքի 30 տարիներից ավելին Վարպետը նվիրել է Լատվիայի Գեղարվեստի Ակադեմիային: Ցավոք նրան քչերն են հիշում հայրենիքում. թե մեր օրերին հատուկ որոշ ազգայնամոլական տրամադրությունների, թե որևէ այլ պատճառով…Փաստը այն է, որ նրա մահից հետո, ցավոք, չի կազմակերպվել նրա ոչ մի ցուցահանդես»,- պատմում է մեծ վարպետի, տաղանդավոր քանդակագործի, Լատվիայի մշակույթի վաստակավոր գործիչ Իգոր Վասիլևի մասին լատվիական ռադիոյի և LTV7-ի լրագրող Իլոնա Յախիմովիչը:
Նախորդ շաբաթ Իլոնան Երևանում էր: Նա հենց այնպես չէր ժամանել, այլ իր «Քանդակագործ Իգոր Վասիլև. Մեծ տրամաչափի սիրտ» (բնագրով` «Скульптор Игорь Васильев. Сердце большого калибра»-խմբ.) գրքի շնորհանդեսի համար, որը, դժվար չէ գուշակել, նվիրված է անվանի քանդակագործի կյանքին և ստեղծագործությանը: Մենք խոսեցինք Իլոնայի հետ Վարպետի, գրքի և «պարզ բայց շատ անձնական պատմության» մասին:
Իլոնա, առաջին հերթին, իհարկե, Վարպետի մասին խոսենք: Ցավոք` Հայաստանում նրա մասին նույնպես քչերը գիտեն:
Իգոր Վասիլևը ապրել և աշխատել է Րիգայից ոչ հեռու, ծովափնյա Վեցակի քաղաքում, որտեղ ես ապրում եմ ամուսնանալուց հետո: Նրա սիրելի նյութը փայտն էր` հազվագյուտ, էկզոտիկ տեսակի: Քանդակը` փայտ է, որը քարացել է, սիրում էր կրկնել Վասիլևը: Սակայն նրա խոշոր աշխատանքներից շատերը բրոնզաձույլ են: Նա հանդիսանում է իր ժամանակաշրջանի շատ հայտնի մարդկանց շիրմաքարի հեղինակը: Ողջ կյանքի ընթացքում Վարպետը ստեղծել է ավելի քան 300 գործ, որոնցից երրորդ մասը գտնվում է քանդակագործի տուն-արվեստանոցում Վեցակիում, մյուսները` թանգարաններում և մասնավոր հավաքածուներում:
Վասիլևը շատ ինքնամփոփ էր, ապրում էր իր արվեստանոցում, մեկ-մեկ գնում էր համերգներ, լուսանկարում էր, աշխատում էր հիշողությամբ և շատ արագ: Նրա մայրը հիշում էր, թե ինչպես էր նա սկսում աշխատել վաղ առավոտյան մաքուր օդին և չէր կարողանում կանգնել` նախքան գործի որոշակի փուլին հասնելը: Նա կյանքից հեռացավ 1997թ.-ին: Մարդը, ով ռեալիզմի հետևորդ էր, լքեց այս աշխարհը` այդպես էլ չտեսնելով զրոյական թվականները, նոր մշակույթը, նոր տեխնոլոգիաները:
Կար մի բան, որ Վասիլևին կապում էր Հայաստանի հետ: Հին խորհրդային տեղեկատուներից մեկում ես գտա Արամ Խաչատուրյանի երկու քանդակ` Վասիլևի ձեռքի: Վարպետը ներկա է եղել «Գայանե» բալետին և ստեղծել կոմպոզիտորի երկու քանդակ, սակայն, ցավոք, դրանց ճակատագրերն անհայտ են:
Առհասարակ` Վարպետին, ըստ իր խոսքերի, միշտ հետաքրքրել է ստեղծագործական գործընթացի հոգեբանությունը: Ահա թե ինչու էր նա սիրում նկարել երաժիշտների, պոետների, նկարիչների դիմանկարները, փորձելով պլաստիկայի միջոցով արտահայտել նրանց ողջ ստեղծագործական էությունը և գործունեությունը:
Որևէ մեկն զբաղվու՞մ է նրա թողած ժառանգությամբ այսօր:
Ոչ ոք դրանով չի զբաղվում: Պարզապես ամեն ինչ կողպեքի տակ է: Մինչև մահը` 2013թ-ին, հավաքածուի մասին հոգ էր տանում Վասիլևի մայրը` Իրինա Միխայլովնան: Ժամանակին Վասիլևի իրավահաջորդներին` մորը և որդուն, ես օգնություն էի առաջարկում, առաջարկում էի աջակցել թանգարան բացելու հարցում, բայց հեռախոսիս վրա հաղորդագրություն ստացա հետևյալ բովանդակությամբ ` «դուք ուզում եք մեզանից վերցնել մեր տունը, մենք ցանկություն չունենք այլևս ձեզ հետ խոսելու»:
Իմ աշխատանքը նրա ստեղծագործությունների նկատմամբ հետաքրքրություն ստեղծելն է, նրա մասին հիշեցնելը: Ցավոք` նա չունի հետևորդներ` չնայած փայտե քանդակների մեծ պահանջարկին: Նրա աշխատանքների մեծ մասը մասնավոր հավաքածուներում են, թեև հասարակական հավաքածուներում էլ բավական շատ են: Լատվիայում, Ամերիկայում, Իսրայելում: Կան նաև Տրետյակովյան պատկերասրահում:
Ինչու՞ որոշեցիք գրել հենց Վասիլևի մասին:
Ես ապրում եմ նրա արհեստանոցին շատ մոտ: Հաճախ, ծովափնյա իմ սիրելի վայրում քայլելիս, ես նկատում էի յուրահատուկ մի բակ` այնտեղ «ապրում են» քանդակները: Անփույթ ցրված տարբեր քանդակներով լի բակը հիացնում և կանչում էր ինձ: Մի անգամ, կողքով անցնելիս, ես տեսա արևի տակ նստած ծեր կնոջ: Մոտեցա, բարևեցի: Պարզվեց, դա 99-ամյա Իրինա Միխայլովնան էր` քանդակագործի մայրը: Նա ինձ տուն հրավիրեց: Վարպետի արվեստանոցում մոտ 100 որակյալ, լավ վիճակում գտնվող աշխատանքներ կային: Իրինա Միխայլովնան թույլատրեց ինձ և ընկերոջս դրանք լուսանկարել:
Բայց իրականում ինձ մոտ այս գաղափարն ավելի վաղ էր առաջացել: Ամեն ինչ սկսեց, երբ ես աշխատում էի իմ առաջին գրքի վրա, որը իմ հարազատ Վեցակի քաղաքի մասին էր: Գրքի մի գլուխը նվիրված էր Իգոր Վասիլևին: Բայց աշխատանքի ընթացքում հասկացա, որ մի քանի էջը բավական չէ, պետք է մի ամբողջ գիրք գրել` մոնոգրաֆիա: Հատկապես` մոտենում էր Վարպետի 75-ամյակը:
Իսկ ինչ վերաբերվում է առաջին գրքիս, ապա դա շատ պարզ և անձնական պատմություն է: Մի անգամ հարևաններիս հետ նստած էինք` գինու գավաթներով և զրուցում էինք մեր փոքրիկ քաղաքի մասին, թե որքան լավ է այստեղ ապրելը: Այստեղ մեծանում են մեր երեխաները, բայց մենք գրեթե ոչինչ չգիտենք այս ծովափնյա վայրի մասին: Հետևում ենք, թե ինչպես են փոխվում հնագույն շենքերը, փոխվում է քաղաքի տեսքը: Եվ ինչպե՞ս այս ամենը ֆիքսել, բռնել, պահել հիշողության մեջ: Որոշեցինք գիրք գրել, ինչը իրականում նշանակում էր, որ այդ գիրքը պետք է ես գրեմ (ծիծաղում է): Իսկ գրքի հրատարակման ծախսերի համար գումար հավաքեցին բոլորը: Ահա այսպիսի պատմություն:
Ընդունված է հարցնել հետագա պլանների մասին…
Վասիլևը բավական ծավալուն հիշողություններ է գրել Հնդկաստանի մասին, որտեղ երեք անգամ եղել է 80-ականներին: Այնտեղ նա հնարավորություն է ստացել ծանոթանալ և բավական սերտորեն շփվել Ինդիրա Գանդիի, ինչպես նաև նրա հոր` Մահաթմա Գանդիի հետ: Նա երկուսին էլ շատ անգամ է նկարել: Դիմանկարների մեծ մասը հիմա Հնդկաստանում է, այդ մասին գրելու ցանկություն կա:
Ինձ թվում է, որ բոլոր ժամանակներում պետք է ինչ որ մեկը լինի, ով մի փոքր «գժություն» կունենա` լավ իմաստով, մարդ, ով անհաղորդությունից անուններ կհանի, որոնք անարդարացիորեն մոռացման են տրվել:
Արդարացի լինելու համար, նշենք, որ այս տարվա մայիս-հունիս ամիսներին Վարպետի 75-ամյա հոբելյանի առթիվ Լատվիայում մեկ ցուցահանդես այնուամենայնիվ կայացավ: Բայց դա տեղի ունեցավ միայն Իլոնայի գրքի հրատարակումից հետո: Ասել է թե` ցուցահանդեսը տեղի ունեցավ լատվիացի լրագրողի ջանքերի ու էներգիայի շնորհիվ, ով անձամբ է փնտրել քանդակները տարբեր թանգարաններում` դրանց լուսանկարները ձեռքին: Այդ գործընթացը բավական երկար է, քանի որ թանգարանային նմուշները, չգիտես ինչու ստորագրված չեն, թեև հեղինակի մասին տեղեկատվություն պահվում է արխիվում:
Վերջում` մի քանի խոսքով ներկայացնենք Իլոնա Յախիմովիչի գրքի շնորհանդեսը, որը կայացավ Երևանում` Խաչատուրյանի տուն-թանգարանում: Միջոցառման կազմակերպիչներից մեկը Արամ Խաչատուրյանի թանգարանի տնօրեն և համատեղությամբ նաև Խաչատուրյանի անվան տրիոյի դաշնակահարուհի Արմինե Գրիգորյանն էր: Իլոնան և Արմինեն ծանոթացել են Լատվիայում, երբ եռյակը ելույթ էր ունենում իր համերգային շրջագայության ժամանակ: Այնտեղ էլ նրանց մոտ միտք առաջացավ հայ լսարանին ծանոթացնել այդ հրաշալի քանդակագործի ստեղծագործությունների հետ:
Հյուրերի մեջ էին Հայաստանում Լատվիայի հյուպատոս Արմեն Հասաբողլյանը` կնոջ հետ: Շնորհանդեսից և Վարպետի կյանքը ներկայացնելուց հետո` հյուրերի համար ցուցադրվեց 12 րոպեանոց ֆիլմ նկարչի մասին: Երեկոյի ավարտին Իլոնան բոլորին հյուրասիրեց Լատվիայի Սուրբ Ծննդյան ավանդական ուտեստ` պիպարկուկաս (թխվածքաբլիթ տաքդեղով):
Եվ ավանդական ֆոտոզեկույցը
Արմինե Ահարոնյան
Լուսանկարները`Lina Levine