Նոյեմբերի 24-ին Թուրքիայի և Սիրիայի սահմանին թուրքական ռազմական օդանավի կողմից ռուսական Սու 24 ռմբակոծիչի կործանման միջադեպից հետո երկու երկրների միջև հարաբերություններն ավելի քան սառն են: Ռուսաստանի պատասխանը իրեն երկար սպասել չտվեց:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնեց, որ միջադեպը լուրջ հետևանքներ կունենա ռուս-թուրքական հարաբերությունների համար, իսկ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը իր հերթին հայտարարեց Ռուսաստանի և Թուրքիայի միջև երկարատև բարիդրացիական հարաբերությունների խաթարման մասին՝ այդ թվում հումանիտար և տնտեսական ոլորտներում:
Ռուսաստանը 2016թ.-ի հունվարի 1-ից մթերային պատժամիջոցներ է մտցրել Թուրքիայից ներմուծվող մրգերի, բանջարեղենի և սառեցված թռչնի մսի վրա, բացի այդ դադարեցվել է առանց վիզա մուտքի ռեժիմը Թուրքիայի քաղաքացիների համար: Իսկ 2015թ.-ի դեկտեմբերից կասեցվում են համատեղ կրթական և հումանիտար ծրագրերը:
Ու թեև Ռեջեփ Թայիփ Էրդողանն ամենայն պատասխանատվությամբ հայտարարում է, որ նրանց այս ամենը չի անհանգստացնում, այնուամենայնիվ, նման խոշոր տնտեսական գործընկեր կորցնելը անթույլատրելի ճոխություն է յուրաքանչյուր երկրի պարագայում էլ:
Ու մինչդեռ Թուրքիայում հաշվում են պատժամիջոցներից առաջացած ու սպասվող ֆինանսական կորուստները, գոյացած նոր հնարավորություններից շտապում են օգտվել հարևան և հեռավոր երկրները:
Ինչ վերաբերում է տուրիզմի ոլորտին, ապա ռուս զբոսաշրջիկները նախկինում երկու ամենասիրված զբոսաշրջային ուղղությունները՝ Եգիպտոսն ու Թուրքիան այժմ փոխարինում են նորերով՝ ՄԱԷ, Թաիլանդ և Իսրայել: Հայաստանը այս ոլորտում, իհարկե, չի կարող փոխարինել Թուրքիային ծովի բացակայության պատճառով, բայց կա մի ասպարեզ, որը կարող է մեծապես շահել ստեղծված իրավիճակից: Խոսքս, բնականաբար, գյուղատնտեսության մասին է:
Այսպես, անցյալ հինգշաբթի Ռուսաստանի Գյուղատեսության նախարար Ալեկսանդր Տկաչովը երկրի սննդամթերքի գործակալությանը հանձնարարել է ուժեղացնել վերահսկողությունը Թուրքիայից ներմուծվող գյուղատնտեսական ապրանքների և մթերքի վրա, բացի այդ կանցկացվեն լրացուցիչ ստուգումներ սահմանին և արտադրամասերում:Նրա խոսքերով՝ թուրքական գյուղմթերքի առնվազն 15 %-ը չի համապատասխանում ռուսական չափանիշներին: Տկաչովը նաև ընդգծել է, որ Ռուսաստան ներկրվող բանջարեղենի 20 տոկոսը բաժին է ընկնում հենց Թուրքիային: Այժմ Ռուսաստանը կգտնի իր նախկին տնտեսական գործընկերոջը փոխարինող երկիր՝ այդ ծավալի գյուղմթերք մատակարարելու համար:
Թուրքիային փոխարինելու ռեալ հավակնություններ ունի նաև Հայաստանը: Դա գիտակցում են նաև մեր կառավարությունում: Այդ իսկ պատճառով օրերս Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը համատեղ խորհրդակցություն է անցկացրել Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի հետ, որին ներկա էին նաև շուրջ 50 ագրովերամշակող ընկերությունների և ջերմոցային տնտեսությունների ներկայացուցիչներ:
Հանդիպմանը մասնակցել է նաև Ռուսաստանում ՀՀ առևտրական ներկայացուցիչ Կարեն Ասոյանը:
Խորհրդակցության նպատակը Ռուսաստանի կողմից թուրքական ապրանքների վրա էմբարգո մտցնելու հետևանքով ստեղծված բարենպաստ իրավիճակում դեպի ռուսական շուկա հայկական գյուղատնտեսական մթերքը արտահանելու հնարավորությունների քննարկումն ու կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի կազմումն էր:
Պարոն Կարապետյանը նշել է, որ արդեն հայտնի են այն գյուղմթերքների ցանկը, որը կարող է պահանջարկ ունենալ ռուսական շուկայում:
Սերգո Կարապետյանի խոսքերով՝ այժմ հանրապետությունում կա պտուղ- բանջարեղենի մեծ քանակություն, այդ թվում՝ խաղող, խնձոր, կաղամբ, ծաղկակաղամբ, բազուկ, կարտոֆիլ, գազար ինչպես նաև ջերմոցային արտադրանք Ռուսաստան արտահաելու համար: Այսպիսով, նոր հնարավորություններ են առաջանում հայ արտահանողերի համար ռուսական շուկայում արտահանման ծավալները մեծացնելու համար, ուստի նախարարը կոչ է արել անհրաժեշտ քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ:
Իսկ Կարեն Ասոյանը պատրաստակամություն է հայտնել օգնել հայ արտահանողներին ռուսական շուկայում նոր գործըներներ գտնելու հարցում:
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի կարծիքով նույնպես սա մեծ հնավորություն է, քանի որ Թուրքիան ռուսական շուկայում Հայաստանի թիվ մեկ մրցակիցն էր: Նա նաև նշել է, որ Հայաստանը այս տարի ևս մեկ լավ հնարավորություն է ունեցել գյուղատնտեսության արտահանումների ծավալը մեծացնելու համար, և դա Ռուսաստանի կողմից Եվրոպական երկրների նկատմամբ գյուղատնտեսական ապրանքների վրա էմբարգոյի կիրառումն էր:
Սակայն ոչ բոլորն են այդքան լավատես: Այսպես, Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը «Հայոց աշխարհ» թերթին տված հարցազրույցում նշել է, որ այս տարի արտահանվող մթերքների ծավալների ավելացման մասին խոսելն ուշ է, քանի որ ավարտվել է այս կամ այն արտադրանքի ստացման համար անհրաժեշտ բաղադրիչների (կաթ, գյուղատնտեսական ապրանքներ) մթերումը։
Մակարյանը նաև ավելացրել է, որ արտադրող գործարանները նախատեսվածից ավելի մեծ ծավալով արտադրանք չեն կարող ունենալ, գյուղատնտեսական ապրանքներն էլ անհրաժեշտ քանակությամբ իրացվել են դրսի շուկաներում, եղածն էլ հազիվ ներքին սպառումն ապահովի:
Ըստ նրա` միայն այն արտադրողների հաշվին հնարավոր կլինի մեծացնել արտահանման ծավալները, ովքեր ռուբլու արժեզրկման պատճառով չեն կարողացել իրացնել իրենց ապրանքը Ռուսաստանի շուկայում և դրանք կուտակել են պահեստներում:
Մակարյանի կանխատեսմամբ՝ արտահանման ծավալները հնարավոր կլինի մեծացնել առավելագույնը 20 տոկոսով:
Իր հերթին՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանը նշում է, որ տեսականորեն հակաթուրքական պատժամիջոցները ստեղծում են հնարավորություն տեղական արտադրության ապրանքների արտահանման ծավալների մեծացման համար: Սակայն, իր կարծիքով՝ կա վտանգ, որ կտուժեն հենց տեղի արտադրողները:
«Բանը նրանում է, որ արդեն արտադրված, բայց պատժամիջոցների պատճառով Ռուսաստան չարտահանված արտադրանքը կհայտնվի մեր տարածաշրջանում՝ հիմնականում Վրաստանում և Ադրբեջանում: Դժվար չէ գուշակել, որ դրանց մի մասը կներմուծվի Հայաստան: Թուրքական ապրանքները կհայտնվեն հայկական շուկայում արհեստականորեն իջեցված դեմպինգային գներով՝ դուրս մղելով հայկական արտադրանքը:
Կարելի է հույս ունենալ, որ դրան զուգահեռ հայկական լոլիկը, սոխը և կաղամբը կարտահանվեն Ռուսաստան բարձր գներով, իսկ մենք կսպառենք թուրքական էժան սոխն ու լոլիկը: Սակայն, կրկին տնտեսության օրենքով, ժամանակի ընթացքում տեղի կունենա մեկ այլ գործընթաց: Մեր արտադրողները, տանջանքով և դժվարությամբ լոլիկ և սոխ արտադրելու փոխարեն, կսկսեն էժան գներով ձեռք բերել թուրքական ապրանքը, ձևակերպել այն որպես սեփական արտադրանք և հայկականի անվան տակ արտահանել այն Ռուսաստան:
Այստեղ, իհարկե, վեր է բարձրանում ապրանքի ծագման վկայական ստանալու հարցը, բայց, հավատացեք, որ մեծ ջերմոց ունեցողին դժվար չէ «համոզել», որ այդ 50 տոննա լոլիկը նա աճեցրել է, այլ ոչ թե գնել:Իսկ դա կբերի նրան, որ Հայաստանում տվյալ ապրանքների արտադրությունը, համենայն դեպս, կնվազի4, – մասնավորապես գրում է լրագրողը:
Ընդհանուր առմամբ, Հայաստանի կողմից ռուսական շուկան գրավելու հնարավորությունների վերաբերյալ տեսակետները իրարամերժ են: Մի բան ակնհայտ է՝ թուրքական գյուղմթերքի վրա Ռուսաստանի կողմից դրված էմբարգոն իսկական իրարանցում է առաջացրել և ոչ միայն Հայաստանում, այլև մյուս հարևան երկրներում: Եվ կշահի նա, ով բոլորից ճկուն կգտնվի և կօգտվի ընձեռնված հնարավորությունից: