Illustration: DailyBit.io

Խորհրդարանական ընդդիմությունն ահազանգում է՝ կան բոլոր հիմքերը ենթադրելու, որ Հայաստանում պատրաստվում են մոնոպոլիզացնել կրիպտոարժույթների մայնինգի (հայթայթման) շուկան: Ընդ որում, բավականին սեղմ ժամկետներում:

Այս մասին օրերս լրագրողներին հայտնեց «Ելք» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը: Ըստ նրա, այժմ ինտենսիվ քայլեր են ձեռնարկվում, որպեսզի Հայաստանում ֆիզիկական անձանց կամ կազմակերպություններին արգելվի զբաղվել մայնինգով, որտեղ էլ այն լինի

«Մեզ հայտնի է դարձել նման գործողությունների մասին, և մենք համարում ենք այն անօրինական, քանի որ ցանկացած անձ կամ ցանկացած կազմակերպություն պետք է հնարավորություն ունենա զբաղվել այդպիսի գործունեությամբ», – հայտարարեց նա:

Մանե Թանդիլյան

Բացի այդ, պատգամավորը կարծում է, որ ազատականացումը տվյալ ոլորտում կբերի երկրի տնտեսական զարգացմանը:

Նշենք, որ նախկինում հենց «Ելքը» հանդես եկավ օրենսդրական նախաձեռնությամբ, որն ուղղված էր Հայաստանում կրպտոարժույթների մայնինգի շուկայի օրինականացմանը: Ընդդիմության կողմից ներկայացված օրինագծի ընդունման դեպքում, Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) հանրապետությունը կդառնար Բելառուսից հետո երկրորդ երկիրը, որտեղ կթույլատրվեր վիրտուալ արժույթներով գործարքներ կատարել: Նախագծի հեղինակներն առաջարկում են ցանկացած 18 տարին լրացած ֆիզիկական կամ իրավաբանական անձի հնարավորություն տալ զբաղվելու մայնինգով Հայաստանի տարածքում, ընդ որում՝ առանց հատուկ թույլտվության կամ լիցենզիայի: Նաև առաջարկում են մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ն ազատել մայնինգային գործունեությունը ցանկացած տեսակի հարկերից և հարկումից:

ԵԱՏՄ երկրների կառավարությունները գնալով ավելի հաճախ են անդրադառնում այս թեմային: Փետրվարի սկզբին Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարեց, որ կրիպտոարժույթի կարգավորումը չի կարող իրականացվել միայն մեկ երկրի սահմաններում, գործընթացը պետք է ստանա վերազգային բնույթ:

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Ալմա-Աթայում: Աղբյուրը` РИА НОВОСТИ

Ելույթ ունենալով Ալմա-Աթայում կայացած «Թվային ուղերձ դեպի գլոբալիզացիա» ֆորումում Դմիտրի Մեդվեդևն առաջարկեց Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում ներդնել միասնական կարգավորում:

Մեդվեդևը նաև ընդգծեց, որ անհնարին է համարում կրիպտոարժույթի կարգավորման սկզբունքների ներդրումը միայն մեկ երկրում, քանի որ հարկավոր է ընդհանուր մոտեցում ողջ միության մակարդակով:

Շարունակելով տվյալ թեման` անցած շաբաթ նորից Ալմա-Աթայից կոչ հնչեց` ուղղված միության անդամ երկրների կառավարություններին՝ որքան հնարավոր է շուտ օրենսդրություն ընդունել կրիպտոարժույթի կիրառման կարգավորման մասին: Մասնավորապես, միջազգային «Կրիպտոկոնֆերանս- 2018»-ի մասնակիցները, դիմելով Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Հայաստանի և Ղրղզստանի կառավարություններին և Կենտրոնական բանկերին՝ հայտարարեցին պետության կողմից կրիպտոարժույթի ոլորտի կարգավորման անհրաժեշտության մասին, որն ուղղված կլինի շուկայի բոլոր սուբյեկտների շահերի պաշտպանությանը՝ երրորդ անձանց ոչ բարեխիղճ գործողություններից, ինչպես նաև այնպիսի պայմանների բացառմանը, որոնց ներքո կրիպտոարժույթը կօգտագործվի որպես գործիք` ոչ օրինական բիզնեսի սպասարկման, եկամուտների օրինակացման համար, որոնք ստացվել են հանցավոր ճանապարհով, ահաբեկչության ֆինանսավորմամբ: Նրանց կարծիքով՝ ԵԱՏՄ երկրների օրենքները և նորմատիվ ակտերը, որոնք վերաբերում են կրիպտոարժույթային ոլորտին, պետք է ներդաշնակեցվեն և հաշվի առնեն շուկայի բոլոր մասնակիցների շահերը, այդ պատճառով պետք է միասնական տերմինաբանություն՝ ընդհանուր պահանջներ հասկացությունների կիրառման և համակարգման, ոլորտի կարգավորման համար:

Մայնինգի ֆերմա Չինաստանում: Աղբյուր. Bitcoin Group

Պաշտպանված չլինելու մասին արդեն եղել են տագնապային ահազանգեր այս ոլորտի մասնակիցների կողմից: ՌԴ Կենտրոնական բանկի տվյալներով, ռուսական հակերները կրեդիտային քարտերից իրենց ուշադրությունը սևեռել են կրիպտոարժույթի վրա: 2017 թվականի ընթացքում ԿԲ վերլուծաբանները, մասնավորապես, գրանցել են բանկային քարտերից հափշտակումների ծավալների նվազում 11%-ով (մինչև 961 մլն ռուբլի), ինչը կապված է նրա հետ, որ հափշտակողների համար այժմ առավել մեծ հետաքրքրություն է ներկայացնում բիթքոինը: Այս ֆոնի վրա վիրտուալ արժույթների շուկայի ապագայի հարցի շուրջ ՌԴ ֆինանսների նախարարության և Կենտրոնական բանկի միջև տարաձայնություններ առաջացան: Մինչդեռ ֆինանսների նախարարությունն առաջարկում է օրինականացնել մայնինգը երկրի ներսում և հստակ սահմանել կրիպտոարժույթի կարգավիճակը, կարգավորողը պնդում է, որ նման գործողությունները պետք է դուրս բերվեն արտասահմանյան տարածք:

Մինչ շուկայի կարգավորումը քննարկում են ամբողջ միության մակարդակով և ոչ մի կերպ չեն կարողանում գալ ընդհանուր հայտարարի, ԵԱՏՄ երկրների քաղաքացիները ռիսկի ենթարկելով իրենց ազատությունը` փորձում են տեղ զբաղեցնել այս նոր, արագորեն զարգացող ոլորտում: Հանրապետության ԱՀԾ սահմանային կառավարման մամլո-ծառայության համաձայն, «Վերին Լարս» անցակետում օրերս ձերբակալվել է 35-ամյա Հայաստանի քաղաքացի, ով փորձում էր իր մեքենայի մեջ սարքավորումներ անցկացնել` նախատեսված կրիպտոարժույթի մայնինգի համար: Ներկրվող տեխնիկայի երկուսից յուրաքանչյուրի արժեքը, ըստ նախնական արժեքային գնահատման, կազմում է ավելի քան 100 հազար ռուբլի: Քանի որ, ըստ մասնագետների, կրիպտոարժույթային գործունեությունը հազվադեպ են իրականացվում միայնակ, և, որպես կանոն, խոշոր կրիպտոարժույթ փնտրողները միավորում են իրենց ջանքերը փոքր «հոսքերի» մեջ: Այդ պատճառով օրինապահները սպասում են նմանատիպ տեխնիկայի օրինական ներկրման փորձի կրկնմանը Հյուսիսային Օսեթիայի տարածքում և ստուգում են ձարբակալվածի ունեցած կապերը:

Հնարավոր է, Հայաստանի տարածք սարքավորումների ներկրման փորձի դրդապատճառները եղել են որոշ փորձագետների բարձր հայտարարությունները այն մասին, որ Հայաստանը կարող է դառնալ համաշխարհային կրիպտոարժույթի կենտրոնը: Նման հայտարարություն դեռևս փետրվարի սկզբին արել է Ֆեյսբուք ընկերության նախկին գիտական աշխատակից, բիթքոինի փորձագետ Համդան Ազարը` կիսվելով իր տպավորություններով հանրապետություն կատարած այցից:

Համդան Ազար

Ըստ նրա, կան բազմաթիվ ծրագրեր, և ամենախոշորը դրանցից Հայաստանը կրիպտոարժույթի համաշխարհային կենտրոն դարձնելն է:

«Մարդիկ այստեղ խելացի են, տիրապետում են մի քանի լեզուների, իսկ կառավարությունն առաջադեմ է: Մենք համարում ենք Հայաստանը տեխնոլոգիաների և նորարարության կենտրոն: Հայաստանը պետք է դառնա կրիպտոարժույթի ուսումնասիրության կենտրոնը», – պատմեց Համդան Ազարը:

Սակայն, ակնհայտ է, որ նմանատիպ մեծ ծրագրերի իրականացումը դեռևս հեռու է կյանքի կոչվելուց՝ չկա ո՛չ նորմատիվային հիմք, ո՛չ հասկացողություն, թե ինչն է լավ, և ինչը՝ վատ:

 

Պատրաստեց Լինա Մակարյանը