Հայաստանի առաջին հանրապետության օրը նշվում է մայիսի 28-ին․ 1918թ. մայիս ամսվա երկրորդ կեսին վերականգնվեց երկրի անկախությունը, որը վեց դարից ավելի չէր ունեցել պետականություն: Մասնավորապես, մայիսի 28-ին Երևանից ընդամենը մի քանի տասնյակ կիլոմետր հեռավորության վրա՝ Սարդարապատ երկաթուղային կայարանի մոտակայքում գտնվող հայկական զորամասերին և աշխարհազորայիններին հաջողվեց կանգնեցնել և կործանել Արևելյան Հայաստան ներխուժած թուրք զավթիչներին:
Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո ռուսական զորքերը լքեցին Առաջին աշխարհամարտի տարիներին գրաված Արևմտյան Հայաստանը: Կովկասյան ճակատը փաստացի դադարեց գոյություն ունենալ: Օգտվելով իրավիճակից՝ Թուրքիան որոշեց ոչ միայն վերադարձնել Արևմտյան Հայաստանի տարածքները, այլև գրավել Արևելյան Հայաստանը, որտեղից նրա համար ճանապարհ կբացվեր դեպի ողջ Հարավային Կովկաս: Խախտելով 1917թ. դեկտեմբերի Երզնկայի զինադադարը, թուրքական զորքերը 1918թ. փետրվարի 10-ին հարձակման անցան՝ մինչև ապրիլի վերջ գրավելով Երզնկան, Էրզրումը, Սարիղամիշը, Կարսը, իսկ մայիսի 15-ին ՝ Ալեքսանդրապոլը (Գյումրի):
Գերազանցող թշնամու ուժի ճնշման ներքո Հայկական կորպուսի՝ գեներալ Թովմաս Նազարբեկյանի ստորաբաժանումները նահանջեցին՝ պաշտպանելով իրենց հետ տեղաշարժվող հազարավոր արևմտահայ փախստականների: Սարդարապատի ուղղությամբ հայկական ուժերի ընդհանուր ղեկավարումը հանձնարարվեց գեներալ Մովսես Սիլիկյանին: Այս զորախմբի հիմնական ուժերը գնդապետ Դանիել Բեկ-Փիրումյանի հրամանատարության ներքո կենտրոնացվում էին թուրքական զորքերի հիմնական հարվածի ուղղությամբ: Հայկական զորամասերի թիկունքի ապահովումը և Էրիվանի պաշտպանությունը հանձնարարված էին Արամ Մանուկյանին:
Սարդարապատի ճակատամարտը տևեց մայիսի 21-28-ը, և Վեհիբ փաշայի մոտ հարյուր հազարանոց թուրքական զորքին դիմադրում էր հինգ անգամ փոքր հայկական զորք` բաղկացած ռուսական բանակի հրացաններով և գնդացիրներով զինված զինվորներից և սպաներից:
Հարգանքի տուրք մատուցելով հայ հերոս հրամանատարների և ոչ պակաս հերոս շարքային զինվորների հիշատակին, որոնք անհավատալի հաղթանակ կերտեցին, չմոռանանք նաև, որ քիչ չէին ռուս այն սպաները և շտաբի մասնագետները, որոնք մնացին օգնելու Հայաստանին: Երդումը մեկ անգամ են տալիս, և այս մարդիկ հավատարիմ մնացին այդ երդումին, չնայած իրավունք ունեին հեռացող զորքերի հետ միասին վերադառնալ Ռուսաստան:
Ոմանց մասին ընդհանրապես չգիտենք, իսկ մյուսներին միայն անուններով գիտենք: Դժբախտաբար, ռուսական աղբյուրներից ևս նվազագույն տեղեկություն միայն կարելի է ստանալ: Սա, իհարկե, սխալ է, սակայն 102 տարի անց այս մասին միայն գանգատվել է հնարավոր։
Հայկական կորպուսի շտաբը գտնվում էր Դիլիջանում, և շտաբում շատ կային ռուս ղեկավարներ ու ռազմական փորձագետներ: Պորուչիկ Ներշովը ղեկավարում էր շտաբի օպերատիվ բաժինը, մյուս աշխատողներից էին շտաբս կապիտան Նիկոլայ Շումովը, փոխպորուչիկներ Միխայիլ Մեդվեդևը և Մելենտի Դվոերնիցկին:
40-ամյա Թերեքի կազակ եսաուլ Պավել Զոլոտարևը ռազմական փայլուն կրթություն ստացած կադրային զինծառայող էր. նա ուսանել էր Վորոնեժի կադետական դպրոցում և Նիկոլաևյան հեծելազորային վարժարանում: Զոլոտարևը ծառայությունը սկսեց Սունժենսկո-Վլադիկավկազ գնդում և առաջին իսկ օրվանից հայտնվեց Համաշխարհային պատերազմի օջախում:
1917 թվականի սկզբին Զոլոտարևը ստանձնեց 6-րդ, այնուհետև՝ հայկական 3-րդ հրաձգային գումարտակի հրամանատարությունը: Նրա հրամանատարության տակ էր մարտնչում նաև Ասորական հրաձգային գումարտակը: Սարդարապատի հերոսամարտի օրերին գնդապետ Զոլոտարևը Հայկական հատուկ հեծելազորային գնդի հրամանատարն էր և անմիջական մասնակցություն ունեցավ թուրք ասկյարներին հասցրած ամենասարսափելի հեծելազորային հարվածին, որը, ըստ էության, որոշեց ճակատամարտի ելքը:
Սարդարապատի ճակատամարտից հետո կազակը լքեց Հայաստանը՝ մասնակցելու Թերեքի ապստամբությանը ու Սպիտակ շարժմանը, և դարձավ իր հարազատ Սունժենսկո-Վլադիկավկազ գնդի հրամանատարը:
Եվգենի Եվգենևիչ Վիշինսկին հայտնի էր և՛ որպես զինվորական, և՛ որպես Անդրկովկասը և Թուրքիան ուսումնասիրող արևելագետ: Իսկական մարտական գեներալ-լեյտենանտ էր՝ պարգևատրված Գեորգիևյան զենքով և Ռուսական կայսրության մի շարք շքանշաններով:
Վիշինսկին թողեց Էրզրումում Ռուսաստանի առաքելության քարտուղարի պաշտոնը, որպեսզի ստանձնի Էրիվանի 13-րդ գրենադերական գնդի հրամանատարությունը: 1918թ. մայիսին հենց նա է եղել Հայկական կորպուսի շտաբի ղեկավարը, և փառահեղ հաղթանակում նրա ներդրումը անգնահատելի է և անմոռանալի: Վիշինսկին մահացավ 1918թ. սեպտեմբերի վերջին Դիլիջանում, և զինվորական պատիվներով հուղարկավորվեց Սուրբ Գևորգ Զորավար ռուսական ուղղափառ եկեղեցում:
Միխայլովսկու հրետանային դպրոցի և Գլխավոր շտաբի ակադեմիայի շրջանավարտ, գնդապետ Ալեքսանդր Շնեուրը մի ժամանակ ղեկավարել է Դանիել Բեկ-Փիրումյանի շտաբը և ուղղակիորեն կապված է Սարդարապատի ճակատամարտի հաղթանակի հետ: Տարիներ անց՝ արդեն օտարության մեջ, Շնեուրը գրել է «Հայեր» պարզ վերնագրով գիրք, որում, ի թիվս այլ բաների, գրել է նաև Սարդարապատի ճակատամարտի ընթացքի մասին.
«Աջ թևում առաջ էին շարժվում պարտիզանական գնդերը (հրամանատար՝ Պերեկրյոստով), իսկ Կենտրոնում հարվածը պատրաստ էր իր վրա ընդունել Պողոս Բեկ-Փիրումյանի 5-րդ գունդը։ Աջ թևում հարձակվում էին Պանդուխտ Սեֆերյանի գլխավորած` մշեցիներից և աշխարհազորայիններից կազմված ջոկատները։ Իսկ մինչ այդ, ինչպես և ծրագրված էր, թիկունքից թուրքերին հարվածներ սկսեց հասցնել Կարո Ղասաբաշյանի Խզնաուզի ջոկատը: Թուրքական զորքը ջախջախվեց: Հաջորդ երկու օրը հայկական զորամասերը և աշխարհազորայինները սկսեցին հետապնդել նահանջող թշնամուն», – նման տողեր ևս կան գրքում։
Ի դեպ, Շնեուրը մի հետաքրքիր դեպք է նկարագրել:
Կորցնելով բանակի կեսից ավելին՝ թուրք հրամանատար Վեհիբ փաշան արագ նահանջեց և զորքի մնացորդները հավաքեց միայն Կարսի մերձակայքում: Մարտի դաշտում մնաց թուրքական ողջ հրետանին, գնդացիրները և սայլերը, տասնյակ հազարավոր հրացաններ և փամփուշտներ: Հետո Վեհիբ փաշան հարցրել է Ալեքսանդր Շնեուրին, թե ինչու՞ իրեն չհետապնդեցին: «Չէ՞ որ կարող էիք վերցնել Կարսը», – հարցրել է թուրքը:
Շնեուրը, ամենայն հավանականությամբ, ճիշտ չհամարեց մարտական ընկերների փոխարեն պատասխանել, և հարցը վերահասցեագրեց հայ սպաներից մեկին: Հայի պատասխանը նա չի նշում, միայն խոսում է այն մասին, թե որքան մեծ կլիներ փաշայի զարմանքը, եթե իմանար, թե ինչ փոքրաքանակ ուժեր են ջախջախել իր զորքը…
Անգնահատելի է Սարդարապատի ճակատամարտի կարևորությունը, ինչպես նաև հայրենի հողի համար պայքարածների համարձակությունը, որոնք նահանջելու տեղ չունեին և պարտության մասին անգամ չէին էլ մտածում:
Ռուբեն Գյուլմիսարյան