Հայաստանում Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերը 1992 թվականի միջպետական պայմանագրին համապատասխան պաշտպանում են Հայաստանի Հանրապետության՝ Թուրքիայի և Իրանի հետ պետական սահմանները: Ռուս սահմանապահները չեն էլ հեռացել այստեղից. պայմանագիրը ստորագրվել է ԽՍՀՄ փլուզումից անմիջապես հետո:

Այսօր սահմանային անցակետերի անձնակազմը բազմազգ է. ՀՀ քաղաքացի սպաների և շարքայինների հետ կող կողքի ծառայելու են գալիս նաև ռուսները հսկայական երկրի տարբեր անկյուններից: Նման փորձը եզակի է և ունի ոչ միայն ռազմաքաղաքական, այլև շատ դեպքերում մարդասիրական հսկայական նշանակություն:

Պահպանվող սահմանի ընդհանուր երկարությունը 375կմ է, որից 330կմ-ը Թուրքիայի հետ, իսկ 45կմ-ը՝ Իրանի Իսլամական Հանրապետության հետ պետական սահմանն է: Բացի այդ, ռուսները հայ գործընկերների հետ միասին զննություն և վերահսկողություն են իրականացնում Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում: Վրաստանի և Ադրբեջանի հետ սահմանները պաշտպանում են միայն Հայաստանի սահմանապահ զորքերը:

Գյումրիի և Արմավիրի սահմանապահ ջոկատներն արդեն մոտենում են իրենց ձևավորման հոբելյանին, և շատ շուտով Արտաշատի ջոկատը կդառնա 65 տարեկան: Այս սահմանապահ ջոկատը ստեղծվել է 1955թ. հունիսի 25-ին ԽՍՀՄ ՆԳՆ հրամանով և պաշտպանում է Արաքս գետի երկայնքով 70 կմ-ից ավելի երկարությամբ Թուրքիայի հետ սահմանի մի հատված: 1956թ. հոկտեմբերի 28-ին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի հրամանով ջոկատին շնորհվեց Մարտական կարմիր դրոշ:

Կազմավորման տարում արդեն ջոկատը ոչնչացրեց մի քանի ավազակախմբեր: 1958թ. «Արարատ» պահակակետը կոչվեց եֆրեյտոր Ալեքսանդր Կորյակովի անունով, որը կյանքի գնով սխրագործություններ գործեց 1948 թվականի օգոստոսի 2-ին պետական սահմանը խախտողների հետ մարտական բախման ժամանակ:

Անցյալ տարի Գյումրու (նախկինում՝ Լենինականի) Կարմիր Դրոշի շքանշանակիր սահմանապահ ջոկատը նշում էր իր 95-ամյակը: Սա ամենադժվար ուղղություններից մեկն է թեկուզ հենց սահմանի երկարության պատճառով՝ ջոկատի հրամանատարության տակ է գտնվում սահմանի 132 կմ-ը: Ջոկատի ստեղծման պաշտոնական ամսաթիվը համարվում է 1924 թվականը, երբ ստացվեց Անդրկովկասյան արտակարգ հանձնաժողովի (ЧК) համապատասխան հրամանը, բայց պահակակետերը, փաստորեն, գործում էին 1922 թվականից:

Արդեն 1923թ․ այստեղ վնասազերծվեցին 600 քուրդ զինյալներ, այնուհետև 200 թուրք: Նույն թվականին սահմանապահ Պյոտր Ժուկը հայտնաբերեց 11 հոգանոց ավազակախումբ: Պյոտրը նրանց հետ կռվի մեջ մտավ, ոչնչացրեց սահմանախախներին, բայց սահմանապահները նրան արդեն մահացած գտան բլրակի վրա. հրացանը այնքան ամուր էր սեղմել, որ այն անհնար էր ձեռքից վերցնել:

Պյոտրը թաղվեց մահվան վայրում, և մինչ այժմ ծաղիկներ են տարվում նրա հուշաքարին: Տանում են ոչ միայն սահմանապահները, այլև տեղի բնակիչները: Բարեբախտաբար, սահմանապահների հարաբերությունները տեղի բնակչության հետ պատմականորեն հիանալի են, և ոչ միայն այն պատճառով, որ Հայաստանի շատ քաղաքացիներ ծառայում են սահմանապահ զորքերի շարքերում: Մարդիկ օգնում են սահմանապահներին հայտնաբերել և բռնել սահմանախախտներին, իսկ սահմանապահ ջոկատներն ու պահակակետերը նրանց աշխատանք են տալիս. իսկ աշխատատեղերի խնդիր սահմանամերձ գյուղերում մշտապես կա:

Բայց գլխավորը, իհարկե, պաշտպանվածության զգացումն է: Օրինակ՝ 2018թ. աշնանը Արմավիրի մարզի Փշատավան գյուղում դժգոհության ալիք բարձրացավ, ինչը պայմանավորված էր նրանով, որ այս գյուղի (որի վերջին տները գտնվում են Թուրքիայի սահմանից 100-150 մետր հեռավորության վրա) մերձակայքում գտնվող սահմանային պահակակետը տեղափոխվել էր 7-8 կմ:

Պաշտոնապես, պահակակետի տեղափոխումը բացատրվում էր օպտիմալացմամբ, ինչը գյուղացիներին ամենևին չհանգստացրեց, քանի որ նրանք մտածում էին իրենց իսկ անվտանգության մասին, և անհանգստությունը կապված էր նաև այդ ժամանակաշրջանում պետական սահմանը հատելու դեպքերի աճի հետ: Մարդիկ ասում էին, որ տեղի պահակակետը հեռացվել է, և այժմ գյուղի հենց դիմաց կա մի թուրքական դիրք, և իրենք լրջորեն անհանգստացած են իրենց տների և երեխաների անվտանգությամբ. երբեք չես իմանա, թե ում մտքին ինչ կարող է փչել հակառակ կողմում:

Եթե ինչ-որ բան պատահի, փշատավանցիներն ասում էին, որ միայն սեփական ուժերին կկարողանան ապավինել: Իհարկե, անմիջապես կզեկուցեն մոտակա պահակակետին, բայց օգնությունը կարող է ուշանալ, մանավանդ, եթե զինված ներխուժում տեղի ունենա: Բացի այդ, գյուղացիները համոզված էին, որ այդ տարածքում ռուսական դրոշի առկայության փաստը հետ է պահում մյուս կողմին խոշոր սադրանքներից: Հիշում եմ, որ նրանցից յուրաքանչյուրը, խոսելով սահմանային զորքերի հրամանատարության ներկայացուցիչների հետ, շեշտում էր, որ իրենք որևէ բողոք չունեն սահմանապահների հետ կապված, ընդհակառակը, ուզում են, որ նրան ավելի շատ լինեն:

2018թ. իսկապես կտրուկ աճեց սահմանային խախտումների և մանր սադրանքների թիվը: Ռուսաստանի ԱԴԾ սահմանային ծառայության պահեստային փոխգնդապետ Լև Ազատխանյանը, որը խորհրդա-թուրքական սահմանին ծառայությունը սկսել էր 1979թ., դրանում ոչ մի արտասովոր բան չտեսավ: Նա այս իրադարձությունները կապեց այն ժամանակ Հայաստանում տեղի ունեցող իշխանափոխության գործընթացի հետ: Հայաստանի ներքաղաքական կյանքը մի քանի ամիս գտնվում էր սթրեսի մեջ, և չի կարելի բացառել թուրքական կողմից հող շոշափելու և թույլ կողմերի որոնման որոշակի փորձեր:

Այնուամենայնիվ, Ազատխանյանը նշում էր, որ սահմանապահների գործը սահմանախախտին բռնելն է, իսկ թե ով է խախտողը և ինչ պատճառով է նա հատել սահմանը` այլ մարմինների գործն է: Ի վերջո, սահմանապահները ձերբակալվածներին հանձնում են իրավապահներին և նորից գնում սահմանախախներ բռնելու: Ըստ Լև Ազատխանյանի` այստեղ ևս տեղի բնակչության օգնությունը անգնահատելի է և միշտ էլ այդպիսին է եղել՝ սկսած Հայաստանի անկախության առաջին տարիներին սահմանների պաշտպանության համակարգի կազմավորման ամենադժվար օրերից: Դրա համար սահմանապահները խորապես երախտապարտ են գյուղացիներին:

Բացի այդ, սահմանային ծառայության մասնագետներն ու վետերանները պնդում են, որ Հայաստանի պետական սահմանի թուրքական և իրանական հատվածները հագեցված են նորագույն տեխնոլոգիաներով: Ցանկացած նորություն, մոդիֆիկացված մշակում նախևառաջ հասնում է Հայաստան, ուստի այս տեսակետից, ինչպես ասում են, «բոլորից առաջ» ենք. դժգոհելը ճիշտ չէ, և ոչ ոք չի էլ մտածում դժգոհելու մասին:

Իհարկե, թուրքական սահմանի դեպքում ավելի բարդ է, քան իրանականի, և ոչ միայն դրա ավելի մեծ երկարության պատճառով: Թուրք սահմանախախտները շատ ավելի շատ են, թուրքական բանակի հետ քուրդ գրոհայինների ընդհարումները մշտական ուշադրություն են պահանջում, սակայն Մեղրիի հատվածում նույնպես կան առանձնահատուկ դժվարություններ` կապված հիմնականում մաքսանենգության և թմրանյութերի անցկացման փորձերի հետ:

Գյումրիի սահմանապահ ջոկատը, բաց դռների օր, 2019թ. մայիս

Բացի այդ, իրանական հատվածը ունի շատ բարդ ռելիեֆ` սարեր, խոր կիրճեր, ժայռեր: 45 կմ-ի վրա կա միայն մեկ անցակետ և մեկ կամուրջ, որով կարելի է անցնել, իսկ պաշտպանության նման խտությունը մոլորակի մասշտաբով եզակի է: Սահմանային պահակակետերը վերահսկում են 1.5-3 կմ երկարությամբ հատված, հագեցած են ժամանակակից ազդանշանային համակարգով: Իհարկե, այս ամենը անհրաժեշտ է, որպեսզի թմրանյութերը չհայտնվեն Հայաստանում և Ռուսաստանում ևս:

Մեկ այլ նուրբ հանգամանք. սահմանային ծառայության վետերանները արձանագրում են տարբեր տեսակի հետախուզական գործողությունների մշտական առկայություն. սա նորմալ և բնական է, սակայն հարկավոր է շատ ուշադիր լինել: Բարեբախտաբար, Իրանի և Թուրքիայի գործընկերների հետ կա արդյունավետ փոխըմբռնում և համագործակցություն, ինչը մեծապես հեշտացնում է սահմանների պաշտպանությանը:

Սահմանային պահակակետերը հատուկ գոտի է, այստեղ ոչ ամեն բան կարելի է տեսնել և ոչ բոլորի հետ կարելի է խոսել, առավել ևս` լուսանկարել և տեսանկարահանել, և չի կարելի պատմել այն ամենի մասին, ինչ տեսել ես: Իսկ ահա մարդկային պարկեշտության և սպայական պատվի, փոխօգնության և աջակցության մասին` առանց բաժանելու ըստ քաղաքացիության կամ ազգության, միշտ պետք է պատմել: Այստեղ այդպես են ապրում, նախ` պատվով, այնուհետև` կանոնադրությամբ:

 

Ռուբեն Գյուլմիսարյան