Յուրաքանչյուր քաղաք իր ստեղծման պատմությունն ունի, ինչի մասին վկայություններ կարելի է գտնել ոչ միայն բազմաթիվ գրական և պատմական քրոնիկների էջերում, այլև` խոսող քարերի վրա` ինչպես սիրում են ասել մեզ մոտ: Երևանի հնագույն ոգին պահպանող փոքր փողոցներ, նրբանցքներ ու տներ այնքան էլ շատ չեն մնացել: Մեկ ձեռքի մատներն էլ բավական են դրանք հաշվելու համար: Աբովյանի, Պուշկինի, Արամի փողոցները և Կոնդ թաղամասը: Բայց, ցավոք, կառավարության կողմից իրականացվող նորարարական քաղաքաշինության կոնցեպցիան, որը ուղղված է քաղաքային միջավայրի բարելավմանը, երբեմն քաղաքացիների մոտ տագնապի, հիասթափության, իսկ հաճախ նաև` չարության զգացողություն է առաջացնում:

Արամի և Պուշկինի փողոցները հատվում են Աբովյանի հետ: Մինչև վերջերս այնտեղ էին գտնվում 19-րդ դարի` հայկական Belle Époque ոճի շատ առանձնատներ, բայց, ցավոք, այսօր Երևանում պահպանվել են միայն մի քանի այդպիսի տներ, իսկ մնացած եզակի նմուշները թվագրված են և սպասում են իրենց ճակատագրին, որն արդեն որոշված է: Դրանք կքանդվեն` հանուն քաղաքի «զարգացման» տարածք ազատելով:

1936թ.-ին Աբովյան և Արամի փողոցների հատման հատվածում, մի կողմից կառուցված էր «Մանկական աշխարհ» հանրախանութի շենքը, իսկ մյուս կողմից գտնվում էին մեկհարկանի բնակելի տներ, որոնք կառուցվել էին 19-րդ դարի 80-ականներին: Դրանց մեջ էր մեկհարկանի փոքրիկ մի տուն: Այն այդ դարաշրջանի եզակի տներից էր, որը պահպանվել էր Երևանում: Այո, այն իրենից ճարտարապետական արժեք չէր ներկայացնում, բայց դրա արժեքը այլ էր: Տունը, ինչպես 150 տարվա պատմություն ունեցող ցանկացած շինություն, լինի այն Երևանում, Թբիլիսիում, կամ մեր հրաշալի տարածաշրջանի մեկ այլ քաղաքում, հանդիսանում է այդ քաղաքի պատմության անբաժանելի մասնիկը: Այդ դեպքում` Երևանի պատմության համր վկան:

Հունվարի կեսին Արամի 30 հասցեում գտնվող տունը մեկ գիշերվա ընթացքում քանդվեց: Այդ քայլը, իհարկե, չէր կարող քաղաքացիների անտարբերությանն արժանանալ և առաջացրեց հասարակական մեծ դժգոհություններ և քաղաքապետարանի հասցեին հնչող քննադատություններ:

Երևանի քաղաքապետարանում այս հարցի քննարկման ընթացքում Երևանի ավագանու անդամ և Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Լևոն Իգիթյանին անչափ զարմացրեց այն փաստը, որ նմանատիպ շինությունները ընկալվում են, որպես պատմական արժեք: «Այդ «սարայը» բոլորովին էլ արժեք չի ներկայացնում»,- հայտարարեց պաշտոնյան: Իր հերթին քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը, պատասխանելով պատգամավոր Թևան Պողոսյանի հարցին, ասաց, որ տվյալ շենքը չի գտնվում պետության պահպանության տակ գտնվող պատմական արժեքների մեջ և իրենից որևէ ճարտարապետական արժեք չի ներկայացնում: Նախարարը նայև հայտարարեց, որ, ըստ Երևանի գլխավոր նախագծի, այն տարածում, որտեղ տեղակայված էր շենքը, որևէ շինարարություն չի նախատեսվում: Սարգսյանի խոսքերով` լայն հասարակության կողմից բացասական արձագանքից խուսափելու համար, նախարարն արդեն դիմել է «Հին Երևան» նախագծի ճարտարապետ Լևոն Վարդանյանին` այս շինությունը նախագծի ծրագրի մեջ մտցնելու խնդրանքով:


2015թ.-ի սեպտեմբերի 10-ին` Հայաստանի կառավարության նիստի ժամանակ, որոշում կայացվեց D&H ընկերությանը 10 մլն. դոլար վարկ տրամադրել` «Հին Երևան» ծրագրի իրականացման համար: Ծրագիրը նախատեսում է ԵՐևանի կենտրոնի մի հատվածում կառուցել 19-րդ դարասկզբի և 20-րդ դարի ճարտարապետական մի քանի տասնյակ շենքեր և նպատակ ունի վերարտադրել «հին» Երևանի ճարտարապետական տեսքը:


Դեռ չէին հանդարտվել Արամի 30-ի վերաբերյալ վեճերը, երբ խոսք գնաց մեկ այլ շինություն քանդելու մասին` Պուշկինի 10 հասցեով, որտեղ գործում է «Դոլմամա» ռեստորանը, ինչպես նաև 175 տարվա պատմություն ունեցող գինու մառաններ, որոնք 1937թ.-ից ի վեր պատկանում էին Կիլիկյանների ընտանիքին:
2008թ.-ին Հայաստանի կառավարության կողմից ընդունված որոշումից հետո, ըստ որի այս շինությունների տեղակայման տարածքները ճանաչվեցին «գերակա հանրային շահ», դրանք հանձնվեցին «Լոկալ Դիվելոփըրզ» ընկերությանը, որի սեփականատերն է գործարար Սամվել Մայրապետյանը:

Քանի որ որոշ ընտանիքներ հրաժարվեցին լքել իրենց տները, ընկերությունը դիմեց դատարան` պահանջելով պարտավորեցնել սեփականատերերին հանձնել տարածքները` փոխհատուցման դիմաց: Դատարանը փետրվարի 3-ին պետք է իր որոշման մասին հայտարարություն տարածեր, բայց բողոքարկող կողմի իրավաբանի փոփոխությունից հետո, որոշում կյացվեց տեղափոխել նիստը միչև փետրվարի 16-ը:

Մեկնաբանելով տվյալ հարցը` Սամվել Մայրապետյանի փաստափան Ալեկսանդր Սիրունյանը Dalma News-ի հետ զրույցում ասաց,- «Ես չեմ հասկանում, թե ինչու է այս հարցը այսքան աղմուկ բարձրացրել ԶԼՄ-ներում: № 958 որոշման համաձայն` «Լոկալ Դիվելոփերզ» ընկերությանն է հանձնարարվել ավարտել այս իրավական գործընթացը: Իրավաբանակն լեզվով սա կոչվում է «յուրացում», այսինքն` գնել և վերադարձնել տվյալ տարածքները սեփականատիրոջը, այս դեպքում` պետությանը:

MHM0101982 copy
Ալեկսանդր Սիրունյան

Ինչ վերաբերվում է Պուշկինի 8 և 4/5 հասցեներում գտնվող գինու մառաններին` Սիրունյանը հայտնեց, որ տեղյակ չէ, թե ինչ մառանների մասին է խոսքը: «Կիլիկյանները ունեցել են, ըստ սեփականության մասին վկայականի, մեծ բնակելի տարածք, որի համար նրանք պետք է բարձր փոխհատուցում ստանան, այդ փաստաթղթերում նշված չեն մառանների մասին»:

Հին շենքերի ճակատագրի հետ կապված սոցիալական կայքերում և ԶԼՄ-ներում բարձրացված աղմուկից հետո, Երևանի քաղաքապետարանը հերքեց Աբովյան, Պուշկին և Նալբանդյան փողոցները միավորող հատվածում գտնվող շենքերի ապամոնտաժման մասին տեղեկությունները, որոնց թվում էր նաև «Դոլմամա» ռեստորանը: Համապատասխան հայտարարություն է տարածել քաղաքապետարանի մամուլի բաժինը: Այնտեղ մասնավորապես ասվում է`

«Այս հարցի հետ կապված հարկ ենք համարում տեղեկացնել, որ դեռևս 2008-ի օգոստոսին, ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ, վերը նշված հատվածը ճանաչվել է հանրային գերակա շահ: Տարածքը ձեռքբերող «Լոկալ Դիվելոփըրզ» ընկերությունն առ այսօր իրականացնում է առկա գույքերի ձեռք բերման գործընթաց, և տարածքի կառուցապատման հետ կապված որևէ նախագիծ մինչ օրս չի ներկայացրել Երևանի քաղաքապետարան: Համապատասխանաբար, տվյալ տարածքի շենքերի քանդման կամ ապամոնտաժման թույլտվություններ չեն տրամադրվել»:

Երևանի քաղաքապետարանում ընդգծեցին, որ տվյալ տարածքում չորս հուշարձան-շինություն կա, «Որոնք մնալու են իրենց տեղում»:

Չնայած քաղաքապետարանի հայտարարությանը` «Դոլմամայի» սեփականատեր Ժիրայր Ավանյանը մտահոգված է այս իրավիճակով և գտնում է, որ քանդելու մասին որոշումը միայն ժամանակի խնդիր է:

Ճարտարապետ Անահիտ Թարխանյանը, մեկնաբանելով այս իրադարձությունները, Dalma News-ի հետ զրույցում նշեց, որ ստեղծված իրավիճակը հանդիսանում է մեծ քաղաքաշինական սխալի հետևանք, որը երկար տարիների ընթացքում անում են Երևանի քաղաքապետները: «Նրանք բոլորը անում էին միևնույն ռազմավարական սխալը, ընդունելով և ամեն անգամ նորացնելով քաղաքի գլխավոր նախագծի զարգացման ծրագիրը` չտրամադրելով բիզնեսի զարգացման համար նոր տարածքներ: Շատ տարիներ առաջ, երբ Հայաստանը անկախություն ձեռք բերեց, անհրաժեշտ էր տարածքներ տրամադրել Երևանի սահմաններից ոչ հեռու կամ հենց Երևանում, բայց ոչ քաղաքի կենտրոնում, այլ ծայրամասերում: Այդ տարածքները կարող էին կարևոր լինել քաղաքի հետագա զարգացման համար: Այն, ինչ մենք հիմա տեսնում ենք, օյեկտիվ գործընթաց է, որի դեմ շատ բարդ է պայքարելը և, ինչը պակաս կարևոր չէ, այն գրեթե անհնար է կանգնեցնել»:

anahit-tarkhanyan-harcazrujc
Անահիտ Թարխանյան

Ճարտարապետը գտնում է, որ ինչ-որ իմաստներով տնտեսության զարգացման համար մեծ դրական ուժը պետք է ուղղորդեին քաղաքի կենտրոնից, դեպի նոր տարածքներ: Երևանի կենտրոնում նոր շենքեր կառուցող ճարտարապետները, նախագծողները և կառուցողները հոգեբանորեն կապված են ժամանակին Ա. Թամանյանի կողմից նախագծված քաղաքի տարածությանը: «Այդ պատճառով էլ կառուցում են նոր շենքեր` փորձելով ինչ-որ չափով նմանակել Թամանյանին: Արդյունքում մենք ստանում ենք մի ոճ, որը ես անվանում են «քաոսային ճարտարապետություն»: Նոր շինությունները չեն ստացվում ոչ ժամանակակից, ոչ էլ «թամանյանական»: Դրանք «ոչ մի տեսակ են»` պարզապես տգեղ շենքեր, որոնք մենք աճեցրել ենք քաղաքի կենտրոնում:

Ժամանակին անցնում էին դեպի Աբովյան ուղղությամբ Երևանի ապագա զարգացման վերաբերյալ հետազոտություններ: Բոլոր ցուցանիշներով` այդ որոշումը միշտ համարվում էր լավագույնը` ինչպես սեյսմիկ, այնպես էլ էկոլոգիական չափանիշներով: Մաքուր օդ, տարեկան միջին ջերմաստիճանը ավելի ցածր, քան Երևանում: Այդ ուղղությունը կարելի էր օգտագործել նոր, ժամանակակից կենտրոններ ստեղելու համար: Բայց 25 տարվա ընթացքում ոչ ոք որոշում չկայացրեց` ժամանակակից քաղաքի զարգացումն այդ ուղղությամբ փոխելու մասին: Այնպես որ հիմա փորձում են պատճառներ գտնել, որպեսզի քանդեն Երևանի կենտրոնի հնագույն շենքերը»,- գտնում է տիկին Թարխանյանը:

Փետրվարի 12-ին միջազգային Sputnik մամուլի կենտրոնում լրագրողների հետ հանդիպեցին հայկական մշակութային ինտելիգենցիայի ներկայացուցիչները, որոնց թվում էին «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Տիգրան Հեքեքյանը, ռեժիսոր Հրանտ Վարդանյանը, դերասան, սցենարիստ, ռեժիսոր, երգիչ Միքայել Պողոսյանը, լրագրող Մարկ Գրգորյանը, դերասան Հրանտ Թոխատյանը, «Սարգիս Մուրադյան» պատկերասրահի հիմնադիր Զարուհի Մուրադյանը, Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը, երգիչներ Արամոն և Արթուր Իսպիրյանը, երգչուհի, կոմպոզիտոր, ճարտարապետ Լիլիթ Պիպոյանը, «Հրանտ Մաթևոսյան» մշակութային, բարեգործական ֆոնդի տնօրեն Դավիթ Մաթևոսյանը:

Մշակույթի գործիչները իրենց մտահոգությունը հայտնեցին կառավարության գործողությունների վերաբերյալ և հստակ ներկայացրեցին Երևանի կենտրոնում գտնվող նախավերջին պատմական թաղամասի յուրահատուկ ճարտարապետական տեսքի պահպանման համար պայքարում իրենց դիրքորոշումը: Մշակութային ինտելիգենցիայի ներկայացուցիչները հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է` «Մեր հստակ պահանջն է` դադարեցնել հայկական ճարտարապետության մշակութային և պատմական հուշարձանների ոչնչացումը և մշակել պետական ծրագիր` դրանք վերականգնելու և խնամելու համար»:

1940221

Հոդվածը գրելու ընթացքում պարզ դարձավ, որ Երևանի կենտրոնում ևս մի հնագույն պատմություն` Փավստոս Բյուզանդի 38 հասցեում, շուտով, ամենայն հավանականությամբ, կլրացնի այս տխրահռչակ ցուցակը: Պարզապես բիզնես, ուրիշ ոչինչ…

Պատրաստեց Արմինե Ահարոնյանը