Վերջին շրջանում քաղաքական որոշ ուժերի ջանքերով հայաստանյան ներքաղաքական դաշտ է ներմուծվել ԵՄ-ին անդամակցելու նպատակով հանրաքվե անցկացնելու հարցը: Կարծես, Փաշինյանը հրաժարվել է այդ գաղափարից, հարց՝ ինչո՞ւ:
Լրագրողների հետ հանդիպմանը քաղաքագետ Արման Ղուկասյանը ներկայացրեց իր տեսակետը այս հարցի վերաբերյալ:
“Հայաստանի իշխանությունները հասկացան, որ եթե ի սկզբանե Նիկոլ Փաշինյանը կողմ էր ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվեի անցկացմանը, ապա հետո այդ գաղափարից հրաժարվեց՝ հայտարարելով, որ ինքն ունի հարցեր, որոնց ԵՄ-ն պատասխաններ չի տվել, և հանրաքվեի գաղափարից կարծես հետ կանգնեց: Կարծում եմ, Փաշինյանը շատ լավ հասկացավ, որ ԵՄ-ում մեզ չեն սպասում”,- ասաց նա:
Նա հիշեցրեց, որ շատ երկրներ կան, այդ թվում և հարևան Վրաստանն ու Թուրքիան, որոնք տասնամյակներ այդ ճանապարհն են բռնել, բայց ԵՄ-ն նրանց չի ընդունում:
Իսկ Հայաստանի պարագայում, ընդգծեց նա, շատ հետաքրքիր է ստացվում:
«Եկեք տնտեսական չոր հաշվարկ անենք. շատ բարդ է պատկերացնել, թե, օրինակ, նույն Հայաստանը ինչպե՞ս է զբաղվելու արտահանմամբ, ինչպես այսօր անում է ԵԱՏՄ-ի անդամակցության շրջանակում, երբ հայկական արտադրությունը շատ ու շատ խնդիրների առաջ է կանգնելու թե՛ եվրոպական շուկա հասնելու համար՝ դա շատ ավելի թանկ է լինելու, թե՛ եվրոպական ստանդարտներին համապատասխանելու առումով, թե՛ տրանսպորտային կոմունիկացիաների բացակայության դեպքում: Այսինքն, լրջագույն խնդիրներ են առաջանալու: Նույն ԵԱՏՄ-ի անդամակցության շրջանակում Հայաստանն այսօր հնգյակի շարքում գրանցում է բավականին շոշափելի արդյունք և տնտեսական աճի տեմպերի առումով ԵԱՏՄ անդամ պետությունների շարքում առաջամարտիկն է: Այդպես, համաձայն պաշտոնական վիճակագրության՝ 2023թ-ին Հայաստանում գրանցվել է տնտեսական ակտիվության 9,4 տոկոս աճ, ՀՆԱ-ն աճել է 8,5%-ով։ Արտահանումն աճել է 55,3%-ով, իսկ ներմուծումը՝ 40,2%: Միայն վերջին երկու տարվա ընթացքում Հայաստանից արտահանումն աճել է 2,8 անգամ, իսկ ներմուծման ծավալները՝ 2,3 անգամ”,- թվարկեց նա:
Շատ երկրներ, որոնք ունեն ավելի լայն տնտեսական հնարավորություններ՝ տրանսպորտային կոմունիկացիաներ՝ նույն Թուրքիան ու Վրաստանը, որ տարիներ շարունակ գնում են դեպի ԵՄ, այդպես էլ չեն դառնում ԵՄ անդամ:
Հայաստանում, շարունակեց նա, այսպես կոչված արևմտամետ ուղղվածություն ունեցող որոշ ուժեր այսօր փորձում են իշխանություններին քննադատել, թե այդ հանրաքվեի անցկացումը կարևոր է, բայց իրականում ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվեն իրավական որևէ հիմք չունի և բացի այդ՝ ԵՄ անդամ դառնում են ոչ թե ինչ-որ հանրաքվեներով, այլ հստակ հարցի պատասխան ունենալու դեպքում՝ ԵՄ-ն քեզ սպասո՞ւմ է, թե չի սպասում:
«Եվ այս մասին խոսում է հենց նույն Փաշինյանը, և հասկանալով այս պարզ ճշմարտությունը, որ Եվրոպայում մեզ չեն սպասում, նա այս գաղափարից հետ կանգնեց”,- նշեց Ղուկասյանը:
Անդրադառնալով վիզաների ազատականացման հարցին, որը ևս վերջին շրջանում ակտիվացել է, քաղաքագետը նշեց, որ այս հեռանկարը ևս շատ մշուշոտ է, մեծ հարցականի տակ է, որովհետև իրականում վիզաների ազատականացման հարցը քննարկվել է նույնիսկ նախկին իշխանությունների օրոք: Հայաստանը մշտապես հայտարարել է, որ ձգտում է դրան, սակայն մինչ օրս այս հարցում որևէ առաջխաղացում չկա:
“Ավելին՝ կարծես հակառակ գործընթացն է տեղի ունենում, ինչի մասին փաստում են շարքային քաղաքացիները, որոնք դիմում են շենգեն վիզա ստանալու համար և այդ գործընթացը շատ ավելի բարդացել է նախկինի համեմատ: Այսինքն, վիզա ստանալու գործընթացը կոնկրետ ռեգրես է ապրում: Այս հարցը ԵՄ ձեռքում քաղաքական գործիք է, բայց ես կարծում եմ, որ մենք պետք է հենվենք տնտեսական չոր հաշվարկների վրա. եթե մենք ուղի ենք բռնում դեպի ԵՄ, նույնիսկ չդառնալով ԵՄ անդամ, մենք զրկվում ենք շատ ու շատ դիվիդենտներից, որ ՀՀ-ն ստանում է ԵԱՏՄ շուկայի մաս կազմելով: Մեր պետությունն ունի շեշտակի տնտեսական աճ, որից, փաստացի, զրկվելու ենք: Եվ ես ուզում եմ եվրոպամետ քաղաքական ուժերին հարցնել՝ ինչպե՞ս ենք այդ ռիսկերը վերահսկելու, եթե մենք կկորցնենք ԵԱՏՄ շուկայի, ռուսական շուկայի հնարավորությունները, չստանալով այլընտրանք: Մեզ ասում են՝ եկեք անենք հանրաքվե: Լավ, բայց ունե՞նք պատասխան ԵՄ-ից, արդյո՞ք մեզ սպասում են: Եթե Նիկոլ Փաշինյանը ունենար դրական պատասխան, նա կգնար հանրաքվեի անցկացման, առավել ևս, որ հստակ այդ ազդակը տվել էր Արևմուտքին: Կրկնեմ՝ կան հստակ, չոր տնտեսական հաշվարկներ. քաղաքականությունը քաղաքականությունը, հայտարարությունները՝ հայտարարություն, բայց պոպուլիզմը մի բան է, ռեալ տնտեսությունը՝ այլ և ամենակարևորն է այս ամենում: Եվ, ինչպես հասկանում եմ, Նիկոլ Փաշինյանը դա հստակ հասկացել է»,- հավելեց նա: