Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Կոնստանտին Օրբելյանին տնօրենի պաշտոնից ազատելու մասին լուրը դժգոհություններ առաջացրեց բազմաթիվ քաղաքացիների, հասարակական-քաղաքական գործիչների և թատերարվեստի ներկայացուցիչների մոտ։ Մարտի 29-ին հայտնի դարձավ, որ Մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը Կոնստանտին Օրբելյանին տնօրենի պաշտոնից ազատելու մասին հրաման է ստորագրել։

Թե ինչ հիմքով է ազատվել տնօրենի պաշտոնից Կոնստանտին Օրբելյանը, Մշակույթի նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որում մասնավորապես նշված էր․

«Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը, որի համաձայն՝ «Պետական կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնում նշանակված կամ ընտրության արդյունքում գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձը չի կարող զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից»։

Օրբելյանին այս պաշտոնից ազատելու մասին քննարկումները դեռ 9 ամիս առաջ էին սկսել, երբ Մշակույթի նախարարը Լիլիթ Մակունցն էր։ Մշակույթի նախարարությունում նույնիսկ հանձնաժողով էր ստեղծվել, որպեսզի քննեն այդ խախտումները։ Պատճառաբանությունը, թե նախորդ կառավարության կողմից խախտում է թույլատրվել այն մասով, որ անձը միևնույն ժամանակ չի կարող զբաղեցնել և՛ գեղարվեստական ղեկավարի և՛ տնօրենի պաշտոնը, Օրբելյանը ծիծաղելի էր համարել։

«Ինձ կառավարությունը չէր կարող անօրինական նշանակել, իսկ եթե Նազենի Ղարիբյանը կառավարությունից ավելի բարձր է և նա բարձրագույն դատարանի նախագահ է և այդպիսի որոշումներ կարող է միայնակ կայացնել, ապա դա շատ տխուր է երկրի համար, որ անտեղյակ մարդը կարող է այդպիսի բավականին կտրուկ որոշումներ կայացնել»,- լրագրողների հետ զրույցում նշել էր Օրբելյանը։

Կոնստանտին Օրբելյանին, տնօրենի պաշտոնից ազատելու մասին լուրը լսելուց հետո, զանգահարել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար, Մշակույթի նախկին նախարար Լիլիթ Մակունցը և իր զարմանքը հայտնել կատարվածի վերաբերյալ։

Ստեղծված իրավիճակի առթիվ իր մտահոգությունն էր հայտնել նաև Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ Նա իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր, որ զրույց է ունեցել մաեստրոյի հետ։

«Հաշվի առնելով, որ հարցն առնչվում է մաեստրոյի իրավունքների երաշխավորմանը՝ որոշում եմ կայացրել քննարկման վարույթ սկսելու մասին: Երկուշաբթի պաշտոնական նամակով պարզաբանումներ կպահանջվեն Մշակույթի նախարարի պաշտոնակատարից Կոնստանտին Օրբելյանին աշխատանքից ազատելու հիմքերի և պատճառների մասին»:

Ի աջակցություն Կոնստանտին Օրբելյնաի, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի անձնակազմը մարտի 30-ին հավաքվել էր Օպերայի շենքում և պահանջում էին ոչ միայն Օրբելյանին չազատել պաշտոնից, այլև Նազենի Ղարիբյանից հրաժարական տալ։ Հանդիպմանը ներկա էր նաև Կոնստանտին Օրբելյանը, որն իրեն աջակցողների վերաբերմունքից մի պահ հուզվել էր, և ռուսախոս ղեկավարը մի պահ սկսեց հայերեն խոսել․

«Ես սիրում եմ Հայաստանը»,-ասաց նա ու հավելեց․

«Ես իրավաբան, փաստաբան, քաղաքագետ չեմ, ինձ միայն մի բան է հետաքրքրում՝ աշխարհում հայկական միակ օպերայի և բալետի թատրոնի ծաղկեցումը, հաջողությունը և համաշխարհային ճանաչումը»։

Թեև Օրբելյանին տնօրենի պաշտոնից ազատելը օրենքի պահանջ էր, այնուամենայնիվ նրա աջակիցները պահանջում էին, որպեսզի օրենքը փոխվի և ոչ թե նրան հեռացնեն այդ պաշտոնից։ Այս պահանջին արձագանքել էր Նազենի Ղարիբյանը։

«Ներեցեք, դա արդեն մի անգամ հանուն Օրբելյանի արվել է նախկին իշխանությունների օրոք, երկրորդ անգամ էլ պետք է արվի՞։ Ու այսպես շարունա՞կ։ Իսկ երբ ասում ենք, որ մեր երկիրը պետք է դառնա օրենքի եւ կարգի երկիր, դա մշակույթին ու մշակույթի գործիչներին չի վերաբերո՞ւմ։ Իսկ չեք ուզո՞ւմ, որ առանձին օրենսդրական կարգավորում լինի յուրաքանչյուր անհատ արվեստագետի համար՝ ըստ իր ցանկության և հայեցողության»։

Դժգոհությունները չէին դադարել նաև ապրիլի 1-ին։ Այս անգամ հրամանին դեմ և Նազենի Ղարիբյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները հավաքվել էին Կառավարության շենքի դիմաց։ Ակցիայի մասնակիցներից մի քանիսին ընդունել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հանդիպմանը վարչապետը լսել էր քաղաքացիների պահանջը և նշել.

«Եթե այդ փաստարկները ճիշտ են, ուրեմն որոշումն էլ է ճիշտ, եթե փաստարկները սխալ են, ուրեմն որոշումն էլ է սխալ: Հակառակ դեպքում մեզ պետք է շատ հստակ չափանիշ որդեգրել, թե ինչպես ենք գնահատում որևէ իրավիճակ»։

Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է այն փաստարկները, ըստ որի Կոնստանտին Օրբելյանը ազատվել է տնօրենի պաշտոնից։ Մասնավորապես նա ընդգծել է.

1․Արդարադատության նախարարության 2018 թվականի օգոստոսի 11-ի փաստաթղթով արձանագրվել է, որ Կոնստանտին Օրբելյանի նշանակումն իրականացվել է օրենսդրության պահանջների խախտումով:

2․ 2017 թվականի ընթացքում պարոն Օրբելյանը 12 անգամ 110 օր գործուղվել է տարբեր երկրներ՝ Կանադա, Լիտվա, Ավստրալիա, 7 անգամ ՌԴ, հիմնականում Մոսկվա, 2 անգամ ԱՄՆ և Արաբական Միացյալ Էմիրություններ: 2017 թվականի ընթացքում 135 օր փաստացի բացակայել է աշխատանքից: 2018 թվականի ընթացքում 174 օր բացակայել է աշխատանքից, ևս 20 օր գտնվել է չվճարվող արձակուրդում: Այսինքն, ընդհանուր առմամբ 194 օր բացակայել է աշխատանքից:

3․ Ֆինանսների նախարարության կողմից 2017 թվականի ընթացքում իրականացվել են ստուգումներ, որոնց արդյունքում արձանագրվել են 92 մլն դրամի խախտումներ: 2017-2018 թվականների ընթացքում վերականգնվել է ընդամենը 10 մլն 576 հազար 400 դրամը:

4․ 2016 թվականի կեսերից պարոն Օրբելյանը նշանակվել է թատրոնի գեղարվեստական ղեկավար: 2017 թվականի փետրվարի 3-ի Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի հրամանով տնօրենի պարտականությունները դրվել են գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի վրա, 2017 թվականի օգոստոսի 2-ի N 39Ա հրամանով Օրբելյանն առանց մրցույթի նշանակվել է թատրոնի տնօրեն՝ շարունակելով զբաղեցնել գեղարվեստական ղեկավարի հաստիքը, իսկ օպերային թատրոնի տնօրենի 2017 թվականի մայիսի 29-ի N 228Ա հրամանով վերականգնվել է նաև գլխավոր դիրիժորի հաստիքը, և ներկայում այդ հաստիքը կոչվում է՝ գեղարվեստական ղեկավար-գլխավոր դիրիժոր: Փաստացի Օրբելյանը թատրոնում զբաղեցնում է երեք հաստիք՝ տնօրենի, գեղարվեստական ղեկավարի և դիրիժորի: Ի պատասխան հարցմանը՝ թատրոնի իրավաբանը նշում է, որ Կոնստանտին Օրբելյանն աշխատում է 0,5 դրույքով որպես գեղարվեստական ղեկավար, մինչդեռ իրենց հաստիքացուցակում գրված է 2 պաշտոնների 2 լիարժեք հաստիք:

Նիկոլ Փաշինյանը հավելել է, եթե պարզվի, որ ներկայացված տեղեկանքում որևէ փաստ չի համապատասխանում իրականությանը, դրա հեղինակը տեղում աշխատանքից կազատվի: Վարչապետի հետ հանդիպած քաղաքացիները պետք է հնարավորինս արագ գրավոր ներկայացնեն մշակույթի նախարարության բերված փաստարկների դեմ իրենց հակափաստարկները:

 

Լիկա Մովսիսյան