Երևանի Օպերայի և Բալետի թատրոնի շենքում, բազմաթիվ սենյակներից մեկում ծաղիկներն ամիսներով չեն թոշնում, սեղանին միշտ համեղ քաղցրավենիք կա, իսկ աշխատանքային պրոցեսում գտնվող ռոյալի կողքից երգողներին է հետևում Գյուստավ Կլիմտի հերոսուհիներից մեկը և դատելով հայացքից` երգեցողությունը նրան հաճախ հիացնում է:

Օպերայի Երիտասարդ Արտիստների Խթանման ծրագրի արվեստանոցն է. ծրագրի ղեկավար Լևոն Ջավադյանի հետ զրուցեցինք աշխարհի լավագույն օպերային թատրոններում երգող հայ մեներգիչների, նոր ծնվող ապագա աստղերի և, իհարկե, չթոռոմող ծաղիկների գաղտնիքի մասին:

13650591_10205603675724682_1750671400_n

Ծաղիկները չեն թոշնում այս սենյակում բելկանտո երգեցողության, զուլալ երաժշտության և դրական էներգիայի շնորհիվ. «Աշխատում ենք միշտ լավ բաների մասին խոսել` արվեստի, հաջողությունների, այ օրինակ, այս վարդերն արդեն մեկ ամիս է նույն տեսքն ունեն»,- ծիծաղում է Ջավադյանը: Նա գրեթե միշտ ուրախ տրամադրություն ունի, քանի որ երիտասարդները հաճախ հպարտանալու առիթ են ստեղծում, իսկ, եթե որևէ մրցույթից հաղթանակի լուրեր չկան, նոր անեկդոտ երիտասարդները միշտ ունեն պահած:

«Մենք հիմա ձեզ հետ զրուցում ենք, իսկ մեր ծրագրի ամենաերիտասարդ երգչուհին` Զուլիետտա Ալեքսանյանը, հենց հիմա միջազգային, հեղինակավոր Hans Gabor Belvedere վոկալիստների մրցույթին է մասնակցում: Հուսով եմ` լավ լուրեր ստանալ»: Մեր զրույցի ավարտին արդեն ստացանք լուր առ այն, որ Ալեքսանյանը ստացել է «Երիտասարդ երգիչ մեծ պոտենցիալով» հատուկ մրցանակ:

Մի քանի օր առաջ էլ հպարտանալու, տոնելու առիթ կար սենյակում` տենոր Տիգրան Օհանյանը միջազգային հեղինակավոր Գալինա Վիշնևսկայայի մրցույթին հատուկ մրցանակի էր արժանացել: Այնուհետև ելույթ ունեցել Հռոմի Պապի այցին նվիրված Հայաստանի Հանրապետության հրապարակում կայացած համերգին, որը հեռարձակվում էր աշխարհի մի քանի խոշորագույն հեռուստաընկրերություններով:

Օպերայի Երիտասարդ Արտիստների Խթանման ծրագրի միտքը անժամանակ կյանքից հեռացած, 20-րդ դարի լավագույն 40 տենորների շարքը համալրած, ՀՀ և Լիտվայի ժողովրդական արտիստ Գեղամ Գրիգորյանինն էր: Հենց նա էլ Օպերայի և Բալետի ազգային ակադեմիական թատրոնը ղեկավարելու ընթացքում հրավիրել էր Ջավադյանին ղեկավարելու ծրագիրը:

Երևանի պետական կոնսերվատորիայում լսումներ էին կազմակերպել և ընտրել տաղանդավոր երիտասարդներ, որոնք 12-ն են. «Տաղանդավոր երեխաները շատ են, բայց մենք ընտրեցինք ամենալավագույններին` որոշելով քանակային առումով չծանրաբեռնել»:

Ջավադյանը միառժամանակ աշխատում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբում, որպես դաշնակահար մենակատար, իսկ Օպերային թատրոնում գլխավոր պրոդյուսերի պաշտոնից ինքն է հրաժարվել` համոզված է այսօր ավելի կարևոր է երտասարդներին օգնելը. «Մարդիկ կան, ովքեր պրոդյուսերի գործով կզբաղվեն, իսկ այս գործը ես լավ գիտեմ անել»:

Պրոֆեսիոնալներից բաղկացած կուռ աշխատանքային թիմ է հավաքել` երիտասարդներին մեծ բեմեր հասցնելու համար. «Եղել եմ Բոլշոյ թատրոնում, Մարիինյանում, Մետրոպոլիտանում, ուսումնասիրել իրենց փորձը և կանգ եմ առել Բոլշոյի Երիտասարդական Ստուդիայի մոդելն ընտրելով: Մեր թիմում է աշխատում նախկինում Մարիինյան թատրոնի մենակատար, այսօր ՀՀ կորնսերվատորիայի վոկալ ամբիոնի վարիչ Սուսաննա Մարտիրոսյանը, ովն իմիջայլոց, Զուլետա Ալեքսանյանի վոկալի դասախոսն է»:

13644196_10209650396313757_252034758_n

Ջավադյանն աշխատում է և երիտասարդների, և արդեն անվանի երգիչների հետ, որոնք դիմում են իրեն. «Երբ երգիչը երգում է իր մկանային համակարգն է աշխատում, նա չի լսում ինչպես է երգում, հենց դրա համար էլ իմ մասնագիտության կարիքը կա` քոչ»: Քոչի` վոկալ մարզչի կրթությունը, Ջավադյանը ստացել է Էստոնիայի կոնսերվատորիայում, կատարելագործվել Հելսինկիի Յան Սիբելիուսի անվան երաժշտական ակադեմիայում:

«Աշխատել եմ համաշխարհային մեծություններ Հասմիկ Պապյանի, Բարսեղ Թումանայնի հետ, վերջինիս հետ մենահամերգներով հանդես գալով աշխարհի տարբեր բեմերում»,-պատմում է Լևոնը:

Ջավադյանի հետ է իր առաջին քայլերն արտերկրում սկսել այսօր արդեն ՀՀ վաստակավոր արտիստ Գևորգ Հակոբյանը, ով լեգենդար Պլաչիդո Դոմինգոի փոխարինողն էր «Երկու Ֆոսկարի» ներկայացման ժամանակ: Գևորգ Հակոբյանը աշխատել է հռչակավոր դիրիժորներ Լորին Մաազելի, Վալերի Գերգիևի, Ռոբերտո Աբադոյի հետ լավագույն օպերային թատրոններում:

Ջավադյանի մոտ իր դերերգերն է այսօր էլ հղկում տենոր Հովհաննես Այվազյանը, ով Մարիինյան թատրոնում է հանդես գալիս որպես հրավիրված մեներգիչ` երգելով համաշխարհային աստղեր Աննա Նետրեբկոյի, Մարիա Գուլեգինայի, Իլդար Աբդրազակովի հետ: Նաև բարիտոն Դավիթ Բաբայանցը, ով հաճախ է բացակայում Հայաստանից, երգելով լավագույն թատրոններում, օրինակ Արենա Դի Վերոնայում:

Եվ Լիպարիտ Ավետիսյանը, նա այս տարի արժանացավ ՀՀ թատերական գործիչների և Մշակույթի Նախարարության հիմնադրած «Արտավազդ» մրցանակին, որպես լավագույն տղամարդ դերակատար: Տենոր Ավետիսյանը արտերկրում հանդես է գալիս անվանի ռեժիսորներ Անդրեյս Ժագարսի, Ալեքսանդր Տիտելի ներկայացումներում:

12 երիտասարդներն աչքի առաջ միշտ ունեն իրենցից մեծերի օրինակը: Երիտասարդների մասին Ջավադյանն ասում է. «Մեկը մեկից վառ անհատականություններ են, ձայնային և արտաքին լավ տվյալներով, և հետաքրքիր է, որ այդ լավերը ներսում մրցակցում են իրար հետ, որն օգնում է անընդհատ կատարելագործվել: Ռուսաստանյան «Մեծ օպերա» հեռուստատեսային նախագծի ֆինալիստ` Արսեն Ստեփանյանն է մեզ մոտ, այս տարի նոր մասնակից մեր երեխաներից կմասնակցի նույն պրոյեկտին: Դելֆյան խաղերի երկու դափնեկիր ունենք»:

Ծրագրի ղեկավարը փաստում է`երիտասարդներն այսօր չեն վճարում ուսման համար. «Հակառակը, ես եմ փնտրում հովանավորողներ նրանց ֆինանսապես աջակցելու համար: Նրանք ապագա աստղեր են և վաղը շնորհակալ են լինելու իրենց պետությանը, իրենց թատրոնին: Եվ ամենալավագույն թատրոններում էլ երգելիս լինեն, անպայաման իրենց խիտ գրաֆիկում ժամանակ են հատկացնելու Հայաստանի համար: Մենք պատրաստում ենք իրենց աշխարհի համար`Հայստանը պետք է աշխարհին ճանաչելի լինի որպես օպերային դերժավա, մենք դրա հնարավորությունը ունենք: Մենք դեռ խոսք ունենք ասելու աշխարհին»:

Արփի Մաղաքյան