Հունիսի 29-30-ին Թբիլիսում անց կացվեց արդեն ավանդույթ դարձած մեդիաֆորումը, որին մասնակցեցին Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի ու Վրաստանի մեդիա դաշտի հեղինակավոր ԶԼՄ-ների գլխավոր խմբագիրներ, լրագրողներ, փորձագետներ: Այս տարվա ֆորումի թեման էր «Մամուլ, քաղաքականություն, արժեքներ. Հաղթահարելով հետ-ճշմարտությունը («post-truth»)»:
Ռուսական կողմի կազմակերպիչներն էին «Հյուսիս-հարավ» քաղաքական կենտրոնը, «Համագործակցություն» մամլո-ակումբը՝ ԱՊՀ մասնակից-երկրների հումանիտար համագործակցության միջազգային ֆոնդի աջակցությամբ, իսկ վրացական կողմի կազմակերպիչը «Վրաստանն ու աշխարհը» թերթն էր:
Ֆորումի հիմնական թեմային՝ «Հետ-ճշմարտությանը» զուգահեռ Թբիլիսում տեղի ունեցած քննարկումներ մեջ զգալի տեղ էին գրավում ինֆորմացիոն ոլորտում Հարավկովկասյան հանրապետությունների և Ռուսաստանի համագործակցության հարցը, ինչպես նաև այդ ոլորտում գոյություն ունեցող խնդիրների լուծումների որոնումները:
Dalma News–ի լրագրող Հայկ Խալաթյանը մեդիաֆորումի ժամանակ զրուցեց Ռուսաստանի ներկայացուցիչների հետ՝ ռուսական մամուլում տարածաշրջանում կատարվելիք իրադարձությունների խնդիրների լուսաբանման մասին:
ԱՊՀ անդամ-երկրների հումանիտար համագործակցության միջազգային ֆոնդի կառավարման համանախագահ, միջազգային մշակութային համագործակցության գծով Ռուսաստանի Դաշնության նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյ:
Շվիդկոյ. Վաղ թե ուշ Հարավային Կովկասի ժողովուրդներն ու Ռուսաստանը կրկին կքայլեն միմյանց ընդառաջ:
Ի՞նչ տպավորություն եք ստանում նմանատիպ միջոցառումներից: Ինչո՞վ է պայմանավորված ետխորհրդային տարածաշրջանի նկատմամբ ռուսական ԶԼՄ-ների հետաքրքրության բացակայությունը: Որովհետև ետխորհրդային տարածաշրջանից, հատկապես Հարավային Կովկասից ստացվող լուրերը ռուսական ԶԼՄ-ների ժապավենում բացասական բնույթ են կրում և կապված են հիմնականում ինչ-որ ողբերգական իրադարձությունների հետ:
Չէի ասի, թե ետխորհրդրային տարածաշրջանը ԶԼՄ-ների համար անհետաքրքիր է: Պարզապես այսօր մենք լրատվական ժապավենում միմյանց մասին տեղադրում ենք առաջին հերթին քաղաքական, ողբերգական դեպքերը, կամ ասենք մեր ղեկավարների հանդիպումների հետ կապված իրադարձությունները: Ըստ էության երկրների, մարդկանց իրական կյանքը ժամանակակից լրագրության հետաքրքրություններից դուրս է: Նման բնույթի հանդիպումները օգնում են շարժել այդ հետաքրքրությունը, մարդիկ շփվում են միմյանց հետ, կիսվում տպավորություններով: Ինձ թվում է՝ այս առումով նմանատիպ միջոցառումներն օգտակար են:
Այսօր ռուսական լրատվական ժապավենում Հայաստանի մշակութային կյանքի իրադարձությունների մասին տեղեկատվություն գտնել չես կարող: Նման կերպ էլ Ռուսաստանի մշակութային կյանքի (և ոչ միայն) իրադարձություններն այդքան չեն հետաքրքրում այլ երկրների բնակիչներին: Հետաքրքրում է քաղաքականությունը, արտակարգ իրավիճակները, ահա և ամբողջը: Դրա համար էլ նման բնույթի հանդիպումները առավելագույնս անհրաժեշտ են: Այն, ինչն անցյալում է եղել, հիմա չկա, ընդ որում ես խորհրդային կամ ռուսական կայսրության գաղափարախոսությունների մասին չեմ խոսում, պարզապես անցյալում մարդկային շփումը, կապերը, նույնիսկ խառը ամուսնություններն ավելի շատ էին: Այն, ինչն այսօր գնալով ավելի է պակասում: Եվ այն ժամանակ ժողովուրդների միջև շփումը լինում էր կենցաղային մակարդակով:
Հնարավո՞ր է արդյոք վերակենդանացնել այդ շփումը:
Ես այսպես եմ կարծում. ամեն դեպքում Ռուսաստանում մեծ հայկական համայնք կա: Ռուսաստանում կա մեծ ադրբեջանական համայնք, կա նաև ոչ փոքր, իհարկե հայկականից ու ադրբեջանականից փոքր, բայց այնուամենայնիվ ոչ փոքր վրացական համայնք: Այդ մարդիկ կողք-կողքի ապրում են միևնույն պետությունում: Եվ երբեմն սովորույթներից, ավանդույթներից, սկզբունքներից անտեղյակությունը բավական տհաճ հետևանքների է բերում: Պարզ է, որ այսօր երիտասարդությունը գնում է ոչ թե Երևան կամ Թբիլիսի, այլ Փարիզ, Լոնդոն, Բեռլին կամ Պրահա: Բայց ինձ թվում է, որ դա էլ կանցնի, որովհետև մեր ժողովուրդների մեջ գոյություն ունի օրգանական պատմական կապ, ու դա էլ մեզ միմյանց ընդառաջ է մղելու: Այստեղ պետք չէ նայել ազգի թվաքանակի տեսանկյունից: Ցանկացած ազգ դա մի անսահմանություն է: Դրա համար էլ ես կարծում եմ, որ Սարյանին չճանաչող ռուսը տկար է այնքանով, որքանով Տոլստոյին չճանաչող հայը:
Ֆիրսով. Իր արժեքները ետխորհրդային տարածաշրջանին առաջարկելով՝ Ռուսաստանն ինքը պետք է նախ դրանց հետևի:
Մեդիաֆորումի շրջանակներում «Պլատֆորմ» սոցիալական նախագծի կենտրոնի ղեկավար Ալեքսեյ Ֆիրսովը Dalma News-ի հետ զրույցում կիսվեց իր այն տեսակետով, թե ինչ գաղափարախոսություն ու արժեքներ է առաջ քաշում Ռուսաստանն ու ինչ կարող է առաջարկել ետխորհրդային տարածաշրջանին:
Ետխորհրդային տարածաշրջանի հասարակությունների հետ աշխատանքի ընթացքում Արևմուտքը որոշակի կերպար, գաղափարախոսություն է ներկայացնում: Նա ասում է՝ եվրոինտեգրումը կնպաստի կաշառակերության դեմ պայքարին, մարդու իրավունքների պաշտպանությանը և այլն: Թե որքան է դա իրականությանը համապատասխանում, դա այլ հարց է: Հետաքրքիր է, իսկ ի՞նչ կերպար է առաջ քաշում Ռուսաստանը ետխորհդային տարածաշրջանում:
Ես բացարձակապես չունեմ որևէ զգացողություն, թե Ռուսաստանը որոշակի կերպար է առաջ քաշում: Նման փորձեր իսկապես ժամանակ առ ժամանակ արվել են, բայց ինձ թվում է, թե ինչ-որ մի պահի դրանց վրա առհասարակ խաչ քաշեցին: Ավելի շուտ առաջ քաշման որոշակի փորձ է կատարվում: Դրա համար էլ Ռուսաստանում չկան այնպիսի իմաստ ունեցող մեսիջներ, որոնք կարողանան բացատրել, թե ինչումն է կայանում Ռուսաստանի հետ երկարաժամկետ համագործակցության էությունը, և թե ինչի վրա այն պետք է կառուցվի: Ես դա բացարձակապես չեմ տեսնում, չեմ տեսնում այնպիսի մարմինների, որոնք ամբողջությամբ դրա մեջ ներգրավված լինեն, և չեմ տեսնում ոչ մի հաջողություն այդ ոլորտում: Դրա համար էլ այդ հարցին ոչ մի դրական պատասխան տալ չեմ կարող:
Այնպիսի տպավորություն է, որ ետխորհրդային երկրների հասարակությունների հետ Ռուսաստանի տարած աշխատանքի ընթացքում անընդհատ ուշադրություն է սևեռվում անցյալի, հատկապես Հայրենական մեծ պատերազմի վրա: Մեր նախնիների հանդեպ ամենայն հարգանքով, այնուամենայնիվ ասեմ՝ անցյալի իրադարձությունները դժվար թե կարողանան միավորել ետխորհրդային երկրների երիտասարդությանը: Իսկ ապագայի հետ կապված՝ կարո՞ղ է Ռուսաստանն ինչ-որ բան առաջարկել:
Ես ձեզ հետ համակարծիք եմ: Միավորել կարող են միայն որոշակի առաջընթացն ու արժեքները: Սակայն Ռուսաստանը չի կարող իր արժեքներն ու իր առաջընթացները պատկերել այնպես, ինչպես դրանք պետք է ներկայացվեն աշխարհին: Իմ կարծիքն այն է, որ այդ առաջադրանքները սկզբունքորեն լուծելի են, բայց դրանք չեն կարող լուծվել այսպես՝ մենք մեր արժեքները ներկայացնում ենք որպես գնացուցակ, իսկ ինքներս պահելու ենք մեզ այնպես, ինչպես ցանկանանք: Եթե մենք այդ արժեքները նկարագրել ենք, ուրեմն պետք է հետևենք դրանց, իսկ դա իրականում բավականին բարդ է:
Եթե Ռուսաստանն ասեր այսպես՝ մեր հիմնական արժեքը սոցիալական արդարությունն է, ապա դա շատ ուժեղ առաջարկ կլիներ: Բայց այդ դեպքում մենք ինքներս պետք է սոցիալական արդարության դիրքորոշում բռնեինք: Եթե Ռուսաստանը ցանկանար ասել՝ մենք առաջարկում ենք առավելագույն ազնվություն, ապա այդ դեպքում մենք ինքներս մեր հանդեպ պիտի չափազանց ազնիվ լինենք, ինչպես նաև չափազանց ազնիվ պիտի լինենք մեր որոշակի գործողությունների մեջ՝ մերձավոր արտասահմանում: Սակայն մենք դա անել չենք կարող, քանի որ մենք գտնվում ենք ճամփաբաժնին, չենք կարող հավաստի կերպով ձևակերպել մեր իսկ առաջարկությունները: Ահա թե խնդիրն ինչումն է:
Ռուսաստանն իրեն ներկայացնում է որպես ավանդապաշտ, պահպանողական արժեքների երկիր: Դա կարո՞ղ է դառնալ առաջարկություն:
Սա կարող է առաջընթացային լինել այն պայմաններում, որոնց մասին ես արդեն խոսեցի, եթե Ռուսաստանը, այդ թվում նաև նրա հասարակությունն ինքն այդ արժեքներին հետևի: Բայց այդ ամենը նախ և առաջ անհասկանալի է: Բոլորն ասում են՝ պահպանողական, իսկ ի՞նչ ասել է՝ պահպանողական: Որպեսզի միասեռ ամուսնություններ չլինե՞ն: Բայց դրանով շատ մարդ չես կարող միավորել: Սա այն արժեքը չէ, հանուն որի մարդիկ պատրաստ լինեն դաշնակցական հարաբերություններ կառուցել ու շարժվել առաջ: Լավ, նրանք լիբերալներ չեն, բայց ինչպիսի՞ն են, եկեք նկարագրենք : Ի՞նչ եք հասկանում պահպանողական այն արժեքների տակ, որոնք ուզում եք առաջարկել, դրանք ոչ մի կերպ չեն նկարագրվում:
Այդ դեպքում ի՞նչ կարող է առաջարկել Ռուսաստանը, ըստ Ձեզ:
Նա կարող է արդարությունը ներկայացնել որպես այդպիսին, այսինքն, երբ համաշխարհային քաղաքականությունն ու երկրների ներքին քաղաքականությունները չեն կառուցվում բավական նեղ խմբի շահերի շրջանակներում: Դա ինչ-որ առումով գուցե ինչ-որ ձախակողմյան, սոցիալական մոդելի է մոտիկ, սակայն, բոլորովին պարտադիր չէ, որ այդպես լինի: Կարող էր բազմակենտրոն մոդել առաջարկել: Եվ նա իսկապես դա առաջարկում է: Սակայն այս դեպքում, ներեցեք, ո՞վ է լինելու մնացած կենտրոններում:
Իմ նեղ անձնական կարծիքը՝ Ռուսաստանը կարող էր նախաձեռնել նման վճռական փորձ ու առաջարկել առավելագույն ազնվության մոդել: Իհարկե դա տոլստոյյան գաղափարախոսություն է: Տոլստոյն էր երազում, որ քաղաքականությունը լինի չափազանց ազնիվ: Պայմանականորեն ասած, եթե մենք առավելագույնս ազնիվ լինենք մեր հանդեպ ու քաղաքական գործընթացների մեջ, դա կպայթեցնի քաղաքական դաշտը, որովհետև ոչ մի պետություն ազնիվ չի խոսում ոչ իր սեփական, ոչ այլոց մոտիվների մասին, և այլն: Ներեցեք, ես հիմա մի փոքր իդեալականացնում եմ, բայց ինձ թվում է, որ եթե ինչ-որ ուժեղ մի երկիր առավելագույն ազնվության առաջարկի փորձ իրականացներ, դա կլիներ բոլորովին նոր բան:
Շարավսկի. Ոչ Ադրբեջանին, ոչ Հայաստանին ոչ էլ Վրաստանին մենք չենք ընդունում այնպես, ինչպես ինքներս մեզ կընդունեինք:
Մեդիաֆորումի շրջանակներում «Հայացք» ինտերնետ-թերթի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Շարավսկին Dalma News–ի հետ ունեցած իր հարցազրույցում խոսեց այն մասին, թե ինչու է ռուս ընթերցողին քիչ հետաքրքրում Հարավային Կովկասի երկրների նորությունները, և թե ինչպես կարելի է այդ իրավիճակը բարելավել:
Հարավային Կովկասի հանրապետությունների ներկայացուցիչները հաճախ են ասում, որ ռուսական ԶԼՄ-ներում շատ քիչ տեղեկություն է հայտնվում տարածաշրջանի երկրների կյանքի մասին, հիմնականում նրանց մասին հիշում են բացասական իրադարձություններով: Որքանո՞վ է այդ կարծիքը հիմնավորված:
Ես այդ տեսակետի հետ համաձայն եմ, սակայն դա միայն Կովկասին չի վերաբերվում: Իմ կարծիքով ռուս ընթերցողը, ինչպես ցանկացած ընթերցող, երկու բնական հետաքրքրություն ունի, առաջին՝ արդյո՞ք դա մեզ հետ է տեղի ունենում, երկրորդը՝ իսկ ինչպե՞ս է նրանց մոտ: Մենք ոչ Վրաստանին, ոչ Ադրբեջանին ոչ Հայաստանին չենք ընդունում այնպես, ինչպես մեզ կընդունեինք: Սակայն ընդունում ենք Ուկրաինային՝ տվյալ երևույթի ողջ պարադոքսալությամբ հանդերձ: Ուկրաինայում կատարվածին վերաբերվում ենք այնպես, ասես մեզ հետ է դա տեղի ունենում, ու իրական ցավ ենք ապրում կատարվածից:
Երկրորդը՝ իսկ ինչպե՞ս է նրանց մոտ: Մյուս կողմից էլ Ադրբեջանին, Հայաստանին ու Վրաստանին մենք չեն ընդունում այնպես, ինչպես ընդունում ենք Եվրոպային մի, իսկ Չինաստանին մյուս կողմից: Չենք ընդունում որպես մեկ այլ, մեզ համար պարզապես հետաքրքիր քաղաքակրթություն:
Մնում է միայն այդ նույն՝ եռացող հետաքրքրությունը առհասարակ մարդկության հանդեպ այն դեպքում, երբ նրանց հետ ինչ-որ անսպասելի բան է կատարվում: Հասկանալի է, որ Կովկասի հանդեպ ունեցած ողջ հետաքրքրությամբ հանդերձ՝ այդքան էլ շատ չեն այն իրադարձությունները, որոնք ուղղակի կարող են ազդել մեզ վրա: Աբխազիայի ու Օսեթիայի հանդեպ հետաքրքրությունն արդեն նվազել է, չնայած վերջին ժամանակներում թեժացող իրադարձություններին՝ Ղարաբաղում կատարվածի հանդեպ հետաքրքրությունն այդքան էլ մեծ չէ:
Հետաքրքրությունների բնույթն է այդպիսին: Ես չգիտեմ, թե դրա հետ ինչ կարելի է անել: Եվ պե՞տք է արդյոք որևէ բան անել: Դարձյալ չգիտեմ:
Երբեմն հնչում է կարծիք, որ ետխորհրդային երկրների կյանքի մասին դրական լուսաբանումներ կարող է իրականացնել հատուկ մասնագիտացված հեռուստաալիքը: Ձեր կարծիքն այդ մասին:
Մարդկանց ոչ մի հատուկ մասնագիտացված ալիքներ չեն հետաքրքրում: Շվիդկոն լրիվ արդարացիորեն է բողոքում հետաքրքիր ռեպորտաժների քանակի բացակայությունից: Դրանք չկան, որովհետև դրանց արտադրությունը շահավետ չէ: Տվյալ դեպքում ԶԼՄ-ներին շահավետ չէ հետաքրքրվել այդ թեմայով և նրանք չեն հետաքրքրվում: Եվ եթե նրանք որևէ թեմայով չեն հետաքրքրվում, ուրեմն այդ թեման ընթերցողին չի հետաքրքրում:
Իսկ ի՞նչ անել, որպեսզի Հարավային Կովկասի երկրները Ռուսաստանում չասոցացվեն միայն բացասական լուրերով, որպեսզի դրանք դրականորեն լուսաբանվեն ռուսական ԶԼՄ-ներում:
Պետք է նրանք լավ վերաբերվեն Ռուսաստանին, պետք է անեն այնպես, որ ռուսները իրենց ընդունեն այնպես, ինչպես իրենք իրենց են ընդունում, որպես մեր քաղաքակրթության մի մասնիկ: Հայաստանն առանձին հարց է, սակայն ինչ վերաբերում է Վրաստանին ու Ադրբեջանին, ապա նրանք չեն ուզում ռուսական քաղաքակրթության մաս լինել:
Ու ինձ թվում է, որ վերջին ժամանակներս ռուսները սովորել են ավելի քիչ պարտադրել: Թեպետ մեծ դժվարությամբ, ու հատկապես ավագ սերնդի համար է դա շատ բարդ, բայց ռուս նոր սերունդը գտնում է այսպես. «Եթե պետք չէ, ուրեմն պետք չէ»: Շատ ցավոտ է, բայց այդպես է:
Զրուցեց Հայկ Խալաթյանը